ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ՆԵՐԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Չափագիտության ազգային ինստիտուտը մեր երկրում չափագիտական խնդիրների օրենսդրորեն սահմանված կարգի ապահովման և իրականացման երաշխավորն է:

Չափագիտության ազգային ինստիտուտը ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ.-ին ճանաչվել է Չափագիտության ազգային մարմին և իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնում է չափագիտության բնագավառում պետական քաղաքականություն, ստեղծում, պահպանում և կատարելագործում է մեծությունների միավորների ազգային չափանմուշները, կատարում է չափման միջոցների ստուգաչափումներ, հետևելիությունն ապահովելու նպատակով՝ տրամաչափարկումներ, չափագիտության բնագավառում կադրերի ուսուցում և վերապատրաստում, անդամակցում է ոլորտի միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին:

Կարևորելով միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ 2007թ.-ից Չափագիտության ազգային ինստիտուտը, որպես լիիրավ անդամ, անդամակցում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ասիական և այլ տարածաշրջանների երկրների չափագիտական կազմակերպությունների համագործակցության ֆորումին՝ ԿՕՕՄԵՏ-ին:

ԿՕՕՄԵՏ-ին անդամակցումը թույլ է տալիս մասնակից երկրներին, համաձայնեցված կանոնների և կարգերի շնորհիվ, առավել արդյունավետ լուծելու իրենց երկրներում ազգային մակարդակով առկա չափագիտական խնդիրները: Սրան նպաստում է համագործակցությունը ԿՕՕՄԵՏ-ի Եվրասիական Չափագիտական ինստիտուտների թվով 15 Տեխնիկական Կոմիտեին:

Հիշարժան է 2016թ.-ին Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից Երևանում կազմակերպած ԿՕՕՄԵՏ-ի 26-րդ նիստը՝ 12 անդամ-երկրի չափագիտական կառույցների, նաև Օրենսդրական Չափագիտության Միջազգային Կազմակերպության (OIML-МОЗМ) և Չափի ու կշռի միջազգային բյուրոյի (BIPM) ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս միջազգային ֆորումը ՀՀ-ում անցկացնելը մեր երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու և միջազգային կառույցներին ինտեգրվելու, դրանց հետ համագործակցելու հաջողված միջոցառում էր:

Ներկայումս Չափագիտության ազգային ինստիտուտի ձեռնարկած քայլերը և ապագային միտված զարգացումներն արժևորվում են ոլորտի մասնագետների կոմպետենտության ապահովմանն ուղղված և միջազգային պահանջներին համարժեք վերապատրաստումներով:
Չափագիտության ազգային ինստիտուտն իր Ուսումնական կենտրոնի միջոցով՝ համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի (գլուխ 3, հոդված 11, կետ 14) կազմակերպում է չափագիտության բնագավառում կադրերի մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, ինչպես նաև տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր՝ 3 տարի գործողության ժամկետով:

Դասընթացներն անցկացվում են հաստատված ուսումնական ծրագրերով, ինտերակտիվ մեթոդներով և արդիական տեխնոլոգիաներով՝ ՀՀ բուհերի դասախոսների և ոլորտի փորձառու մասնագետների միջոցով, որոնք վերապատրաստվել են Գերմանիայի Չափագիտության ազգային ինստիտուտի (PTB-ֆիզիկա-տեխնիկական դաշնային ինստիտուտ) օժանդակությամբ և ծրագրերով:

Դասընթացների ծրագրերը համապատասխանում են OIML-МОЗМ-ի հանձնարարականներին և փաստաթղթերին, ISO և ISO/IEC շարքերի ստանդարտների պահանջներին: Թրեյնինգները հիմնված են մոդուլային մոտեցումների վրա և ներառում են օրենսդրական չափագիտության հիմունքների, չափման միջոցների ստուգաչափման և տրամաչափարկման պահանջների, չափումների հետևելիության ապահովման, չափումների անորոշությունների գնահատման, փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրավասությանը ներկայացվող պահանջների ուսուցումներ (ISO/IEC 17025, ISO/IEC 17043 ստանդարտների պահանջներ):

Ուսումնական Կենտրոնը, որպես չափումների միասնականության ապահովման ոլորտում մասնագիտացած միակ կառույց, իրականացնում է ՀՀ բուհերի դասախոսների և ուսանողների ուսուցումներ և վերապատրաստումներ՝ օգտագործելով ինստիտուտի լաբորատորիաների հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների և մագիստրոսների համար կազմակերպում է արտադրական և նախադիպլոմային պրակտիկաներ, ավարտական աշխատանքների ձևակերպման խորհրդատվություն և աջակցություն:

Այս պահանջված գործունեությամբ և ապագա մասնագետներին արդիական գիտելիքներով զինելու հոգածությամբ՝ Չափագիտության ազգային ինստիտուտը բարի համբավ է վաստակել ՀՀ մի շարք բուհերի շրջանում:

Կապված ոլորտում ներգրավված մասնագետների կոմպետենտության ցուցիչների վերանայման հետ՝ Չափագիտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրենի որոշմամբ Ուսումնական Կենտրոնի միջոցով կանցկացվեն համընդհանուր վերապատրաստումներ՝ միջազգայնորեն սահմանված պահանջներով:

Ուսումնական Կենտրոնի 3 տարվա գործունեությունը ապացուցել է, որ զարգացման միտումներն ակնհայտ են, ինչպես նաև հայտատուների շրջանում կատարված հարցումները բացահայտել են, որ հատկապես մեծ պահանջարկ ունեն չափման անորոշությունների գնահատման և չափման հետևելիության ապահովման հարցերին նվիրված թրեյնինգները, որոնք ցանկացած փորձարկման կամ տրամաչափարկման լաբորատորիաների կոմպետենտության գնահատման ինդիկատորներն են: Վերը նշված դասընթացները վարելու համար նախատեսվում է Կենտրոնի անձնակազմի համալրում՝ այդ ոլորտում վերապատրաստված մեթոդիստ-թրեյներներով:

Կենտրոնն արդեն ունի իր ծառայություններից օգտվող այնպիսի հեղինակավոր և մեր երկրի համար նշանակալի ու պատասխանատու կառույցներ, ինչպիսիք են «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը, «Հարավ-Կովկասյան երկաթուղի»-ն, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»-ը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն:

Կենտրոնը հետամուտ է իր հիմնական կարգախոսին, այն է՝ երբեք հուսախաբ չանել հայտատուներին:

Օրենսդրական չափագիտության ոլորտի, մասնավորապես՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին հանրության տարբեր շերտերին իրազեկումը, հիմք ընդունելով այն թեզիսը, որ յուրաքանչյուր սպառող պետք է ունակ լինի սեփական գիտելիքներով ոլորտում ծագած խնդիրները լուծելու և դրանց միջոցով իրեն պաշտպանելու, որը թույլ կտա բարձրացնելու չափագիտության տեղի և դերի մասին հանրության վարկանիշը և գնահատականը:

Չափագիտության ազգային ինստիտուտը լուրջ ուշադրություն է դարձնում գիտական չափագիտության զարգացմանը:

Չափագիտության հիմնարար ուղղությունը՝ գիտական չափագիտությունը, համարվելով չափիչ տեխնիկայի հիմքը, զբաղվում է չափումների բազմակողմանի ուսումնասիրությամբ. չափումների մեթոդներով և մեթոդիկաներով, ֆիզիկական մեծություններով, չափման միավորներով, չափանմուշների ստեղծմամբ և կատարելագործմամբ, չափումների արդյունքներով, չափումների սխալանքներով և այլն: Առանձնացվում և մեծ տեղ է տրվում սարքավորումների ճշտությանը և վստահությանը:

Չափագիտության ազգային ինստիտուտի ուսումնական և գիտական բլոկները կառավարվում և հսկելի են դառնում որակի կառավարման համակարգի ISO 9001:2015 ստանդարտով սահմանված պահանջների ներդրման և արդյունավետության գնահատման միջոցով: Արդեն այս խնդրով բարձրադիր ղեկավարության համար կազմակերպվել են տեղեկատվական սեմինարներ:

 

2017 թվականը թեժ է լինելու. գործարկված ընթացակարգերի, մասնավորապես որակի կառավարման համակարգի ստանդարտի վերջին տարբերակի կիրառումը կապահովի Չափագիտության ազգային ինստիտուտի գործառույթների հստակ իրականացումը, թափանցիկությունը, գործընթացների հետևելիությունը, անհամապատասխանությունների բացահայտումը, ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների արդյունավետությունը, և որ ամենակարևորն է՝ կնպաստի անձնակազմի պատասխանատվության բարձրացմանը, բարելավման լուծումների և առաջարկների միջոցով չափումների միասնականության ապահովման ոլորտի առաջընթացին: