Ճանաչեք ձեր երեխային

Արդեն չորս տարի է՝ «Բանալի» ընտանիքի կենտրոնը դռներ է բացում հոգեբանական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար: Սեր ու համբերատարություն՝ սրանք են մեթոդները,  որ ընկած են կենտրոնում կիրառվող տարբեր ծրագրերի հիմքում: Թե ինչպե՞ս են ճակատագրեր փրկում «Դու կարող ես» բառերը, փորձել ենք պարզել կենտրոնի հիմնադիրներ Նարինե Իսրայելյանի և Աստղիկ Ալթունյանի   հետ զրույցում:

- Դեռ մուտքից  լսվում են ուրախ երգի  ու ծիծաղի ձայներ: Ձեզ մոտ մի՞շտ է օրն այսպես սկսվում:

-Այո, իհարկե, մեր կենտրոնի առաջնային խնդիրներից է ճիշտ, ջերմ  մթնոլորտ ապահովելը: Երեխան անմիջապես  պետք է զգա, որ իրեն այստեղ սիրում են: Առաջին քայլը, որ արվում է «Բանալի»-ում երեխայի համար շփման ապահով միջավայր ստեղծելն է: Փոքրիկները, որ գալիս  են մեզ մոտ, հաճախ հոգեբանական որոշակի խնդիրներ, վախեր ունեն: Մենք օգնում ենք նրանց ճանաչել իրենց, տեսնել իրենց ինքնությունն ու չվախենալ դա բացահայտել նաև շրջապատի համար:

-Ո՞ր տարիքից կարող են երեխաները դառնալ Ձեր կենտրոնի սաները, եւ ի՞նչ ծրագրեր են իրականացվում կենտրոնում:

-«Բանալի»-ն բաց է բոլոր տարիքի երեխաների համար: Մենք ունենք տարատեսակ խմբակներ, որտեղ կարող ենք ներգրավել երկուսից մինչեւ տասներկու  տարեկան երեխաների՝ կախված նրանց կարիքներից: Մեզ հաճախ են դիմում ծնողները, որոնք չեն կարողանում երեխային խաղից ուսում տանող ճիշտ ճանապարհը գտնել: «Դեպի մանկապարտեզ», «Դեպի դպրոց» խմբակներում երեխաներին հոգեբանորեն նախապատրաստում ենք մանկապարտեզ կամ դպրոց գնալուն:  Զարգանում են նրանց հիշողությունը, պատմելու հմտությունները.... Ավելի փոքրիկների համար են  նախատեսված « Սովորենք խոսել հաճույքով», «Սովորենք շփվել հաճույքով» ծրագրերը, որոնց միջոցով փորձում ենք զարգացնել երեխաների խոսքը, ավելացնել բառապաշարը ....Ինչպես նկատում եք՝ բոլոր ծրագրերում հատուկ նշված է «հաճույքով» տերմինը: Այստեղ երեխաները նաև ընկերանում են հաճույքով, սովորում՝ սովորել հաճույքով: Դա չափազանց կարևոր է: Մեր մասնագետները երեխային օգնում են հասկանալ իր կարիքները, իր ցանկությունները և հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում են:

- Ի՞նչ մեթոդ եք օգտագործում, ինչպե՞ս եք երեխային «ստիպում» հաճույքով անել այն ամենը, ինչից նա հրաժարվել է մինչև ձեր կենտրոն հաճախելը: Չէ՞ որ շատերը գալիս են խոսքի հապաղումով, չեն ցանականում շփվել:

-Մենք չենք հրամայում և չենք խնդրում: Երեխայի հետ շփվում ենք խորհրդատվական դաշտում՝ հանգիստ, առանց շտապելու և առանց պարտադրելու: Մենք մեր վարքով փոքրիկին ցույց ենք տալիս, որ վստահում ենք նրան ու գիտենք, որ ի վիճակի է  անել ցանկացած բան, եթե  միայն ուզենա: Շատ հաճախ առաջին իսկ զրույցից հետո փոքրիկների աչքերում խորամանկ ժպիտ ենք տեսնում, որով կարծես ուզում են ասել՝ փաստորեն հասկացա՞ք, որ ես կարող եմ անել... Ու երեխան սկսում է բացվել: Իհարկե, հեշտ չի լինում, յուրաքանչյուրն առաջ գնալու, մեր շփման առաջարկին պատասխանելու իր տեմպն է ընտրում: Մեր կենտրոնում  դրվածքն այնպիսին չէ, թե կգնա նույն հունով, և մի քանի ամիս հետո  արդյունքը կտեսնենք: Մենք դրական փոփոխություն ենք ակնկալում ամեն օր: Եթե տեսնում ենք երեխան ավելի ուշադիր է դառնում, հայացքն ուղղում է դեպի մեզ, ուրեմն նա մեր սանն է, ու մենք կարող ենք օգնել նրան լիարժեք ինտեգրվել հասարակությանը: Ցավոք, երբեմն լինում է  նաեւ, որ մենք չենք տեսնում ոչ մի առաջընթաց, ոչ մի արձագանք: Այդ դեպքում հասկանում ենք, որ երեխայի ուղեղը սահմանափակ կարողություններ ունի, եւ նրան ուղղորդում ենք այլ մասնագետների, հոգեբույժների մոտ, քանի որ հասկանում ենք, որ «Բանալի»-ում նա զուտ ժամանակ է անցկացնելու, և ոչ մի արդյունք չենք ունենալու: Մեր կենտրոնի սաներից շատերը, այսպես ասած, միջանկյալ խմբում են, փոքրիկներ են, որոնց եթե չօգնենք, ժամանակի ընթացքում կհայտնվեն  կայուն խնդիր ունեցող երեխաների շարքում:

- Ձեր կենտրոնի փոքրիկ այցելուների թվում շատ են աուտիստիկ դրսեւորումներ ունեցող երեխաները: Ի՞նչ է աուտիզմը՝ մտավոր հետամնացություն, թե՞ ուրույն հոգեվիճակ:

-Աուտիզմի պատճառներն ու  ընթացքը դեռ վերջնականապես ուսումնասիրված չեն, համաշխարհային բժշկագիտությունը չունի  լիարժեք պատասխան: Երեխայի աուտիստիկ դրսեւորումների պատճառ կարող են դառնալ հուզական շփման պակասը, տարատեսակ վախերը, որոնք հաղթահարելով հնարավոր կլինի հասնել գերազանց արդյունքների: Օրինակ, մեզ մոտ հաճախ են բերում փոքրիկների, որոնք խոսքի հապաղում ունեն: Նրանք, սակայն, չեն հրաժարվում շփվելուց: Ժեստերի, հայացքի միջոցով են խոսում, ուրեմն ինչպե՞ս մենք կարող ենք համարել, որ երեխան աուտիստիկ դրսեւորում  ունի: Ուղղակի նա այդպես է ուզում շփվել, ժամանակի ընթացքում գուցե եւ փոխի միտքը,  ուզենա, որ իր ձայնն էլ լսենք: Դուրս գա իր մեջ պարփակված վիճակից եւ նվեր անի իրեն, մայրիկին ու մեզ: Կամ գալիս են փոքրիկներ, որ սիրում են պտտվել, դա մենք ինչո՞ւ պիտի տարօրինակ համարենք: Մի երեխա սիրում է խոսել, մյուսը՝ քայլել, երրորդը՝ պտտվել....Նրանց դնում ենք պտույտ պարի մեջ, թույլ ենք տալիս, որ զբաղվեն իրենց սիրած բանով եւ միաժամանակ այլ հմտություններ ձեռք բերեն: Որոշ ժամանակ անց, երբ երեխան ավելի հետաքրքիր բան կհայտնաբերի, ինքնաբերաբար կհրաժարվի  պտույտից: «Բանալի» կենտրոնում աշխատում են մանկավարժներ, հոգեբաններ և լոգոպեդներ, որոնք երեխաների հետ շփման մեծ փորձ ունեն: Ծրագրերը նույնն են, ինչ մնացած մանկական հաստատություններում՝ երգ , պար, նկարչություն, իմացական խաղեր, ծեփել.... Տարբերությունը հոգեբանական այն հաստատումն է երեխային, որ նա ունակ է կատարել ցանկացած առաջադրանք: Յուրաքանչյուր երեխայի  ու ծնողի հետ մենք անցնում ենք առանձին ճանապարհ:

-«Բանալի» ընտանիքի կենտրոնը առանձնանում է նրանով, որ կողք-կողքի նույն խմբակին մասնակցում են զարգացման հապաղում, որոշակի հոգեբանական խնդիրներ ունեցող եւ լիովին առողջ երեխաները: Որքանո՞վ է կարեւոր նման մոտեցումը յուրաքանչյուր երեխայի համար:

-Յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է յուրովի: Մենք դիտարկում ենք նրանցից յուրաքանչյուրին որպես անհատականություն եւ մեր փոքրիկ կենտրոնում նրանց ցույց ենք տալիս մեծ աշխարհի մակետը: Հաճախ է լինում, երբ մայրիկները, տեսնելով, որ մեզ մոտ խոսքի հապաղումով բալիկներ կան, որոշում են, որ դա իրենց երեխայի տեղը չէ: Որպես մասնագետ  ես գտնում եմ, որ սխալ են վարվում: Չ՞է որ  հետագայում երեխաները դառնալու են մի հասարակության անդամ, որտեղ ապրում են տարբեր տեսակի մարդիկ: Այդ դեպքում, ինչքանո՞վ է ճիշտ փոքր տարիքում նրանց առանձնացնել, տարբերակումներ դնել: Երեխաներին հետ պահելով նման շփումից՝ ծնողները ոչ միայն չեն օգնում նրանց, այլեւ վախեցնում են եւ դժվարացնում նրանց կյանքը հետագայում: Զարգացման հապաղում ունեցող  երեխաների հետ շփումը դիտարկելով՝ մենք բացահայտում ենք նաեւ խնդիրներ չունեցող երեխայի վարքագիծը՝ արդյո՞ք նա կուզենա օգնել կողքինին, արդյո՞ք կուզենա ընկերանալ ավելի թույլ մարդու հետ, թե՞ կկրկնի նրա վարքագիծը, իսկ եթե կընդօրինակի, ապա ինչո՞ւ, իսկ գուցե թաքնված խնդի՞ր կա, որ պետք է բացահայտել եւ ժամանակին լուծել:

-Եվ վերջում  Ձեր խորհուրդը ծնողներին: Ինչպե՞ս պիտի վարվի ընտանիքը, երբ նկատի, որ  իր երեխան տարբերվում է շրջապատից:

Եթե ծնողները տեսնում են՝ իրենք ունեն ֆիզիկապես առողջ երեխա, ով իր կարողությունների մեջ սպասվածից  ավելի թույլ է, չպետք է խուճապի մատնվեն և իրենց անհանգստությունը փոխանցեն փոքրիկին: Առաջին հերթին պետք է հասկանալ ինչն է պատճառը՝ խնդիրը մտավոր է, թե հոգեբանական: Չափազանց կարևոր է նաև, որ երեխային չպիտակավորեն, նրան ընդունեն այնպիսին, ինչպիսին կա: Շատ երեխաների ծնողներ, այդպես էլ չեն իմանում, որ իրենց փոքրիկն, օրինակ, աուտիզմ ունի: Նրանց համար երեխան ոչ թե տարօրինակ է, այլ՝ յուրօրինակ: Եթե փոքրիկին այդպես վերաբերվես, նա այդպես էլ կմեծանա ու շատ հավանական է, որ շատ տաղանդներ դրսեւորի:  Հաջողության հասնելու ու խնդիրը հաղթահարելու գրավականը՝ ընտանիքում ջերմ, սիրառատ միջավայր ապահովելն է, որտեղ փոքրիկին կվերաբերվեն ոչ թե որպես խնամքի առարկայի, այլ՝ անհատականության, կօգնեն նրան բացահայտել իրեն ու շրջապատը: Մեր հաստատության հիմնական առաքելությունը երեխաներին և ծնողներին օգնելն է, որ նրանք ավելի հեշտ անցնեն իրենց և երեխային բացահայտելու ճանապարհը: