Հաջողության սկզբունքներ պրոֆեսիոնալ պարում

Այս պատմությունը  մի պարային ստուդիայի մասին էՈչ, այս պատմությունը պարին սիրահարված հարյուրավոր երեխաների մասին էԱյս պատմությունը Գեորգի Զոհրաբյանի ղեկավարած «Էնջլս» պարային ստուդիայի մասին է:

«Էնջլս»-ի պատմությունը սկսվել է Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նկուղային հարկից՝ դեռ 15 տարի առաջ: Այդ փոքրիկ տարածքում ու պայմաններում սովորելով ու պարելով է «Էնջլսը» բարձրացել արտասահմանյան բեմեր, հաղթել միջազգային բազմաթիվ մրցույթներում, լուրջ կշիռ ձեռք բերել մեր պարարվեստում: Նկուղային պայմաններն այսօր փոխարինվել են ընդարձակ ու հարմարավետ սրահով, քանի որ ստուդիան արդեն իր երկրորդ մասնաճյուղն է բացել Նաիրի Զարյան 22 հասցեում: Այդպիսով մեծացավ նաև սաների քանակը՝ հասնելով մոտ 100-ի: «Իմ սաներն այնքան են սիրում պարը, որ նրանց համար միևնույն է, թե որտեղ կպարապեն, և պայմաններն այս առումով նրանց համար այնքան էլ էական չեն,-վստահ է Գեորգի Զոհրաբյանը,-սակայն միշտ էլ հաճելի է ընդարձակ ու լուսավոր սրահում գտնվելը»:

Անընդհատ զարգանալու և իր դիրքը չզիջելու մի քանի պայման ունի «Էնջլսը»:

Գաղափար. որով տարվում են այստեղ պարել սովորող բոլոր երեխաները, և որն անընդհատ ձգում է նորերին: Այն է՝ պարը ինքնաարտահայտվելու շքեղ միջոց է, արվեստի բարդ ու գեղեցիկ տեսակ: Եթե կարողացար տիրապետել նրան, հետաքրքիր խոսել նրա լեզվով, ուրեմն՝ հասել ես նպատակիդ, որին ձգտել ես:

Ձգտում դեպի հաղթանակ: Այստեղ շատ քիչ է՝ «կարևորը մասնակցությունն է» կարգախոսը: Ոչ, կարևոր է նաև քո հաղթանակը, դա քո քրտնաջան աշխատանքի ու քո տաղանդի ճիշտ գնահատականն է: Պետք է վաստակել այն: Մեծ ու փոքր մրցանակներ չեն լինում, բոլորն էլ հավասարաչափ կարևոր են, ու ապացույցն այն բանի, որ կարողացար նպատակ դնել և հասնել դրան:

Նոր ու զարմացնող: Պարային շոուներն Էնջլսի այցեքարտն են: Իր պարային յուրօրինակ բեմադրություններով այն միշտ հետաքրքիր է իր հանդիսատեսին, որովհետև միշտ նոր գաղափար է տալիս՝ բացի պրոֆեսիոնալ պար ցուցադրելուց: Պարային շոուների բեմադրությունը հենց ստուդիայի գեղարվեստական ղեկավարի մասնագիտությունն է: Գեորգի Զոհրաբյանը մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայում, իսկ հետո վերադարձել Հայաստան՝ իր արվեստն ու հմտություններն այստեղ գործի դնելու, պարարվեստի այս հատուկ ուղղությունն այստեղ զարգացնելու համար:

Պար բոլորի համար: Էնջլսի սաները հաճախ են լինում միջազգային բեմերում, սակայն լինում են ծնողներ, ովքեր թույլ չեն տալիս երեխային մեկնել արտերկիր: Նման իրավիճակներից խուսափելու համար պարային ստուդիայում գործում է 3 կարգի խումբ՝ հասարակ, մրցութային և միջազգային: Հասարակ խմբերը բեմում ելույթ են ունենում տարին մեկ անգամ՝ Էնջլսի ծննդյան օրը, մրցութային խմբերը տարբեր մրցույթների են մասնակցում Հայաստանում, դե իսկ միջազգային խմբերը մեր երկիրը ներկայացնում են արտասահմանում: Ծնողի ընտրությամբ՝ Էնջլսի սաները պարել սովորելու հաճույքը վայելում են այս երեք խմբերից մեկում:

 

Պարը մարդ կերտելու գործիք: Հենց միայն պարել սովորել նշանակում է բազմաթիվ այլ կարևոր որակներ ձեռք բերել՝ լինել նպատակասլաց, կազմակերպված, աշխատասեր, հասկանալ աշխատանքի գինը, լինել համբերատար, ձգտել լավագույնին և այլն: «Էնջլսը» ունի հստակ խնդիր՝ հասարակությանը պիտանի մարդիկ կրթել: Երեխան դեռ մանկուց պետք է հասկանա, որ ոչինչ հենց այնպես չի տրվում: Ցանկացած արդյունքի հասնելու համար պետք է շատ աշխատել: Բացի այդ, յուրաքանչյուր երեխայի մեջ սերմանում են լիդեր լինելու ցանկությունը՝ առանց սակայն միմյանց նկատմամբ խտրականության: «Եթե մարդկային արժանիքներ չունեցաք, ձեր ամենամեծ ձեռքբերումներն անգամ ոչինչ չարժեն»,- ասում է International Dance Organization-ում   միջազգային կարգի մրցավար Գեորգի Զոհրաբյանը: