Շատ գրադարաններ մշակութային օջախից գրապահոցի են վերածվել

Բանաստեղծ
Գոռ Հարությունյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային գրադարանների ներկան եւ ապագան.զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Համայնքային գրադարանների խնդիրը շատ արդիական է: Այդ մասին բարձրաձայնելը կարեւոր քայլ էր, որ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը իրականացրեց մշակույթի նախարարության հետ համատեղ:
Քննարկման առանցքում համայնքային գրադարանների լինելիության հարցն էր: Ներկան, ապագան եւ զարգացման տեսլականը: Այն ինչ արձանագրեցինք ոլորտի պատասխանատուների հետ միասին, մեղմ ասած, հուսադրող չէր: Շատ գրադարաններ այսօր մշակութային օջախից գրապահոցի են վերածվել:
Ինչ -որ շրջանում լինելով գրադարանային գործի ներկայացուցիչ պիտի փաստեմ, որ գրադարանային ոլորտում շատ են նվիրյալները: Մարդիկ, որոնք մոտիվացիա չունեն, համապատասխան չեն վճարվում, բայց ամեն բան անում են գրադարանը մշակութային օջախ դարձնելու համար: Համայնքային գրադարանների տնօրեններ կան, որ նաեւ իրենց անձնական բյուջեի, իրենց կազմակերպչական տաղանդի շնորհիվ են առայժմ կարողանում պահել գրադարանները: Քիչ են, բայց կան նման մարդիկ: Մասնավոր դեպքերի վրա, սակայն, հույս դնել չի կարելի: Սխալ է համայնքային գրադարանները անուշադրության մատնել՝ հույս ունենալով, որ տնօրենը այնքան նախանձախնդիր կլինի, որ կկարողանա սեփական էնտուզիազմի հաշվին զարգացնել գրադարանը: Համակարգային, հետողական լուծումներ են անհրաժեշտ:
Ամփոփելով՝ նշեմ, որ շատ հետաքրքիր եզրահանգման եկանք: Համայնքային գրադարանների խնդիրներին վերաբերող քննարկումներ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում պարբերաբար կկազմակերպվեն: Համապատասխան գերատեսչություններից կհրավիրվեն պատասխանատու մարդիկ, որոնք հարցերի համար պետք է լուծումներ գտնեն: Լիահույս եմ, որ կարճ ժամանակ անց մենք կհավաքվենք եւ կխոսենք ոչ թե նման ծայրահեղ խնդիրներից, այրվող գրքերից, այլ բարեփոխումների պրոգրեսիվ ընթացքից: Պետք է հասնենք նրան, որ գրադարանը դիտարկվի, որպես կրթամշակութային օջախ, գուցե խորհրդարանային լսումներ կազմակերպվեն, կարգավորվի օրենսդրական դաշտը: Այնպես անենք, որ երիտասարդի մոտ հարց չառաջանա, թե արդյոք պետք են գրադարանները ընդհանրապես…
Ոչ մի տեխնոլոգիական զարգացում չի կարող մրցակցությունից դուրս թողնել գիրքը՝ որպես մշակութային իրողություն, որը բացի ինֆորմացիա տրամադրելուց ունի նաեւ կրթադաստիարակչական նշանակություն:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ