Կրթություն ժամանակին համապատասխան

Արդի նորարարական տնտեսության պայմաններում մեծացել է բարձրորակ մասնագետների պահանջարկը: Մեր ժամանակներում կրթությունն ու գիտությունը չեն կարող զարգանալ բացարձակապես ինքնուրույն, իրարից անկախ: Միայն գիտության և կրթության համադրությունն է կարող ապահովել ժամանակակից գիտության զարգացման այն ինտեգրացիոն գործընթացները, որոնք պայմանավորում են գիտատեխնիկական առաջընթացը:

Լավագույն մասնագետներ պատրաստում են այնտեղ, որտեղ ապահովվում է ուսումնական գործընթացի սերտ կապը գիտահետազոտական աշխատանքի հետ: Մագիստրոսական կրթության կազմակերպումը անմիջապես գիտական միջավայրում կրթությունից դեպի գիտություն սահուն անցումն ապահովող մեխանիզմ է: Այն առաջին անգամ ներդրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում:

Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցում սկսեց իրականացնել 2004 թվականից՝ օգտագործելով Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական, նյութատեխնիկական և տարածքային ռեսուրսները: ԳԿՄԿ ամբիոնները ձևավորվել են համապատասխան գիտական հաստատություններում, այսինքն՝ ուսանողներն առաջին կուրսից հայտնվում են գիտական, ակադեմիական միջավայրում: Սա հնարավորություն է տալիս նրանց արագ ինտեգրվելու գիտական հասարակայնությանը, ձեռք բերելու գիտական մտածողություն: Իսկ ակադեմիական համակարգը, մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելով, կարողանում է ձեռք բերել երիտասարդ բարձրակարգ կադրեր՝ ժամանակակից գիտական մտածողությամբ:

Այսօր Հայաստանում կարևոր հիմնախնդիր է բարձրագույն կրթության մատչելիությունը հասարակության տարբեր խավերի համար: Հեռավար ուսուցումը, որ իրականացվում է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների շնորհիվ, լուծում է այդ խնդիրը: Հեռավար մագիստրոսական կրթության կազմակերպումը ԳԿՄԿ վերջին նվաճումներից է: Այն լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում՝ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, այլ երկրներում: Այն մարդկանց հնարավորություն է ընձեռում կրթություն ստանալ կամ վերապատրաստվել առցանց՝ իրենց հարմար վայրում և ժամերին: Կրթության այս տեսակը  դասախոսի և ուսանողի միջև լսարանային շփում չի պահանջում։ Դասընթացն անցկացվում է հեռավար ուսուցման հարթակում՝ տեսաձայնագրությունների, ֆորումների, առցանց հանդիպումների ձևաչափով։

Հեռավար ուսուցման հարթակը ԳԿՄԿ-ում գործում է 2014 թվականից: Այն թույլ է տալիս դասախոսներին օգտագործել նյութի մատուցման արդիական մեթոդներ և ձևեր՝ ընդլայնելով մասնագիտական պատրաստվածության շրջանակները: Տեղեկատվական աճող հոսքերը և բարձր տեխնոլոգիական արտադրությունները պահանջում են մասնագետներ, որոնք կարող են կողմնորոշվել գործունեության ամենատարբեր բնագավառներում և արագորեն անցնել  մի բնագավառից մյուսը: Այս նպատակի իրականացման համար ԳԿՄԿ-ում պարբերաբար իրականացվում են մասնագիտական վերապատրաստումներ հեռավար դասընթացների ձևաչափով, որոնց մասնակցում են մեծ թվով դիմորդներ:

Կարևորելով հեռավար ուսուցման դերը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն իր ռազմավարական հեռանկարներից մեկը դարձրեց հեռավար ձևաչափով առցանց մագիստրոսական կրթության կազմակերպումը՝ մագիստրոսի աստիճանի շնորհմամբ: Այսօր արդեն ռազմավարական այս նպատակը դարձել է իրականություն և առաջին անգամ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում ԳԿՄԿ-ն առաջարկում է hեռավար մագիստրոսական կրթական ծրագիր, ինչը նորարարություն է բարձրագույն կրթության համակարգում և խթանում է բարձագույն կրթության հասանելիությունը  և մատչելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը առաջին անգամ Հայաստանում ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնին և ՀՀ պետական կառավարման ակադեմիային իրավունք է տվել կազմակերպելու հեռավար ուսուցմամբ մագիստրոսական կրթություն՝ «Գործարար վարչարարություն (կառավարումմասնագիտությամբ, որն սկսել է իրականացվել 2017 թվականից: Բուն ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին: Գրեթե մեկուկես տարի կատարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ տեխնիկական վերազինում, դասախոսական կազմի վերապատրաստումներ, համապատասխան դասընթացների ստեղծում:

Այսօր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն և ՀՀ ՊԿԱ-ն իրականացնում են հեռավար մագիստրոսական կրթություն, որին կարող է դիմել բակալավրի կրթական աստիճան ունեցող յուրաքանչյուր ոք. մասնագիտական որևէ սահմանափակում չկա: Կարևոր չէ նաև, թե դիմորդն ինչ տարիքի է, աշխարհի որ ծայրում է ապրում: Պարտադիր է միայն հայերենի իմացությունը, քանի որ ամբողջ դասընթացը կազմված է հայերենով: Հաջորդ պարտադիր պայմանը տարվա ընթացքում առնվազն երկու անգամ կիսամյակային եզրափակիչ քննություններին մասնակցելն է: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով, որի ժամանակ ստուգվում են դիմորդի՝ համապատասխան մասնագիտության հիմունքների իմացությունը, բիզնես կողմնորոշումը, լեզուների իմացությունը, զարգացվածության մակարդակը, մտահորիզոնը և այլն: Ուսումնառության ընթացում գնահատվում են առցանց վարժությունների կատարումը, տեսակոնֆերանսներին և ֆորումներին մասնակցությունը:

Փաստորեն, անգամ գերզբաղված լինելու դեպքում այսօր հնարավոր է առցանց որակյալ կրթություն ստանալ տանից կամ ցանկացած այլ վայրից: Սա միջազգային հաջողված փորձ է, որը Գիտակրթական միջազգային կենտրոնը կիրառում է նաև Հայաստանում: Գիտակրթական միջազգային կենտրոնը նպատակ ունի ընդլայնելու հեռավար մագիստրոսական կրթության մասնագիտությունների ցանկը, քանի որ կրթության այս ձևաչափը ժամանակի պահանջն է: