Այն, ինչ է պետք փոքրերին

Քաղաքակիրթ ցանկացած երկրում նախադպրոցական կրթությանը շատ ավելի մեծ նշանակություն է տրվում, քան դպրոցական: Ծնողից այսօր պահանջվում է շատ բծախնդիր լինել նախակրթարանի ընտրության հարցում: 10 տարուց ավելի է՝ շատ հետաքրքիր մի մանկապարտեզ է գործում Երևանում՝ «Օկի Դոկի» անունով: Շատերը գիտեն այն: Այս մանկապարտեզը նախ շատ ծնողների ձգեց իր ժամային գրաֆիկի շնորհիվ. այն միակ մանկապարտեզն է քաղաքում, որն աշխատում է առավոտյան 8.30-ից մինչև երեկոյան 19.00-ն: Սա իսկական նվեր էր աշխատող մայրերի համար: Այսպիսի «նվերի» մասին ժամանակին երազում էր մանկապարտեզի հիմնադիրը՝ Արփինե Մխիթարյանը: Այդ բացը ստիպեց նրան այնպիսի մանկապարտեզ ստեղծել, որը կփոխարինի ընտանիքին օրվա մեծ մասը՝ իր տված սիրով, ջերմությամբ, առողջ մեծանալու բոլոր պայմաններով: Ողջ օրը լիարժեք օգտագործելու և բազմակողմանի ու արդյունավետ աշխատելու հաշվին էլ մանկապարտեզն իսկապես տարբերվող դարձրեց իր սաներին:

Ներկայացնում է «Օկի Դոկի» մանկապարտեզի տնօրեն Արփինե Մխիթարյանը:

 

Ժամանակակից տեխնոլոգիաների սերունդը

Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանի ազդեցությունն ամբողջությամբ երեխաները կրում են: Առավել նստակյաց սերունդ է մեծանում, ով ակտիվ խաղերի փոխարեն նախընտրում է համակարգչային խաղերը՝ հաճախ իր շարժումներով նմանակելով դրանց հերոսներին: Մեր խնդիրն է ներգրավել նրանց ակտիվ խաղերի մեջ, ֆիզիկական շարժունակությունը առաջին պլան մղել: Միևնույն ժամանակ նրանք չափազանց հետաքրքիր են, անկաշկանդ ու անմիջական: Մեր հաջորդ խնդիրն է՝ չսահմանափակել երեխային, չկոտրել նրա ինքնատիպությունը: Դաստիարակությունն ու խիստ ռեժիմը միմյանց հետ կապ չունեն: Դաստիարակության լավագույն միջոցը ճիշտ օրինակն է: Սխալ է կարծել, թե երեխան դա չի վերցնում: Դաստիարակության, առողջ զարգացման ամենակարևոր միջոցը սերն է: Երեխան պետք է դա զգա: Իսկ ընդհանուր առմամբ՝ շատ հետաքրքիր տեսակ է մեծանում: Դա միայն ուրախացնում է: Պետք է կարողանալ չփոխել այդ տեսակը՝ անհարկի խստությամբ ու սահմանափակումներով, չկաշկանդելով նրանց միտքն ու անմիջականությունը:

Նախադպրոցական կրթությունը գիտելիքը չէ

Երեխայի ճակատագիրը գուցեև կախված չէ նախադպրոցական կրթությունից, բայց հաստատ այս փուլից շատ բան է կախված նրա հետագա կրթության համար: Ու նույնքան կարևոր է երեխայի հետ գրագետ աշխատելը: Սա երեխայի գիտելիքներով ծանրաբեռնելու, դպրոցով փոխարինելու շրջան չպետք է լինի: Այն մի շարք կարևոր գծեր դաստիարակելու փուլ է, որն անհրաժեշտ է հետագա կրթության համար: Այս շրջանում երեխան սովորում է, որ խաղից բացի կան նաև պարապմունքի ժամեր, որոնց սկսում է պատասխանատվությամբ վերաբերվել: Դպրոցում արդեն շատ ակնհայտ է այս փուլը ճիշտ անցած և չանցած երեխաների միջև: Երկրորդ դեպքում խնդիրներն ավելի շատ են, երբ երեխան դասը շարունակում է խաղ ընկալել, լուրջ չվերաբերվել և շուտ հոգնել: Անցումային այդ շրջանը շատ հեղհեղուկ է, և նախադպրոցական կրթությունը, եթե ճիշտ է կազմակերպված, օգնում է նախապես այդ փուլը հաղթահարել: Պարզապես պետք է գրագետ աշխատել, ճիշտ հաշվարկել, թե որ տարիքում, ինչ ունակություններով երեխային ինչ չափով պետք է ծանրաբեռնել, ինչ հնարքներով նրան ներգրավել սովորելու պրոցեսի մեջ, երբ նա, օրինակ, ընդհանրապես չի ցանկանում սովորել: Մեր մանկավարժների առաջ այս խնդիրն է դրված՝ կարողանալ այնքան հետաքրքիր կազմակերպել իրենց պարապմունքը, այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ երեխան ակամա ներգրավվի դրա մեջ:

Խոսել կարող են բոլորը. ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել

Երբեք չպետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել շքեղ պայմաններին: Ո՞վքեր են այնտեղ աշխատում. Մարդկային գործոնն ու առողջ մթնոլորտը ամենակարևորն են: Նրանց պայծառությունը կփոխանցվի Ձեր երեխային: Ժպիտ, հոգատարություն և հագեցած առօրյա, ճիշտ ու գրագետ կազմակերպված ուսուցում և խաղեր, որոնք արդեն նշեցի: Միայն պայմանները փոխելով՝ ոչինչ չես փոխի:

«Օկի Դոկի» մանկապարտեզն ավելի մեծ առաքելություն է վերցրել, քան սովորական նախադպրոցական կրթությունն է: Աշխատում ենք ողջ օրը, պարտավոր ենք շատ հարցերում փոխարինել ընտանիքին: Նույն ջերմությունը տալ, նույն պայմաններն ապահովել, նույն խնամքն ու հոգատարությունը ցուցաբերել, նույնիսկ ավելին, քանի որ օրվա ընթացքում զբաղված լինելով շատ հաճախ ծնողը չի հասցնում լիարժեք խնամքի ու ուշադրության արժանացնել իր բալիկին: Մենք շատ հանգիստ ենք հաղթահարում մեր առջև դրված խնդիրները, քանի որ գիտենք ինչ և ինչպես անել: Մշտական փնտրտուքների մեջ ենք՝ նախադպրոցական կրթության նորագույն մեթոդներին ծանոթանալու, առավել արդյունավետ տարբերակները մեզ համար ընտրելու, մեր պահանջներին համապատասխանեցնելու համար: Արդյունքում մենք ունեն մեր աշխատանքը կազմակերպելու յուրօրինակ մեթոդ ու ոճ, որոնք փորձը ցույց են տվել, որ բավական արդյունավետ են: Դրա արդյունքը երեխաների անհատականությունը պահպանելն ու նրանց լավագույն որակները զարգացնելն է, ճկուն, աշխույժ ու բանիմաց երեխաներ տալն է, ու ծնողների շնորհակալությունը: Թերևս ամենամեծ շնորհակալությունը ես պետք է հայտնեմ նրանց: Քանի որ մենք վերցրել ենք ամենամեծ պատասխանատվությունը և փոխարենը ստացել նրանց վստահությունը: