Գրադարաններին պետք է հատկացվեն առանձին շենքեր եւ լինեն ցուցանակներ

Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիրի տնօրեն
Ծովինար Մելոյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային գրադարանների ներկան եւ ապագան. զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Համայնքային գրադարանների հետ համեմատած մեր վարչական շրջանների գրադարաններում վիճակը մի քիչ ավելի բարվոք է, բայց մենք բոլորս ունենք նույն խնդիրը: Առաջնահերթ է նոր գրքային ֆոնդերի համալրման հարցը: Պետական աջակցություն չունենք, որ գրքեր ձեռք բերենք: Անգամ ընթերցողական քարտ ձեռք բերելու համար գումար չունենք: Դա է հիմնական պատճառը, որ ընթերցողներ ենք կորցնում… Տարաբնույթ, բազմապիսի միջոցառումներ ենք կազմակերպում: Անձնական ծանոթությամբ, ընթերցողների, գրողների միջոցով մի կերպ պահում ենք գրադարանը: Ի՞նչ անենք, թողնենք, որ եղած ֆոնդն էլ ոչնչանա:
Վարչական շրջանների գրադարանների մեծ մասը գտնվում են մանկապարտեզների շենքի որոշակի հատվածներում, բարձրահարկ շենքերի տակ, որը գրադարանին հարիր վիճակ չէ: Մեր գրադարանը, օրինակ, ամբողջ շենքի խնդիրն է պարտավորված լուծել, որովհետեւ գրքերը խոնավանում են, փչանում են: Գրադարաններին պետք է հատկացվեն առանձին շենքեր եւ լինեն ցուցանակներ: Մարդիկ չեն իմանում, որտեղ է գրադարանը, ուր մնաց ցանկություն հայտնեն մասնակցելու այնտեղ կազմակերպվող միջոցառումներին:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ