Վիրահայոց թեմը դատապարտում է Սահակաշվիլուն

Վիրահայոց թեմի մամլո դիվանը հայտարարություն է տարածել, ուր ասվում է. «Քաղբանտարկյալների և մյուս համաներված անձանց, այդ թվում Վահագն Չախալյանի, ազատումը կալանավայրից առաջացրեց բացասական արձագանք ընդդիմությունում գտնվող Միասնական Ազգային շարժման կողմից, որի ներկայացուցիչները վերջին օրերի և շաբաթվա ընթացքում, մասնավորապես, երեկ ամբողջ օրվա ընթացքում անում էին ոչ վայելուչ հայտարարություններ, փորձելով նպաստել հակահայկական տրամադրությունների տարածմանը Վրաստանի բազմազգ հասարակության շրջանում»: Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և ՄԱՇ քաղաքական կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարեցին, որ քաղաքական բանտարկյալ դարձած Վահագն Չախալյանը իբր անջատողական է, արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալ և վրացական պետության թշնամի: Նման կարգի բաց հայտարարություններով նախագահը և ներքին գործերի նախկին նախարարը խոստովանեցին, որ Միասնական ազգային շարժման իշխանությունում գտնվելու ժամանակ, արդարադատությունը փաստորեն բացակայում էր: Եթե Չախալյանն, իրավամբ անջատողական էր և գործակալ, այդ դեպքում ինչու նա դատված չէր Քրեական օրենսդրության համապատասխան հոդվածներով: Այդ առեղծվածի բացատրությունը մեկն է. նախկին իշխանությունը առանձնահատուկ կերպով օգտագործում էր արդարադատության համակարգը իր քաղաքական ընդդիմադիրների դեմ:

«Նախագահ Սահակաշվիլին իրեն թույլ տվեց նաև հիշատակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, հայտարարելով, որ ազատումը տեղի է ունեցել Նորին Սրբության խնդրանքով: Ուզում ենք հայտարարել, որ նախ՝ դիմումը բխում էր մարդասիրական գաղափարներից և Չախալյանի ծնողների խնդրանքով էր, ինչին չէր կարող չարձագանքել Համայն հայության Հոգևոր հովիվը: Երկրորդ՝ Չախալյանն այսպես թե այնպես ընկնում էր համաներման տակ, քանզի նա դատապարտված էր այն հոդվածներով, որոնք համապատասխանում են Վրաստանի 2013 թվականի հունվարի 12-ի «Համաներման մասին» օրենքին:

Վերջին օրերի ընթացքում նախագահ Սահակաշվիլու կողմից բազմիցս հիշատակվել է նաև քաղաքական այլ բանտարկյալ՝ Արմեն Գևորգյանի անունը, ում նախագահը նույնպես մեղադրել է լրտեսության մեջ: Մի՞թե 200 քաղաքական բանտարկյալների ցուցակից Սահակաշվիլին կարողացավ մտապահել բացառապես այս ազգանունները և օգտագործել դրանք որոշակի նպատակների համար: Հարկ է նշել, որ ելնելով մարդասիրական գաղափարներից, Արմեն Գևորգյանի ազատման համար, մեր տվյալներով, իր ժամանակին նախագահին միջնորդել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը:

Հայ Աոաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը դատապարտում է վերը նշված գործողությունները և հայտարարում ու կոչ է անում առանձին քաղաքական գործիչներին՝ կարճատև քաղաքական նպատակների համար չօգտագործել այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են ինչպես մեր բազմազգ հայրենիքի խաղաղությանը և անդորրին, այնպես էլ երկու եղբայրական ժողովուրդների՝ հայերի և վրացիների միջև հարաբերություններին:

Համոզված ենք, որ անկախ որևէ քաղաքականկամ այլ տեղաշարժերից, մեր ժողովուրդները ապագայում ևս կամրապնդեն և կխորացնեն բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները, իսկ Վրաստանի քաղաքացի հայերը եղել են և կմնան Վրաստանին նվիրված զավակներ»,- ասված է հայտարարության մեջ: