Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենի

Բագրատ  Ենգիբարյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները»

Հայաստանում այսօր կա բարձր տեխնոլոգիական  պրոդուկտ, որ ճանաչված եւ մրցունակ  է  համաշխարհային շուկայում:   ՏՏ  ոլորտում մեզ հնարավորություն է տրված: Հայաստանը մտնում է նոր  փուլ: Վերազգային կազմակերպությունները գալիս են, որպեսզի իրենց ամենաբարդ խնդիրները լուծեն Հայաստանում: Այլեւս էական  չէ ինչքան գումար է վճարվում, անհրաժեշտ է միայն, որ այդ խնդիրները  լուծվեն: Կարող ենք դրսեւորվել  արհեստական ինտելեկտի, մեքենայական ուսուցման եւ այլ ոլորտներում, որտեղ խնդիրը վերաբերում է մաթեմատիկական խնդիրների լուծմանը:

ՏՏ-ն  ոչ միայն դարձել է ոլորտ, որ  Հայաստանը դնում է աշխարհի քարտեզի վրա, այլեւ ստեղծում է նոր ուղղություններ: Աշխարհը այսօր հնարավորություններ է տալիս, որոնցից պետք է օգտվել ու հմտանալ:  Մոտ ապագայում իրականություն կդառնան, օրինակ,  առանց վարորդի մեքենաները: Դա շատ մեծ գործ է, նախ ծրագրավորումը պետք է արվի, հետո տարբեր ընդունիչները պետք է նախագծվեն, այսինքն կարելի է ենթաոլորտներ բերելով, կողքը ինդուստրիաներ ստեղծել: Մենք ներուժ ունենք, պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Մենք ու մեր երեխաները պետք է գիտակցենք բարձրագույն տեխնոլոգիական կրթության անհրաժեշտությունը:

Ոլորտի կայացման համար տարբեր հանգամանքներ համընկան: Կախվածությունը պետությունից այնքան մեծ չէր, որքան այլ ոլորտներում, կապիտալ ներդրումները քիչ էին պետք, կարեւորը ուղեղն էր, ստացվեց սփյուռքի հետ աշխատանքը  եւ ամենակարեւորը մի խումբ նվիրյալներ կային, որ որոշեցին, ոլորտը պետք է կայանա եւ արեցին հնարավոր ամեն ինչ: Մենք շատ ուրախ ենք, որ պետությունը այսօր հենվում է ՏՏ-ի վրա, որովհետեւ դա կարող է ստիմուլ դառնալ մյուս ոլորտների համար: Մենք պետք է չվախենանք բարդ խնդիրներ լուծելուց: Մենք չպետք է վախենանք մեր հաջողություններից ու այս ոլորտի կայացման մոդելը տարածենք նաեւ մյուս ոլորտների վրա:

Չափազանց կարեւոր է նաեւ, որ մենք կարողանանք այս ամբողջ հաջողությունը նաեւ մեր տնտեսության մեջ կիրառել: Բարձր տեխնոլոգիաների արտադրանքի 70 տոկոսը մեր երկրի համար չէ: Մի կողմից դա լավ է, մենք բարդ խնդիրներ ենք լուծում, մյուս կողմից էլ՝ տնտեսությունը չպետք է մոռանանք: Կարեւոր է, որ տեքստիլից մինչեւ հանքաարդյունաբերություն կարողանանք կիրառել տեխնոլոգիական լուծումները եւ էֆեկտիվությունը բարձրացնել:

IT ոլորտում ձեռքբերումներ ունենք, բայց խնդիրներն էլ քիչ չեն: Առաջնային է կրթության հարցը: Ոլորտը առաջ է գնացել, աշխարհում շատ փոփոխություններ կան, որի հետեւից պետք է կարողանանք հասնել մեր կրթությամբ: Կարեւոր է հասկանալ, որ Հայաստանը չի կարող էժան աշխատուժի տեղ համարվել: Մեր երեխաներին պետք է թույլ չտանք  դպրոցից անմիջապես հետո գնալ աշխատելու, նրանք պետք է լիարժեք կրթություն ստանան: Համալսարանական լավ կրթությունը չափազանց կարեւոր է: Եթե մի քանի ամսում հնարավոր է  ծրագրավորում սովորել, ճարտարապետության մեջ  ոչինչ չես կարող անել, եթե չորս տարի ինժիներիան լավ չսովորես: Իսկ մեր ԲՈՒՀ-երի վիճակը լուրջ է… Եթե քիչ թե շատ գլուխ ենք հանում դպրոցական կրթությունից՝ լաբորատորիաներ է  դրվում եւ այլն, ԲՈՒՀ-երում կրթական մակարդակի լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Այսօր լավ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ պատրաստելը նշանակում է լուրջ ներդրում անել ապագայի համար: Եթե մենք կարողանանք ԲՈՒՀ-երը զարգացնել, խելացի մարդուն կերտել եւ նրա աշխատելու համար բարենպաստ պայմաններ ապահովվել,  մենք լրիվ այլ հարթության վրա կարող ենք հանդես գալ:

Ոլորտային խնդիրներից  է նաեւ վերազգային հայտնի  կազմակերպություններ Հայաստան բերելը: Ինչքան շատ, այնքան լավ: Չ՞է որ դրանց մեջ է ամփոփված ամբողջ աշխարհի գիտելիքը: Եթե ինչ որ մի կազմակերպություն, օրինակ,  120 երկրում ներկայացուցչություն ունի, նշանակում է այդ ամբողջ երկրներից ինֆորմացիա ունի: Հետազոտությունները շատ լուրջ մակարդակի վրա են: Տվյալ կազմակերպությունը Հայաստան գալով՝ ամբողջ այդ ինֆորմացիան տեղափոխում է մեր երկիր: Տեխնոլոգիական նորարությունը կենտրոնացած է աշխարհի հզոր ֆիրմաներում: Միջին եւ փոքր ընկերությունները զարգանում են հզոր ֆիրմայի կողքին: Նորարություն չկա, եթե չկա խնդիր: Եթե մարդ չգիտի, որ կողքինը մետր 60 է թռել, նա կհպարտանա իր մետր 40-ով: Մարդիկ պետք է տեղյակ լինեն ի՞նչ է կատարվում աշխարհում, որ մյուս խնդիրը լուծեն: Մեծ կազմակերպությունը բերում է խնդիր, տեխնոլոգիա, նոր նշաձող է դնում եւ դու ստիպված ես ձգտել դրան: Մենք  պետք է  կարողանանք այդ  գիտելիքը  բերել մեզ մոտ, որովհետեւ հայերը, երբ ճիշտ միջավայր են ընկնում կարողանում են նոր լուծումներ գտնել: Հայերի առանձնահատկությունն է, որ շատ արագ կարողանում են հարմարվել միջավայրին եւ նոր լուծումներ գտնել: Համաշխարհային խոշոր կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը մի անգամ ասաց՝ այս հայերի հետ չգիտենք ինչպես վարվենք: Աշխատանք ենք տալիս, քիչ չի անում են, մի բան էլ նոր առաջարկ են անում, չես իմանում  այդ առաջարկի հետ ի՞նչ անես… Վերազգային կազմակերպությունների առաջնային խնդիրը հետազոտական միտք փնտրելն  է եւ Հայաստանը կարող է հանգուցային կետ լինել, որտեղ կարող են գտնել այդ միտքը: Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու: Աշխարհում գիտեն, որ խնդիրներ լուծելու տեղ է Հայաստանը  եւ մի նոր տենդենց է սկսել , սկսել է դրսից ոչ հայ աշխատուժ գալ մեր երկիր: Այդ ամենը իրար հետ կապելով՝  կարող ենք ասել, որ Հայաստանի տեղը աշխարհում գիտեն, բայց, եթե ավելի ուշադիր նայեն, շատ բան ունեն անելու մեր երկրում: Պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել մեր ունեցածը, որովհետեւ շատ երկրներ ավելի լավ են ներակայացնում անգամ իրենց չունեցածը:

Մի քանի թիվ նշեմ՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների թվով հազարը անցել է, հատում ենք 16 հազար մասնագետների շեմը:  Խոսում ենք հաջողություններից, բայց խնդիրները շատ-շատ են: Հիմնականում համակարգային խնդիրներ են դրանք եւ  կազմակերպչական բնույթ ունեն:  Առաջին հերթին մենք պետք է որոշենք, թե աշխարհում որտեղ ենք դիրքավորվում: Եթե մենք կապուչինոյի սերուցքն ենք ուզում՝ ամենաթանկ, ամենբարձր մակարդակի գործը, պետք է հասկանանք որտեղից պետք է սկսել: Առաջին հերթին մասնագետը պետք է ավարտի ԲՈՒՀ-ը: եթե ԲՈՒՀ-ը վատն է, չի նշանակում, որ այնտեղ գնալ պետք չէ, պետք է ԲՈՒՀ-ը փոխվի: Պետք է հասկանալ, որ եթե կապուչինոյի սերուցքն ես ուզում պետք է կաթ լցնես, հակառակ դեպքում սերուցք չի ստացվի: Միայն լավ կրթություն ստանալով կարող ես դառնալ լավ մասնագետ եւ լավ, բարձր վարձատրվող գործեր անել: Վերապատրաստումներով, կուրսերով կարող ես դառնալ ծրագրավորող եւ էժան գործեր անել միայն: Իսկ այսօր ինչպե՞ս է, եթե ԲՈՒՀ-ը կարողանում է լավ գործ բերել Հայաստան, ամբողջ եկամուտը գնում է բյուջե: Լավ գործ Հայաստան բերելու ստիմուլը սկզբից եւեթ վերացված է: Երկիրը չի կարողանում լուծել կենսաթոշակի հարցը, որոշել է, որ ակադեմիաներից եւ համալսարաններից չի կարելի մարդկանց հանել: 30-40 դրամը հազարը դասախոսների կենսաթոշակն է, բայց նա դա վաստակելու համար պետք է մտնի լսարան: Այսպիսով նա  իր խնդիրը տանում է լսարան եւ երեխաների մոտ սպանում է ամբողջ հետաքրքրությունը:

Աշխարհում չկա երկիր, որ տեխնոլոգիական շարժիչ ուժը պետությունը չի: Աշխարհի ՀՆԱ-ի 50 տոկոսը ստեղծում են չորս երկիր՝ ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, որոնք ունեն տեխնոլոգիա: Ինչո՞ւ ունեն տեխնոլոգիա, որովհետեւ  կառավարությունը աջակցում է տեխնոլոգիական զարգացմանը: Մեզ մոտ համակարգային պարզ խնդիրների լուծմամբ կարող ենք շատ հարցեր լուծել: Երկու հարց վերցնենք.  Առաջին հերթին պետք է հասկանանք ո՞ւր գնալ, Բելոռուսները, օրինակ հասկացել են, որ իրենք չեն ուզում բարդ խնդիրներ լուծել: Աշխարհի ճանաչված ֆիրմաներ գալիս են Բելոռուսիա ու տեղի կազմակերպությունները պարզ գործեր են անում: Հայկական ընկերությունները համաձայն չեն: Նրանք նախընտրում են անել քիչ, բայց բարդ ու թանկ գործերը: Ես կարծում եմ, մեզ համար դա է ճիշտ տարբերակը, որովհետեւ մենք քիչ ենք ու կարող ենք թանկ գործերով մեծ եկամուտ ունենալ: Բայց այս դեպքում պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Ի դեպ, հարցը այս դեպքում գումարին չի վերաբերվում: Եթե Կոստարիկայի նախագահը իրեն կարող է թույլ տալ, որ հինգ տարի խնդրի , որ Ինտելը գնա իր երկիր, ցանկացած երկրի ղեկավար կարող է իրեն թույլ տալ տասը տարի խնդրել: Նրա երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը Ինտելից է գալիս…Մենք պետք է ակտիվ լինենք, ոչ թե նստենք սպասենք սփյուռքը ի՞նչ պետք է անի, ասենք՝  մեզ չեն սիրում, չեն գալիս թող չգան եւ այլն: Պետք է չվախենանք, դիրքավորվենք, լուրջ գործերի հավակնություն ունենանք եւ հավատանք, որ մեզ մոտ ամեն բան ստացվելու է:

Այսօր մի բացառիկ իրավիճակ է մեր երկրում շատ բաներ նոր էջից սկսելու համար եւ   ՏՏ ոլորտի ներկայացուցիչները պետք է մասնակից դառնան  երկրի զարգացման գործին, նպաստեն իրենց գիտելիքով եւ ինտելեկտով: Պետք չէ սպասել, որ ինչ- որ մեկը կոորդինացնի եւ առաջ տանի: Բացառիկ հնարավորություն կա նոր էջից սկսելու, ուս-ուսի  տալու ու հաջողության հասնելու, որովհետեւ արդեն տեսել ենք, որ  դա հնարավոր է: Պետք է շատ արտադրենք ու տարբեր տեղերում կիրառենք: Պետք չի սպասել, որ կառավարությունը առաջարկի, պետք է համոզել, ցույց տալ, թիմ սարքել ու միասին առաջ  գնալ:

                                            Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

                      «Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ