Գիտական բազա տեղեկատվական տեխնոլոգիաների համար

Մեր գործունեության ցանկացած ոլորտ այսօր կախված է տեղեկատվական տեխնոլոգիաներից ու դրանց անընդհատ կատարելագործումից: Իրականում, մենք Հայաստանում ունենք բավական լուրջ գիտական միտք և բազա՝ դրանց ստեղծման համար: Այլ հարց է, թե ինչպես ենք օգտագործում մեր ուղեղներն այդ ոլորտում և ինչ հնարավորություններ ենք կարողանում ստեղծել գիտության այդ ճյուղի զարգացման ու արդյունքների կիրառման համար: Զրուցում ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ) տնօրեն Վլադիմիր Սահակյանի հետ:

 

 

-Ե՞րբ է հիմնադրվել ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

-Ինստիտուտը հիմնադրվել է 1957-ին՝ որպես Գիտությունների ազգային ակադեմիայի և պետական համալսարանի համատեղ հաշվիչ կենտրոն: Այն ստեղծվեց Սերգեյ Մերգելյանի նախաձեռնությամբ, ով ընդամենը մեկ տարի առաջ մասնակցել էր Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի հիմնադրմանը: Այստեղ են աշխատել ու աշխատում հզոր մասնագետներ (Թեոդոր Տեր-Միքայելյան, Ռաֆայել Ալեքսանդրյան, Աշոտ Պետրոսյան, Ռոմ Վարշամով, Յուրի Շուքուրյան, Իգոր Զասլավսկի, Հրանտ Մարանջյան և ուրիշներ), որոնք իրենց շուրջ են համախմբել խանդավառ երիտասարդների: Այստեղ աշխատող մոտ 300 հոգանոց աշխատակազմը երկրի լավագույն ուղեղներից էր կազմված: Իհարկե, 1991-ից հետո շատ բան փոխվեց: Դժվար տարիներին ինստիտուտի տնօրեն Յուրի Շուքուրյանը արեց ամեն ինչ, որ պահպանվի գիտական ներուժը։ Հաշվիչ կենտրոնը վերանվանվեց Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ: Վերանվանումն ու վերակազմավորումը ինստիտուտի զարգացման նոր փուլի սկիզբը դարձան: Այսօր մենք Գիտությունների ազգային ակադեմիայի միակ գիտահետազոտական ինստիտուտն ենք՝ ինֆորմատիկայի ոլորտում:

-Ի՞նչ խնդիրներով է զբաղվում Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ո՞րն է հետազոտությունների և ուսումնասիրությունների շրջանակը:

-Մենք հիմնականում իրականացնում ենք այն տեսական հետազոտությունները, որոնք կազմում են ինֆորմատիկայի հիմքը. մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, ավտոմատների տեսություն, հանրահաշվական կոդավորման տեսություն, արհեստական բանականության և իմացական մոդելներ, դիսկրետ մաթեմատիկա, մաթեմատիկական վիճակագրության թվային մեթոդներ, նաև շատ արդիական համարվող պատկերների մշակում: Հենց տեսական հենքի վրա են ստեղծվում նոր տեղեկատվական տեխնոլոգիաները: Հայաստանում հիմնական մոտեցումը. վերցնել պատրաստի տեխնոլոգիան, ինչ-որ բան ավելացնել և անվանել նոր տեխնոլոգիա, բայց դա եղած տեխնոլոգիայի նոր կիրառությունն է ընդամենը: Նոր տեխնոլոգիան պետք է ունենա գիտական հիմք, որի արմատները տեսական հետազոտություններում են:

-Որպես ինստիտուտ ձեր առաքելությունը, գործառույթը ո՞րն է:

-Ծրագրային մշակումների և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ստեղծել ենք մեծ քանակությամբ ծրագրային համակարգեր` ԷՀՄ-ների մաթեմատիկական ապահովման համար: Այստեղ կարևորվում են մաթ.սպասարկման ինչպես համակարգային, այնպես էլ կիրառական ծրագրային փաթեթների մշակումները:

1990-ական թթ-ին սկսվել են ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցի ստեղծման աշխատանքները: Մշակվել և ներդրվել է Հայաստանում առաջին ռադիոմոդեմային ցանցը: Ցանցային միջավայրում ընդգրկվել են ՀՀ ԳԱԱ համակարգի բոլոր ինստիտուտները: Ստեղծված ցանցը ինֆորմացիոն շրջափակման դժվարին տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում տեղադրված արբանյակային ալեհավաքի միջոցով ապահովեց հայ գիտնականների կապը աշխարհի գիտական կենտրոնների հետ: Այսօր էլ այդ ցանցի սպասարկումը և զարգացումը իրականացնում է ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ն։ Ցանցը ASNET-AM անվան տակ ներկայացնում է Համաեվրոպական GEANT ցանցում Հայաստանի ազգային գիտակրթական ցանցը։ ASNET-AM-ը միավորում է գիտական և կրթական 65 կազմակերպություններ, ունի բազմաթիվ ծառայություններ և ռեսուրսներ, սեփական ելք դեպի ինտերնետ և միջազգային գիտական կենտրոններ։

-Այնուհետ, ինստիտուտում սկսվել էր բաշխված հաշվարկումների տեսական խնդիրների և կիրառական համակարգերի մշակման հետազոտությունների նոր փուլ:

Միջազգային տարբեր կենտրոնների հետ լայն համագործակցությամբ՝ իրականացվել են մի շարք միջազգային նախագծեր: 1997-ին տեղի ունեցավ համակարգչագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողով, որը ստացավ մասնագիտական ճանաչում և նպաստեց ժամանակակից հետազոտությունների զարգացմանը: Երկու տարին մեկ այդ գիտաժողովը անց է կացվում Հայաստանում և հավաքում 200-ից ավելի գիտնականների։ Այս տարի սեպտեմբերին կկայանա 11-րդ գիտաժողովը։

2002-ից Հայաստանում սկսվել են բարձրարտադրողական հաշվողական համակարգեր ստեղծելու աշխատանքներ: Միջազգային գիտական տեխնոլոգիական կենտրոնի մի շարք դրամաշնորհների և ՀՀ Կառավարության աջակցությամբ 2004-ին ԻԱՊԻ-ում ստեղծվել է առաջին բարձրարտադրողականությամբ Արմկլաստեր հաշվողական համակարգը: Հաջորդ 5 տարիների ընթացկում ԻԱՊԻ մասնագետները ԵՊՀ-ի, ՀՊՃՀ, ՀՀ ԳԱԱ ՌՖԷ ինստ-ի, ԵՖԻ-ի, Թբիլիսիի պետական համալսարանի աշխատողների հետ համատեղ ստեղծեցին այդ հիմնարկներում ևս 6 հաշվողական կլաստերներ, որոնց հիման վրա 2009-ին մշակվել և զարգացել է հաշվարկների և տվալների հենքերի բախշված համակարգչային միջավայրը:

2010-ին ԻԱՊԻ ջանքերով հիմնվել է ազգային գրիդ-նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրարտադրողականության համատեղ օգտագործման հաշվողական միջավայրի հասանելիության ապահովումը բարձր էներգիաների ֆիզիկայում, մոլեկուլյար կենսաբանության, աստղաֆիզիկայի և այլ բնագավառներում աշխատող գիտնականների համար:

Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ Կառավարության համատեղ դրամաշնորհների օգնությամբ՝ Հայական գրիդ կառուցվածքը մուտք ստացավ համաեվրոպական գիտական GEANT ցանց և եվրոպական գրիդ-միջավայր:

Ինֆորմատիկայի և ավտոմատացմա պրոբլեմների ինստիտուտը շահագրգռված կազմակերպությունների հետ զարգացնում է ազգային գրիդ-ենթակառուցվածքներ` գործնական կիրառությունների, օրինակ, եղանակի կանխատեսման և սեյսմիկ գործընթացների ուսումնասիրման, միջավայրի մոնիտորինգի համար: Ստեղծվել է լայն կիրառվող ամպային միջավայր և բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ գիտական, տեխնիկական և սոցիալական խնդիրների լուծման համար։

-2004 թվականից իրականացնում եք նաև մագիստրոսական ուսուցում: Ի՞նչ հաջողություններ ունեք այդ ուղղությամբ:

-Մագիստրոսական ուսուցումը իրականացնում ենք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով: Ամբիոնը գտնվում է մեր ինստիտուտում։ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ և արտասահմանյան կազմակերպությունների համագործակցության շրջանակում վերջին տարվա ընթացքում մեր 8 մագիստրանտներ գործուղվել են ուսուցանվելու 6 ամսով /մեկ կիսամյակ/ Ֆրանսիա Թուլուզի Համալսարան համապատռասխան։ Ամեն տարի 3-4 լավագույն մագիստրոսների ընդունում էնք ասպիրանտուրա։ Ասպիրանտուրայի ավարտից հետո նրանք աշխատաում են մեզ մոտ։

Բայց կադրային հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդներին չենք կարողանում երկար պահել ինստիտուտում, գիտության մեջ: Արդյունքում ունենք մի կողմից՝ շատ երիտասարդ, մյուս կողմից` 60-ն անց գիտնականներ. միջին տարիքային խումբը, որը համարվում է գիտությամբ ակտիվ զբաղվող ու արդյունք տվող՝ բացակայում է: Երիտասարդը գիտության մեջ իր ապագան չի տեսնում, չի տեսնում իր ու իր ընտանիքի բարեկեցությունը, և կա՛մ արտասահմանում շարունակում իրենց գիտական կարիերան, կա՛մ թողնում գիտությունը` աշխատանքի անցնելով որևէ կազմակերպությունում: Փաստորեն այդ մասնավոր ընկերությունները պատրաստի կադր են «նվեր ստանում» պետությունից: Կարծում եմ` այդ ընկերությունները կա՛մ պետք է որոշակի գումար վճարեն պետությանը, և այդ գումարները կներդրվեն ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներում, կա՛մ մասնակցեն համապատասխան մասնագիտացմամբ դասընթացների կազմակերպմանը:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ինստիտուտի ներկան:

-Այսօր մենք ֆինանսավորվում ենք մի շարք պետական ծրագրերի շրջանակում՝ բազային, նպատակային, թեմատիկ և այլ: Ունենք նաև միջազգային գրանտներ։ Համագործակցում ենք արտակարգ իրավիճակների, պաշտպանության, բնապահպանության նախարարությունների հետ։ Հետաքրքիր աշխատանքներ ենք անում որոշ ֆիրմաների հետ։ Վերջին 5 տարիների ընթացքում 20-ից ավելի միջազգային նախագծեր ենք իրականացրել: Բայց այս ձեռքբերումները զարգացնելու համար պետական աջակցության կարիք ունենք՝ ստեղծել ազգային սուպերհամակարգչային կենտրոն:

-Ի՞նչ կենտրոնի մասին է խոսքը:

-Սուպերկոմպյուտերային տեխնոլոգիաները այսօր աշխարհում համարվում են կարևորագույն զարգացման ուղություններից մեկը։

Սուպերկոմպյուտերային տեխնոլոգիաները հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ ռազմավարական և կիրառական խնդիրներ, որոնց մոդելավորումը պահանջում է հսկայական հաշվարկներ, ակտիվ օգտագործման դեպքում կբերեն արմատական փոփոխությունների տնտեսությունում, բարձր արտադրողականության հաշվողական միջոցները օգտագործման շնորհիվ նոր հնարավորություններ կտրամադրեն գիտական և կրթական համայնքին հետազոտությունների, հեռահար ուսուցման և մեծ տվյալների պեղման բնագավառներում: ՀՀ ռազմական և տնտեսական անվտանգությունը այն կարևորագույն ոլորտներից է, որը պահանջում է սուպերկոմպյուտերային միջոցներ:

Այս տիրույթում հատուկ տեղ են գրավում մշտադիտարկման (մոնիտորինգի) խնդիրները: Դրանք այսօր աշխարհում լուծում են՝ կատարելով արբանյակային բազմասպեկտրալ նկարների վերլուծությունը: Այդ վերլուծության միջոցով, օգտագործելով մեր գիտական կազմակերպություններում ստացած արդյունքները, հնարավոր է ճանաչել տարբեր օբյեկտները, ստուգել օդի, ջրի, ճանապարհների, բնական պաշարների և շատ այլ ռեսուրսների վիճակը։ Ավտոմատացված համակարգերի միջոցով՝ հնարավոր է իրականացնել մշտադիտարկումը, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնել համապատասխան քայլեր։

Կարևոր խնդիրներ. սուպերկոմպյուտերային տեխնոլոգիաների օգտագործմամբ կարելի է լուծել տեղեկատվական անվտանգության, այլըտրանքային և բնական էներգետիկայի, նոր նյութերի ստացման, առողջապահության, դեղագործության, արտակարգ իրավիճակների մոդելավորման և շատ այլ խնդիրներ՝ համակարգային մոդելավորման և տվյալների մշակման միջոցով։

Այսպիսով, վերոնշված խնդիրների լուծման մեջ առաջխաղացումը անհրաժեշտաբար պահանջում է ապահովել Հայաստանում հզոր հաշվողական ռեսուրսների միջավայր։