Նոր մարտահրավերներ ավտովարորդներին. բալային համակարգ

ՀՀ Ոստիկանությունը վերջերս ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն և օրենսդրական փոփոխությունների փաթեթ, համաձայն որի՝ փոփոխություններ են նախատեսվում վարչական իրավախախտումների մասին ՀՀ քրեական օրենսգրքում:

Բալային համակարգից բացի, վարորդական իրավունքի կասեցման կամ իրավունքի զրկման նոր ինստիտուտ կաշխատի:

<<Ավտովարորդների պաշտպանության Լիգայի նախագահ>> Տիգրան Հովհաննիսյանը ներկայացնում է բալային համակարգի մոդելն ու երթևեկության ներկա վիճակը:

 

Ի շահ, թե՞ ի վնաս վարորդի  կաշխատի բալային համակարգը:

Մենք դեռ չունենք կանոնակարգված երթևեկություն, որ խոսենք բալային համակարգից: Ինչպե՞ս մենք կարող ենք խոսել 9 բալից, երբ որ մենք ամեն օր խցանումներով աշխատանքի ենք գնում, խցանումների պատճառով տուն չենք հասնում:

Պետք է առաջնահերթ մշակվի երթևեկությունը կանոնակարգելու հայեցակարգ, որի միջոցով կկարգավորվեն եղած խնդիրները: Առաջնահերթություն է ճանապարհային նշանների հարցը: Հայաստանում 10.000 նշաններից իրականում երևի 30%-ն է գործում: Նշան չունենք կամ էլ նշանը կա, բայց չգիտես որտե՞ղ է գտնվում: Նշանների պատճառով են շատ հաճախ խցանումները լինում: Պետք է կանոնակարգվի միակողմանի և երկողմանի փողոցների հարցը ևս: Մեր քաղաքում կան փողոցներ, որոնք պետք է լինեն երթևեկության համար մեկ ուղղությամբ, ավտոկանգառները խաչմերուկներից պետք է տեղափովեն: Ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ օրական հազարավոր մեքենաներ են ներկրվում Հայաստան: Այս տարի մենք գերազանցելու ենք նախորդ 10 տարվա ներկրված մեքենաների քանակը: Ինչպե՞ս կարելի է բալերով որոշել տվյալ վարորդին վարորդական իրավունքից զրկելու որոշման մասին: Վարորդն էլ է մարդ և սխալվելու իրավունք ունի, շատ հավանական է, որ նա լրիվ պատահական կարմիր գիծն անցնի: Նման ակնհայտ խնդիրների պարագայում խոսել 9 բալի մասին և մեղադրել մեր քաղաքացիներին, որ նրանք անգրագետ են, ես դա աբսուրդ եմ համարում:

9 բալը կբավարարի՞ վարորդին մեկ տարվա համար:

Սա ևս մեկ խորամանկ քայլ է գումար աշխատելու: Նրանց հույսը դեռ գումարն է, բայց Ոստիկանությունը երթևեկությունը պետք է այնպես կանոնակարգի, որ առաջնահերթությունը գումար վաստակելը չլինի: Երթևեկությունը այնքան  ճիշտ պետք է կազմակերպված լինի, որ օրինապահ վարորդները վարեն և չտուգանվեն: Բալային համակարգը շատ քիչ կառնչվի թմրամոլներին և խմած մեքենա վարողներին, նախկին 150.000 հազար դրամ տուգանքն անգամ նման մարդկանց վրա չի գործել: 1 տարվա ընթացքում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների բացահայտումը 1-2% է կազմում: Բալային համակարգի պարագայում չնչին խախտումներ անող վարորդները կտուժեն. նրանք շատ արագ կհավաքեն այդ 9 բալը, որովհետև նրանց նյարդերը չեն հերիքի: Երթևեկությունը մեր նյարդերն են: 

9 բալը խայտառակություն է հատկապես ուղևորափոխադրողների ոլորտում: Շուտով ակցիա է լինելու, բոլոր ուղևորափոխադրող վարորդները դուրս են գալու:

Օրինակ՝ ոչ նորմալ եղանակային պայմաններում՝ անձրևի, ձյան ժամանակ, երբ երևթևեկությունը որոշ տեղերում կաթվածահար է լինում, այդ 9 բալը վարորդը մի քանի օրում կհավաքի:

Ոստիկանությունը ներկայում գործելաոճի ի՞նչ մոդել է ընտրել:

Քանի՞ հազար վարորդական իրավունք է վաճառվել: Առաջին մեղավորը Ոստիկանությունն է և ոչ ժողովուրդը, որ 10 տարվա ընթացքում 89% վարորդական վկայականները <<նվիրվել>> են ժողովրդին: Եթե հարցում անցկացվի և պարզվի, թե ով ինչպե՞ս է ձեռք բերել այդ վարորդական վկայականները, կարծում եմ Ոստիկանության համար լավ տվյալներ չեն լինի: Վարորդներին իրենց քայլերով ուղղակի դարձրել են անգրագետ, որ հետո կարողանան հեշտ կառավարել, քանի որ տվյալ վարորդը համապատասխան իրավագիտակցություն չունի:

Տեսախցիկների գազանաբարո տեղադրումը բերեց շատ ցավոտ դեպքերի, մարդիկ անգամ դրա համար իրար սպանել են: Ոստիկանությունը թող անցյալը դատապարտի, նոր անցնի ապագայի մասին մտածելուն:

Տեսախցիկների տեղադրման առաջին ամիսներին վարոդներին մոտ 40-50 վարչական ակտ էր գալիս, այդ մարդը չէր հասցնում վճարել: Այդ գումարը մեկ ամիս հետո հնգապատկվում էր: Արդյունքում հազարավոր մարդիկ ունեցան հնգապատկված, միլիոնից ավել գումարներ:

Ոստիկանությունը հրահրում է մեր վարորդներին, որ իրար դեմ դուրս գան, այսինքն՝ Բաժանի՛ր, որ տիրես մեթոդն է գործում:  Ամեն ինչում մեղավոր է ժողովուրդը: Մեր մեջ արմատացրել են այն, որ մեղավորը մեր կողքի վարորդն է: 9 բալանոց համակարգի հիմքում ևս այս մոդելն է ներդրված:

Դուք ներկա փուլում ի՞նչ քայլեր եք անում վարորդներին աջակցելու համար:

<<Ավտովարորդների պաշտպանության Լիգա>>-ն ցանկանում է Երևանի բոլոր վարչական տարածքներում շրջիկ մեքենաներ  տեղադրել, որպեսզի վթարների և խցանումների ժամանակ քաղաքացիների զանգերի դեպքում, մենք ժողովրդին օգնության հասնենք: Շատ ցանկալի է ժողովրդի ակտիվ ներգավվածությունն այս հարցում: Սրանք կամավորական խմբեր են լինելու, թեժ գծի ծառայություն է գործելու, որ յուրաքանչյուր ահազանգի դեպքում մեր կամավորները մոտենան տվյալ տարածք: Բոլոր կամավորներին մենք հավաքագրում ենք: Իսկ Ոստիկանության առաջնահերթ քայլն այն պետք է լինի, որ վերականգնվի նախկին երթևեկությունը կանոնակարգող հանձնաժողովը: Նախկինում այդ հանձնաժողովում ընդգրկված էին գիտնականներ, որոնք հստակ պատկերացում ունեին երթևեկության մասին: Նրանք մտածում էին՝ ինչպե՞ս ճանապարհներ շեղեն, ավտոկանգառներ տեղափոխեն, միակողմանի փողոցների հարցն էր բարձրացվել: Եթե վարորդ ինքն իր իրավունքի տերը չեղավ, ոչ մի արմատական փոփոխություն չի լինի: Արդյունքում՝ կստեղծվեն ամենատարբեր համակարգեր, այդ թվում 9 բալանոցը՝ վարորդից գումար կորզելու համար: