Առողջ ազգաբնակչություն ունենալու համար պետք է շահագրգռված լինեն եւ բժիշկը, եւ պացիենտը

Դարակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար

Էռնեստ Բալույանցի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում»  թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Ես  «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած քննարկման միակ մասնակիցն եմ, որ մարզային կլինիկա եմ ներկայացնում: Լսելով կոլեգաներիս խոսքը՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարզերում առողջապահության  վիճակը ավելի լավ է, քան՝ մայրաքաղաքում: Օրինակ,  պատվաստանյութերի հետ կապված կարող եմ ասել, որ մեր մարզում,  երբ գրիպի պատվաստանյութ ենք ստանում, բաշխում ենք  տարբեր խմբերի: Սկզբում պատվաստվում են երեխաները, այնուհետեւ՝  դիսպանսերում գրանցված հիվանդները, զորակոչիկները: Եթե պատվաստանյութ է ավելանում դրանից  օգտվում են  նաեւ մյուս բնակիչները: Նույնն էլ, իմ կարծիքով, մայրաքաղաքում պետք է արվի: Պոլիկլինիկաները, երբ ստանում են պատվաստանյութերը իրենք են որոշում՝ ինչպես կիրառել այն, հրամանը բոլորի համար նույնն է:

Առողջապահության ոլորտը զարգացնելու եւ առողջ ազգաբնակչություն ունենալու համար պետք է շահագրգռված լինեն եւ բժիշկը, եւ պացիենտը: Յուրաքանչյուրը պետք է իմանա  իր իրավունքներն ու պարտականությունները: Բժիշկը պետք է կարողանա հետեւել աշխարհի փորձին ու լավագույնս կիրառել այն պրակտիկայում: Բայց հիվանդ էլ իր հերթին պետք է ուշադիր լինի իր առողջության հանդեպ: Պրոֆիլակտիկ դիմի բժշկին: Բժիշկը չի կարող համոզել պացիենտին, որ նա պարտավոր է տարին մեկ բուժզննում անցնել:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ