Էրեբունի թանգարանի կրթական ծրագիրը

Արգելոց-թանգարանները կրթամշակութային գործունեություն ծավալելու ավելի մեծ պոտենցիալ ունեն: Դրանք, գտնվելով իրենց բնապատմական միջավայրում, բացօթյա և փակ ցուցադրություններով ուսուցման, գիտելիքների ինտերակտիվ փոխանցման, ոչ ֆորմալ կրթության կազմակերպման ավելի լայն հնարավորություններ են ընձեռում: Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը դրա վառ օրինակն է:

 

«Էրեբունի»  թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի մասին պատմում են Լուվրի հնագիտական դպրոցում

 

«Պատանի հնագետ» դպրոցը «Էրեբունի» արգելոց-թանգարանում սկսել է գործել 2012 թվականից և այս ընթացքում տպավորիչ հուշերով ու գիտելիքներով է լցրել շատ երեխաների ամառը: «Պեղումներ անելիս տեսնում էինք, թե ինչպես են երեխաները գալիս, հետաքրքրվում: Որոշեցինք օգտագործել նրանց այդ բնական հետաքրքրասիրությունը: Իհարկե նրանց իսկական պեղավայր չէինք կարող տրամադրել, դրա համար էլ որոշեցինք ստեղծել արհեստականը,-հիշում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:- Թանգարանի մոտակայքում կար աղբանոցի վերածված մի տարածք, որտեղ շրջապատի բնակիչները անպետք իրեր էին լցրել: Այդ տարածքը մաքրեցինք և տեղում ճշգրիտ նմանությամբ կառուցեցինք ուրարտական երեք այնպիսի սենյակներ, որոնք հայտնաբերվել էին բլրի վրա, դրանց մեջ տեղադրեցինք հին կարասներ, հատակները արեցինք ճիշտ այնպես, ինչպես վերևում՝ խճաքարերով, կրակարաններով, ջրահեռացման համակարգով, որմնանկարներով: Դրանք ծածկեցինք հողով: Հողի մեջ գցեցինք կերամիկայի կտորներ, կճուճիկներ, կմախք, բրոնզի մետաղի կտորներ: Դուք պետք է տեսնեք երեխաների ոգևորությունը, երբ պեղումների ժամանակ ինչ-որ բան են գտնում»:

«Պատանի հնագետ» դպրոցում մասնակիցների հայտագրումը կատարվում է ապրիլ-մայիս ամիսներին, մասնակցելու հայտ կարող են ներկայացնել միջին և բարձր դասարանների դպրոցականներ: Հունիսին անցկացվում է տեսական դասընթացը, որի ժամանակ երեխաները ծանոթանում են արգելոց- թանգարանի աշխատանքներին, հնագիտական պեղումների կազմակերպման սկզբունքներին, անգամ սովորում սեպագիր կարդալ: Դպրոցը վարում է հնագետ, պ.գ.թ. Միքայելը Բադալյանը: Ապա, հուլիսին նրա ղեկավարությամբ սկսվում է գործնական փուլը, և երեխաները իրենց տեսական գիտելիքները կիրառում են «կեղծ պեղումներ» կատարելու համար: «Պատանի հնագետ» դպրոցը կազմակերպվում է անվճար հիմունքներով. «Փորձեցինք վճարովի դարձնել, բայց չորս-հինգ հոգանոց խումբ հավաքվեց: Վճարը հանեցինք, թիվն ավելացավ: Ճիշտ է՝ ամեն տարի դպրոցի կազմակերպումը թանգարանի համար որոշակի գումար է արժենում, բայց քանի դեռ պատանիներին դպրոցը հետաքրքրում է՝ կպահենք: Բացի այդ, դա նաև մեզ հպարտանալու առիթ է տալիս: Մեր ֆրանսիացի այցելուներից մեկը պատմում էր, որ Լուվրի հնագիտական դպրոցում իրենց դասախոսը պատմում է «Էրեբունի» թանգարանի «Պատանի հնագետ»  դպրոցի մասին, ցույց տալիս մեր՝ պեղումներ կատարող երեխաների լուսանկարները: Նշանակում է՝ մեր դպրոցը դարձել է օրինակ ու չափանիշ»,-ասում է արգելոց-թանգարանի տնօրենը: Դասընթացի վերջում երեխաները քննություն են հանձնում, ստանում են վկայական: Մասնակիցների մեջ մեծ է շրջակայքում ապրողների թիվը, կան այնպիսիք, որ մի քանի տարի է՝ մասնակցում են: «Այս թաղամասում ապրողները հպարտանում են, որ թանգարանն իրենց տարածքում է գտնվում: Բայց կարևոր է, որ ոչ միայն հպարտանան ու սիրեն, այլ ճանաչեն որպես արժեք ու սովորեն պահպանել: Դպրոցն այս առումով էլ է մեծ գործ կատարում»:

 

Արժեքների պահպանման մշակույթ

 

Սակայն արգելոց-թանգարանն իր մշակութապահպան գործունեությունը միայն «Պատանի հնագետ» դպրոցի միջոցով չի իրականացնում: Այդ գործում նշանակալի ներդրում կարելի է համարել թանգարանի և Եվրամիության համատեղ ջանքերով հրատարակված ուսուցչի օժանդակ ձեռնարկը՝ նվիրված պատմամշակութային ժառանգության պահպանության դասավանդմանը դպրոցում: Դասագիրքը ՀՀ Կրթության նախարարության միջոցով տրվել է հանրակրթական դպրոցների համապատասխան մասնագետներին:

Ընդհանրապես թանգարանը բավական ակտիվ է հնագիտական ոլորտի զարգացմանը նպաստող կրթամշակութային ծրագրեր մշակելիս ու իրականացնելիս: Այդ ծրագրերից մեկը, օրինակ, կապված է որմնանկարների վերականգնման ու պահպանման հետ: Այդ ծրագիրն իրականացվեց ժառանգության պահպանման խնդիրների շուրջ Իտալիայի և ՀՀ մշակույթի  նախարարության համագործակցությամբ և տևեց մինչև 2017թ.: Որմնանկարների վերականգնման դասընթացներիի համար «Էրեբունի» թանգարանում ստեղծվել էին հատուկ պայմաններ: Վերականգնման դասընթացներին մասնակցում էին գեղարվեստի ոլորտի ներկայացուցիչներ, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի վերականգնող-մասնագետներ:

Թանգարանում հաջողությամբ կյանքի կոչվեց նաև մետաղի վերականգնման ծրագիրը, որը նույն ծրագրի շրջանակներում իրականացվում էր սկզբում Հայաստանի պատմության թանգարանում, հետո՝ Էրեբունիում:

Ուրարտական մշակույթի տարածման ու ճանաչման գործում թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը կարևորում է նաև շրջիկ ցուցահանդեսների դերը, որոնք վերաբերում են ուրարտական ժառանգությանը և իրենցից ներկայացնում են եռալեզու մեծ պաստառներ: Գ. Գյուրջյանը նշում է, որ դրանցով արդեն մոտ տասնհինգ ցուցադրություն են կազմակերպել ինչպես ՀՀ-ում ու Արցախում, այնպես էլ Ռուսաստանում և այլ երկրներում. «Ամենաերկար ցուցադրությունը եղավ Իրանում՝ Պերսեպոլիսում: Այն տևեց  մոտ երեք ամիս: Հետո այդ պաստառները նվիրեցինք Թեհրանում գործող հայկական մի թանգարանի, որ ցուցահանդեսներ կազմակերպի տեղի հայկական դպրոցներում»:  Մշակման փուլում է թանգարանի կրթամշակութային մեկ այլ ծրագիր, որը նախատեսում է երեխաների ձեռքով ուրարտական ոճով հուշանվերների պատրաստում և ցուցահանդես-վաճառք հենց թանգարանում:

 

Երևանի ամենահին փողոցը. նոր պեղումներ Արին բերդում

 

 «Էրեբունի» արգելոց-թանգարանը՝ որպես աշխարհում եզակի պատմահնագիտական վայր, իրականացնում է նաև գիտական գործունեություն: Այստեղ շարունակվում են մասնակի պեղումները, կատարվում նոր հայտնագործություններ: «Ընդհանուր առմամբ, Էրեբունու տարածքում պեղված է միայն միջնաբերդի տարածքը և դրանից դուրս՝ մոտ երեքուկես հեկտար, ընդհանուր հնավայրի տասը տոկոսը ընդամենը: Կարմիր բլուրում պեղվել է գրեթե նույնքան, իսկ Շենգավիթում՝ ավելի շատ՝ մոտ քսաներեսուն տոկոս: Բնականաբար, գիտական հետազոտությունների հնարավորությունը այդ հնավայրերում շատ մեծ է»: Տարբեր տարիների ընթացքում Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ են իրականացվել հայկական, ամերիկյան և ֆրանսիական արշավախմբերի համագործակցության շրջանակում:  Հայկական կողմը ներկայացնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, ֆրանսիականը` Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայությունը, իսկ ամերիկյանը` ԱՄՆ Բերքլիի համալսարանը` ի դեմս ճանաչված հնագետ Դևիդ Ստրոնախի: « Հիմնական պեղումներն այս արշավախումբն իրականացրեց   միջնաբերդի տաճարը երիզող հատվածում, որտեղ հայտնաբերվեց Երևանի ամենահին փողոցը: Այն այցելուների համար շատ հետաքրքիր կլինի: Բացահայտելուց հետո առայժմ ծածկել ենք»: Պեղումներ են իրականացվել նաև Կարմիր բլուրում և Շենգավիթում:  Գ. Գյուրջյանը շեշտում է, որ ընդհանրապես թույլատրվում են միայն պատճառաբանված պեղումները. «Հնավայրերի ամբողջական պեղումները արգելվում են օրենքով : Պետք է թողնել, որ ապագա սերունդը նոր մոտեցումներով, նոր գործիքներով, նոր հնարավորություններով նոր բացահայտումներ անի՝ ավելի քիչ միջամտություններով ու քիչ խաթարումներով»:

 

Նորագույն տեխնոլոգիաներով վերազինված հնագույն «Էրեբունի»

 

Թանգարանի տնօրինությունը՝ Էրեբունու հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ մշակել է թանգարանի վերակառուցման նախագիծը: Վերակառուցված թանգարանի առանցքը պետք է լինի ամիֆիթատրոնը, որը կկառուցվի միջնաբերդի դիմացի բլրի վրա: Ամիֆիթատրոնում լուսաձայնային մեկնաբանմամբ գիշերային քսան-քսանհինգ րոպեանոց ցուցադրություններ կլինեն հնավայրի վերաբերյալ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Նման ամֆիթատրոններ գործում են եգիպտական բուրգերի, Պերսեպոլիսի, Ակրոպոլիսի տարածքներում և մեծ մասսայականություն են վայելում: Նախագծի  համաձայն վերակառուցվող թանգարանի մյուս առանձնահատկությունն ու գրավչությունը լինելու է մի բակով  միավորված ուրարտական երկու տների կառուցումը հնագիտական շերտից դուրս գտնվող տարածքում: Տները ուրարտական ճարտարապետության համաձայն կունենան խուլ պատեր՝ կառուցված հում աղյուսից, ատամնաձև աշտարակներ, երդիկներ: Այդտեղ վերականգնված կլինի ուրարտական կենցաղն ու շունչը, այցելուները կկարողանան ծանոթանալ ուրարտական խոհանոցին և իհարկե համտեսել: Ապագա թանգարանը կունենա նաև ուրարտական ռազմակառքերի երթուղի, էլեկտրական տրանսպորտ՝ ավտոկառեր:  Կվերականգնվեն պահակակետը, տաճարն ու պալատը կից զիկուրատներով, կարասային սենյակները:  «Քանի որ «Էրեբունին» բոլոր հնարավորություններն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու համար, անհրաժեշտ է, որ վերակառուցումներն էլ իրականացվեն մեծ պատասխանատվությամբ և զգուշությամբ: Այս գործում շտապել չի կարելի»: