Պատմամշակութային ժառանգության տերերը

Հայաստանում ժամանակի մեքենան աշխատում է անխափան՝ այսպես մտածում ես մեր երկրի ճանապարհներով անցնելիս: Ամեն անկյունում համադրված ու հակադրված են անցյալը,  ներկան ու  ապագան: Անգամ ամենասովորական թվացող շինության պատերի հետեւում հնարավոր է գտնել  դարերի խորքից փոխանցվող գաղտնիքներ ու պատգամներ: Ի՞նչպես է պահպանվում  նախնիներից մեզ փոխանցված ժառանգությունը եւ ի՞նչ տեսքով է հասնելու  նոր սերունդներին, ի՞նչ քայլեր են արվում զբոսաշրջիկներին գրավելու ու Հայաստանի իրական մշակութային արժեքը արտերկրում հանրահռչակելու համար: «Երևակ»-ը հյուրընկալվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական  միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ:

Պատմամշակութային ժառանգություն

11 արգելոց- թանգարան, արգելոց  ու  19 հազար հուշարձան: Մշակութային հարուստ  ժառանգություն, որ ամենօրյա հոգածության կարիք ունի: Պահպանություն, ուսումնասիրություն, օգտագործում ու հանրահռչակում. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական  միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ն աշխատում է այս չորս ուղղություններով: «Արգելոց թանգարանների թիվը այս տարի կավելանա: Նախատեսվում է արգելոց-թանգարանի կարգավիճակ տալ նաեւ Վայոց Ձորի մարզում գտվող Սմբատաբերդին: Կոտայքի մարզի Բջնի համայնքում գտնվող հուշարձանները նույնպես կհամախմբվեն մեկ արգելոց թանգարանում: Դա հնարավորություն կտա  ավելի շատ ներդրողներ ընդգրկել հուշարձանների պահպանության բնագավառում »,-ասում է « Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական  միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Հետաքրքիր միջավայր զբոսաշրջության համար

Շինարարական աշխատանքներն անընդհատ են արգելոցթանգարաններում՝ Գառնիում, Զվարթնոցում, Ամբերդում   Գառնի, Գեղարդ, Սևան հայտնի ուղղություններին ավելանում են նորերը: Արա Թարվերդյանը խորհուրդ է տալիս զբոսաշրջային ընկերություններին ավելի ուշադիր լինել ու ձեռքը պահել ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքների զարկերակին: Հայաստանում  շատ են անկյունները, որոնք կարող են հետաքրքրել մեր երկիրը  բացահայտել  ցանկացողներին: Անձրևից, արևից ու քամուց վնասված Մեծամորի սրբավայրային հատվածն, օրինակ, վերականգնվել է, կառուցվել է պաշտպանիչ պատ: Այցելուները շուտով հնարավորություն կունենան տեսնել հնագույն, հեթանոսական  ծիսակատարություններ ու մտքով տեղափոխվել մինչքրիստոնեական ժամանակաշրջան: Մեծամորում  դեպի անցյալ հետաքրքիր ճամփորդություն է սպասվում նաեւ դպրոցահասակ երեխաներին: Նրանց համար առանձնացվել են, այսպես ասած, կեղծ պեղումների գոտիներ, որը երեխաները  կարող են հետազոտել ու  հնագիտական նյութերի կրկնօրինակներ հայտնաբերել:

Հուշարձանի պահապանը պահակ չէ

Սոցիալական կայքերում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում տարբեր հուշարձանների լուսանկարներ ու գրառումներ՝ « Հուշարձանի պաշտպանությունը  պատշաճ չի կատարվում», և այլն: Արա Թարվերդյանը համաձայն չէ . «Հուշարձանի պահապանները լավ են աշխատում, բայց նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է 100 հուշարձանի համար: 19 հազար հուշարձանի ամենօրյա վերահսկողությունն ապահովելը անհնար է: Հուշարձանի պահապանը  պահակ չէ » ,-ընդգծում  է նա: Հուշարձանը սրբացնող մարդիկ հաճախ իրենք են վնասում այն: Նորավանքում գտնվող Ստեփանոս Օրբելյանի շիրմաքարն, օրինակ, կործանման եզրին է: Յուրաքանչյուրն ուզում է գերեզմանից մի քար վերցնել՝ որպես հաջողության նշան: Կոտայքի մարզում էլ խաչքարերը կտրել են, հանգուցյալի վերջին հրաժեշտի պատվանդան սարքել: «Եթե անգամ հազարավոր հուշարձանի պահապաններ աշխատեն, իրավիճակը շատ չի փոխվի: Պատմամշակութային ժառանգությունը վտանգված է, քանի դեռ հասարակությունը չի որդեգրել Մի վնասիր կարգախոսը:»,- վստահ է ՊՈԱԿ-ի տնօրենը: Հուշարձանի տարածքի մաքրության պահպանումն, ի դեպ, ՏԻՄգործառույթն է, սակայն պահապաններին հաճախ կարելի է տեսնել նաեւ հերթական կերուխումի թողած հետքերը վերացնելիս:

Անպատիժ հանցանք 

2016 թվականին հուշարձանի վնասման՝ քրեորեն պատժելի 12, 2017-ին՝ 18 դեպք է գրանցվել: Ոչ ոք չի պատժվել: Բոլոր գործերը կասեցվել են՝ կատարող անձի անհայտ լինելու հիմքով: Հուշարձանը վնասող  ծանոթի անունը Հայաստանում ոչ ոք չի  բարձրաձայնի, մասնավոր դեպքի մանրամասները չի նշի,  բայց երբ գալիս է ընդհանրապես  բողոքելու ժամանակը, բոլորը պատրաստակամ են: «Բոլորը խոսում են, որ վիճակը վատ է, որ հուշարձանները փչանում են, որ հուշարձանի պահապանները լավ չեն աշխատում, բայց երբ գալիս է կոնկրետ փաստեր ասելու ժամանակը՝  լուռ են»,- նկատում է  ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլեւանյանը: Նրան անհանգստացնում է  նաեւ պատմամշակութային արժեքը փչացնողի համար նախատեսված պատժաչափը: Սյունիքի մարզի հնավայրում քարահատման համար, օրինակ,  նախատեսվում է ընդամենը  300 000 դրամ տուգանք: Ակնհայտ է, որ  բիզնեսի համար ավելի արդյունավետ է հնավայրը վերացնելն ու շահութաբեր գործը շարունակելը: Պատժաչափը  շատ ավելի մեղմ է այլ դեպքերում: Հուշարձանը փչացնողները  գիտեն, եթե անգամ հայտնի դառնա իրենց ինքնությունը, ամենաշատը    վարչական տույժի կենթարկվեն եւ փոքր տուգանք կվճարեն:

Պատմամշակութային հուշարձանի սահմանները

 Իրավախախտաման դեպքերի արձանագրման ժամանակ խնդրի առարկա են դառնում նաեւ հուշարձանի սահմանները: Ո՞րն է պահպանության գոտին, որտեղի՞ց է սկսվում եւ ավարտվում  պատմամշակութային հուշարձանի տարածքը: Այս հարցերի պատասխաններն իմանալու համար  հատուկ չափագրումներ են անհրաժեշտ: Չափագրված է միայն հուշարձանների   տասը       տոկոսը:  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական  միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը տարվա ընթացքում նախատեսում է  մուտքի եւ ելքի ցուցանակներ  պատրաստել, առայժմ գոնե,  հատուկ պահպանության կարիք ունեցող հուշարձանների համար: « Հաճախ խնդիր ենք ունենում պատմական  գերեզմանների հետ կապված: Հուշարձանի պահապանները համայնքի ղեկավարներին բազմիցս են զգուշացրել՝ նոր թաղումներ չկատարել պատմամշակութային հուշարձանի տարածքում: Ապարդյուն: Մարդկանց ոչ մի կերպ չի կարելի համոզել, որ դա պատմական արժեք ունեցող տարածք  է»,- ասում է Կարեն Փահլեւանյանը:

Աստղադիտարան, թ՞ե պարիսպ. Զորաց քարերի առասպելը

Հայաստանի ամբողջ տարածքում հնագիտական պեղումները շարունակվում են: Դարերի փոշով դեռ շատ արժեքներ են ծածկված: 2017 թվականին  պեղումները կատարվել են երեք ուղղություններով: Օձաբերդում, Մեծամորում, Զորաց քարերում հայ մասնագետների հետ համատեղ  աշխատել են Ռուսաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Բուլղարիայից եւ այլ երկրներից եկած մասնագետներ: Հետաքրքրիր բացահայտումներ են արվել բոլոր հնավայրերում:

Մեծամորում պեղումներն իրականացվել են հայ-լեհական  համաձայնագրի շրջանակում: Ուսումնասիրվել է քաղաքային թաղամասը: Պատկերը տպավորիչ  է: Քաղաքը հարուստ է եղել: Զգացվում է 12-11-րդ  դարերի ուրբանիզացիայի շունչը: Ոսկյա իրերից բացի հայտնաբերվել է նաեւ մեծ քանակությամբ անագ:  Սա այն դեպքում, երբ հին Մերձավոր արեւելքում անագ ընդհանրապես չկար. այն  բերվում էր դրսից՝ արեւելյան կամ արեւմտյան ճանապարհով: Հազարավոր  անագե առարկաները  վկայում են, որ Մեծամորը մետաղագործական խոշոր կենտրոններից է եղել:

Շատ հետաքրքիր են Զորաց քարերի ուսումնասիրությունները: Պեղումների արդյունքում չի  հաստատվում այն վարկածը, որ Զորաց քարերում հնագույն աստղադիտարան է եղել: «Հինգ տարի է՝ մենք ուսումնասիրում ենք  Զորաց քարերի ութ հեկտար տարածքը, հավաքել ենք վերգետնյա նյութը, պեղել ենք դամբարանաշերտը, բնակավայրը: Ամբողջ հնագիտական նյութը, որ հավաքվել է, ընդգրկում է մ.թ.ա 20-րդ դարից մինչեւ մեր թվարկության 13-14 դարերը: Այսինքն՝ մենք ունենք 4000 տարվա հուշարձան: Որեւէ փոքրիկ բեկոր անգամ, որ վերաբերի վաղ բրոնզի դարաշրջանին, մենք չենք հայտնաբերել: Ունենք հրաշալի միջին բրոնզեդարյան դամբարաններ, ունենք ուշ բրոնզ, վաղ երկաթ, Ուրարտական շրջանի նյութ, աքեմենյան ժամանակաշրջանի, անտիկ դարաշրջանի նմուշներ , որոնք հուշում են՝ որ Զորաց քարերը շատ կարեւոր կենտրոն է եղել, - պատմում է ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը: -Բայց ոչ մի ապացույց, անգամ նշան չկա, որ պարիսպի քարերի վրա արված անցքերի միջոցով հնարավոր է եղել հետևել աստղերին: Նման անցքեր հայտնաբերվել են նաև Հայաստանի այլ շրջանների խաչքարերի, դամբարանաքարերի վրա: Դրանք, ըստ երևույթին, միջոց են եղել հսկայական քարաբեկորները տեղափոխելու համար: Մենք փորձ արեցինք. շատ հարմար է այդ անցքերի միջոցով պարան անցկացնել եւ քարը տեղափոխել: Անցքերը այնպես են հղկված, որ պարանը չի պոկվում: Իսկ, այ, աստղերին հետեւելու համար այդ անցքերը բոլորովին հարմար չեն»,- հիմնավորում  է Աշոտ Փիլիպոսյանը եւ ավելացնում՝ ավելի լավ է իմանալ իրականությունը, քան վերապատմել գեղեցիկ հեքիաթը:

« Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական  միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿը այս տարի նախատեսում է եռակողմ համաձայնագիր ստորագրել  մանկավարժական համալսարանի եւ Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հետ: Համագործակցության արդյունքում ուսումնասիրությունները կշարունակվեն  բոլոր երեք հնավայրերում: Ուսումնասիարություններ կսկսվեն նաեւ  Գավառում:

Աստիճաններ, որոնք տանում են դեպի անցյալ

Գրավոր թույլտվություն ու խիստ վերահսկողություն: Արխիվի բանալիները հեշտությամբ չեն հանվում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական  միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ամենից հետաքրքիր ու մեծ ինֆորմացիա ունեցող բաժին հասնելու համար հատուկ արարողակարգ պետք է անցնել: Բայց երբ բանալին արդեն հասանելի է,  իջնում ես աստիճաններով ու…. հայտնվում անցյալում: Հնագիտական պեղումների արդյունքները ոչ միայն պահպանվում,այլեւ վերականգնվում են արխիվում: « Մեր իրային ֆոնդը շատ հարուստ է, տարբեր տարիների տարբեր հուշարձանի տարածքներից պեղված գտածոներն են այստեղ պահվում: Փոքրաթիվ, բայց շատ արժեքավոր նմուշներ ունենք նաեւ ազգագրության ֆոնդում՝ հնագույն գորգեր, գոտիներ….Հայաստանում իր մշակվածությամբ եզակի է նաեւ մեր մարդաբանական ֆոնդը»,- տարբեր բաժինների դռներն է բացում ու հպարտությամբ պատմում ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լիանա Գեւորգյանը:

Նոր անելիքներ, գրահրատակչություն

Նոր ժողովածուներ, ցուցադրություններ ու թարգմանություններ: Ծրագրերը, որ ՊՈԱԿ-ը  ունի 2018-ի համար, շատ են ու հավակնոտ: Առաջնային է  Նոր Ջուղայի խաչքարերի լուսանկարների ամբողջական ժողովածուի հրատարակումը: « Եռալեզու ժողովածուն արդեն համարյա պատրաստ էր, պետք է ուղարկեինք տպագրատուն, բայց ժամանակավորապես հետաձգեցինք: Որոշեցինք ավելացնել նաեւ ֆրանսերեն թարգմանությունը՝ դարձնել քառալեզու: Ֆրանկոֆոնիայի ժողովուրդների համաժողովը Հայաստանում է լինելու: Ժողովածուն եւ դրան կից լազերային սկավառակը ներկայացնելու ավելի հարմար առիթ գուցե էլ չունենանք: »,- ասում է Արա Թարվերդյանը: Ժողովածուն նաեւ կվաճառվի, ստացված եկամուտի հաշվի էլ կթարգմանվի թուրքերեն ու կտարածվի Եվրոպայում:

Այս տարի լույս կընծայվեն նաեւ   Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին եւ Երեւանի 2800  ամյակին նվիրված ալբոմներ: Կներկայացվեն մինչեւ այսօր երբևէ չցուցադրված փաստաթղթեր ու լուսանկարներ: « Շատ արժեքավոր լուսանկարներ ունենք, որ  կհանրայնացնենք «Հին ու նոր Երևան« խորագրով: Հնի կողքին, ցույց կտանք նորը»,- փակագծերը շատ չբացելով՝ մանրամասնում է  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Արխիվում պահվող հարուստ ժառանգությունը ՊՈԱԿ-ը  նախատեսում է ներկայացնել  նաեւ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով: Ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում են պատրաստ ցուցահանդեսներ կազմակերպել:  Ցուցադրման տեղի խնդիր ունեն, պատրաստակամ են համագործակցելու նաեւ   մասնավոր անձանց հետ: Միայն թե գտնվեն մարդիկ, ու համար ազգային ժառանգության պահպանման ցանկացած գործ կարևոր է: