Պետբյուջեից տրամադրված գումարը կբավականացնի, եթե ճիշտ օգտագործվի

«Փիրուզյան» ԲԿ ղեկավար
Արմեն Փիրուզյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Առողջապահությունը եւ բժշկությունը տարբեր հասկացությունները են եւ խնդիրներն էլ պետք է տարանջատել ըստ այդմ: Առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներից է կադրերի, մասնագետների պակասը: Բժշկական համալսարանը ամեն տարի լավ շրջանավարտներ է ունենում, բայց նրանք ավարտելուց հետո նախընտրում են աշխատել արտերկրում: Ես ավելի քան 30 տարի դասավանդում եմ Բժշկական համալսարնում եւ կարող եմ հստակ ասել, իմ լավագույն ուսանողների մեծ մասը այսօր արտերկրում է կիրառում ստացած գիտելիքները… Սա շատ լուրջ հարց է, որին անհրաժեշտ է անհապաղ լուծում գտնել, այլապես շատ լուրջ խնդրի կբախվենք՝ ամենամոտ ապագայում:
Առողջապահության ոլորտում խնդիրները շատ են… Դրանք լուծելու համար առաջին հերթին պետք է նայել հիմքին, ակունքին: Գործընկերներիցս մեկը ասում էր՝ մենք ուզում ենք փրկել գետում խեղդվողներին, բայց հետամուտ չենք լինում՝ ո՞վ է նրանց հրում դեպի այդ գետը: Ճիշտ խոսքեր են: Բոլորս խոսում ենք քաղաքականությունից, վտանգներից, պատերազմներից, բայց հաշվի չենք առնում, չենք կարեւորում մեր ժողովրդին ամեն օր սպանող խնդիրները: Հայաստանում քաղաքացին առողջ ապրելու համար մոտիվացված չէ : Հայաստանը դարձել է փոս, ինչքան փտած ավտոմեքենա կա մեր երկիր է բերվում: Ավտոբուսներ ենք նվեր ստանում տարբեր երկրներից, ուրախանում ենք…Բայց դուք տեսել ե՞ք սեւ ծուխը, որ դուրս է գալիս այդ ավտոբուսներից: Ապացուցված է, որ կերոսինի ծուխը շատ ավելի վտանգավոր է սիրտ-անոթային հիվանդությունների համար, քան՝ բենզինի կամ գազի ծուխը: Եվրոպայում թույլ չեն տալիս նման ավտոմեքենաներ մտնեն երկիր, որովհետեւ դա դանդաղ սպանում է ժողովրդին… Այդ ծուխը շնչում ենք մենք եւ մեր երեխաները: Հետո սկսում ենք բուժել մեր ժողովրդի սիրտը, թոքերը՝ առանց հետամուտ լինելու, թե որտեղի՞ց է խնդիրը գալիս: Թվում է՝ գլոբալ խնդիրներից ենք խոսում, բայց սա առողջապահական խնդիր է: Ոչ ոք հաշվի չի առնում՝ ի՞նչ օդ ենք մենք շնչում եւ ինչպե՞ս է դա անդրադառնում մեր առողջության վրա: Պետք է դնել որոշակի սահմանափակումներ եւ հետեւել դրանց:
Հայաստանում առողջապահությունը էժան է եւ միեւնույն ժամանակ՝ չափազանց թանկ: Մենք անիմաստ մեծ ծախսեր ենք անում բուժման վրա, այն դեպքում, երբ այդ հարցը կարելի է շատ էժան լուծել՝ կանխարգելելով հիվանդությունը: Թե բժիշկները, թե առողջապահական համակարգի ներկայացուցիչները երբեւէ չեն խոսում, օրինակ, այն մասին, որ երբ գալիս է սեզոնային հիվանդությունների սրման ժամանակը, բոլոր խրոնիկ հիվանդները՝ սիրտանոթային, թոքային հիվանդություններ ունեցողները, պետք է պատվաստվեն հասարակ գրիպի պատվաստանյութով: Մեկ պատվաստանյութը, որ մեկ մարդու համար 3000 դրամ է արժենում, հետագայում 100 000-ավոր դրամներ արժեցող բուժում կարող է կանխարգելել: Դրա մասին ոչ ոք չի բարձրաձայնում:
Ի՞նչ պատկեր է այսօր մեզ մոտ: Առողջապահության նախարարությունը որոշակի քանակով պատվաստանյութ է բաժանում է պոլիկլինիկաներին՝ հիմնականում երեխաների համար: Տարվա վերջում դրանց ժամկետը անցնում է եւ այդ պատվաստանյութերի կեսը թափվում է…Փոշիանում է պատվաստանյութերի վրա ծախսված գումարը, միեւնույն ժամանակ՝ չպատվաստված խրոնիկ հիվանդների բուժման համար հետագայում մեծ գումարներ է ծախսվում:
Մեր ժողովրդի մեծ մասը ծխում է՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվում, ի՞նչ են ուտում՝ չգիտենք, ի՞նչ են շնչում՝ չգիտենք: Կանխարգելման համակարգ չի գործում Հայաստանում: Մինչեւ դանակը ոսկորին չհասնի՝ մարդիկ չեն դիմում բժշկի: Թողնում ենք ուռուցքային հիվանդությունները առաջանան, հետո հսկայական գումարներ ծախսում դրա բուժման համար:
Ֆինանսական ռեսուրսը պետք է ճիշտ օգտագործվի: Ես երկար տարիներ բժշկական կենտրոն եմ ղեկավարում եւ հաճախ բախվում եմ հետեւյալ խնդրին: Մի հիվանդը պետպատվերի շրջանակում տարվա մեջ 5-6 անգամ տարբեր հիվանդանոցներում է բուժում ստանում: Չկա համակարգ, որ դա վերահսկի: Նույն հիվանդի վրա պետպատվերի միջոցները տասը անգամ է ծախսվում, այն դեպքում, որ այդ գումարով կարելի էր տասը հիվանդի բուժել: Հիվանդը հաճախ ասում է, ես պետպատվերի իրավունք ունեմ, բայց չի հասկանում, որ այդ պետպատվերը մշտական տոմսի նման չի, որ միշտ գործի: Հաշմանդամը պառկում է մի հիվանդանոցում, լիարժեք բուժվում է, բայց նա շահագրգռված չէ, որ դեղերը խմի, նորից հիվանդանոցային փուլի չհասնի: Մի քանի օր հետո մի այլ հիվանդանոց է գնում…
Պետբյուջեից տրամադրված գումարը կբավականացնի, եթե ճիշտ օգտագործվի: Հայաստանում այդ գումարի կեսից ավելին անիմաստ նպատակների համար է օգտագործվում: Շատ հարգելով պոլիկլինիկայում աշխատող իմ կոլեգաներին՝ պետք է նշեմ, որ լավ չի աշխատում այդ օղակը: Առաջնային օղակում աշխատող բժիշկները ուղղորդող դեր են ստանձնել եւ հիվանդներին համապատասխան մասնագետների մոտ են ուղարկում միայն: Պոլիկլինիկայում աշխատող բժիշկները մեղավոր չեն: Համակարգն է նրանց այդ դերը վերապահել: Ընտանեկան բժիշկ հասկացությունը վերացել է:
Առողջապահության համակարգի գլոբալ խնդիրներից է նաեւ պետական բժշկական ապահովագրական համակարգի ներդրումը: Ընդհանուր ապահովագրություն պետք է լինի, որը կգործի ոչ թե առանձին խմբերի, այլ բոլորի համար: Ինչքան շուտ ներդրվի այդ համակարգը, այնքան լավ: Այդ դեպքում բժիշկը հնարավորություն կունենա զբաղվել բժշկությամբ եւ չխառնվել այլ տեսակի հարաբերությունների: Կրկնում եմ՝ բժշկությունն ու առողջապահությունը տարբեր բաներ են եւ տարբեր մարդիկ պետք է զբաղվեն դրանցով: Ես բժիշկ եմ, բժշկություն եմ սովորել, սիրում եմ իմ գործը եւ ուզում եմ զբաղվեմ միայն բժշկությամբ:
Հայաստանում բժիշկը պաշտպանված չէ: Չկա հատուկ մասնագիտական համակարգ, որ կորոշի ո՞րն է բժշկական սխալ, որը՝ ոչ: Շատ երկրներում բժշկին պաշտպանելու իրավունքը ասոցիացիաներին է վերապահված: Հայաստանում բժիշկը պետք է ինքն իրեն պաշտպանի: Համաձայն եմ՝ հիվանդը իր խնդիրների մասին բարձրաձայնելու իրավունք ունի, բայց բժիշկն էլ պետք է իր գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը պաշտպանելու իրավունք ունենա: Մեզ մոտ այդ համակարգը չի աշխատում: Բժիշկը կարող է սխալ դուրս գալ, եթե անգամ 100 տոկոսով ճիշտ բուժման մեթոդ կիրառած լինի:
Ոլորտի առողջացման գրավականներից մեկն էլ բժիշկների անկախ որակավորման համակարագի առկայությունն է: Անկախ նրանից քան՞ի տարվա պրակտիկա, ի՞նչ կոչում ունի բժիշկը՝ նա պետք է որոշակի ժամանակահատվածը մեկ քննություն հանձնի ու նոր միայն աշխատանքը շարունակելու իրավունք ստանա: Որակավորման քննություններ բոլորը պետք է հանձնեն՝ պարտադիր ու պարբերաբար: Այդ քննությունը հանձնելու համար բժիշկը ամեն օր կաշխատի իր վրա, մրցակցություն կառաջանա եւ ոլորտը կառողջանա: Նախկինում որակավորում ստանալու համար բժիշկը ներկայացնում էր վերջին հինգ տարվա կատարած աշխատանքները: Ներկայացնում էինք քան՞ի հիվանդ է ընդունվել վերակենդանացման բաժանմունք եւ քանիսի՞ն ենք կարողացել փրկել: Հիմա այդպիսի տվյալները հաշվի չեն առնվում, նայում են միայն՝ ինչքա՞ն գումար մուծվեց բյուջե… Մինչեւ չլինի անկախ որակավորման համակարգը մենք առաջ գնալ չենք կարող:
Կարեւոր է նաեւ, որ օրենքով հաստատված, պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից գրված ուղեցույցներ լինեն եւ մեխանիզմներ, որոնք կվերահսկեն այդ ուղեցույցների կյանքի կոչվելը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ