Գինեգործության ներուժն ամբողջությամբ չի կիրառվում Հայաստանում

«Վան Արդի» գինեգործական ընկերության տնօրեն

Վարուժան Մուրադյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած» «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Գինեգործությունը շատ կարևոր ճյուղ է Հայաստանի համար և որոշակի պետական աջակցություն է անհրաժեշտ:  Օրինակ՝ Վրաստանը 13.000.000 շիշ է վաճառում Չինաստանում, մենք ունենք նույն հնարավորությունները, մի բան էլ ավել, պարզապես փոքր և միջին գինեգործական ձեռնարկություններին աջակցություն է անհրաժեշտ: Փոքր և միջին գինու արտադրությամբ զբաղվող գործարանները հնարավորություն և գումար չունեն, որ մասնակցեն, օրինակ՝ Չինաստանում կազմակերպվող էքսպոներին: Պետության գործն է խաղողի այգիների կադաստրավորման բեռն իր վրա վերցնելու հարցը: Գինեգործության առումով աշխարհն ուզում է զգալ նոր համեր: Մենք կարող ենք այս ոլորտում աշխարհին լավ պրոդուկտ ներկայացնել: Ես վստահ եմ, որ ժամանակ է գալու, որ խաղողի այգիները մեզ չեն բավականեցնելու:

Մենք տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Լոնդոնում և այլն, տեսանք և զգացինք, որ հայկական գինու հանդեպ դրսում մեծ հետաքրքրություն կա: Ես ցանկանում եմ, որ գինեգործության ողնաշարը մեզ մոտ լինեն ոչ թե մեծ գործարաններն, այլև փոքր և միջին գործարանների համար նպաստավոր պայմաններ ստեղծենք: Հիմա մենք ունենք 30-40 աշխատող գինու գործարաններ, բայց շատ հանգիստ մենք դրանց թիվը կարող ենք դարձնել 200, 300, 400:

Երբեմն գնում ես գյուղեր և լսում ես հետևյալ արտահայտությունը. Եթե պետությունը մեզ չօգնի, մենք կթողնենք կգնանք: Եղբա՛յր, տեռորի՞ ես ենթարկում պետությանը: Քեզ ես վատություն անելու, քո երեխաներին ես վատություն անելու, որ տանես օտարության մեջ մեծացնես: Որևէ մեկին թող չթվա, որ բիզնես անելը հեշտ բան է, մանավանդ արտերկրում: Եվ հետո, պարտադիր չէ, որ ամեն մեկը բիզնեսմեն լինի: Ճիշտ գնահատե՛ք ձեր ռիսկերը:

Ես լավատեսորեն եմ վերաբերվում Հայաստանի նոր բիզնես միջավայրին, սպասողական: Շատ նախադրյալներ կան, որ պետք է առաջ գնանք: Միայն մի հարցում նոր կառավարությունը պետք է զգույշ լինի. շատ Պոակներ, պետական բյուջեից սնվող կառույցներ կան, որ նրանք ցանկանում են կրճատել: Այս հարցում պետք է այնպիսի քաղաքականություն վարի կառավարությունը, որ թացը չորի հետ չխառնվի: Կան այնպիսի ճյուղեր, որոնք առանց պետական աջակցության չեն կարող շատ առաջ գնալ: Գինեգործությունն ինքնուրույն ճյուղ չի, այն ավելի շատ լոկոմոտիվի դեր է կատարում՝ օրինակ գյուղատնտեսական ոլորտում, մասնավորապես՝ այգեգործության մեջ աշխատատեղեր է ապահովում: Ներկայում կարևոր ճյուղերից է նաև գինու տուրիզմը: Գինու տուրիզմն իր մեջ ներառում է նաև մշակութային տարր, օրինակ՝ Արենի քարանձավը, Ագարակի մեր հսկա գինու հնձանները և ինչո՞ւ ոչ նաև գաստրո տուրիզմը:

Բիզնես ոլորտում առաջընթաց ունենալու համար մենք պետք է լրջագույնս ուշադրություն դարձնենք կրթական համակարգին: Միջին մասնագիտական կրթություն ունեցող կադրերի պակաս է մեր երկրում զգացվում: Նրանք կարող են իրենց հմտություններն այս կամ այն ոլորտում լավագույնս ծառայեցնել:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ