Մրգային օղիների արտադրությունը մեծ ապագա ունի
«Մեդիսար» ընկերության հիմնադիր
Մանվել Գաբրիելյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած» «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Արտադրական ոլորտի հետ կապված կարող եմ ասել, որ շատ չուսումնասիրված տեղեր ունի մրգային օղիների արտադրությունը: Ճիշտ է, փոքր արտադրություններ կան, որոնք արդեն իսկ մեծ հաջողությունների են հասել, բայց այդ ընկերությունները կարիք ունեն պետական կամ հասարակական որևէ խոշոր կառույցի աջակցության:
Մենք ստեղծել ենք նոր թորման սարք, որի օգնությամբ կարող ենք 40-42 աստիճան թմրության օղի ստանալ: Սա շատ լուրջ պրոդուկտ է՝ թե՛ տեղական սպառման համար, թե՛ դրսի շուկայում ներկայացնելու համար: Մենք ունենք հսկայական պոտենցիալ, օրինակ՝ վայրի տանձից հրաշալի օղի է ստացվում, բայց մեր անտառներից երևի միայն 5%-ն է հավաքվում: Դրանք լրիվ օրգանական են, որովհետև անտառում որևէ մեկը պարարտանյութ չի օգտագործում: Սեզոնին մեր ծիրանի մի մասը չի հասցվում մշակվել: Այս օղիներին մենք ծանոթ ենք, բայց որպես տնտեսության առանձին ճյուղ այն չի զարգանում:
Ֆրանսիայում 60.000 ընտանիք զբաղված է կալվադոսի արտադրությամբ: Դրանք փոքր արտադրություններ են և գործունեության երկար պատմություն չունեն: Ինչո՞ւ մենք նույն օրինակը մրգային օղիների պարագայում չենք անում: Մեր վայրի տանձի, ծիրանի և խնձորի օղին մրցակցային է և տարբերվող:
Ներքին արտադրողի պաշտպանության խնդիրը կապված է նրա հետ, որ մենք ինքներս չենք սահմանում մեր մաքսատուրքերը: Մենք ԵՏՄ միության անդամ ենք, և այնտեղ ինչ սահմանվում է մենք հլու-հնազանդ կատարում ենք: Պետությունը մաքսատուրքերից չի կարող պաշտպանել սեփական արտադրողին՝ սա տարածվում է ինչպես ոչ ԵՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների դեպքում, առավել ևս ԵՏՄ երկրներից ներմուծվողների պարագայում: Սա նշանակում է, որ մեր արտադրողի հետ ինչ ուզում են կարող են անել: Այս առումով մի շարք գերատեսչություններ շատ անելիքներ ունեն:
Մեր ընկերությունը զբաղվում է քիմիական նյութերի մեծածախ վաճառքով, որոնք արդյունաբերական և լաբորատոր կիրառություն ունեն: Մենք իրականացնում ենք միայն մեծածախ վաճառք, բայց, եթե ցանկանում ենք ստվերը փակել, ապա ՀԴՄ-ով պետք է վաճառվեն միայն սպառողական ապրանքները: Արդյունաբերական սպառում ունեցող ապրանքների վրա ՀԴՄ-ն չպետք է տարածվի: Մեծածախ վաճառքի դեպքում հաշիվ ապրանքագրով աշխատելու մշակույթ ձևավորելու խնդիր ունենք մեր երկրում:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ