30 ուղղություն ստեղծագործելու համար

Պատանեկության ստեղծագործական կենտրոնը երեխաների արտադպրոցական կրթությամբ զբաղվում է 45 տարի։ 45 տարի այս կրթօջախը երեխաներին նվիրել է արվեստի մեջ լինելու և ստեղծագործելու բերկրանքը։

Կենտրոնի գործունեության ու ծրագրերի մասին է պատմում տնօրեն Նարե Արամյանը։

 

30 խմբակ և 800 սան 

«Նշում ենք մեր 45-ամյա հոբելյանը հիմնանորոգված շենքում, նոր ծրագրերով ու մոտեցումներով, թե՛ ավանդական խմբակների հզորացմամբ, թե՛ նոր խմբակների բացումով։ Այսօր արդեն ունենք 30-ից ավելի խմբակներ և շուրջ 800 սաներ»,- ասում է Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրենը։ Նոր խմբակներից առավել մեծ պահանջարկ ունեն «Նեմօ» զարգացման դասարանը և «Տիկնիկների մոլորակ» արվեստանոցը։ Մեծ թվով երեխաներ են հաճախում «Էլմար» թատերական և կինոստուդիա՝ իրենց առաջին փորձերն անելով թատրոնում և կինոյում. սցենար են կազմում, նկարահանումներ իրականացնում, կազմակերպում տարբեր թատերական ներկայացումներ։ Մեր հիմնական խմբերից ամենամեծը «Ծիծեռնակ» պարարվեստի թատրոն-ստուդիան է, որտեղ գործում են և՛ ժամանակակից, և՛ ազգագրական պարախմբեր։ Շատ են նաև «Վաղարշապատ» երգի ստուդիայի աշակերտները, ովքեր ունեն բազմազան երգացանկ՝ ժողովրդականից մինչև էստրադային։

Կենտրոնը Շենգավիթ վարչական շրջանի համագործակցությամբ մասնակցում է քաղաքային և համապետական միջոցառումներին, ինչպես նաև միջազգային մրցույթներին ու փառատոններին ամենատարբեր խորագրերով։ Նոր ուսումնական տարում Կենտրոնն ընդլայնելու է նաև հանրապետական և միջազգային նախագծերը։ Ավելի շատ դպրոցներ կներգրավվեն զանգվածային միջոցառումներում, ինչպես նաև առցանց տեսակապով դասալսումներ կկազմակերպվեն Շվեդիայի, Ռուսաստանի, Վրաստանի և ԱՄՆ ստեղծագործական կենտրոնների երեխաների հետ»։

Կենտրոնն ունի նաև լողավազան և սպորտային այլ խմբակներ՝ մարտարվեստներ, բռնցքամարտ, սուսերամարտ։

 

Սովորում են մեծերից

Պատանեկության ստեղծագործական կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են վարպետաց դասեր տարբեր հայտնի մասնագետների հետ՝ դերասաններ, նկարիչներ, պարուսույցներ։ Կենտրոնի սաներին հատկապես ոգևորել էր հունվարին ԱՄՆ-ից ՀՀ ժամանած մուլտիպլիկատորներ, «Գտնված երազ» մուլտֆիլմի ստեղծողներ Դիլաքյան եղբայրների անցկացրած վարպետաց դասը։ Նրանք սովորեցրին երեխաներին իրենց անհրաժեշտ իրերի և հագուստի վրա նկարել այն, ինչ ուզում են։ «Նրանք երեխաներին ցույց տվեցին, որ գեղանկարչությունը պարփակված չէ, այն միայն տեսնելն ու վերարտադրելը չէ, այլև կիրառումն է»,-նշում է կենտրոնի տնօրենը։

 

Սովորում են սիրել բնությունը

Գեղագիտական դաստիարակությանը զուգահեռ՝ բնասիրական կրթություն։ 4 տարի շարունակ անցկացվում են շրջակա միջավայրի անվտանգության ու հոգատարության դասեր ոչ միայն կենտրոնի սաների, այլև հիմնական դպրոցների աշակերտների համար։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, և արդեն 18 հիմնական դպրոցների 3000 աշակերտներ ու 500 ծնողներ մասնակցել են բնասիրական դասընընթացների և միջոցառումների։  

 

 

Սովորում են սիրել հայրենիքը

Նարե Արամյանն իրենց կենտրոնի կարևոր նվաճումը համարում է հայրենասիրության դասարանը. «Հրավիրում ենք տարբեր՝ հասարակական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների, անվանի գործիչների։ Նրանք մեր պետության կայացման մասին՝ հերոսամարտերից մինչև ազատագրական պայքար։ Հայրենասիրության դասարանը ոչ թե մեր առավելությունն է, այլ պարտականությունը որպես ազգի մասնիկ, քանի որ արտադպրոցական կենտրոնի խնդիրը ոչ միայն երեխային զբաղեցնելն է, այլև նրան դաստիարակելն ու կրթելը, ապագա բազմակողմանի զարգացած քաղաքացի ձևավորելը»։

Բնասիրության, հայրենասիրության և էթիկայի դասերը պարտադիր են կենտրոնի բոլոր սաների համար։ Յուրաքանչյուր սան, անկախ նրանից՝ թե ինչ խմբակ է այցելում, ամսական մեկ անգամ ունենում է էթիկայի, էսթետիկայի, ռազմահայրենասիրության և բնասիրության մեկական դաս և պարտադիր մեկ վարպետաց դաս։

 

Սեր աշակերտներին

«Մեր մանկավարժների հիմնական կորիզը խորհրդային դպրոց անցած կադրերն են՝ խիստ ու դրա հետ մեկտեղ երեխաներին սիրով կրթող։ Մեզ այս ընթացքում միացել են 20 երիտասարդ մասնագետներ։ Նրանք բոլորն էլ երեխաների հետ աշխատանքը համարում են իրենց կյանքի, առօրյայի կարևոր մաս։ Մենք չէինք էլ պատկերացնում, որ նոր սերնդի մեջ կլինեն երիտասարդներ, որ այդքան պատրաստակամ ու սիրով կաշխատեն երեխաների հետ»։

Պատանեկության ստեղծագործության կենտրոնում ուսումը ոչ միայն հետաքրքիր է, այլև մատչելի։ «Մեր պալատում անվճար հաճախող երեխաները մեծամասնություն են։ Մենք ընդառաջում ենք արցախյան հերոսամարտի մասնակիցների, ծնողազուրկ, հատուկ կարիքներով, սոցիալական որոշ խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաներին, նաև մեկ ընտանիքից մի քանի երեխա կամ մի քանի խմբակ հաճախելու դեպքում։ Ունենք անվճար խմբակներ՝ նկարչություն, ձեռքի աշխատանք, թատերական, փողային  նվագախումբ, ազգագրական պար և այլն, իսկ վարձավճարային խմբակներում նախատեսում ենք նաև անվճար տեղեր խոցելի խմբերի երեխաների համար»,-ասում է Նարե Արամյանը։ Քանի որ կենտրոնն աշխատում է տարբեր խնդիրներով երեխաների հետ, մենք համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ և իրականացնում նաև թեմատիկ միջոցառումներ։ Կիրառական և սպորտային բաժինների հաշմանդամություն ունեցող երեխաները մասնակցել են տարբեր մրցույթների և զբաղեցրել ամենաբարձր պատվանդանը։

 

Սովորում են լինել կարգապահ

«Մեր կենտրոն հաճախող երեխաներն աստիճանաբար հասկանում են, որ կարգապահությունը ազատության սահմանափակում չէ։ Երեխաները սովորում են իրավունքներն ու պարտականությունները ճանաչել, դառնում են ավելի հանդուրժող ու հոգատար։ Մեր նպատակն է կրթել լայն աշխարհայացքի տեր, կարեկից ու հայրենասեր սերունդ։ Մենք սեր ենք տալիս երեխային, և նա հանուն այդ սիրո պաշտպանության պատրաստ է լինել քաջ ու պայքարել։ Կարծում եմ՝ ազգը, որ դարեր շարունակ անցել է դժվարությունների ու ցեղասպանության միջով և կարողացել է այլոց համար օրինակ ծառայել, այսօր ի բարություն աշխատելու առաքելություն ունի»։