Կրթությունը չի կարող լինել ինքնանպատակ

Բարձրագույն կրթությունը Հայաստանում չի հանդիսանում առաջատար ու նոր տեխնոլոգիաներ մշակող: Այն պասիվ դերակատար է՝ բավարարվելով պետական ու մասնավոր կազմակերպությունների պատվերով կադրերի պատրաստման հարցով: Բուհերը հանդես չեն գալիս նոր առաջարկներով, նոր ոլորտների ստեղծման, տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման նախաձեռնություններով: Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Մհեր Մակոսյանի կարծիքով հենց բուհերը պիտի լինեն արդյունաբերության ու տնտեսության զարգացման դրոշակակիրները:

 

 

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում բարձրագույն կրթական համակարգի զարգացման մեջ:

-Բուհերը փորձում են որակյալ կադրեր պատրաստել, ուսումնական գործընթացի նոր ու ժամանակակից մեթոդներ ներդնել: Բայց նախևառաջ պետք է լուծվեն մի քանի էական հարցեր: Ինձ ավելի մոտ է ինժեներական կրթությունը, և համապատասխանաբար՝ արտահայտած մտքերս կվերաբերեն այդ ուղղություններին: Առաջինը` կադրեր պատրաստողի հարցն է: Եթե դասախոսը ֆինանսական խնդիրներ ունի, եթե նա բուհից բուհ է վազում, որ քիչ թե շատ նորմալ միջոցներ ունենա, եթե նա իր ժամանակը վատնում է այդ վազքի մեջ` չկարողանալով կատարելագործվել, ցանկալի արդյունք անհնար է սպասել: Երկրորդը` ուսանողության կրթական ցածր մակարդակն է: Նախ, որպես կանոն, սարսափելի վատ կոնտինգենտ է գալիս բուհ դպրոցներից: Ուսանող ունենալու համար ընդունելության քննությունները դարձրել են համարյա հարցազրույց, չկա մրցակցություն, այդտեղից կարելի է ենթադրել` ով է գալիս բուհ սովորելու: Օրինակ՝ մենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ինժեներական մասնագիտությունների ոլորտում ունենք մոտ 3-4 հազար մասնագետի պահանջարկ: Կարելի է ասել, որ տարեկան պատրաստում են մոտ այդքան շրջանավարտ, բայց պահանջվող մակարդակի գիտելիքներ ունեն ու դրանք կիրառել կարողանում են նրանց փոքր մասը: Այդ մասին կարելի է երկար խոսել, որովհետև դա համակարգային հարց է, և բարելավումները պետք է սկսվեն դպրոցներից: Միայն նշեմ, որ առաջին հերթին հենց ուսանողությունը պիտի իր գիտելիքներն օբյեկտիվորեն գնահատի և որակյալ կրթության պահանջատեր դառնա: Ի դեպ, ունենք հրաշալի ուսանողություն, որն ունի բարձր ինքնագիտակցություն և քաղաքացիական ճիշտ դիրքորոշում: Երկրորդ հերթին բուհերը պետք է փոխեն իրենց մոտեցումները դեպի զարգացում: Բուհը չպիտի սպասի, որ իրեն օգնեն, կադրեր պատվիրեն: Ինքը պետք է աշխատի նոր տեխնոլոգիաների ստեղծման, դրանց շուկային առաջարկման, ու համապատասխան կադրերի պատրաստման ուղղությամբ: Օրինակ՝ Խորհրդային տարիներին Հայաստանում զարգացած էին մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրատեխնիկան, որոնք այսօր գտնվում են ճգնաժամային վիճակում: Այդ ոլորտներում որակյալ մասնագետների պահանջի համար առաջին հերթին բուհերում պետք է ստեղծվի մթնոլորտ համապատասխան STARTUP-ների ստեղծման, դրանց զարգացման ուղղությամբ: Իմ համոզմամբ՝ բուհերում պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ այդ ասպարեզների հիմնախնդիրներով զբաղվող խմբերի ֆինանսավորման համար, որը կհանդիսանա դրանց վերաթողարկման գրավականը: Բուհը պիտի դառնա տարբեր ասպարեզներում նոր տեխնոլոգիաների զարգացման դրոշակակիր, ինքը իր պատրաստած կադրերով հնարավորություն տա ստեղծել նոր ձեռնարկություններ, ու այդ ասպարեզում մրցակցի այլ երկրների հետ, կազմակերպի փորձնական արտադրություններ, դառնա տեխնոլոգիայի փոխանցող: ԵՎ, որ արտադրություն կազմակերպելու համար բոլորը գան բուհ՝ տեխնոլոգիա ձեռք բերելու: Ես այդպես եմ տեսնում տեխնիկական բարձրագույն կրթության զարգացման ուղին: Հեշտ աշխատանք չէ, բայց ի՞նչն է հեշտ կյանքում:

-Իսկ ի՞նչ դերակատարություն ունի Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը կրթական համակարգում:

-Ինստիտուտը ակտիվորեն համագործակցում է բուհերի հետ: Մեր հենքի վրա ստեղծվել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի «հեռահաղորդակցություններ» բազային ամբիոնը, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում «ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր» ամբիոնը: ԵրԿՄԳՀԻ-ում ուսանողները անց են կացնում իրենց բոլոր մասնագիտական լաբորատոր, գործնական աշխատանքները և հնարավորինս մասնակցում են ինստիտուտում իրականացվող ապարատային և ծրագրային միջոցների ստեղծման գործընթացներին: Այդ աշխատանքները դառնում են իրենց հետագա դիպլոմային նախագծերի թեմա: Դասերն անցկացվում են մեր ուսումնական կենտրոնում: Այս բուհերին տրամադրել ենք մեր բոլոր հնարավորությունները` նպատակ ունենալով աջակցել որակյալ կադրերի պատրաստմանը: Համագործակցում ենք նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Հաստատել ենք կապեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ:

-Դա օգնո՞ւմ է ապահովել կայուն սերնդափոխություն ինստիտուտում:

-Որոշ չափով` այո: Նշված ամբիոնները ստեղծվեցին հենց այդ նպատակով: Մենք լրացուցիչ կազմակերպում ենք նաև կուրսեր այն ուսանողների համար, ովքեր ուզում են մնալ, սովորել: Կան պրոբլեմներ՝ կապված աշխատավարձերի մրցավազքի հետ: Կան ձեռնարկություններ, որոնք կադրային հարցը լուծում են այս կամ այն ձեռնարկության աշխատողներին մի քիչ ավել աշխատավարձ տալով և իրենց մոտ հրավիրելով: Այստեղ կան հարցեր՝ կապված պայմանագրային մեխանիզմների իրականացման հետ, երբ ձեռնարկությունը վճարում է նպատակային մասնագետ պատրաստելու համար՝ ակնկալելով, որ նրանք պետք է որոշակի տարիներ աշխատեն տվյալ ձեռնարկությունում: Վերջինս չի խրախուսվում պետության կողմից: Մեր կոլեկտիվում ունենք լավ երիտասարդներ, որոնք ունեն ձգտում և աշխատում են իրենց վրա, բնականոն արագությամբ՝ մեզ մոտ հասնելով հաջողության: Ինժեներական աշխատանքների ասպարեզում կարևոր է ունենալ տեխնոլոգիական կրթություն, որը ընդգրկում է գիտելիքներ նաև հարակից մասնագիտություններից:

-Խնդրում եմ մանրամասնեք` ի՞նչ աշխատանքներ են դրանք, և ընդհանրապես ի՞նչ գործունեություն է ծավալում ինստիտուտն այսօր:

-Չանրադառնալով ինստիտոտի 1978թ-ից եկող պատմությանը՝ ասեմ, որ ես ինստիտուտ եմ եկել 1992թ., երբ այն փակման եզրին էր. 600 հոգանոց աշխատակազմից մնացել էր 35-ը: Մենք միավորեցինք մեր ուժերը ու ձեռնամուխ եղանք նոր արտադրատեսակների ստեղծմանը: Մեզ հաջողվեց ստեղծել համագործակցություն Հունաստանի մի քանի ձեռնարկությունների հետ: Ստացանք ռադիո կոմպոնենտների պատրաստման պատվեր: Այդ պատվերի արդյունքների շնորհիվ՝ մեզ սկսեցին ճանաչել ու պատվերներ տալ նաև այլ երկրներից` Իրան, Արաբական Էմիրություններ, Չինաստան և այլն: Այսօր ինստիտուտում արդեն 100 հոգի ենք և համագործակցում ենք ևս մոտ 50 այլ մասնագետների հետ: Ինստիտուտի գործունեության ոլորտներն են՝ ծրագրային համակարգերի, ուսումնական ստենդների, ռադիոլոկացիոն կայանների, կապի համակարգերի նախագծում և պատրաստում, ռադիոտեխնիկական և օպտիկամանրաթելային համակարգերի համար սարքերի, հանգույցների մշակում և պատրաստում, ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկայի էլեմենտների նախագծում, բարդ մեխանիկական համակարգերի մշակում և պատրաստում, օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի ժամացույցը և այլ բարդ անտենային համակարգեր, տեխնոլոգիական վերահսկողության համակարգերի համար միկրոկոնտրոլերների մշակում և պատրաստում:

-Փաստորեն դուք ոչ միայն գիտահետազոտական, այլև տեխնոլոգիական և արտադրական կենտրոն եք:

-Այո՛, մենք դարձել ենք տեխնոլոգիական կենտրոն, որը ծառայություններ է առաջարկում այլ ձեռնարկություններին և անհատներին: Շատերը բերում են իրենց աշխատանքները այստեղ իրականացնելու, որովհետև ստեղծված են բավարար պայմաններ, առաջարկվում է մրցունակ գին: Իրենց հնարավորություն է տրվում հետևելու տեխնիկական գործընթացներին: Տեխնոլոգիական բազան՝ իր մեխանիկական, քիմիական, լազերային, միկրոէլեկտրոնիկայի տեղամասերով, թույլ է տալիս բարդ ու որակյալ արտադրանք տալ, շուկային առաջարկել նոր համակարգեր: Ստացվող շահույթը ներ ենք դնում նոր տարատեսակ մշակումներում: Օրինակ՝ մշակված է բարդ պայմաններում աշխատող տվիչների շարք, և հիմա աշխատում ենք դրանք տարածել միջազգային շուկայում: Ստեղծել ենք մի ուսումնական ստենդ՝ կառավարվող խամաճիկ, որը ներդրել ենք խաղերի միջոցով ծրագրավորման դասընթացներում: Այժմ, սովորողների պահանջով, ստենդը կատարելագործել ենք՝ բերելով այն տիկնիկային թատրոնի տեսքի, և պատրաստում ենք վերջինիս արտադրությունը: Մեր սկզբունքն է՝ ստեղծել նորը, որի հիման վրա կարելի կլինի ստանալ պատվեր:

-Ի՞նչ են պատվիրում արտերկրից այս ինստիտուտին: Ի՞նչ է, որ չեն կարող իրենց երկրում անել ու այստեղ են պատվիրում:

-Մենք ոչ թե սպասում ենք, որ մեզ ինչ-որ բան պատվիրեն, այլ ինքներս ենք նրանց առաջարկում մեր մշակումները, որոնք իրենցից որոշակի նորություններ են ներկայացնում: Բացի դրանից, այստեղ հավաքվել է մի կոլեկտիվ, որը կարողանում է մշակել ու ստեղծել, որը տիրապետում է ստեղծագործելու համար անհրաժեշտ ստանդարտներին ու մեխանիզմներին: Հենց դրանով էլ հետաքրքրություն ենք ներկայացնում նրանց համար: Մենք մրցակցում ենք ազատ շուկայում:

-Ո՞րն եք համարում ինստիտուտի գլխավոր ձեռքբերումը:

-Գլխավորը մեր կոլեկտիվն է, որը տարիների ընթացքում դարձել է ավելի կուռ, ամուր: Մեր կոլեկտիվի անդամները տարբերվում են իրենց ստեղծագործական մոտեցմամբ, որը դարձել է ապրելակերպ: