Չեն ստեղծվում տեխնոլոգիաներ, որոնց վրա գրված լինի՝ Արտադրված է Հայաստանում

Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ղեկավար

Վլադիմիր Սահակյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք շատ լավ մասնագետներ ունենք այսօր, որոնք տիրապետում են ամենաժամանակակից տեխնոլոգիաներին: Պատմությունը ցույց է տալիս, որ մենք ոչ թե օգտագործել ենք տեխնոլոգիաները, այլ ստեղծել ենք դրանք: Դեռ Սովետական միության տարիներից ամենահզոր համակարգիչները նախագծվում էին Հայաստանում: Ի՞նչ է կատարվում այսօր մեր երկրում: Այսօր մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք կարողանում են աշխատել եւ ստեղծել ծրագրեր, փոքր ռոբոտներ, բայց մենք չենք ստեղծում նորագույն տեխնոլոգիաներ:Իսկ սա ամենից կարեւորն է Հայաստանի նման երկրի  համար այսօր: Տեխնոլոգիա ստեղծելը, սակայն, մեծ ներդրումներ է պահանջում: Ես աշխատում եմ գիտական կազմակերպությունում, մենք պատրաստում ենք գիտնականներ: Մեր ասպիրանտները կատարում են հետազոտություններ, ստանում են ինչ որ արդյունքներ ու փորձում են ներդնել որեւէ տեղ: Որպեսզի սա ինչ որ չափով  դառնա տեխնոլոգիայի մաս, երկար ճանապարհ է պետք անցնել: Պետք է մեծ ներդրումներ արվեն, որպեսզի հասնենք արդյունքի: Կազմակերպություններ կան  Հայաստանում, որ մեծ  աշխատանք են կատարում: Բայց այդ կազմակերպությունները արտադրում են արդյունք, որը վերջնական տեխնոլոգիա է դառնում արտերկրում եւ ոչ Հայաստանում: Գրված չէ, որ դա Հայաստանում է  արտադրված:  Մենք ունենք շատ բարձ մակարդակի ծրագրավորողներ, բայց նրանց աշխատանքը հիմնականում արտասահմանյան ֆիրմաների համար է: Այդպիսով նրանք կարողանում են գումար վաստակել, բայց ի՞նչ է դա տալիս Հայաստանին: Պետք է կարողանանք ստեղծել մի ուղղություն, որը թույլ կտա ստեղծել տեխնոլոգիա, որի վրա գրված կլինի՝ արտադրված է Հայաստանում:  Այդ դեպքում մենք շատ մեծ քայլ կլինենք արած:

 Մենք միշտ ունեցել ենք հզոր հաշվողական ռեսուրսներ, այսօր՝ չունենք: Լուծումը  հզոր սուպերհամակարգչային կենտրոնի հիմնումն է: Մեր կազմակերպությունը այդ ուղղությամբ աշխատում է: Սպասում ենք, որ նոր հզոր ռեսուրս Ֆրանսիայից տեղափոխենք Հայաստան: Եթե խնդիրներ չլինի եւ կարողանանք տեղափոխել դա, կունենանք  տարածաշրջանում ամենահզոր հաշվողական ռեսուրսը ու դրանով կարող ենք շատ խնդիրներ լուծել: Թվայնացումը այս ոլորտում կպահանջի նաեւ շատ մասնագետներ, մեր համալսարանները ծրագրերը կփոխվեն,  կպատրաստվեն ավելի լավ մասնագետներ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր առաջնային  են կրթական խնդիրները: Համալսարանները պատրաստում են մասնագետներ, բայց հստակ չէ՝   ինչի համար են պատրաստվում այդ մասնագետները: Մենք արտադրություն չունենք, որտեղ են նրանք աշխատելու են հետագայում: Համալսարանում կան առարկաներ, որ կլասիկ առարկաներ են, որ դասավանդվում են, որպեսզի մարդու ինտելեկտը զարգացնեն: Դա թույլ է տալիս մասնագետին շատ արագ կողմնորոշվել զարգացող տեխնիկայի այս դարում: Այն ինտելեկտը, որ տալիս է համալսարանը թույլ է տալիս արագ կողմնորոշվել եւ գլուխ հանել նորարարություններից: Ես կարծում եմ,սակայն, ընկերությունները, որտեղ հետագայում աշխատելու են այդ մասնագետները  ինչ- որ չափով պետք է մասնակից լինեն,  ներդրում ունենա մասնագետի կայացման գործում՝ հատուկ կուրսերի, վերապատրաստման դասընթացների միջոցով :

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարյա բոլոր ոլորտների համար է հիմք: Տեխնոլոգիան ամենուր է օգտագործվում: Այսօր պետք է այնպիսի խնդիր դրվի, որ բոլոր ոլորտներում դրա պահանջարկը ճիշտ նկարագրվի: Միայն այդ ժամանակ մեզ մոտ կզարգանան համապատասխան տեխնոլոգիաները, որ պետք է ներդրվեն այդ ոլորտներում եւ համապատասխան կադրեր կպատրաստվեն համալսարաններում: Այսօր Հայաստանում ամեն ընկերությունն իր ուղղությունն է վերցրել, բայց ո՞վ է համակարգում, կոորդինացնում այդ աշխատանքը: Այս փուլում դա պետք է անի կառավարությունը: Երբ մենք կհասնենք մի մակարդակի, որ ամեն բան իր տեղում դրված կլինի, այդ ժամանակ էլ կտրվի ազատություն: Սկիզբը պետք է ճիշտ դրվի, հետագայում զարգացումը կգնա իր հունով:

Կարեւոր դեր կարող են խաղալ մշտադիտարկման համակարգերը.  Գյուղատնտեսությունում,  առողջապահությունում եւ այլ ոլորտներում մենք պետք է կարողանանք ստանալ սարքեր, որը կարելի է վաճառել աշխարհում: Դա այնքան էլ դժվար չէ, անհրաժեշտ է, սակայն, հստակ նման խնդիր դնել: Այստեղ մեծ է կառավարության դերը, որն էլ պետք է լինի խնդիրը դնողը: Մեր կառավարությունը իրավունք ունի կառավարել Հայաստանի ամբողջ ռեսուրսները ու կառավարության անդամները պետք է հասկանան այդ պատասխանատվությունը: Եթե նախարարությունը խնդիր դնի, որ ոլորտում պետք է նման աշխատանք կատարվի, կազմակերպություններն էլ կմտածեն այդ ուղղությամբ եւ կստեղծեն տեխնոլոգիաներ: Այսօր շատ կարեւոր խնդիրներ կան տարածքի մշտադիտարկման հարցում, երբ տարբեր սենսորներ են դրվում տարբեր տեղերում, որպեսզի ինֆորմացիա հավաքեն: Եթե մենք ունենանք բազմասպեկտրոալ արբանյակային նկարներ, կարող ենք ամբողջ մոնիտորինգային խնդիրը Հայաստանի համար լուծել: Սա կարեւոր է եւ տնտեսության, եւ երկրի պաշտպանության, անվտանգության  համար:  Նման մշտադիտարկում իրականացնելով՝ մենք մի քանի քայլով կարող ենք առաջ գնալ:

Ես կարծում եմ Հայաստանի  ՏՏ ոլորտում վիճակը վատ չի, բայց կարելի է ավելի նպատակային ծրագրեր  կազմել, որը մեզ ավելի բարձր մակարդակի կբարձրացնի աշխարհում:

 

                        Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

                                                           «Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ