Oգտակար միջավայր ծնողների համար

Այգում զբոսնող ծնողները հաճախ իրար ջերմորեն բարեւում են՝  մանկասայլակին կամ էլ, օրինակ, պայուսակին փակցված տարբերանշանը տեսնելով: Պարզվում է՝ առաջին անգամ են հանդիպում, բայց առցանց բավականին երկար են շփվել: Երկուսն էլ  «Հայ ծնողների ակումբ»-ի  անդամ են: Ինչպե՞ս հոբբին դարձավ աշխատանք, ֆեյսբուքյան փոքրիկ խումբը վերածվեց  ակումբի, հետո էլ` ծնողներին ու մանկական ծառայությունները իրար կապող կայքի: «Գիտակրթական համակարգ»-ը զրուցել է «Հայ ծնողների ակումբ»-ի հիմնադիր տնօրեն Աստղիկ Զաքարյանի հետ:

-Աստղիկ, «Հայ ծնողների ակումբ»-ը ստեղծելու շարժառիթը ո՞րն էր:

Ութ տարի առաջ, երբ դրվեց ակումբի հիմքը, ես հեռահար պլաններ չունեի: Պարզապես երկու երեխաներիս հետ սիրում էի ձեռքի աշխատանքով զբաղվել: Մտածեցի՝ ավելի հետաքրքիր կլինի, եթե գտնեմ մարդկանց, ում հետ կկարողանամ կիսվել գաղափարներով, ցույց տալ նրանց մեր արած գործերը,  նոր բաներ սովորել: Ֆեյսբուք սոցիալական ցանցում  խումբ բացեցի՝ հայ ծնողների անկյուն: Խումբը շատ արագ համալրվեց մայրիկներով ու հայրիկներով, եւ ես հասկացա, որ գաղափարը ճիշտ էր,  ու գործը, որին ձեռնամուխ եմ եղել, շարունակական պետք է լինի: Արդյունքում այսօր արդեն  մեր խմբին անդամակցում  են մոտ 50 հազար ծնողներ:

-Ի՞նչ խնդիրներ են քննարկվում հայ ծնողների անկյունում: Կարողանո՞ւմ եք պահել հավասարակշռությունը, որպեսզի քննարկումը չվերածվի վեճի:

Եկեք միասին ավելի ուրախ դարձնենք մեր երեխաների առօրյան. մեր խումբը գործում է այս նշանաբանով: Հայ ծնողների անկյունը հարթակ է, որտեղ քննարկվում է երեխաներին վերաբերող ցանկացած հարց: Մանկապարտեզի, դպրոցի, դաստիարակչական հարցերի շուրջ են մեծ քննարկումներ ծավալվում: Ուրախությամբ կարող եմ նշել, որ քննարկումներին մասնակցում են նաեւ հայրիկները, տատիկներըԵրբեմն, իհարկե, լինում է, որ կարծիքները չեն համընկնում, բայց խմբի ադմինները մշտապես հետեւում են եւ՛ գրառումներին, եւ՛ մեկնաբանություններին: Երբ տեսնում ենք, որ վեճը թեժանում է, ուղղակի զգուշացնում ենք քննարկման մասնակիցներին եւ փակում ենք մեկնաբանություն թողնելու հնարավորությունը:

-Խմբում հաճախ քննարկվում են նաեւ բժշկական, հոգեբանական խնդիրներ, որոնք մասնագիտական մոտեցում են պահանջում: Չե՞ք կարծում, որ վտանգավոր է նման խնդիրները լուծել՝ այլոց փորձի վրա հիմնվելով: Ինչ որ քայլեր ձեռնարկվո՞ւմ է անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:

Դա բավականին լուրջ խնդիր է, որին մենք հետեւում ենք աչալրջորեն եւ միշտ: Ֆեյսբուքյան խմբին անդամակցում են նաեւ պրոֆեսիոնալ փաստաբաններ, բժիշկներ, հոգեբաններ, որոնք իրենց մասնագիտական կարծիքն են արտահայտում եւ օգնում ծնողներին: Սակայն մենք մշտապես ընդգծում ենք ու զգուշացնում, որ խումբը բժշկական չէ: Այն ուղղակի կարծիքների փոխանակման հարթակ է: Օրինակ, հատուկ ուշադրություն ենք դարձնում  պատվաստումների վերաբերյալ գրառումներին, դրանց տակ իրավունք ունի մեկնաբանություն թողնել միայն մասնագետը, այնուհետեւ մենք մեկնաբանությունը փակում ենք,  քանի որ ոչ մասնագիտական խորհրդատվությունը այս դեպքում միայն կխանգարի: Այլ խնդիրների հանդեպ էլ շատ հետեւողական ենք:  Երբ տեսնում ենք, որ անհիմն ու վտանգավոր խորհուրդներ են տալիս, մեզ իրավունք ենք վերապահում փակել մեկնաբանությունը կամ էլ հեռացնել գրառումը:

-Շփման առցանց հարթակին փոխարինեց ակումբը, որտեղ երեխաներն ու ծնողները կարող են շփվել առերես: Ի՞նչպես ստեղծվեց «Հայ ծնողների ակումբ»-ը:

Ֆեյսբուքյան խմբում քննարկումների ժամանակ շատ ընդհանուր թեմաներ կան եւ հետաքրքիր է՝ ո՞վ է  զրուցակիցդ, ինչպիսի՞ն է նա իրական շփման մեջ: Եվ մի քանի մայրիկների  հետ որոշեցինք հանդիպել: Դա էլ առիթ դարձավ, որ հետագայում ընդլայնենք շփման շրջանակը, հնարավորինս շատ ծնողներ ներգրավենք եւ միջոցառումներ կազմակերպենք: Մեզ համար կարեւոր է, որ այդ միջոցառումները բացի ուրախ ու հետաքրքիր  լինելուց նաեւ կրթական նշանակություն ունենան: Օրինակ, մենք երեխաներին տարանք հրատարակչություն, գնացինք տնկարան, որտեղ փոքրիկ թրեյնինգ անցկացրինք նրանց  համար եւ այլն: Ակումբի նպատակն այն է, որ  ծնողները մեզ դիմեն իրենց հուզող հարցերով եւ մենք (միջոցառումների միջոցով երեխաների համար) գտնենք պատասխանները: Ի դեպ, մեր խումբը ունի նաեւ տարբերանշան, որով առցանց հարթակում շփվող ծնողները կարող են ճանաչել իրար: Տարբերանշանը փակցնում են պայուսակին, երեխայի մանկասայլակին, հեծանիվին եւ հնարավոր է, օրինակ, այգում զբոսնելիս հանդիպեն:

-Ինչպե՞ս է կատարվում ակումբին անդամակցումը: Բոլոր ցանկացողները կարո՞ղ են միանալ ձեր թիմին:

Հայ ծնողների ակումբի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ավելի հետաքրքիր, ուրախ ու բազմաբովանդակ դարձնել իրենց երեխաների եւ, ինչու ոչ, իրենց կյանքը: Ակումբին անդամակցելու համար ծնողներն ինքնուրույն գրանցվում են www.ArmParents.com կայքի միջոցով (դիմում են մեզ, թողնում կոնտակտային տվյալներ, երեխաների վերաբերյալ տեղեկատվություն) եւ դառնում են մեր ուրախ ընտանիքի անդամ: Միջոցառումներ կազմակերպում ենք ամենատարբեր թեմաներով տարբեր տարիքի երեխաների ու ծնողների համար (մենք կազմակերպում ենք՝ հաշվի առնելով երեխաների տարիքը, հետաքրքրությունը եւ այլ հանգամանքեր): Ուրախությամբ եւ հպարտությամբ կարող եմ նշել, որ մինչ օրս բոլոր միջոցառումները կազմակերպվել են անվճար, եւ հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի հետագայում: Մեր ակումբը գործակցում է տարբեր ընկերությունների հետ, որոնք հաճախ են զեղչեր, հատուկ պայմաններ, արտոնություններ առաջարկում մեր թիմի անդամներին: Մենք ընտրում ենք թիրախային խումբ` ո՞ւմ, ի՞նչ տարիքի երեխա ունեցողի  կհետաքրքրի այդ առաջարկը, եւ ուղարկում ենք նրանց էլեկտրոնային հասցեին: Արդյունքում՝ ընկերությունը գիտի, որ առաջարկը ուղարկվել է թիրախային խմբին, ծնողն էլ գիտի, որ եթե էլեկտրոնային նամակ է ստանում մեզնից, այն անձամբ իր հետաքրքրությունների սահմանում է: Ի դեպ,  արտերկրում ապրող ծնողները նույնպես  կարող են միանալ մեզ: Մենք ֆիլտրում ենք նաեւ հարցաթերթիկները, որ լրացրել են արտերկրում բնակվող ծնողները, եւ փորձում օգտակար լինել նրանց անհրաժեշտ ինֆորմացիայով: Վերջերս մեր խմբում նկարներ տեղադրեցին, օրինակ,  Բեռլինում, Պրագայում բնակվող մեր խմբի անդամները, որոնք հանդիպել էին, ինչ որ միջոցառում կազմակերպել: Կարող եմ ասել հենց դա է ակումբի նպատակը, որին ձգտում էինք սկզբից եւեթ:

-Ֆեյսբուքյան խումբ, հետո ակումբ. ի՞նչ ուղղությամբ եք գնալու հետո:

Մեր ամենամեծ ձեռքբերումներից կարող եմ համարել  Armparents. com կայքը, որ հունվարին ենք բացել: Տարիներ շարունակ աշխատելով ծնողների ու երեխաների հետ՝ մենք գիտենք՝ ի՞նչ է նրանց անհրաժեշտ, եւ փորձում ենք օգնել: Մեր ֆեյսբուքյան խմբում ծնողները հաճախ են քննարկում մանկական ծառայությունները, խորհրդակցում են, ո՞ր մանկապարտեզ տանեն երեխային, ո՞ր խմբակն է ավելի լավը, ո՞ր մանկական կենտրոնն է հարմարՄենք որոշեցինք ստեղծել մի հարթակ, որը օղակ կարող է դառնալ ծնողների եւ մանկական ծառայություններ առաջարկող ընկերությունների միջեւ:

- Ծառայությունների մասին տեղեկատվություն գտնելը, համաձայնեք, այսօր մեծ խնդիր չէ: Ի՞նչ առանձնահատկություններ ունի նորաբաց կայքը: Ի՞նչ կարող է գտնել այցելուն այստեղ, որ չկա ուրիշ կայքերում:

Armparents. com- ը առանձնանում է այն բանով, որ այստեղ մեկտեղված են ծնողներին  հետաքրքրող բոլոր մանկական ծառայությունները՝ մանկական կենտրոններ, մանկապարտեզներ, մանկական գեղեցկության սրահներ, զարգացման կենտրոններ, ժամանցի վայրեր, դպրոցներ, դայակներ, արվեստի խմբակներ, խանութներ, ֆոտոնկարահանումներ, հոգեբանական կենտրոններ  եւ այլն: Մեր կայքը իր տեսակի մեջ միակն է այդ առումով: Չափազանց կարեւոր է նաեւ, որ  բոլոր ընկերությունները ներկայացված են  ամենայն մանրամասնությամբ, նշված են տվյալ կենտրոնում լրացուցիչ հարմարությունների  առկայությունը կամ բացակայությունը: Ընդգծված է, օրինակ, ո՞ր կենտրոնը ունի սպասասրահ, ո՞ր մանկապարտեզն է ջեռուցվում, որտե՞ղ է բացակայում ավտոկայանատեղին եւ այլն: Ամեն բան արված է այնպես, որ  ծնողը անգամ առանց այցելելու կարողանա  հասկանալ արդյո՞ք դա իր փնտրածն է, թե՝ ոչ: Եւս մի առավելություն,  կայքում չափազանց հեշտ է գտնել այն առաջարկը, որ փնտրում եք: Բավական է նշել չափորոշիչները, որոնք պետք են ձեզ եւ համակարգը կառաջարկի ամենահարմար տարբերակները: Օրինակ, կարող եք նշել ի՞նչ տարիքի երեխայի համար, ի՞նչ ծառայություն կամ ի՞նչ խմբակ ունեցող ու քաղաքի ո՞ր տարածքում գործող (ո՞ր թաղամասում, ինչպիս՞ի հարմարություններով, ի՞նչ գնային սանդղակով) մանկական կենտրոն եք նախընտրում եւ կստանաք այն ընկերությունների ցանկը, որ համապատասխանում են ձեր նշած չափորոշիչներին: Այսպիսով այցելուն  խնայում է   ժամանակ եւ բազմաթիվ առաջարկների մեջ աչքից չի վրիպում հենց այն մեկը, որը պետք էր իրեն: Ի դեպ, որոշ ոլորտների ընկերություններ, ինչպիսին են, օրինակ, մանկապարտեզներն ու զարգացման կենտրոնները, հնարավորություն ունեն նշել իրենց (մենք նշում ենք նաեւ տվյալ ընկերությունների) գնային սանդղակը, որպեսզի ծնողները կարողանան համեմատության մեջ դիտարկել առաջարկները:

-Շա՞տ են ընկերությունները, որ միացել են Armparents. com կայքին: Ինչպիսի՞ն է արդյունավետությունը:

Armparents. comը դեռ նոր է գործում, բայց վստահ եմ, որ բավականին լավ արդյունքներ ենք ունենալու: Երկու ամսվա տվյալներով կարող ենք արձանագրել, որ 150-ից ավելի  ընկերություն է կայքի միջոցով առաջարկում իր ծառայությունները: Մի քանի հազար ծնողներ էլ անդամակցել են ակումբին՝ կայքի միջոցով: Նշեմ նաեւ, որ կայքի այցելուներին մենք խորհուրդ ենք տալիս ինչ- որ անճշտություններ, ընկերության առաջարկած պայմանների հետ անհամապատասխանություն նկատելու դեպքում անպայման տեղեկացնել մեզ: Եթե ընկերությունը զգուշացումից հետո չշտկի սխալը եւ դա կրկնվի մի քանի անգամ, հնարավոր է տվյալ ընկերության առաջարկը  կասեցվի: Մեզ համար շատ կարեւոր է, որ կայքում լինի ճշգրիտ ու հստակ ինֆորմացիա: Մենք ինքներս ծնողներ ենք ու գիտենք, թե որքան կարեւոր է ամեն բան, ինչը կապված է երեխայի հետ: