Դպրոցական օլիմպիադաներ՝ օբյեկտիվ մրցակցության նոր միջավայր

Ազնիվ մրցակցային միջավայրն ու գիտելիքների գնահատման օբյեկտիվ պայմանները  շատ լուրջ խթան են աշակերտների մեջ սովորելու հանդեպ ներքին մոտիվացիա առաջացնելու, ճանաչողական ակտիվություն ձևավորելու համար: Առարկայական օլիմպիադաները հենց սովորել սիրող աշակերտների զարգացման հրաշալի հնարավորություն են: Հայաստանի Հանրապետությունում հանրապետական օլիմպիադաների կազմակերպման գործը վստահված է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցին:

 

Երբ Ա. Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանն առաջարկեց համացանցի միջոցով ընդհանուր հանրակրթական միջավայր ստեղծել, կրթության և գիտության նախարարությունն իր հերթին այս դպրոցին առաջարկեց ստանձնել այդ ձևաչափով հանրապետական դպրոցական օլիմպիադաների կազմակերպումը: Դպրոցի ղեկավարության նախաձեռնությամբ ստեղծվեց www.olymp.am կայքը, որտեղ ներկայացվում էին օլիմպիադաների ընթացքը, արդյունքները, տեղադրվում մասնակիցների ցուցակները, հաղթողների անունները, նաև առաջադրանքները, լուծումները: Հ. Նավասարդյանը այս կայքի ստեղծումը համարում է իրենց ներդրումներից մեկը Հայաստանի հանրակրթության ոլորտում, քանի որ այն ավելի բաց ու մատչելի դարձրեց օլիմպիադաների անցկացումը: Հանրապետական օլիմպիադաների կազմակերպիչները մի կարևոր նորամուծություն ևս արեցին. օլիմպիադային մասնակցելու հնարավորություն տվեցին բոլոր այն աշակերտներին, ովքեր ցանկանում էին՝ անկախ նրանց սովորելու որակից: Արդյունքում մեծացավ օլիմպիադաների մասնակիցների թիվը. «Եթե նախկինում դպրոցն օլիմպիադայի էր ուղարկում ուսուցչի ընտրած աշակերտներին, այսօր արդեն նա պարտավոր է գրանցել բոլոր այն երեխաներին, ովքեր ցանկանում են մասնակցել: Արդյունքում, եթե 2012 թ. միայն մաթեմատիկա առարկայից ցուցակագրվել էր 9000 աշակերտ, 2017 թ. այդ թիվը հասավ 32 000-ի: Մասնակիցների թվի աճը միայն ուրախացնում է, որովհետև առաջին հերթին դա սովորելու հանդեպ սեր ունեցող աշակերտների ցուցանիշի աճ է»,-ասում է Հ.Նավասարդյանը:

Որքան մասնակից աշակերտների թվի աճ՝ այնքան հետաքրքության աճ առարկայի հանդեպ, հավելյալ գրականությունից օգտվելու ակտիվություն և ինքնուրույնություն: Ահա և զարգացումը ապահովող մեխանիզմ՝ ֆիզմաթ դպրոցի բազմաթիվ այլ հետաքրքիր գաղափարների կողքին: Օլիմպիադաների դրական կողմերը շատ են ու ակնհայտ, բայց կարևոր կողմերից մեկի մասին չմոռանանք: Ցանկացած դպրոցական առարկա առաջին հերթին գիտություն է: Դա նշանակում է՝ տարեցտարի որքան շատ աշակերտներ մասնակցեն օլիմպիադաներին, այնքան ավելի մեծ կլինի գիտության այդ ճյուղով հետաքրքրվողների թիվը: Հետևաբար օլիմպիադաները, և դրանց անցկացման այս կարգը մեծացնում են նաև երկրի գիտական պոտենցիալը. «Պարզ է՝ մասնակիցներից քչերն են անցնում եզրափակիչ փուլ, բայց դեռ հարց է՝ հանրապետական եզրափակիչ փուլն է ավելի կարևոր, թե՞ առաջին փուլը: Առաջին փուլը ես կարևորում եմ նրանով, որ ճշգրիտ կողմնորոշիչներ է տալիս այս կամ այն առարկայի հանդեպ հետաքրքրության ցուցանիշի, այս կամ այն համայնքում տվյալ առարկայի ուսուցման մակարդակի մասին: Ըստ այնմ, թե որ համայնքից ու դպրոցից որ առարկաներից են շատ կամ քիչ ցուցակագրվել կամ չեն ցուցակագրվել ընդհանրապես, պատասխանատու մարմինները՝ լինի դա դպրոցի, համայնքի ղեկավարություն, կամ կրթության վարչություն, կարող են համապատասխան վերլուծություններ անել և քայլեր ձեռնարկել տվյալ դպրոցներում առարկաների ուժեղացման կամ ձեռքբերումների պահպանման ու զարգացման, ոգևորման համար»:

Հանրապետական օլիմպիադաներում հաղթած երեխաները հնարավորություն են ստանում Հայաստանը ներկայացնել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Միջազգային օլիմպիադաներին Հայաստանը մասնակցում է յոթ առարկաներից՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն, աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա: Յուրաքանչյուր առարկայական թիմն ունի մասնակիցների առավելագույն քանակ, բոլոր առարկաներից ընդհանուր թվով միջազգային օլիմպիադաներին մասնակցելու են գնում երեսուն-երեսուներկու աշակերտ. «Անցյալ տարի միայն աշխարհագրություն առարկայից մասնակից չունեցանք, որովհետև անգլերենի համապատասխան իմացությամբ աշակերտ չունեինք. սա միակ առարկան է, որն անցկացվում է հանձնաժողովի անդամների հետ բաց աշխարհագրական տեղանքում բանավոր ակտիվ բացատրություններով ու պատասխաններով: Աստղագիտությունն էլ  բանավոր փորձարարական փուլ ունի, բայց աշխատանքը դիտակներով է ու ավելի քիչ բանավոր խոսք է պահանջում»: Հայ աշակերտները բավական լավ ցուցանիշներ ունեն միջազգային դպրոցական օլիմպիադաներում, հատկապես մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից: Մեդալների մեծ մասը Ֆիզմաթ դպրոցն է բերում՝ ասում է Հայկազն Նավասարդյանը. «Սա իհարկե լավ է այն առումով, որ մեր դպրոցը պահպանում է իր որակը, վատ է, որ չկան այս ուղղությամբ աշխատող ու զարգացող այլ դպրոցներ»: Ֆիզմաթ դպրոցի սաները բացի այս միջազգային դպրոցական օլիմպիադաներից մասնակցում են մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից առանձին կազմակերպվող այլ միջազգային օլիմպիադաների և կրկին փայլուն արդյունքներ գրանցում: Այս տարի Ղազախստանի Ալմաթի քաղաքի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից դպրոցի սաները բերեցին երկու ոսկե և երեք բրոնզե մեդալներ, Փորձարարական ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից՝ մեկ արծաթ, մեկ բրոնզ, դպրոցականների միջազգային Կովկասյան մաթեմատիկայի օլիմպիադայից՝ չորս առաջին կարգի դիպլոմ. «Ինչպես որ մարզիկները պետք է պարբերաբար մասնակցեն մրցումների՝ մարզական վիճակում մնալու և ցուցանիշներն ավելի լավացնելու համար, այնպես էլ սովորողները, եթե ուզում են զարգանան ու հաջողություն ունենան, պետք է հնարավորինս շատ մասնակցեն օլիմպիադաների, անընդհատ մրցակցության մեջ լինեն, իրենց տեսնեն նույն հետաքրքրություններն ունեցող երեխաների միջազգային շրջանակում, համեմատեն, համեմատվեն ու այդպես զարգանան»:

Միջազգային օլիմպիադայում մասնակցության մակարդակ ապահովելու համար պետք է դպրոցում ստեղծել այդ մակարդակի կրթական միջավայր և օբյեկտիվ գնահատման համակարգ: Ամեն տարի ֆիզմաթ դպրոց ընդունվելու համար դիմում են մինչև 700 և ավելի աշակերտներ: Ընդունվում են օբյեկտիվ քննության արդյունքում լավագույնները, նրանք, ովքեր ընթացքում թերանում են ուսման մեջ դպրոցից հեռանում են. «Մենք ինտենսիվ աշխատում ենք ծնողների հետ, ուսման մեջ երեխայի թերացման համար կարող են տարբեր պատճառներ լինել, եթե աշակերտը լավացնում է արդյունքները̀ մնում է, եթե ոչ՝ միգուցե սխալ մասնագիտական ուղի է ընտրել, և դպրոցի միջավայրի  փոփոխությունը ավելի դրական անդրադառնա նրա ուսման վրա»:

Ֆիզմաթ դպրոցում գործում են տասից ավելի խմբակներ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աստղագիտություն, ռոբոտաշինություն և այլն, ուր դասերից հետո հաճախում են երկու հարյուրից ավելի երեխաներ: Արտադասարանական աշխատանքների կազմակերպումը հանրակրթական դպրոցներում Հ. Նավասարդյանը անչափ կարևորում է, հենց դրանց արդյունքում է, որ այսօր դպրոցում մեծացել է իրենց մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվը. «Եթե նախորդ տարիներին մեծ թիվ էին կազմում տնտեսագիտության գծով շարունակողները՝ մոտ 30 %, այսօր այդ թիվը կտրուկ նվազել է. շրջանավարտների մեծ մասը շարունակում է ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում մաթեմատիկա, ֆիզիկա և կիբեռնետիկա մասնագիտությունների գծով: Պատճառը ավագ դասարաններում այդ առարկաներից անցկացվող լրացուցիչ ծրագրերն են, երեխաները խորամուխ են լինում, շատ ժամանակ ու ջանք ներդնում և նախընտրում են շարունակել ձեռքբերումները նույն մասնագիտությամբ նաև բուհում»: Դպրոցը մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների գծով կազմել է մասնագիտական դասընթացի ծրագրեր և հրատարակել այդ ծրագրերին համապատասխան դասընթացների ժողովածուներ, որոնք կարող են օգտակար լինել նաև ցանկացած ավագ դպրոցի համապատասխան հոսքերի ուսուցիչներին ու աշակերտներին: 

Ֆիզմաթ դպրոցը՝ որպես ոլորտում բարձր վարկանիշ ու արդյունքներ ունեցող դպրոց, մասնակցում է Մենթոր դպրոցների ցանցի ստեղծման և հեռավար ուսուցման համակարգերի գործածմամբ ուսուցման կազմակերպման ծրագրին՝ աշխատելով Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Փամբակ-Դարանակ և Սյունիքի մարզի Սառնակունք համայնքների գործընկեր դպրոցների մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուսուցիչների և աշակերտների հետ:  Ֆիզմաթը օգտագործելով Office365 OneDrive և Skype for Business ծրագրերը՝ գործընկեր դպրոցների 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների 60 աշակերտներին և 19 ուսուցիչներին  ուղարկում է առաջադրանքներ, դասերի տեսանկարահանումներ, անցկացնում հեռավար դասեր: Օլիմպիադաները և մենթորությունը միջոց են Հայաստանի հնարավորինս շատ դպրոցների ու աշակերտների համար հավասարապես որակյալ կրթություն ապահովելու համար:  «Դպրոցում պետք է առաջին հերթին լինի ազնիվ միջավայր, առողջ մրցակցություն, հիրավի ուսումնական և ուսումնատենչ միջավայր: Դպրոցը պետք է աշխատի այնպես, որ ամեն տարի աշակերտների ձեռքբերումները պակաս չլինեն նախորդից»: