Ֆրանսիական դպրոց. Եվրոպական կրթություն Հայաստանում

Աշխարհում գործող 492 Ֆրանսիական դպրոցներից մեկը Հայաստանում է: Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցը եվրոպական կրթական ծրագրով ու չափորոշիչներով աշխատող միակ դպրոցն է Հայաստանում:

Տասնինը տարի առաջ Երևանում հիմնվեց Ֆրանսիական մանկապարտեզը: Այն ամբողջությամբ ստեղծվեց Ֆրանսիայի նախակրթարանի ծրագրով՝ հիմնականում Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնողների երեխաների համար: Իսկ երբ մանկապարտեզի սաները դարձան դպրոցահասակ, բացվեց  Ֆրանսիական դպրոցը՝ եվրոպական չափանիշներին համաձայն դպրոցական կրթություն տրամադրելու համար: Այսօր դպրոցն այդ հնարավորությունը կարող է տալ նաև հայ երեխաներին՝ ստանալ եվրոպական կրթական չափորոշիչներով բարձր որակի կրթություն իրենց հայրենիքում: Սա շատ լավ հնարավորություն է նաև հայ կամ օտարերկրացի այն երեխաների համար, ովքեր իրենց կրթությունը սկսել են Եվրոպայում, կամ պատրաստվում են շարունակել այնտեղ: Այսինքն՝ պահպանվում է կրթական ծրագրի բնականոն շարունակությունը: Ապրելով Հայաստանում՝ երեխաները ստանում են նույնպիսի կրթություն, ինչպիսին Ֆրանսիայում, այստեղ ստեղծված են ֆրանսիական կրթության ներկայացրած բոլոր պայմանները՝ շրջանավարտներին տալով եվրոպական երկրների ավարտական վկայականը՝ «Բակալորեա»-ն: Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցն աշխատում է Ֆրանսիայի կրթության նախարարության տրամադրած հավաստագրով՝ խստորեն հետևելով ֆրանսիական կրթական չափորոշիչներին: Ամեն տարի այդ չափորոշիչներին համապատասխանությունը՝ դասարանային պայմաններից մինչև դասի ընթացքն ու նորարարությունների որակը, ստուգում է Ֆրանսիայից ժամանող տեսուչը:

Ի՞նչ է նշանակում ֆրանսիական դպրոց, որն ամենախիտ ցանցն ունի աշխարհում: Երեք հիմնասյուների՝ ազատության, եղբայրության և հավասարության սկզբունքների վրա է Ֆրանսիան զարգացնում իր պետականությունը: Ֆրանսիական դպրոցն էլ այդ արժեքների կրողն է ու տարածողը: Աշխարհում Ֆրանսիական դպրոցները մեծ համբավ են վայելում՝ ընդհանուր զարգացման վերաբերյալ մոտեցումների, մշակութային խորության և ֆրանսերեն լեզվի տված հնարավորությունների շնորհիվ: Սա դպրոց է ժամանակակից մարդու համար: Լավ կրթություն տալ թե՛ բնական գիտությունների, թե՛ հումանիտար առարկաների և թե՛ արժեմշակութային ընդհանուր զարգացման ուղղություններով. Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցը սա է համարում իր առաքելությունը: Հիմնարար  սկզբունք կա այստեղ՝ կրթությունը պետք է լինի բազմակողմանի: Կրթության և մշակույթի վրա են հիմնվում թե գիտությունը, թե տնտեսությունը, թե քաղաքականությունը. դրանք փոխկապակցված են: Եվ զարգացած երկիր ունենալու համար Ֆրանսիական դպրոցն առաջարկում է լայն ու ընդգրկուն կրթություն:

Այժմ կրթական հիմնարար ծրագրերի մասին: Հայաստանում Անատոլ Ֆրանսի անվան դպրոցում հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է, և այն սովորում են թե՛ հայ աշակերտները, և թե՛ բազմաթիվ այլ երկրներից եկած աշակերտները: Դպրոցը, լեզուն դիտելով որպես ինքնության հիմնաքարը, հետևում է, որ հայ աշակերտները լավ սովորեն իրենց մայր լեզուն, իսկ այլազգիները զգան մեր լեզվի ողջ գեղեցկությունն ու ըստ արժանվույն ներկայացնեն այն  թե՛ իրենց հայրենիքում և թե՛ արտասահմանում:

Կրթական գործընթացը կազմակերպելիս շատ կարևոր ևս մեկ գործոն պետք է հաշվի առնել: Դասարաններում սովորողների քանակը պետք է սահմանափակ լինի: Ֆրանսիական դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորում է միջինը՝ 14-18 երեխա: Միայն այդպես է հնարավոր յուրաքանչյուր աշակերտին լիարժեք ուշադրություն դարձնել և նրա հետ անհատապես աշխատել, հետևել կրթական զարգացման ընթացքին՝ հաշվի առնելով նաև անձի զարգացման խնդիրները և յուրաքանչյուր աշակերտի կարողությունները։

Հաջորդ կարևոր կետը՝ ակադեմիական գիտելիք և ոչ քարոզչություն. սա Ֆրանսիական դպրոցում օրենք է: Այստեղ հավաստում են, որ երեխաների իրավունքն է ստանալ բազմաշերտ գիտելիքներ՝ դրանց հիման վրա դատողություններ անելու և եզրահանգելու հմտությունը զարգացնելով: Կրթության արդյունավետությունը մեծապես բարձրացնում է տեսական գիտելիքները գործնական պարապմունքներով լրացնելը: Դպրոցում գործում են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության հագեցած լաբորատորիաներ՝ կրթության գործընթացը դարձնելով առավել տպավորիչ, հասկանալի, ցույց տալով տեսական գիտելիքի կիրառելի ու օգտակար լինելը:

Կյանքում առավել ճկուն լինելու համար գիտական հատվածից բացի երեխաներին տրվում են նաև արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտություններ, հատուկ ուշադրություն է հատկացվում անվտանգության և առաջին բուժօգնության կանոններին տիրապետելուն:

Քաղաքացիական կրթությունը Ֆրանսիական դպրոցում կարևոր  տեղ ունի: Երեխաները ծանոթանում են քաղաքական գործող համակարգերին, հասկանում, թե ինչ ինստիտուտների միջոցով է իրականացվում երկրների կառավարումը, որոնք են իրենց իրավունքներն ու պարտականությունները, և իրենք ինչպես կարող են պաշտպանել դրանք: Իսկ գործնականում անցկացվում են դպրոցի խորհրդի ընտրություններ՝ խստորեն պահպանելով ժողովրդավարության կանոնները:

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցում  հաճույքով են հաշվետվություն տալիս իրենց արդյունքների վերաբերյալ, հաջողություններն արձանագրում հստակ փաստերով: Դպրոցն արդեն երկու տարի է՝ ինչ շրջանավարտներ ունի: Նախորդ տարվա սաներից երկուսը սովորում են Ժնևի և Լիոնի համալսարաններում՝ կառավարման և իրավագիտության ֆակուլտետներում, իսկ այս տարվա շրջանավարտները հունվարին դիմել են տարբեր համալսարաններ, ստացել բազմաթիվ առաջարկներ և հիմա մտածում են՝ եվրոպական ԲՈւՀ-երից ստացած իրենց առաջարկներից ո՛րն ընտրել: Դպրոցի բոլոր շրջանավարտները հրաշալի տիրապետում են նաև անգլերենին՝ որպես երրորդ լեզու, ինչը փաստում են քննությունների տպավորիչ արդյունքները։

Ֆրանսիական դպրոցը բարձրորակ ու արդի կրթության շատ հետաքրքիր հնարավորություն է տալիս նաև նրանց, ովքեր լրջորեն հետաքրքրվում են մաթեմատիկայով և ինֆորմատիկայով և ցանկանում են իրենց բարձրագույն կրթությունը ջեռք բերել Հայաստանում: Դպրոցում այս տարի բացվել է Բլեզ Պասկալի անվան ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և ֆրանսերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցը: Ընդունվելիս ֆրանսերենի իմացությունն այստեղ պարտադիր չէ. այն սովորելու են երեք տարվա ընթացքում: Հագեցած ծրագրի ավարտին ստանալով իրենց ավարտական վկայականները՝ սաներն առաջնություն են ստանում Հայաստանում ֆրանսիական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի նորաբաց ֆակուլտետ ընդունվելիս: Այս բաժնի ընդունելությունը բաց է միայն տասներորդ դասարանի համար, որպեսզի երեք տարիների ընթացքում աշակերտներին այս բաժնի հիմնական առարկաներին լավագույնս տիրապետելու հնարավորություն ընձեռվի։

Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցի կրթությունը զարգանում է ժամանակին համընթաց: Այս տեսակի կրթության  նպատակն է կերտել լավ մասնագետներ, ովքեր գնահատում են գոյություն ունեցողը, բայց միշտ ձգտում են ավելիին, այնպիսի անհատներ, ովքեր չեն հարմարվելու անարդարացի իրավիճակներում և քննադատողաբար են մոտենալու իրենց և իրենց շրջապատին՝ միշտ ձգտելով լավագույնին։