Կրթական համակարգ. ինչի՞ց սկսել՝ պատասխանը տալիս են մասնագետները

Փոխել կրթության ձևը, բովանդակությունը, նպատակը: Կրթության հիմնարար խնդիրները և լուծումները ներկայացնում են մասնագետները՝ նոր տիպի կրթական համակարգ ստեղծելու համար: Մասնագիտական քննարկումը կազմակերպել էր Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը՝ «Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» թեմայով:

 

 

Արա Աթայան

ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ

 

Կրթության նպատակն է նպաստել մարդու ինքնաիրագործմանը. դա երջանիկ լինելու հիմնական նախապայմանն է: Ինքնաիրագործումը ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունն է, մարդու ակտիվ բարոյական հայացքի ձևավորումը՝ աշխարհի հանդեպ, սեփական հայրենիքի ճակատագրի հանդեպ, սոցիալականքաղաքացիական խնդիրներում պատասխանատվության զգացումով ներգրավվելը, նաև ստեղծագործական կարո­ղութ­յունն է: Եվ այդ ամենը պետք է լինի այն պաշարը, որով մարդը դուրս է գալիս դպրոցից: Մարդը ձևավորվում է դպրոցում: Եվ այս փաստից ելնելով՝ մենք պետք է համակարգային հարցեր տանք և համակարգային լուծումներ գտնենք:

Նախ՝ դպրոցում տասներկու տարիները պիտի լինեն ոչ թե որպես գորշ ընթացք, որտեղ երեխան՝ ձեռքերն իրար վրա ծալած դիրքում, ընկալողի ու անգիր սովորողի դերակատարմամբ է հանդես գալիս, այլ՝ որպես կյանք: Անթույլատրելի է շարունակել այն, ինչ եղել է խորհրդային ժամակներից սկսած՝ որ սեպտեմբերի մեկն ուզում ես կիրակի ընկնի, ու տասը տարին հիշվում է որպես մի մղձավանջ, որտեղ միշտ պիտի լինես նույն դիրքում՝ ձեռքերը սեղանին, ձիգ նստած, ու պիտի ինչ-որ բան լսես-հիշես ու տանը կարդաս-հիշես

Երեխան պիտի դպրոցում ամբողջական կյանքով ապրի. նա պիտի և՛ մտածի, և՛ զգա, և՛ գործի: Ընդ որում, որքան փոքր են երեխաները, այնքան մեծ պիտի լինի գործողության բաղադրիչը, կամային ու նաև հուզական բաղադրիչը, և միայն դրանցով է, որ պիտի կամաց-կամաց բյուրեղանա ու հայտնվի մտային բաղադրիչը: Մտային բաղադրիչը պետք չէ շփոթել հիշողության հետ, որովհետև հստակ չէ չափանիշը, թե ինչքան լավ է անգիր պատասխանել երեխան, այլ այն, թե որքանով է նա ի վիճակի ինքնուրույն լինել կյանքի ցանկացած ոլորտում: Եվ սա է շատ կարևոր, որ երեխաները կարողանան ինքնուրույն մտածողությամբ առաջնորդվել, երբ որ նրանք ավարտում են դպրոցը:

Ինքնուրույն լինելու կարողությունը նշված երեք տարրերի ներդաշնակությամբ է միայն հնարավոր, իսկ դրա համար անհրաժեշտ է կրթակարգի, ծրագրերի, դասագրքերի ամբողջական վերանայումը, քանի որ այսօր մեր կրթակարգը, դրանից բխող չափորոշիչները և դրանից բխող ծրագրերն ամբողջությամբ միտված են դեպի մեծ՝ լցված գլուխներ ձևավորելուն. գլուխներ, որոնցից կախված են մարմիններ՝ ձեռիկներ և ոտիկներ, որոնք մարիոնետների պես են՝ ինքնուրույն ոչ մի բան ի վիճակի չեն անել, ոչ մի բանի չեն կարող հասնել:

Հիշենք, թե ովքեր էին խորհրդային երկրում (հետխորհրդայինը շատ չի տարբերվում) հասնում հաջողությունների. սովորաբար նրանք, ովքեր ավելի շատ փախչում էին կրթական համակարգից, թաղերում ու փողոցներում վազվզում, կռիվ անում, և այլն: Ինչու՞: Ոչ թե նրա համար, որ դրանով նրանք սովորում էին ինչ-որ բան, չէ, նրանք կյանքն էին սովորում: Կյանքի հետ կապն էին սովորում: Իսկ նրանք, ովքեր լավ սովորողներն էին դասարաններում, շատ գիրք էին կարդում, նրանք շատ հաճախ ունենում էին իդեալներ, բայց չէին ունենում ունակություններ այդ իդեալները կյանքի կոչելու: Իսկ նրանք, ովքեր դժբախտաբար չէին ունենում իդեալներ, քանի որ այդ համակարգից փախչում էին, դրա շնորհիվ սովորաբար կամային հատկություններ էին կարողանում պահպանել և հարց լուծող էին դառնում:

Եվ ի վերջո, ունենք այսպիսի հասարակություն. մարդիկ կան, որ գիտեն, և մարդիկ, որ կարող են: Այն մարդիկ, ովքեր գիտեն և կարող են որոշակի մարդկային բովանդակություն տալ ամեն ինչին, դուրս են մղված որոշում կայացնելու ոլորտներից, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն անհրաժեշտ կամային հատկությունները, չունեն այն ներքին կրթվածության աստիճանը՝ իդեալները: Մեր խնդիրն է ինչ-որ ձևով միավորել այս երկու ոլորտները. իսկ դա հնարավոր չի այն կրթական համակարգի պարագայում, որը կա մինչև այսօր, այսինքն՝ խորհրդային և հետխորհրդային: Ես կարծում եմ, որ պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից:

 

 

 

Սերոբ Խաչատրյան

կրթության փորձագետ

 

Հայաստանի կրթության գլխավոր խնդիրը սխալ կառավարումն է: Եթե պատկերավոր ասեմ` մենք ունենք մի համակարգ, որտեղ աշխատում են մարդիկ, բայց այդ համակարգը կառավարելը փորձում ենք նմանեցնել մեքենաների, որտեղ մարդկանց դնում են պտուտակների տեղ. նրանց տալիս են ֆունկցիա, որ նրանք մեքենայի նման կատարեն: 

Մեր կրթության և գիտության նախարարությունը տարիներ շարունակ բերել է ռազմավարություններ, աջակցման ծրագրեր, կրթակարգեր, միջոցառումների ժամանակացույցեր, փոփոխությունների ծրագրեր, հանրային քննարկում է անցկացրել՝ սակայն ձևական, որից հետո այդ փաստաթղթերն ընդունվել են, և ասել են՝ վերջ, արդեն պետք է կիրառվեն: 

Այսինքն, նախարարությանը թվացել է, թե ընդունել է մի լավ փաստաթուղթ, և հաջորդ օրը տնօրենների, ուսուցիչների, դասախոսների, դեկանների ու ռեկտորների մոտ այդ փաստաթուղթն արդեն կա, նրանք նստում փաստաթուղթը կարդում են, նրանց մեջ արդեն առաջանում են էմոցիաներ, մտքեր, ու դրանց ազդեցության տակ իրենք այդ ծրագիրը իրականացնում են: Այսինքն, մեր նախարարությունը տարիներ շարունակ իրականացրել է «Տարածիր և աղոթիր» ռազմավարությունը. համակարգում ինչ-որ փաստաթղթեր տարածել են շրջաբերականներով, հետո աղոթելով սպասել են, որ ինչ-որ մի բան պիտի փոխվի:

Եվ պատահական չէ, որ նախարարների՝ և Արմեն Աշոտյանի, և Լևոն Մկրտչյանի ելույթներում հաճախ դժգոհություն կար և՛ տնօրեններից, և՛ ուսուցիչներից: Որովհետև նրանց թվացել է, թե այն, ինչ իրենք տարածել են, տնօրենները պիտի կարդային և անեին: Դրա համար ասում էին, թե տնօրենները ծույլ են, ուսուցիչների պետքը չէ, դասախոսներն ընդհանրապես անտարբեր են: Բայց հիմնական սխալն այն է, որ չեն մտածել՝ կարո՞ղ է մարդիկ չեն կարդում, կարո՞ղ է՝ կարդում են ու համաձայն չեն, այսինքն՝ այս երկու խումբ մարդկանց ընդհանրապես արհամարհել են: Եվ եթե հիմա մի անկախ հարցում անցկացնենք համալսարաններում, կպարզվի, որ դասախոսների 95 տոկոսը այս վերջին բարձրագույն կրթության բարեփոխումներին դեմ է: Եթե ուսուցիչներին հարցնենք, կպարզվի, որ նույն վիճակն էլ այնտեղ է: Կարող է՝ մի քիչ ուսուցիչների մոտ այդ թիվը ցածր լինի, քանի որ, նրանց հարմարվողականությունն ավելի մեծ է:

Այդ մոտեցման արդյունքում ունեցել հետևյալ իրավիճակը. կարծես թե լավ փաստաթղթեր կան, որոնք սահմանում են, թե պետք է ստեղծագործական մտածողությունը, քննադատական միտքը զարգացնել, երեխաները պիտի ինքնուրույն մտածեն և այլն, բայց այդ փաստաթղթները ֆայլեր չեն՝ մարդկանց գլխի մեջ չեն ձայնագրվում, որ իրենք անմիջապես դառնան ռեֆորմի կրող: Հետևաբար, այն, ինչ այս տարիներին արել ենք, հաճախ նույնիսկ հակառակ ազդեցությունն է տվել: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ, որովհետև սրա արդյունքում մեր արածներին դեմ մարդկանց քանակությունը կտրուկ մեծացել է: Հիմա եթե դուք ֆեյսբուքով նայեք, թե ինչ են առաջարկում մեր ԿԳ նախարարին, կտեսնեք, որ դրանք բոլոր առաջարկ են դեպի հետ: Այն է՝ ետ գնանք տասնամյա կրթության, այդ առարկաները, որ վերջին տարիներին մտցրել են, հանեք, այդ քննությունները, թեստերը հանեք, հետ բերեք շարադրությունը, թելադրությունը, համակարգչով, որ թվանշաններ եք դնում, հանեք, մատյանից, թղթից լավը չկա, էդ դպրոցական խորհուրդներն ինչ թիթիզություն են, վերացրեք, և այլն, և այլն:  Այսինքն՝ թույլ է տրվել կոպիտ սխալ. կրթության համակարգը դիտվել է որպես քարացած, մեռած, չշնչող մի համակարգ, որպես հումք, որի հետ ինչ ուզենանք, կարող ենք անել:

Նոր մոտեցումը պետք է հետևյալը լինի: Պետք է հասկանանք, որ կրթության համակարգն արձագանքող համակարգ է: Այսինքն, որ մի բան անում ես այդ ոլորտում՝ մի փոփոխություն, մի նորամուծություն, մարդիկ արձագանքում են. մեկը համաձայն է, մեկն անտարբեր է, մեկը դեմ է: Եվ պարտադիր չէ, որ այդ մարդիկ դուրս գան, փողոց փակեն, որ մենք տեսնենք, որ ուսուցիչները դեմ են այդ ռեֆորմին: Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ դեմ մարդկանց մեծ մասը լռելյայն են դեմ եղել, իրենք փողոց դուրս չեն եկել, իրենք չեն գնացել նախարարության դիմաց ցույց արել, իրենք բողոքել են ուսուցչանոցներում, տներում, կաբինետներում (հիմա գոնե մի քիչ ավելի լավ են բողոքում):

Հետևաբար ԿԳՆ-ն պետք է անի հետևյալը. պետք է գնա դեպի կրթության համակարգի համակարգողները՝ տնօրեններ, կառավարիչներ, ռեկտորներ, ընդ որում՝ ԿԳՆ-ն չպետք է գնա՝ որպես ճշմարտության և իմաստության միակ աղբյուր. նշեցի արդեն. հաճախ այդ մասնակցային պրոցեսների մեջ կա կեղծիք: Նախարարությունը բերում է իր պատասխանները, բայց ասում է, մի հատ էլ հանրային քննարկում իջեցնենք, թող մարդիկ խոսեն, քննարկեն, վերջում ինչ պետք է՝ մենք կանենք: Նախարարութունն իսկապես պիտի գնա դեպի համակարգ՝ առանց մտածելու, թե ինքն ինչ պիտի անի: Կրթության համակարգին վերջին տարիներին հասցված ամենամեծ վնասներից մեկը անգլերեն սըլյուշընիզմ (solution-որոշում) կոչված մոտեցումն է. դա այն իրավիճակն է, երբ միջազգային կազմակերպություններն էլ դիմում են մեզ, ասում՝ մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Եվ եթե նկատել եք մեր բոլոր կրթության կառավարիչներն ասել են 5 տարի հետո, 10 տարի հետո լավ կլինի. մեր նոր նախարարն էլ նշել է, թե 5-10 տարի հետո լավ կլինի. սա էլ նույն սըլյուշընիզմի մոտեցումն է՝ ես ամեն ինչ գիտեմ:

Բայց իրականում կրթությունը բարդ, անկանխատեսելի համակարգ է, որտեղ դու կարող ես 10 բան կանխատեսել, բայց վերջում ստացվի 10 բան, որոնցից ոչ մեկն էլ չէիր կանխատեսել: Պետք է գնալ ու մարդկանց հետ ապահվել սոցիալական շփման բարձր որակի հարաբերություններ, հասկանալ մարդիկ ինչ են մտածում և տանել հասարակությունը դեպի սոցիալական ավելի բարձր որակի հարաբերություններ: Դա՛ է կարևոր:

Ինձ համար կարևոր չի՝ ինչ է գրված փաստաթղթերում: Կարևոր է՝ ինչպես է ուսուցիչը խոսում աշակերտի հետ, ինչպես են ուսուցիչները խոսում իրար հետ, մարզպետը վերաբերվում դպրոցի տնօրենին, ինչ բառապաշարով է հետը խոսում: Երբ այդ հարաբերությունների որակը բարձրանա, կրթությունն էլ անպայման կբարձրանա՝ հասնելով զարգացած կրթությամբ երկրների մակարդակին: Լավ կրթություն ունեցող երկրները ոչ թե լավ փող են դրել, ոչ թե իրենց դասագրքերը շատ լավն են, այլ իրականում հիմքն այն է, որ կարողացել են մարդ-մարդ ավելի բարձր որակի հարաբերություններ հաստատել: Մեզ մոտ երեխան գնում է դպրոց, որ չսովորի, փող է տալիս, որ չսովորի, այդ խայտառակ հարաբերությունները պիտի վերանայվեն: Կրթության համակարգը գնահատելու համար ես չեմ նայում նախարարության ծրագրերին, ես նայում եմ՝ ոնց են համակարգի մարդիկ հարաբերվում. ոնց է տնօրենը որոշում, թե ով պիտի մրցույթին մասնակցի՝ իր սիրեցյալը, թե՝ ով ավելի արժանի է. ոնց է ամբիոնի վարիչը որոշում կայացնում:

Մեր երկրում կրթության ոլորտի մեծ արգելակներից է ակադեմիական էգոիզմը: Երբ ամեն մասնագետ մտածում է, որ իր առարկան է ամենակարևորը. երբ ավելացնում ես մաթեմատիկայի ժամերը, բողոքում են ֆիզիկները, քիմիկները, պատմաբանները, աշխարհագետները, մյուս բոլորը: Եվ հենց այս պատճառով մենք ձախողեցինք տասներկուամյա կրթությունը, որովհետև այդ կրթության նպատակն էր՝ այն ծավալը, որը երեխան պիտի յուրացներ տասը տարում, յուրացնի տասներկու տարում՝ ավելի հանգիստ, ծրագրի հետևից չվազելով: Թե չէ Հայաստանում չենք ասում՝ առարկան սովորել, ասում ենք՝ անցնել, որովհետև նպատակն անցնելն է, ոչ թե՝ սովորելը: Ավելացրինք երկու տարին, որ ծրագիրը հանգիստ անցնեին, բայց ստացվեց այնպես, որ ահագին նոր բաներ լցրեցինք նույն ակադեմիական էգոիզմով: Հետո էլ եկան միջազգային կազմակերպություններ: Մեկն ասաց՝ թրաֆիքինգը կարևոր է, մյուսը՝ այս մեկն ավելի կարևոր է: Եվ առանց նորմալ ֆինանսավորման, առանց նախապատրաստմանը բավարար ժամանակ հատկացնելու՝ ժամեր վերցրին: Բացի դրանից մեզ մոտ կան առաջնային և երկրորդական առարկաներ. այն առարկան, որից քննություն կա, առաջնային է, որից քննություն չկա, դրա ժամին կարելի է պարապել քննական առարկան: 

Մեր կրթական համակարգը պիտի երեխային հնարավորություն տա ինչ-որ մի բան անելու. սովորեց՝ ինչ-որ ձևով կիրառի, կապակցի, հետաքրքիր բաներ անի: Այսօրվա աշակերտը պիտի փորձի հասկանալ այսօրվա աշխարհն ու ապրել այսօրվա աշխարհում: Իսկ աշխարհն այսօր անկանխատեսելի է, ուրեմն մարդն էլ պիտի լինի ճկուն և ցկյանս սովորող:

Նաև՝ ԿԳՆ-ն պետք է ունենա փոխվարչապետի կարգավիճակ, պետք է ունենա ազդեցություն առողջապահության նախարարի վրա, մյուս ոլորտների վրա, քանի որ մենք տեսնում ենք, որ միայն կրթության հարցերը բարձրացնելով՝ լուծումներ չենք ստանում:

 

 

Սամվել Մարտիրոսյան

ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ

Կրթական ոլորտն ամբողջ աշխարհում է ճգնաժամի մեջ: Ամենուր  անընդհատ տարբեր փորձեր են արվում: Որովհետև կրթությունը շատ է տարբերվում մյուս ոլորտներից. այստեղ հարցերը նույն կերպ չեն լուծվում, ինչ տնտեսական կամ հասարակական ոլորտներում: Կան ավանդական լուծումներ, բայց դրանք այսօր չեն աշխատում: Եվ անհասկանալի է՝ ինչ են կանխատեսում կամ փորձում կանխատեսել, երբ նոր սերունդն այդքան տարբեր է: Այս երեխաներն այնքան հեղափոխական են, որ պրոբլեմատիկ են մեծահասակների համար: Սա էլ խնդրի հիմքն է. ունենք մեծահասակներ, որոնք երեխաներից գլուխ չեն հանում ու չեն կարող իրենց փորձը փոխանցել նրանց, որովհետև դեռ իրենք էլ չեն հասցրել համակերպվել նոր իրողություններին:

Մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես. եթե մի տեղից ջուր է կաթում, գնում նորոգում է խողովակի այդ մասը, հետո տեսնում է, որ մի այլ տեղից էլ է կաթում, այնտեղ է փորձում նորոգել, մինչդեռ երևի թե լուծումը ընդհանուր խողովակը փոխելն է: Դրա համար էլ անընդհատ կրթական ռեֆորմների մեջ ենք: Միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնց կողքով այդ ռեֆորմները գալիս-շվվալով անցնում են, և չեն հասցնում որևէ բան հասկանալ, քանի որ նաև նախարարն է անընդհատ փոխվում, կտրուկ ռեֆորմների ձևն էլ է փոխվում՝ թե դա լուրջ բան չէր, այ հիմա լուրջ բաներ են լինելու:

Իմ կարծիքով կրթությունը ոչ թե պիտի խնդիրները մանր-մանր լուծելով գնա, այլ առաջին հարցը պիտի լինի այն, թե մենք ում ենք դաստիարակում, դրանից հետո նոր միայն կհաստատենք ծրագիր: Ու կրթական ծրագիրն էլ պիտի լինի ընդհանուր՝ ներդաշնակ, առարկայական ծրագրերը իրար հետ համաձայնեցված պիտի գրվեն: Որովհետև երեխան պիտի ամեն տարիքում պետք է հստակ մի բան ստանա բոլոր առարկաներից: Դրանք պիտի փոխկապակցված լինեն, որպեսզի հստակ լինի պատկերացումը, թե ում ենք մենք դաստիարակում: Կան մեզ մոտ այդ պատկերացումները, ուղղակի դրանք մի քիչ պաթոսահայրենասիրական են և ռեալ ոչինչ չեն նշանակում: Ասում են՝ պետք է լավ մարդ դաստիարակենք. լավ մարդը ո՞րն է: Մենք պիտի դա ձևակերպենք:

Հիմա մարդիկ երեք տարեկանից երեխային տալիս են, որ C++ սովորի, անգլերեն, չինարեն, ու այդ երեխան չորս տարեկանից պատրաստվում է, որ քսան տարեկանում մտնի կոմերցիոն մի աշխարհ, որն այդ ժամանակ լրիվ ուրիշ աշխարհ է լինելու: Այսօր ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ է պետք լինելու քսան տարի հետո: Անընդհատ գրքեր են գրում, թե որ մասնագիտությունը կվերանա, որը՝ կհայտնվի: Ու դրանք բոլորը գիտաֆանտաստիկ գրքեր են, քանի որ նույնիսկ երկու տարի հետոն չենք կարող իմանալ:

Խնդիրն այստեղ նաև այն է, թե այսօր ո՛վ է կրթության պատվիրատուն: Շատ դեպքերում դա ծնողն է, ով ոչ միայն ընտրում է առարկաներ, այլև՝ կտրում է այն առարկաները, որ իր կարծիքով կապ չեն ունենալու իր ապագա ծրագրավորող երեխայի հետ. Իրենք արդեն որոշել են՝ ինչը պետք է, ինչը պետք չի: Կարելի է դիտարկել, թե պետությունն է պատվիրատու, բայց էլի պարզ չէ, թե ինչ է պատվիրում: Ընդհանուր առմամբ, պարզ չէ, թե ում ենք մենք դաստիարակում: Ընտանիքի նախընտրությունը կարելի էր հաշվի առնել, եթե պետությունը խրախուսեր բազմաթիվ այլընտրանքային դպրոցների գործունեությունը: Իմ կարծիքով, երեխան էլ պիտի լինի պատվիրատու: Ասում են՝ երեխան փոքր է, չգիտի, թե իրեն ինչ է պետք: Բայց եթե մենք նայենք մեր դպրոցական տարիներին՝ մենք շատ բան կփոխեինք, չէ՞: Ոմանք կվառեին էլ:

Լավ մանկավարժներ են մեզ պետք: Իսկ լավ մանկավարժը նա է, ով կարող է մոտավորապես պատկերացնել, թե այս երեխան ապագայում ինչ է դառնալու, և նրա հետ մոտավորապես այդ ուղղությամբ աշխատի: Մենք պիտի առաջին հերթին «փակենք» մանկավարժական համալսարանը: Դա այն կառույցն է, որի պատճառով մեր ուսուցչի վարկանիշն ընկել է: Եթե ունենք այսպիսի մի իրավիճակ, երբ մանկավարժական համալսարան գնում է ամենածույլ աշակերտը, էլ ո՞վ այդ ուսուցչին լուրջ կվերաբերվի: Հիմա պիտի նորից վերաարժևորում լինի. երեխան պիտի հասկանա՝ ում ինքը հարգի, ով է սոցիալական սանդղակի առավել վերին աստիճաններին:

Բացի դրանից, պետք է մեծացնել կրթությանը տրվող ծախսերը: Իսկ մեզ մոտ անընդհատ նվազում են ծախսերը: Ռազմական ծախսերը մեծ են՝ մենք բոլորս հասկանում ենք, բայց պիտի գիտակցենք, որ պետք են նաև կրթական ծախսեր, քանի որ դա ևս անվտանգության երաշխիք է:

 

 

Ռուզաննա Ծառուկյան

«Քայլ առ քայլ» միջազգային ընկերակցության խորհրդատու

 

Կրթության կառավարման գործում հիմնական դերը տնօրենինն է. նա է դպրոցում մթնոլորտ ստեղծում: Կան տնօրեններ, որ շատ գեղեցիկ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն երբ տեսնում ես, թե ինքն ինչպես է խոսում իր ուսուցչի հետ, հասկանում ես, որ այստեղ ժողովրդավարության հոտ անգամ չկա: Դժվար է ճշտել՝ նա իրական արժեքների կրողն է, թե՝ ոչ: Շատ-շատ կարևոր են նաև ծնողները, որ երբեմն չեն կարողանում ճիշտ զգալ չափը, ընկնում են ծայրահեղության մեջ. օրինակ՝ ինքնուրույնությունը շփոթում են ինքնագլխության հետ: Եվ սա հարվածի տակ է դնում արժեքները, որոնց մասին պիտի մտածենք:

Խոսքի ու գործի բախման մի օրինակ էլ իրենց այլընտրանքային կոչվող որոշ հաստատություններ են:  Մենք խոսում ենք մասնավորի առաջարկած այլընտրանքի մասին, բայց հաճախ դա որևէ բովանդակային մաս չունի: Մենք այցելում ենք տարբեր մասնավոր մանկապարտեզներ ու դպրոցներ, և հաճախ այնտեղ տարբերությունը միայն նորոգված աստիճանահարթակն է, մաքուր սանհանգույցը, առավել գեղեցիկ, հարմարավետ դասարանը, սակայն ծրագրային առումով որևէ տարբերություն չկա: Իհարկե, պայմանները կարևոր են, և միշտ լավ է, որ սանհանգույցը մաքուր է, սակայն ամենակարևորը կրթության որակն է, որն այսօր շատ ցածր է:

Կրթության որակն, իմ կարծիքով, համապատասխանությունն է երկրին: Դրա համար շատ կարևոր է հաշվի առնել երկրի և մշակութային, և տնտեսական, և բոլոր մյուս առանձնահատկությունները: Այսինքն՝ կրթությունն առաջին հերթին պիտի պատրաստի այդ երկրի քաղաքացի:

Եվ պիտի հաշվի առնենք, որ այսօրվա աշխարհին պետք են մարդիկ, որ ունեն ոչ միայն գիտելիք, այլև՝ բարձր բարոյականություն: Մենք պիտի երեխային ցույց տանք լավն ու վատը, չարն ու բարին՝ թողնելով, որ ինքն ընտրի իր դերն այս աշխարհում, ինքը պատկերացնի՝ ինչ է ուզում փոխել այս աշխարհում: Մեր խնդիրն է երեխային ցույց տալ, որ առկա վիճակում ինքը պատասխանատվություն ունի ոչ միայն փաստել, որ ինչ-որ բան վատ է, այլև փոխել այն՝ լինելով բարի, լինելով ազնիվ:

 

 

Վահագն Պողոսյան

«Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր

 

Մեր նպատակը տեխնիկական գերտերություն հիմնելն է: Խորհրդային Միությունում մենք բնակչության 2 տոկոսն էինք, բայց արտադրում էինք տեխնոլոգիական լուծումների 40 տոկոսը: Մեր երկիրը նախագծում էր, նախատիպը կառուցում էր, արտադրում և ուղարկում վերջնական սպառողին: Քանդեցինք այն, ինչ ժառանգել էինք: Եվ մեր երազանքն է վերականգնել դա: Ու դա մեր՝ որպես պատվիրատուի պատվերն է կրթական ոլորտին:

Համալսարանից ես սպասում եմ ֆունդամենտալ հետազոտական գիտելիքներ և գիտական աշխատանք. դա կկազմի իմ ասած համակարգի 1-2 տոկոսը: Այս մասնագետները ոչ թե պետք է նախագծեն ու արտադրեն, այլ պիտի հետազոտեն նյութերը:

Նախագծելը, կառուցելը, արտադրելը սպասում ենք մասնագիտական ԲՈւՀ-երից: Այս կառույցները չպիտի լինեն այն, ինչ մենք տեսնում ենք, այլ նոր տիպի կրթություն պիտի տան:

Բայց նախևառաջ, ցանկացած դեպքում պիտի 9-րդ դասարանն ավարտած երեխան համարվի լիարժեք կրթություն ստացած, քանի որ նա պայմանագիր է կնքել պետության հետ իր կրթությունն ապահովելու համար: Հիմա եթե մեկը 9-րդ դասարանից գնում է հոր հետ հող մշակելու, դա չի նշանակում, որ իր հետ հնարավոր չի գնալ ֆիլհարմոնիկի համերգին կամ իր հետ մենակ չես կարող թողնել արտերկրից եկած մարդուն, ու ինքը չի կարող հինգ րոպե զրույց տանել մեր արվեստից, պատմությունից:

Իրականում հիմա ամեն ինչ հարամ են անում, ու ես ուղղակի մի բան եմ խնդրում՝ գոնե մաթեմատիկային ու մայրենիին ձեռք մի տվեք: Քիմիայի դասին գրատախտակին մոլեկուլի կառուցվածքը 3D նկարեք ու ուրախացեք, ուրիշ ինչ կուզեք՝ արեք: Բայց մեր երկրի ապագան կախված է նրանից, թե մեր երեխան ինչքան լավ կիմանա մաթեմատիկա:

Խոսվում է գումարի անբավարարության մասին. իրականում այստեղ էլ չօգտագործված ներուժ կա: Պետությունը կարող է, օրինակ, դպրոցի վերանորոգման աշխատաքներում ներգրավի իր ավագ աշակերտներին. ծախսը կլինի սինէներգետիկ՝ մի մասը կտա պետությունը, մի մասի փոխարեն կաշխատեն երեխաները. ասենք, կփոխեն դպրոցի խողովակները ու միաժամանակ ահագին բան կսովորեն: Կամ հողային աշխատանքներ կկատարեն ու կենսաբանություն կսովորեն՝ գործնական պարապմունքով, ինչը հաստատ ավելի հետաքրքիր կլինի, քան այն, ինչ հիմա արվում է դասերին: Այդպիսի բաներ կազմակերպել է պետք: Ես ակնկալում եմ, որ մեր հիմնական դպրոցը պիտի հիմնական կրթությունը տա:

Մեր կրթության բոլոր օղակները՝ մանկապարտեզից մինչև համալսարան, բարոյալքված են: Դա տնտեսական վիճակից չէ, քաղաքական վիճակից չէ, աշխարհաքաղաքական դիրքից չէ. ի դեպ, մեր աշխարհաքաղաքական դիրքը շատ լավն է, մենք խաչմերուկի տերն ենք, պիտի դրանից օգուտ քաղենք: Եթե մենք մանկապարտեզում ու տարրական դպրոցում երեխեքին հաշմանդամ չդարձնենք, եթե մեր կրթության ոլորտում դադարի տիրել այս համատարած արիության ու բարոյականության անկումը, մենք հրաշալի արդյունքներ կունենանք: