Բարձր տեխնոլոգիաներ. մեր դիրքերն աշխարհում

Հայկական գիտական միտքը կիրառության մեջ կամ կիրառությունից դուրս. այս ռակուրսով է հնարավոր չափել գիտության ուժը և արժեքը: Բարձր տեխնոլոգիաների աշխարհում մեր ուղեղը աշխատում  է ճիշտ ու կրեատիվ: Հենց այս ոլորտի հետ էլ կապվում են մեր ամենամեծ հույսերը:

Զրուցում ենք «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ:

 

-Հայաստանը` բարձր տեխնոլոգիաների երկիր. սա իրականությու՞ն է: Որո՞նք են ռեալ հիմքերը և խանգարող գործոնները:

-Իհարկե իրականություն է: Վերջին տարիներին Հայաստանը բավական հաջողություններ է արձանագրել ՏՏ ոլորտում: Իհարկե, կան նաև խոչընդոտներ, որոնք արգելակում են թռիչքաձև զարգացումները: Դավոսի տնտեսական ֆորումն ամենամյա զեկույց է հրապարակում՝ նշելով այն երկրների ցանկը, որոնք ցանցային պատրաստվածությամբ առաջատար դիրքերում են. հաշվի է առնվում երկրի ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնոլոգիական պոտենցիալը: Մենք հիմա հանգրվանում ենք այդ ցուցակի 70-երորդ տեղում, որն այդքան էլ մեծ պատիվ չի բերում մեզ: Մենք պետք է հստակ գույքագրում անենք` հասկանալու մեր մրցակցային առավելությունները մյուս պետությունների  նկատմամբ, պետք է հասկանանք`ի՞նչն է խանգարում այսօր Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը:

Խանգարող երկու կարևոր գործոն կա: Առաջինը որակյալ կադրերի պակասն է. տարբեր հաշվարկներով՝ մոտավորապես 3000 որակյալ մասնագետների պակաս կա այս ոլորտում, որոնք պահանջված են մասնավոր հատվածի կողմից։  

Երկրորդ խոչընդոտն այն է, որ հիմնականում տեղական կապիտալի վրա հիմնված ընկերությունների համար շատ մեծ դժվարություններ կան գլոբալ աշխատաշուկաներին միանալու հարցում: Եթե տրանսնացիոնալ կորպորացիաները, այդ թվում և մեր ընկերությունը, նման խնդիրներ չունեն, ապա տեղական ընկերությունները համաշխարհային աշխատաշուկայում տեղ ունենալու համար իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները, պետք է պահանջարկված լինեն, պատվերներ ու համագործակցության առաջարկություններ ստանան: Այս ընկերություններն ունեն նաև հարկային և մաքսային տարբեր օրենսդրական խնդիրներ, արտոնություններ տալու-չտալու խնդիր: Ամեն դեպքում, վերջին տարիներին արտոնությունների տրամադրման հարցում որոշակի դրական տեղաշարժ ունեցել ենք: Մի քանի տարի առաջ բուռն քննարկումներից հետո կառավարությունը հավանություն տվեց, և ԱԺ-ն ընդունեց մի օրենք, որով նոր կազմավորվող ընկերություններին` ստարտափներին, երեք տարով արտոնություն տրվեց՝ 0% շահութահարկ և 10 % եկամտահարկ: Այդ օրենքի ընդունումն իր դրական ազդեցությունը թողեց: Պատկերացրեք,  որ տասնյակ ստարտափներ ստեղծվեցին շատ կարճ ժամանակահատվածում, այսօր հարյուրից ավելի ստարտափներ ունենք:

Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ՏՏ ոլորտում հաջողությունների մասին խոսելիս նշել այն ուղղությունները, որտեղ իսկապես կան այդ հաջողությունները: Իսկ մյուս ճյուղերում, որտեղ հաջողություններ չունենք, փնտրել իրական պատճառները:

Իմ խորին համոզմամբ` ՏՏ ոլորտում մեր հիմնական մրցակցային առավելություն ունեցող ճյուղը միկրոէլեկտրոնիկան է: Դեռ խորհրդային տարիներից էր Հայաստանում զարգանում միկրոէլեկտրոնիկայի ինդուստրիան: Այս ոլորտում մոտավորապես 20 000 որակյալ կադրեր էին աշխատում, ստեղծվել էին բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, գործարաններ,  գիտաարտադրական համալիրներ: Այսօր հայ ինժեներները, աշխատելով «Սինոփսիս» ընկերությունում, տիրապետում են միկրոսխեմաների նախագծման նեղ մասնագիտական լավագույն գիտելիքներին, աշխատում են ամենաարդիական` հինգ նանոմետր տեխնոլոգիայով, որը ամեն ինչի գագաթնակետն է, դրանից այն կողմ ատոմն է: Դա Հայաստանի ամենամեծ հաջողություններից մեկն է: Համաշխարհային առաջատար այս ընկերությունը լայնամասշտաբ կրթական ծրագրեր է իրականացնում տեխնիկական ուղղվածությամբ մեր համալսարանների հետ: Արդյունքում բարձրակարգ մասնագետներ են կրթվում: Գերժամանակակից տեխնոլոգիաներն այսօր Հայաստանում են, իսկ մեր ինժեներները տիրապետում են այդ տեխնոլոգիաների կիրառմանը: Հենց նմանատիպ հաջողություններն են մեր երկիրը առաջ տանում՝ ճանաչողության հասցնում:

Մասամբ հաջողություններ ունենք նաև այլ ճյուղերում: Կան ճյուղեր, որտեղ դոփում ենք տեղում, կան ճյուղեր, որտեղ անընդհատ պրպտում ենք, փորձում ենք ինչ-որ ճանապարհներ գտնել, արտաքին աշխարհի ուշադրությունը մեզ վրա հրավիրել: Բայց գլոբալ աշխարհում այս ոլորտի հիմնական խաղացողներն ակնհայտ են, նրանք են որոշում, թե ո՞ր տարածաշրջաններում ունենալ ինժեներական խմբեր` ելնելով իրենց բիզնեսի կարիքներից: Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ նրանց հետաքրքրությունը մեր նկատմամբ չմարի: Պետք է ժամանակին և որակով այդ նախագծերն իրականացնենք, մեր ինժեներները պետք է իրենց ստեղծագործ միտքն անընդհատ բանեցնելով ցույց տան, որ կրեատիվությամբ մենք բավական մրցունակ ենք: Իհարկե, բիզնեսի կարևորագույն նախապայմաններից մեկն էլ արտադրանքի ցածր ինքնարժեքն է, ցածր ինքնարժեքով որակյալ արտադրանք ստեղծելը: Եթե մենք կարողանում ենք որակյալ, ինտելեկտուալ արտադրանք ստեղծել և արդյունքում այդ արտադրանքի ինքնարժեքը ձեռնտու է արտաքին ներդրողին, դա օգնում է նրա ուշադրությունը սևեռել մեզ վրա: Հակառակ դեպքում ծորակն անմիջապես կփակեն Հայաստանում և կբացեն մեկ այլ երկրում:

 

- Արդյո՞ք մեր տված կրթությունը համապատասխանում է ՏՏ ոլորտի այս կամ այն ճյուղում գագաթնակետին հասնելու մեր հավակնություններին:

-Ցավոք սրտի, ոչ: Եթե մեր համալսարաններն ի զորու լինեին այնպիսի մասնագետներ պատրաստել, որոնց շրջանավարտները անմիջապես ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո պահանջված կլինեին մասնավոր ընկերությունների կողմից, այս մոդելներն այլևս պետք չէին լինի:

՞րն է Ձեր պահանջը:

-Իրականում մեր պահանջները շուկան է թելադրում: Բուհերի հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվում է լավագույն ուսանողների մի կրիտիկական զանգվածի ավարտելուց հետո աշխատանքի ընդունել, բայց կան նաև թափուր աշխատատեղեր, որոնց համար  չեն բավարարում ուսանողների կրթական որակները: Այսինքն, փորձված որակյալ կադրերի պակաս ունենք, և ոչ միայն մենք: Այս մասին պետք է անպայման մտածել, միակ ճանապարհը բուհերի և մասնավոր ընկերությունների համագործակցությունն է, որովհետև բուհերն ի զորու չեն միայնակ այդ խնդիրը լուծել: Բուհերը նախևառաջ պրոֆեսիոնալ դասախոսական կազմի պակաս ունեն, դասախոսների միջին տարիքը վաղուց կարմիր գծից այն կողմ է, նրանք վերապատրաստվելու  հնարավորություն չունեն, դա թանկ հաճույք է: Նման բան իրենց կարող են թույլ տալ միայն մասնավոր ընկերությունները` իրենց գումարներով: Երկրորդ կարևոր խնդիրը, որը բուհերը ի զորու չեն լուծել, տեխնիկական բազայի բացակայութունն է, չկան ժամանակակից լաբորատորիաներ, ժամանակակից գործիքակազմ, ծրագրային գործիքներ, դրանք շատ թանկ հաճույք են, ոչ մի համալսարան չի կարող իրեն նման բան թույլ տալ: Պատկերացրեք, համալսարանները հարյուրավոր միլիոն դոլարներ պետք է ծախսեին, որպեսզի կարողանային ունենալ այն ծրագրային գործիքները, որոնցով այսօր մենք ուսուցում ենք կազմակերպվում Սինոփսիսի ամբիոններում: Ուսուցման համար մենք կիրառում ենք էլեկտրոնային ավտոմատ գործիքներ, իսկ էլեկտրոնային ավտոմատ նախագծման յուրաքանչյուր ուսումնական փաթեթ արժե 700 000-800 000 դոլար, ընդ որում, այդ մի փաթեթի լիցենզիան մեկ ուսանողի համակարգչի մեջ է: Անգամ մեր բուհերի տարեկան բյուջեն այդքան չէ, իսկ մենք հարյուրավոր լիզենզիաներ ենք օգտագործում: Այսօր առաջատար երկրների բուհերի բյուջեն մեր երկրի բյուջեի չափ է: Մեր համալսարաններն իրենց խղճուկ բյուջեով գոյության հարց են լուծում, ոչ թե որակյալ կրթություն տալու:  Սինփոսիսը համալսարաններին տալիս է միլիոնավոր դոլարների արժողությամբ լիցենզիաներ, որովհետև շահագրգռված է որակյալ կադրերի պատրաստման հարցում:

՞նչն է կոչվում ամբիոն, ինչպե՞ս է Սինոփսիսն աշխատում:

-Նախ ասեմ, որ մեր համագործակցությունը բուհերի հետ Սինոփսիսում չի սկսվել:  Ժամանակին կար «LEDA SYSTEMS» ընկերություն, որը հետագայում վերանվանվեց «Leda Design»: Այն ամերիկյան ընկերություն էր, որի ամենամեծ մասնաճյուղը գտնվում էր Հայաստանում, մոտավորապես 150 աշխատող ուներ: 1999 թվականին «LEDA SYSTEMS»-ը Պոլիտեխնիկական ինստիտուտի հետ կնքել էր պայմանագիր, համաձայն որի, ընկերության բազայի վրա, նրա տարածքում ստեղծել էր միկրոսխեմաների նախագծման ամբիոն: Ընկերությունն իր համար կադրեր էր պատրաստում: 2004 թվականին Սինոփսիսը գնեց «LEDA SYSTEMS» ընկերությունը: Սինոփսիսը տեսավ, որ Հայաստանում մասնավոր ընկերություն-բուհ համագործակցության արդյունքում պատրաստվում են լրջագույն կադրեր: Ըստ էության, համագործակցության առաջին մոդելը ստեղծվեց «LEDA SYSTEMS»-ի՝ ներկայիս Սինոփսիսի տարածքում կրթական ամբիոնի բացմամբ`ընկերության անմիջական վերահսկողության ներքո: Մեր լավագույն մասնագետներն օրվա ընթացքում արտադրական մասնաշենքից գնում են ուսումնական մասնաշենք, դասավանդում և հետ գալիս: Համագործակցության երկրորդ մոդելը ստեղծվեց այն ժամանակ, երբ որոշվեց, որ ինդուստրիան է գնում համալսարաններ: Այդ մոդելը մենք կիրառում ենք Երևանի պետական համալսարանում, Սլավոնական համալսարանում, Եվրոպական ակադեմիայում: Արդյունքում մենք ունենք 300-ից ավել ուսանող և 70-ից ավել պրոֆեսիոնալ դասախոսներ: Այս տարիների ընթացքում մենք հարյուրավոր շրջանավարտներ ենք ունեցել, որոնցից  52-ը մեզ մոտ պաշտպանել են իրենց ատենախոսությունները և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածուներ: Ուղղակի բացառիկ երջանկություն է այս մասնագիտությունն ընտրած պատանիների համար սեփական երկրում ստանալ աշխարհի լավագույն նեղ մասնագիտական կրթությունը, սեփական երկրում աշխատանքի առաջարկ ստանալ համաշխարհային առաջատար ընկերությունից: Իրենք էլ առավել քան գոհ են հայ ինժեներների կատարած աշխատանքից, ինչը ևս մեկ անգամ խոսում է մեր ազգային մրցակցային որոշակի առավելություններից: Դա շատ արագ հարմարվելու, ընկալելու, ադապտացվելու և նորը ձեռք բերելու մեր հայկական գենն է:

՞նչ միջավայրում են մասնագետները դրսևորվելու:

-Մենք ունենք չորս մասնաշենք, որից երկուսը հենց Տեխնոպարկի տարածքում են: Բավական բարձր տեխնոլոգիական, կիրթ միջավայր է ստեղծված: Մեզ մոտ արտադրական տարածքները հիմնականում բաց են և հարյուրավոր մարդիկ են նստած աշխատում առանց ավելորդ աղմուկի: Այստեղ լրջախոհ մարդիկ են հավաքված, շատ պատասխանատու աշխատանք են կատարում:

-Պարոն Մուսայելյան, տեխնոլոգիաների զարգացման համար ի՞նչ պայմաններ է ստեղծում պետությունը և ի՞նչ խոչընդոտներ:

-Պետության հիմնական օգնությունը չխանգարելն է: Շատ դեպքերում պետությունը, տարբեր սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, խանգարում է: Հարցադրումն այսպիսին պետք է լինի` ի՞նչ անի պետությունը մեզ չխանգարելու համար, ինչպե՞ս անի, որ չխանգարելով` օգուտ տա:

Փառք աստծո, ՏՏ ոլորտում մենք չունենք մոնոպոլիաներ: Պատճառները շատ են: Օրինակ, միկրոէլեկտրոնիկայի նախագծման ոլորտում չի կարող մոնոպոլիա լինել մի պարզ պատճառով. գործարարները չեն կարող միլիարդավոր դոլարներ ծախսել մի բանի համար, որի արդյունքն անկանխատեսելի է և բավական ռիսկային:

Մենք պետք է անընդհատ աչալուրջ լինենք, կարողանանք տրանսնացիոնալ կորպորացիաներին ապացուցել, որ ի զորու ենք նրանց առաջադրած գերժամանակակից խնդիրները լուծել: Իմ խորին համոզմամբ՝ մենք թռիչքային զարգացումներ կունենանք, եթե ապահովենք տրանսնացիոնալ կորպորացիաների մուտքը Հայաստան: Շատերն ասում են, որ այդ դեպքում չենք ունենա «Made in Armenia» բրենդը մեր ինտելեկտուալ արտադրանքի վրա: Սինոփսիսի արտադրանքի վրա գրված չէ «Made in Armenia», և դրանից մեր որակները չեն պակասում: Ինչքան մենք զարգանանք, այնքան երկիրն է զարգանալու, ուղեղների արտահոսքն է պակասելու, մարդիկ տեսնելու են, որ իրենց երկրում էլ կարող են հաջողության հասնել: Դա ավելի կարևոր է:

Պետության գործը պետք է լինի հետևյալը. ապահովել տրանսնացիոնալ կորպորացիաների մուտքը Հայաստան, իր վրա վերցնել կադրային խնդիրների պատրաստման ֆունկցիան: Հակառակ դեպքում, ամեն տրանսնացիոնալ կորպորացիա սկսելու է իր կադրային որսը: Ունենալով որոշակի մրցակցային առավելություն, միևնույնն է, մենք չենք կարողանում դա կապիտալիզացնել: Մեզ թվում է, թե աշխարհը պետք է մեզ նկատի եւ գնահատի։

-Ձեր խորհուրդը երիտասարդությանը, ինչի՞ց սկսել:

-Իմ հիմնական խորհուրդը վաղվա օրվան հավատալն է, որ գիտելիք ստանալու մոտիվացիան լինելու է այն հիմնական ազդակը, որն ապագայում նրանց բարեկեցիկ կյանք կապահովի: Կգա մի ժամանակ, երբ նրանք կլինեն իսկապես կիրթ, համարձակ, ազատամիտ, ազգային գաղափարներին նվիրված մարդիկ: Ես կուզենայի, որ մեր երիտասարդներն ավելի համախմբված հարթակներ ստեղծեին` վերականգնելու համար այդ ավանդույթները:

-Մի փոքր էլ խոսենք «խելացի քաղաքի» մասին:

-«Խելացի քաղաքի» մոդելը նոր չէ, այն աշխարհով մեկ տարածված մոդելներից մեկն է: Մենք առաջարկում ենք «խելացի քաղաքի» ռազմավարություն մշակել, որը կվերաբերի քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը: Քաղաքապետի կողմից ստեղծված հանձնաժողովը, որը ես եմ ղեկավարում, նպատակ ունի ստեղծել տարբեր տեխնոլոգիական, գիտակրթական հարթակներ, որտեղ մեր համաքաղաքացիները կարող են ներկայացնել իրենց նոր գաղափարները, կստեղծվի մրցակցային միջավայր, լավագույն գաղափարները կկիրառվեն քաղաքային տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում: Մենք ունենք ռազմավարության մշակման երեք ժամկետ. երկարաժամկետ` մինչև 2030 թվականը, միջնաժամկետ` մինչև 2023 թվականը, և կարճաժամկետ` մինչև 2018 թվականի ավարտը: Այս տարի տոնելու ենք Երևանի 2800-երորդ տարեդարձը: Մենք աշխարհին ուզում ենք ներկայանալ ոչ միայն որպես հնագույն քաղաքակրթություն ունեցող քաղաք, այլև որպես խելացի քաղաք, որտեղ ապրում և արարում են խելացի մարդիկ: