Բիզնես ոլորտում օդը շատ է, ադապտացվել է պետք

«Գարեջրի ակադեմիա» ռեստորան-գարեջրատան տնօրեն

Արմեն Ղազարյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած» «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Նոր Հայաստանի բիզնես միջավայրը գնահատելու համար ես 3 չափորոշիչ եմ տեսնում՝ իրավական, տնտեսական և կրթական:

Իրավական մասով բիզնես ոլորտում էական փոփոխություններ են եղել: Տարբեր պետական կառույցների վարարչարարության ձևը փոխվել է: Հարկային համակարգում մեծ փոփոխություններ կան. նրանք անհարկի, անհիմն չեն անհանգստացնում: Իրավական առումով բիզնես միջավայրում որոշակի պաշտպանվածություն է ձևավորվել:

Իրավական համակարգի բաց օղակն այն է, որ այս տարիների ընթացքում օրենսգիրքը փոփոխվել է մի քանի անգամ: Մենք ունենք բիզնես իրավունքի ոչ ադեկվատ սահմանափակումներ:

Տնտեսական առումով առաջ բիզնես սկսելու կամ բիզնես անելու հնարավորությունները քիչ էին: Բայց հիմա էլ խառնաշփոթ կա. մարդիկ չգիտեն ինչի՞ց սկսել, որ ոլորտն ընտրել: Մարդիկ բիզնես ունեն, բայց բիզնեսի տեսլական չունեն: Խցում երկար մնացած մարդու վիճակում ենք մենք հիմա. օդը շատ է, ադապտացվել է պետք: Նույնիսկ այն մարդիկ, որոնք գումար ունեն չգիտեն ինչի՞ց սկսել, իրենց խորհրդատու է պետք:

Բայց կարող եմ փաստել, որ մեր երկրում կան նաև հաջողակ բիզնեսի լավ օրինակներ: Օրինակ՝ գաստրոտուրիզմը մեզ մոտ բավականին լավ զարգացել է: Հանրային սննդի ոլորտը կայանում է, զարգանում է: Բայց որակյալ կադրերի քանակական սով կա: Միջավայրը կարող է լավը լինել, բայց մարդիկ չլինեն:

Այսօր մենք չունենք մարդկանց մասնագիտական և ամենատարբեր հետաքրքրությունները միավորող խմբեր: Նույնը վերաբերում է նաև արհմիությունների համակարգին: Նախկինում նույն գաղափարն ունեցող մարդիկ հաճախ էին հանդիպում և խորքային հարցեր քննարկում, հիմա այդ մշակույթը չկա: Օրինակ՝ գարեջրագործները, գինեգործները ինչու՞ չեն հավաքվում և ոլորտային հարցեր քննարկում: Նրանք պետք է հավաքվեն, իրենց գաղափարները պահանջատիրոջ իրավունքով մշակեն և համապատասխան մարմիններին ներկայացնեն: Տվյալ ոլորտի ներկայացուցիչն ավելի լավ գիտի իրենց ի՞նչ է պետք, քան մեկ ուրիշը:

Եթե ցանկանում ենք բիզնեսում և առհասարակ տնտեսության մեջ փոփոխություն տեսնել, մենք պահանջ ներկայացնողի հոգեվիճակից պետք է դուրս գանք և դառնանք պահանջատեր: Եթե դու պահանջատեր ես, ուրեմն դու տեր ես: Շատ կարևոր է, որ տիրոջ խոսքը ուղղորդիչ լինի: Բողոքելու առիթներ միշտ կան, բայց հաջողված են այն սոցիումները, որոնք հասկացել են այն թեզը, ըստ որի՝ կառավարությունը հենց իրենք են:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ