Հայկական սպորտ. Զարգացում խաղի նոր կանոններով

Ժամանակակից սպորտը հզոր, դինամիկ զարգացող ինդուստրիա է, որտեղ մեծ է  հովանավորչության և բիզնեսի դերը: Խաղի կանոնները սպորտաշխարհում վաղուց փոխվել են՝ մրցակցության ու պայքարի տեսարժան ժամանցից վերածվելով նաև եկամտի հզոր աղբյուրի: Վաղուց ժամանակն է, որ հայկական սպորտը զարգանա խաղի նոր կանոններով՝ ամբողջ աշխարհում ընդունված ու հաջողություն բերած ուղիներով:

Հայկական սպորտի զարգացման նոր ուղիներն է վերլուծում Աշխատանքային ռեզերվներ ՄՀԿ-ի և Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի ղեկավար Արա Մեհրաբյանը:

 

Մարզական ակումբների ստեղծումն ու կայացումը՝ սպորտի զարգացման գրավական

«Սպորտը շահույթ հետապնդող ոլորտ է, որը զարգանում է բիզնես ծրագրերի սկզբունքով, և որպես եկամտաբեր ոլորտ աշխարհում երրորդն է: Հայաստանում սպորտբիզնես հասկացություն, իհարկե, դեռ չկա: Չկա, որովհետև դեռ այդ ոլորտում անհրաժեշտ ռեֆորմներ չեն կատարվել: Հայաստանը դեռ ղեկավարվում է ֆիզիկական դաստիարակության և սպորտի հին՝ խորհրդային համակարգի դրվածքով, որը մեր օրերում արդեն սպառել է իրեն: Անհրաժեշտ է անցնել ակումբային համակարգին, ինչպես խորհրդային շատ երկրներ են դա արել: Իհարկե դեռ խորհրդային կարծրացած մտածելակերպ կա, թե առանց պետության հովանավորության սպորտը չի զարգանա: Բայց դա, իհարկե, այդպես չէ: Պետությունը պետք է շարունակի հովանավորել մանկապատանեկան սպորտը: Շատ կարևոր է հնարավորինս շատ երեխաների ներգրավել սպորտի բնագավառ՝ ինչպես ապագա պրոֆեսիոնալ մարզիկներ հայտնաբերելու, այնպես էլ մատաղ սերնդի ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը ապահովելու համար: Բայց պատանության տարիքն անցած ու սպորտը որպես իր մասնագիտություն ընտրած երիտասարդին այլևս չես կարող պահել պատանեկան սպորտի ծրագրերով: Եթե լինեն մարզական ակումբներ, նա կկարողանա աշխատել ու մարզվել ակումբում: Մարզական ակումբները մեր երկրում էլ գործելու և զարգանալու մեծ հեռանկար ունեն: Ակումբային ճանապարհով զարգանալու մեծ պոտենցիալ ունեն ֆուտբոլը, որտեղ արդեն ստեղծվել են վեց ակումբներ, բռնցքամարտը, շախմատը, լողը, մարմնամարզությունը, չմշկասահքը, նաև խաղային մարզաձևերը՝ բասկետբոլը, վոլեյբոլը, թենիսը: Այս վերջին երեքը մեր երկրում այնքան էլ զարգացած ու տարածված չեն, չնայած, որ աշխարհում համարվում են մեծ շահույթ բերող մարզաձևեր: Դրանք խաղային մարզաձևեր են, և մեզանից գրեթե յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ խաղացել է ընկերական շրջապատում, բակում, լողափում: Մեծ է հավանականությունը, որ ակումբները համապատասխան գրավիչ պայմաններ ունենալու դեպքում կհավաքեն այդ խաղերը սիրող մեծ թվով երեխաներ ու մարզիկներ:

Համակարգային փոփոխությունները պետք է սկսել օրենսդրական փոփոխություններից

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում մարզական ակումբների գործունեությունը համակարգող հոդվածներ չկան, սակայն: Հետևաբար հայկական սպորտի զարգացման շահերից է բխում սպորտի մայր օրենքում փոփոխություններ անելը: Այսօր մեր օրենքը մարզական ակումբներին լիազորություններ, նրանց զարգանալու և շահույթ հետապնդելու օրենսդրական լծակներ չի տալիս: Անհրաժեշտ օրենսդրական լրացումներ կատարելուց հետո այդ ակումբներին դեռ անհրաժեշտ է տալ ստարտային կարգավիճակ. այսինքն՝ պետությունը նրանց հետ կնքի ստարտային պայմանագիր, որի համաձայն ակումբը պետք է որոշակի գործողություններ ապահովի, և հենց սկսի շահույթ ստանալ՝ լիիրավ անցնի իր լիազորություններին, նոր միայն մտնի հարկային դաշտ: Եթե հենց սկզբից նորաստեղծ ակումբը սկսի մեծ հարկեր վճարել, բնական է, որ չի կայանա: Այսօր ամբողջ աշխարհում է սպորտն այս ճանապարհով զարգանում, անգամ ԱՊՀ երկրներն են անցել այս համակարգին:

Ակումբների ստեղծումով նաև լուծվում է երիտասարդ մարզիկների մասնագիտական զբաղվածության խնդիրը

Ամբողջ աշխարհում մարզական ակումբներն արդեն ապացուցել են իրենց գործունեության արդյունավետությունն ու շահավետությունը: Դրանք ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկների ակտիվության կազմակերպչական օջախներ են, այլև ընդհանրապես սպորտի հասարակայնացման և ընդլայնման միջոց:  Բացի այդ ակումբների առկայությունը կմեծացնի մրցակցությունը տարբեր մարզաձևերում և կհանգեցնի դրանց խաղային որակի և ցուցանիշների բարձրացմանը: Մյուս կողմից սպորտային ակումբները կլուծեն երիտասարդ մարզիկների աշխատանքային զբաղվածության հարցը: Խնդիրն այն է, որ տասնութ տարին բոլորած երիտասարդ  մարզիկները կանգնում են մի քանի խնդիրների առաջ: Նրանք, եթե ուզում են մնալ մեծ սպորտում պիտի շարունակեն իրենց պարբերական մարզումները, մյուս կողմից էլ պետք է հոգան իրենց ապրուստի մասին: Իսկ համատեղել սպորտը այլ աշխատանքի կամ մասնագիտության հետ անհնար է: Երիտասարդի ընտրած մարզաձևը հենց պետք է լինի նրա մասնագիտությունը, որով նա գումար է վաստակում: Սպորտի զարգացմանը խոչընդոտող մյուս խնդիրն հենց այն է, որ երիտասարդ տարիքում հաճախ սպորտը պրոֆեսիոնալ զբաղվածությունից վերածվում է նախասիրության, զուտ այն պատճառով որ երիտասարդը սպորտը որպես մասնագիտություն չի ընկալում՝ հեռանկար և ֆինանսական աջակցություն չլինելու պատճառով: Մարզական ակումբների կայացումը կլուծի նաև այդ խնդիրը, որովհետև երիտասարդը, ընդգրկվելով այս կամ այն մարզական ակումբում և տվյալ մարզաձևով պրոֆեսիոնալ զբաղվելով, կստանա աշխատավարձ:

Հայկական բանակում ծառայող մարզիկը պետք է մասնագիտական շարունակական աճի հնարավորություն ունենա

Սպորտը երիտասարդ մարզիկների համար նախասիրություն է դառնում հաճախ նաև բանակում ծառայելու արդյունքում: Ծառայության տարիներին նրանք մարզվելու և մրցաշարերին մասնակցելու հնարավորություն չունեն: Իսկ 18-20 տարեկանը մարզական լավագույն տարիքն է: Կարծում եմ՝ այստեղ էլ են պետք օրենսդրական փոփոխություններ, որոնք զինծառայության մեջ գտնվող մարզիկներին թույլ կտան կարևոր մրցաշարերից առաջ պարապել, մասնակցել մրցույթներին, հետո նորից վերադառնալ ծառայության: Այսպես հնարավոր կլինի պահպանել նրանց մարզավիճակը և շարունակական մասնագիտական աճ ապահովել:

«Բուհական» և «աշակերտական» սպորտը Հայաստանում

Բուհերում մենք դեռ շարունակում ենք պահել ֆիզկուլտուրայի ամբիոններ, ուսանողներին ստիպում ենք մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին, նորմատիվներ հանձնել, ստուգարքներ ստանալ: Այնինչ ամբողջ աշխարհում բուհական համակարգը ֆիզկուլտուրա առարկա չի ներառում: Բուհերում գործում են սպորտային սեկցիաներ, որտեղ ուսանողները կարող են զբաղվել իրենց նախընտրած մարզաձևով: Կարծում եմ՝ վաղ թե ուշ մենք էլ կանցնենք այդ համակարգին:

Ինչ վերաբերում է աշակերտական սպորտին՝ ապա մենք, որպես Դպրոցականների հանրապետական ֆեդերացիա, որը նաև Միջազգային դպրոցական ֆեդերացիայի լիիրավ անդամ է, դպրոցներում կազմակերպում ենք տարբեր մարզաձևերից հավաքական թիմեր ձևավորելու և դրանք ոչ միայն հանրապետական, այլև միջազգային մրցաշարերում ընդգրկելու գործը: Մեր աշակերտներն այս տարի պետք է մասնակցեն Մարոկկոյի Թագավորությունում համաշխարհային գիմնազիադային՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, գիմնաստիկա, շախմատ մարզաձևերից: Հնարավորության դեպքում կմասնակցենք նաև բասկետբոլի միջազգային մրցաշարին Սերբիայում և վոլեյբոլի՝ Չեխիայում: Մեր աշակերտները միջազգային մրցաշարերում իրենց վատ չեն դրսևորում, օրինակ՝ նախորդ Դպրոցականների աշխարհի առաջնության ժամանակ մեր բասկետբոլիստները 30 թիմերի շարքում գրավեցին 18-րդ տեղը: Դա լավ ցուցանիշ է: Լավ ցուցանիշ ենք ունեցել նաև սեղանի թենիսից անցյալ տարի, երբ մեր թենիսիստուհին անցել էր եզրափակիչ փուլ և 8 մասնակիցներից  յոթերորդն էր: Համոզված եմ, որ մեր ցուցանիշները տարեցտարի լավանալու են: Ճիշտ է՝ խաղային մարզաձևերը դեռ թույլ են զարգացած, բայց այս մրցաշարերը, նաև դպրոցականների լողափնյա վոլեյբոլի, լողափնյա ֆուտբոլի, լողափնյա հանդբոլի հանրապետական առաջնությունները կաճեցնեն հայկական սպորտի ապագա մեծ անուններ ու թիմեր, ովքեր կգործեն արդեն հայկական բարեփոխված սպորտաշխարհում, երբ մարզիկ լինելը կնշանակի մասնագիտություն՝ բարեկեցիկ կենցաղով: