Լիարժեք կրթություն թույլ լսող երեխաներին

Նա լսում է բերանի, շուրթերի շարժումից, դիմախաղից ես չունեմ այդ կարողությունը կամ չեմ վարժեցրել, որովհետև սովոր եմ լսել ձայնով: Ուրեմն՝ ես հաշմանդամ եմ այնքան, որքան  ժեստերի լեզվով խոսող ու լսող մարդը:

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը Նորքի այգիներ 193 հասցեում է 1959 թվականից: Նախկինում կոչվում էր Խուլերի գիշերօթիկ դպրոց՝ 8-ամյա կրթությամբ: Ժամանակի ընթացքում փոխվեցին անվանումը, ուսման տևողությունը, վերաբերմունքն ու ընկալումը: Խուլերի գիշերօթիկ դպրոցը վերանվանվեց Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Կրթահամալիրն իր տիպով միակն է հանրապետությունում՝ իրականացնելով է 12-ամյա միջնակարգ կրթություն լսողության խանգարումներով երեխաների համար: Այն նաև միակ կրթահամալիրն է Հայաստանում, որտեղ կրթություն են ստանում միայն լսողության խանգարում ունեցող երեխաները` խուլերը, թույլ լսողները, չափավոր լսողները և ծանր լսողները: Դպրոցն աշակերտներ ունի հանրապետության բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից:

Ի՞նչ մակարդակի վրա է այսօր նրանց կրթությունը Հայաստանում. զրուցել ենք Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Հասմիկ Բադալյանի և Կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանի հետ, ով դպրոցը ղեկավարել է 1997 թվականից:  

 

-Լսողության խանգարում ունեցող յուրաքանչյուր երեխա կրթություն ստանալու հնարավորություն ունի՝ կամ հատուկ դպրոցում, կամ ներառական կրթությամբ դպրոցներում: Արդյո՞ք դա նույնն է, ներառական դպրոցը կարո՞ղ է լսողության խանգարում ունեղոց երեխային կրթելու ֆունկցիան լիարժեք կատարել:

 

Հ. Բադալյան- Լսողության խնդիր ունեցող յուրաքանչյուր երեխայի հետ պետք է իրականացնել կրթական ծրագրեր: Այսօր շատ երեխաներ այցելում են նաև ներառական դպրոցներ, բայց փորձը ցույց է տվել, որ ներառական դպրոցում մի քանի տարի սովորելուց հետո ի վերջո տեղափոխվում են մեր կրթահամալիր: Իրականում դա շատ մեծ խնդիր է դառնում նրանց համար: Այսինքն՝ երեխան հաճախում է ներառական դպրոց, որտեղ առաջին-երկրորդ դասարաններում ծրագիրը թեթև է, այնուհետև սկսում է բարդանալ: Երեխան արդեն չի հասցնում ծրագրին համահունչ սովորել, և առաջանում է մտավոր հապաղում, կարծրանում է արտաբերական ապարատը: Երբ այդ երեխաները գալիս են մեր կրթահամալիր, մենք նրանց ուսուցումը սկսում ենք զրոյից: Այստեղ կրթությունն իրականացվում է հատուկ մեթոդներով՝ սուրդոմանկավարժների միջոցով, ովքեր սովորել, մասնագիտացել ու վերապատրաստվել են հենց այդ ուղղությամբ:

 

-Այս հարցում շատ կարևոր է նաև  ծնողի դերը, որը չպետք է բարդույթավորվի և մտածի երեխայի կրթության ճիշտ կազմակերպման և համապատասխան կրթական հաստատություն տանելու մասին:

 

-Այո: Մենք կոչ ենք անում այն ծնողներին, որոնք ունեն լսողության խանգարմամբ երեխաներ, չհավատալ ոչ մասնագետներին, ովքեր խոստանում են երեխային խոսել սովորեցնել: Փոխարենը կոչ ենք անում հավատալ, որ Հայաստանում գործում է այնպիսի կրթահամալիր, որն իրականացնում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների  ոչ միայն կրթությունը, այլև լսողության զարգացման ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ է կատարում, ապահովում է երեխաներին լսողական սարքերով: Այստեղ սովորելով` երեխաները դառնում են հասարակության լիարժեք անդամ՝ ձեռք բերելով մասնագիտություն:

 

Ա. Ավետիսյան - Այսօր շատ է խոսվում ներառական կրթությանում  լսողության խանգարումներ ունեցողների ընդգրկվածության մասին, որով փորձ է արվում ճանապարհ բացել դեպի հասարակություն և վերացնել կարծրատիպերը: Բայց, ցավոք, պետք է ասել, որ ներառական  դպրոցներում չկան այն լիարժեք մասնագետները, ովքեր կկարողանան կազմակերպել լսողության խանգարում ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը: Սա խնդիր է, որն այսօր ծառացած է  կրթության առաջ: Նախևառաջ բոլոր ներառական դպրոցները պետք է համալրվեն համապատասխան ոլորտի ծրագրերով և փորձ ունեցող մասնագետներով, որ կարողանան կրթություն իրականացնել: Այդ ուղղությամբ Կրթության նախարարությունը երկար տարիներ ծրագիր է մշակում, համաձայն որի` մեր կրթահամալիրը պետք է դառնա ռեսուրս կենտրոն բոլոր ներառական դպրոցների համար: Այսինքն՝ եթե որևէ ներառական դպրոց դիմի լսողության խանգարումով երեխա, ապա այդ դպրոցի տնօրենությունն անմիջապես պետք է ահազանգի մեզ, մենք էլ մեր մասնագետին ուղարկենք այնտեղ, որպեսզի նա սկսի աշխատել երեխայի հետ, փորձը փոխանցի տվյալ դպրոցի ուսուցչին, որից հետո միայն դպրոցում շարունակվի այդ երեխայի կրթությունը: Ծրագիրը կա, այն կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, բայց,  ցավոք, այն դեռ չի ստացել իրավաբանական ուժ:

 

-Կրթությունը կատարելագործվող պրոցես է, ձեր ոլորտում մշակվու՞մ են նոր մեթոդներ ու տեխնոլոգիներ: Որո՞նք են ժամանակակից սուրդոմեխանիզմները:

 

Հ. Բադալյան -Նախ կրթահամալիրի բոլոր աշակերտները կրում են լսողական սարքեր. դա պարտադիր է լսողության խանգարում ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործում: Բացի այդ կրթահամալիրը հագեցած է ձայնաուժեղացուցիչ սարքերով, որոնք դասարանային պարապմունքների ընթացքում օգնում են ձայնը մոտեցնել ականջին: Պարապմունքների ժամանակ բոլոր երեխաները կրում են լսողության սարքեր, որոնք ծրագրավորված են FM ձայնաուժեղացուցիչ սարքերի հետ և ավելի օպտիմալ են դարձնում ուսուցումը: Իսկ ահա ներառական դպրոցներում դժվար թե նման ձայնաուժեղացուցիչներ լինեն:

Լսողության խանգարում ունեցող երեխաների համար պարտադիր պայման է ուսուցչի շուրթերը տեսնելը, քանի որ նրանք լսում են աչքերով, նրանք կարդում են ուսուցչի շուրթերից: Կրթության կազմակերպման գործում նրանց անհրաժեշտ է անհատական մոտեցում: Իսկ ներառական դպրոցում յուրաքանչյուր աշակերտի անհատական մոտեցում ցուցաբերելը բարդ խնդիր է: Լսողության խանգարում ունեցող երեխան չի կարող հասկանալ ուսուցչի ասածը, երբ նա շրջված դիրքով գրատախտակին գրում է և խոսում: Բայց արդյո ՞ք ուսուցիչը, որի դասարանում կա 30-35 աշակերտ, կհասցնի քառասունհինգ րոպեում անհատական մոտեցում ցուցաբերել լսողության խանգարում ունեցող աշակերտներին: Իհարկե չի հասցնի: Իսկ մեր կրթահամալիրում դասարանները բաղկացած են 7-10 աշակերտից, և այդ քառասունհինգ րոպեների ընթաքում ուսուցիչը կարողանում է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին:

Լսողական սարքերը անընդհատ զարգանում են. նախկինում անալոգ լսողական սարքեր էինք կիրառում, հիմա՝ թվային: Բայց, այդուհանդերձ, լսողական մնացորդը պետք է զարգացնել ռեֆլեկտոր մեխանիզմով, իսկ դա այստեղ արվում է, եթե նույնիսկ խուլը 60 դեցիբել մնացորդ լսողություն ունի: Օրինակ՝ սեղան բառը լսելով՝ նա չի հասկանում, թե իրեն ինչ ասացին:  Ծնված օրից երեխան այդ պարզ բառը լսում է հայրիկից, մայրիկից, բակում, և նրա մեջ արդեն բառն ամրապնդված է, իսկ լսողության խնդիր ունեցող երեխան այդ բառի մասին ինֆորմացիա չի ստանում, նա լսում է, բայց չի հասկանում: Մեր կրթահամալիրում անցկացվում են անհատական շտկողական, զարգացնող պարապմունքներ: Ամեն աշակերտ շաբաթը երեք անգամ անվճար այցելում է սուրդոմանկավարժին, և պարապմունքների ժամանակ մարզվում է նրա լսողությունը` սկսած ձայնավոր և բաղաձայն հնչյուններից, նախադասություններից և այլն: Դա բավական բարդ գործընթաց է, բայց շատ արդյունավետ, եթե ճիշտ կատարվի, ցանկալի արդյունք կտա: Իսկ մեր կրթահամալիրում կրթությունն իրականացնում են հանրապետության լավագույն սուրդոմանկավարժները: Մենք կրթական ծրագրերում ունենք հատուկ առարկաներ, գործնական պարապմունքներ, որոնք նպաստում են երեխաների խոսքի զարգացմանը: Ունենք ռիթմիկայի պարապմունքներ, որոնց ընթացքում կատարվում են ձայնային և հնչյունային վարժություններ, ինչը զարգացնում է խոսքը երաժշտության ու հնչյունների միջոցով:

 

-Ի՞նչ մասնագիտություններ եք սովորեցնում երեխաներին:

 

-Յոթերորդ դասարանից երեխաներն ընտրում են մասնագիտություն, իսկ ավագ դպրոցում արդեն նրանց ուսուցանում են 5-6 մասնագիտություն` կոշկակարություն, վարսահարդարում, սեղանի ձևավորում, կարուձևի մոդելավորում, գորգագործություն, դիմահարդարում և մատնահարդարում: Մասնագիտական կրթությունը տևում է երեք տարի: Կրթահամալիրն ավարտում են մասնագիտություն ձեռք բերած: Ունենք սաներ, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հատատություններ: Եթե տարիներ առաջ մարդիկ խեթ աչքով էին նայում ժեստերի լեզվով խոսողներին, ապա այսօր սովորական են վերաբերվում:

 

Ա. Ավետիսյան- Կրթահամալիրի կատարած աշխատանքի գնահատականը մեր շրջնավարտների ունեցած հաջողություններն են: Երբ ժամանակին կրթությունը 9-ամյա էր, երեխաները հնարավորություն չունեին իրենց ուսումը շարունակելու: Բայց երբ կրթահամալիրը դարձավ 12-ամյա, երեխաները սկսեցին մտածել բուհ ընդունվելու և ուսումը շարունակելու մասին: Մենք այսօր ունենք 3-4 ուսանող Մանկավարժական համալսարանի Դեֆեկտոլոգիայի և արատաբանության ֆակուլտետում, ունենք 6 ուսանող Գեղարվեստի պետական ակադեմիայում, ուսանող՝  Թատերական ինստիտուտում, ով նաև այս պահին աշխատում է Մնջախաղի թատրոնում:  Ի դեպ, Ժիրայր Դադասյանը մեծ ուշադրություն է դարձնում մեր երեխաների` մնջախաղի ուղղությամբ զարգացմանը, և նրա աշխատանքի շնորհիվ է, որ մեր երեխաները սեր ունեն մնջախաղի նկատմամբ:

 

-Դպրոցը ի՞նչ պայմաններով է կարողանում ապահովել նրանց:

 

Հ. Բադալյան-Կրթահամալիրն աշխատում է գիշերօթիկ ռեժիմով, մենք երեխաներին ապահովում ենք անվճար չորսանգամյա սնունդով, գիշերակացով, անհրաժեշտության դեպքում հիգիենայի պարագաներով, հագուստի որոշ տեսակներով: Դասերն ավարտելուց հետո երեխաները գնում են մյուս մասնաշենք, որը շատ լավ պայմաններ ունի, շատ լավ կահավորված է, ունի ջեռուցում, խաղասենյակներ: Այստեղ երեխաները խաղում են, պատրաստում ապլիկացիաներ, դիտում են ֆիլմեր թարգմանչի օգնությամբ, դասերն են սովորում, ճաշարան են գնում, իսկ երեկոյան ժամերին խաչբառեր են լուծում, ինտելեկտուալ խաղեր են խաղում: Մենք ունենք նաև հատուկ գիշերային դաստիարականեր: Այս կրթահամալիրը նրանց տունն է, որտեղ անցնում է նրանց ողջ օրը:

 

-Ի ՞նչ եք տալիս դուք նրանց  բացի կրթությունից և ապահով պահելուց:

 

Ա. Ավետիսյան- Սսոցիալիզացվելու կարողություն ենք տալիս, որ հասարակության մեջ ամրապնդեն իրենց քայլերը:  Մեր դպրոցն ավարտած յուրաքանչյուր երեխա կարող է ինքնուրույն աշխատել և հոգալ իր բոլոր խնդիրները` առանց պետության  հոգածության: Երեխան, գալով մեր կրթահամալիր, ոչ միայն տառաճանաչ չէ , այլ ընդհանրապես չի ճանաչում ոչինչ, չգիտի դաստիարակության կանոնները, չգիտի` ի ՞ նչ է բնությունը, նայում է երկնքին, բայց չգիտի, թե այն ինչ անուն ունի, այդ բոլոր ճանչողական կարողությունները դպրոցում է ստանում:

 

-Իսկ  հասարակությա՞ն վերաբերմունքն ինչպիսին է չլսող մարդու նկատմամբ:

 

-Հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը հաշմանդամ մարդու նկատմամբ, պետք է հականա, որ լսողության խանգարումներով մարդիկ իրենց հավասար են, ուղղակի խոսում են իրենց` ժեստերի լեզվով, բայց անհրաժեշտության դեպքում կարող են հասկացնել ասելիքը:

Մենք ծրագրեր ենք իրականացրել տարբեր հասարակական շերտերի հետ` նրանց սովորեցնելով ժեստերի լեզուն: Ոստիկանության անչափահասների տեսչության Երևան քաղաքի բոլոր աշխատողները մեզ մոտ անցել են վերապատրաստման դասընթացներ, սովորել են ժեստերի լեզուն, նրանք բոլորը տիրապետում են այդ լեզվին: Նմանատիպ ծրագիր ենք անցկացրել Առողջապահության նախարարության Առողջապահության վարչության հետ:  Երևան քաղաքի պոլիկլինիկաների քիթ-կոկորդային բաժնի բժիշկները մեզ մոտ սովորել են ժեստերի լեզուն, որ անհրաժեշտության դեպքում կարողանան հասկանալ լսողության խանգարումով երեխաների գանգատները: Մանկավարժական համալսարանի Սուրդոմանկավարժության բաժնի ուսանողները ևս մասնակցել են ժեստերի  լեզվի ոսուցմանը: Բացի այդ, ամեն տարի առաջին դասարան ընդունված մեր երեխաների ծնողների հետ անցկացնում ենք ժեստերի ուսուցման դասընթացներ, որպեսզի ծնողները ևս կարողանան ազատ շփվել իրենց երեխաների հետ ոչ թե պայմանական նշաններով, այլ այն լեզվով, որով երեխան պետք է իր հետագա կանքը կառուցի:

 

-Ինչպիսի ՞ մարդ է նրանց դարձնում չլսելու ֆիզիոլոգիական հատկությունը: Եթե մարդը խուլ է, նա ինչպիսի ՞ն է դառնում հասարակության մեջ:

 

-Երբ մարդը չի լսում, նրա մեջ անվստահություն է առաջանում հասարակության նկատմամբ, հիմնականում  նրանց մոտ ձևավորվում է կասկածամտություն, նախանձ: Եթե մենք կարողանում ենք երեխաների միջից ինչ-որ չափով հանել այդ զգացողությունները, դա արդեն մեծ առաջխաղացում է:

 

-Այս երեխաներն ինչի ՞ կարիք ունեն:

 

-Միայն հասարակության հոգատարության և ուշադրության, այս երեխաներն ուրիշ ոչ մի բանի կարիք չունեն: Լրատվամիջոցները նրանց հիշում են միայն հաշմանդամների օրը և խուլերի միջազգային օրը: Դրա համար մենք լրատվամիջոցներին ասել ենք, որ այդ օրերին մեզ չանհանգստացնեն, եթե պետք է տարին մեկ անգամ հիշեն: Մեր երեխաները խղճահարության կաիրք չունեն, նրանք հասարակության մեջ կարողանում են իրենց լիարժեք դրսևորել, ոչնչով չեն տարբերվում մեզանից: Եթե ականջի հետևի լսողական սարքը չլինի, ոչ ոք չի տարբերի, որ նրանք լսողության խանգարում ունեն: