Որակյալ ատամնաբուժական ծառայությունը չի կարող շատ էժան լինել

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ

Լազար Եսայանի  խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում»  թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Առողջապահական ոլորտում խնդիրները շատ են: Որպես  Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ՝ նախ ուզում եմ անդրադառնալ ստոմատոլոգիայի ճյուղում  առկա  խնդիրներին: Դրանց  մասին մեր ասոցիացիան բազմիցս բարձրաձայնել է, սակայն լիարժեք փոփոխությոնների դեռ չենք հասել:

Ամեն քայլափոխի այսօր  ատամնաբուժարան ենք տեսնում, ամեն շքամուտքում ատամնաբուժարան կա: Դրանց մեծ մասը ուղղակի ապականում են ոլորտի հեղինակությունը: Բացի Բժշկական համալսարանից մասնագետների պատրաստմամբ զբաղված են 7-9 մասնավոր ԲՈՒՀ-եր, որոնք ուղղակի քանակ են ապահովում շուկայում եւ՝ ոչ որակ: Տարեկան 500-600 ատամնաբույժներ են ավարտում, որը Հայաստանի Հանրապետության համար բավականին մեծ թիվ է:

Խոսելով գնային քաղաքականության մասին. Հաճախ հայտարարություններ ենք լսում, որտեղ ատամնաբուժական ծառայությունների  այնպիսի գնային առաջարկներ են հնչում, որ անհնար է պատկերացնել: Ինքնարժեքից ցածր գին է դրված ծառայության վրա: Դա ինչպե՞ս է հնարավոր: Մարդիկ էլ միայն գնին են ուշադրություն դարձնում, այլ բան իրենց չի հետաքրքրում: Բայց մի քանի ամիս անց սկսվում են խնդիրները՝ նոր դրված շապիկն է ընկնում, ատամն է փչանում եւ այլն, եւ այլն: Այնպիսի միջամտություններ ու մանիպուլյացիաներ են արվում, որ ուղղակի անթույլատրելի է բժշկի համար: Ի՞նչ է նշանակում 15 հազար դրամով մետաղկերամիկական պսակ պատրաստել կամ՝ երեք հազար դրամով ատամնալիցք անել…Դա ուղղակի հնարավոր չէ: Կարծում եմ՝ պետք է սահմանափակումներ դնել լիցենզիաներ տրամադրելիս, ամեն կլինիկայի լիցենզիա չտրամադրել, որ դաշտը առողջանա: Միջազգային ստանդարտներով յուրաքանչյուր տասը հազար բնակչի համար 4.5-5 ստոմատոլոգ է անհրաժեշտ: Հայաստանում այսօր այդ թիվը հասնում է մինչեւ 20 ստոմատոլոգի՝  տասը հազար  մարդու համար: Այս պարագայում վերահսկողություն իրականացնելը շատ դժվար է:

Ասում ենք ստոմատոլոգները շատ են, բայց միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ գյուղական վայրերում, սահմանամերձ համայնքերում ատամնաբույժների կարիքը մեծ է: Մասնագետները կենտրոնացած են մեծ քաղաքներում: Քանակի փոխարեն մենք պետք է ուշադություն դարձնենք որակը բարձրացնելու վրա: Ստոմատոլոգների ասոցիացիան դրա համար տարբեր սեմինարներ, միջոցառումներ է կազմակերպում: Յուրաքանչյուր ամիս մարզերում դասախոսություններ ենք կազմակերպում, բայց դա բավական չէ: Պետք է լիարժեք հսկողություն լինի որակի հետ կապված եւ  շուկայական գները պետք է կանոնակարգվեն:

Ոլորտի խնդիրների մասին խոսելիս պետք է ընդգծել նաեւ  հարկային դաշտում ոչ օբյեկտիվ մոտեցումը ստոմատոլագների նկատմամբ: Արտոնագրային վճարը վերաբերում է առողջապահության միայն ստոմատոլագիական ճյուղին: Կարծես թե ամեն ինչ լավ է, վճարում ես որոշակի գումար եւ հարկային մարմինների հետ գործ չես ունենում: Բայց դրա արդյունքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ ուսումնական պրոցեսում, մանկական ատամնաբուժության եւ շատ այլ հարցերում: Այսօր մենք ունենք մանկական ատամնաբուժական կենտրոններ, որոնց բազկաթոռների կեսը սպասարկում է մեծահասակներին, որովհետեւ այլ կերպ ծախսերը փակել հնարավոր չի լինի: Դեռեւս մի քանի տարի առաջ ԱՆ տնտեսագետների հաշվարկով, որպեսզի վճարվի այդ 80 հազար դրամը եւ կլինիկան վնասով չաշխատի, մեկ բազկաթոռը պետք է ունենար մեկ միլիոն չորս հարյուր հարզար դրամից  ավելի շրջանառություն: Կլինիկաների մեծ մասը այդ շրջանառությունը չունի եւ չի կարող ունենալ…Մենք մշտապես հավասար դաշտի կողմնակից ենք եղել: Հարկային դաշտը պետք է լինի միայն շրջանառության հարկի տարբերակով: Այն կլինիկաները, որոնք բարձր շրջանառություն ունեն, պետք է  ավելի շատ վճարեն, քան՝ ցածր շրջանառություն ունեցող կլինիկաները: Ազնիվ չէ, որ  տասը միլիոն դրամ եւ չորս հարյուր հազար շրջանառություն ունեցող կլինիկաները  նույն 80 հազար դրամը վճարեն:

Խոսելով բժիշկների որակավորման մասին. Ֆրանսիայում, օրինակ, մի համակարգ է աշխատում, ըստ որի,  բժիշկների աշխատավարձը հաշվում են՝ ըստ կատարած վիրահատությունների քանակի: Հայաստանում այդ համակարգը չի աշխատի, որովհետեւ կան մասնագետներ, որոնք էժան են անում տվյալ միջամտությունը՝ որակի հաշվին, բայց տարվա ընթացքում հենց նրանք լիցենզիա կստանան, որովհետեւ շատ գործ են արել: Սովետական տարիներից մինչեւ  2001 թվականը Հայաստանում գործում էր  բժշկի որակավորման ինստիտուտը: Կային  առաջին, երկրորդ կարգի բժիշկներ, բարձր կարգի բժիշկներ…Որակավորում ստանալու համար գոնե յուրաքանաչյուր  հինգ տարին մեկ բժիշկները նոր գիտելիքներ էին ձեռք բերում: Այսօր բժիշկները չեն կարդում, մարդիկ, որոնք ավարտել են 20 տարի առաջ, ոչ մի նոր բան չեն սովորել, իսկ աշխարհում բժշկությունը ամեն օր է զարգանում: Ստոմատոլագիան տասը տարվա ընթացքում 100 անգամ է զարգացել: Կարծում եմ՝ որակավորման համար տարբեր մեխանիզմներ պետք է ստեղծել, որ հասկանանք, թե ո՞ւր ենք գնում: Որակավորման գործընթացը, ըստ իս,  պետք է իրականացնի  ազատ, անկաշկանդ կառույց: Դա կարող են իրականացնել նաեւ մասնագիտական ասոցիացիաները, որոնք որեւէ կախվածություն չունեն այս կամ այն կառույցից: 

Նախարարությունում մի քանի տարի առաջ քննարկվում էր, թե պետպատվերը ո՞ւմ պետք է տրամադրվի: Ես առաջարկեցի  ընտրության հնարավորությունը տալ  պացիենտին: Միայն այդ դեպքում կարելի կլիներ մտածել որակի բարձրացման մասին: Եթե հիվանդը ուղղորդված գնում է որոշակի կլինիկա, որակի մասին խոսելը ավելորդ է:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ