Մշակույթը պետական բյուջեի ամենավերջին տողում է , գրադարանները՝ ամենավերջի տողի ամենավերջում…

Երեւանի ԱՎ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն
Հասմիկ Կարապետյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային գրադարանների ներկան եւ ապագան.զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Գրադարանները չափազանց կարեւոր դեր ունեն մշակութային, կրթական ոլորտների կայացման գործում, բայց այսօր դրանք համարվում են մշակույթի ամենաթույլ օղակը: Համայնքային գրադարանների շուրջ ստեղծված այս ամբողջ աբսուրդը սկսվեց 1997 թվականից, երբ ընդունվեց ՏԻՄ օրենքը, որտեղ մեկ տողով նշված է միայն, որ համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի մշակութային կյանքի համար: Գրադարաններին վերաբերող, ոչինչ չպարտադրող, անհասկանալի լիազորություններ են տրված համայնքի ղեկավարին…
Մենք՝ գրադարանային գործիչներս, երկար աշխատում էինք համայնքային գրադարաններին վերաբերող օրինագծի վրա, բայց Ազգային ժողովում ընդունվեց մի անհասկանալի օրենք, որը ոչ մի աղերս չուներ մեր կազմած օրենքի նախագծի հետ: Այդ օրենքը բերեց նրան, որ տվյալ համայնքի մշակույթի խնդիրը դարձավ սուբյեկտիվ: Խնդիրը պետական մտահոգության դաշտից տեղափոխվեց մասնավոր, սուբյեկտիվ դաշտ եւ դրա արդյունքում գրադարանների նման ջարդ տեղի ունեցավ:
Մշակույթի նախարարությունը շատ հանգիստ հայտարարում է, որ վերջերս բոթ են ստացել, որ Հայաստանի գյուղերից մեկում գրադարանը փակվել է եւ գրքերը այրվել են: Ու ոչ մի քայլ չի ձեռնարկվում…Բայց չ՞է որ դա քրերորեն պատժելի արարք է: Գրադարանային հավաքածուն անկախ գտնվելու տեղից համարվում է Հայաստանի մշակութային ժառանգության անբաժանելի մասը եւ ինչ որ մի սուբյեկտ, որին ՏԻՄ օրենքով տրված է մշակութային այդ ժառանգությունը տնօրինելու իրավունքը, հանկարծ որոշում է, որ ինքը կարող է գիրքը այրել: Ամենաքիչը պետք է քրեական գործ պետք է հարուցվեր այդ գյուղապետի նկատմամբ:
Մեկ տարի առաջ այս նույն խմբով հավաքվել էինք մշակույթի նախարարությունում եւ որոշում էինք համայնքների խոշորացման դեպքում ի՞նչ է լինելու գրադարանների խնդիրը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ որոշվեց, որ հարյուր բնակչից պակաս բնակչություն ունեցող բնակավայրի համար կարելի է որոշել տացքակետ խնդիր: Ամիսը մեկ անգամ խոշորացված համայնքից պետք է գիրք տարվեր այդ գյուղ, իսկ հարյուրից ավել բնակչություն ունեցող համայնքում գրադարան չպիտի փակվեր: Դա չգործեց: Բայց չ՞է որ, ոչ ոք իրավունք չի տվել որեւէ համայնքի ղեկավարի որոշել, որ բնակիչը պետք է չկարդա: Համաձայն եմ, որ մենք՝ գրադարանավարներս, պետք է ավելի ակտիվ լինենք, համառ գտնվենք, բայց, եթե հարց ենք բարձրացնում պետական, քաղաքական հարթակում, ու լուծում չենք ստանում դժվար է շարունակել…
Խնդրահարույց է նաեւ գրադարանավարների ինքնակրթության, որակավորման բարձրացման հարցը: Համայնքային գրադարանավարների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացների ժամանակ ամպային տեխնոլոգիայից են խոսում այն դեպքում, երբ տվյալ գրադարանում անգամ մի համակարգիչ ու ինտերնետ չկա:
Վատ սրտի աշխատանքի ժամանակ ինչպե՞ս է սարքը թրթռում, գրադարանային ոլորտի խնդիրները նույնպիսին են, չափազանց շատ են ու տարատեսակ: Ես միշտ ասում եմ, եթե ուզում եք հասկանալ ինչպես են վերաբերում Հայաստանում մշակույթին եւ դրա ենթատեքստում գործող գրադարաններին, նայեք պետբյուջեին: Մշակույթը՝ պետական բյուջեում գտնվում է ամենավերջին տողում , գրադարանները ՝ այդ ամենավերջի տողի ամենավերջում… Պետական աջակցություն է պետք, պետությունը պարտավորված պետք է լինի ազգաբնակչության կրթության հարցերում: Պետք է կրթի հասարակությանը, որպեսզի վաղը այդ հասարակությունը հզորացնի պետությունը:
Գրադարանները պիտի լինեն պետական պատվիրակված լիազորություն: Ժողովուրդը հարկեր է վճարում, որ իրեն կրթի պետությունը եւ պետությունը պարտավոր է դա անել: Արտերկրում հարկերի առնվազն մի տոկոսը գնում է այդ ոլորտի զարգացմանը, ենթադրում եմ մեր երկրում էլ է այդպես, ինչ -որ մեկը պե՞տք է հետաքրքրվի ո՞ւր է գնում մեզանից հարկվող այդ մեկ տոկոսը, թե՝ ոչ: Այսօր մեր գրադարանը 36 հազար ընթերցող ունի: Ամեն օր 1000-1500 այցելու, որը Հայաստանի համար լուրջ թիվ է: Ոչ մի կոպեկ պետությունը չի ծախսել մեր գրադարանում տեխնիկական վերազինման, կապի եւ այլնի համար:
Մեր մշակույթը տարիներ շարունակ քաղաքականացվել է: Քաղաքական գործիչները նախընտրական շրջանում խոսել են մշակույթի մասին եւ մոռացել: Հիմա ժամանակները փոխվել են, մենք նոր փուլում ենք եւ պետք է միավորենք մեր ուժերը: Ամեն մասնագետ իր կրթությամբ, տարիների փորձով, գիտելիքով պետք է նպաստի խնդրի լուծմանը: Եթե ամեն մարդ իր ոլորտում, իր գործին տեր կանգնի, երկիրն էլ կգնա զարգացման: Պետք է հավաքվենք բոլորով, մտահոգ մարդկանցով եւ ելքեր փնտրենք, ծրագրեր մշակենք, առաջարկներ անենք:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ