Գիտության զարգացումը՝ երիտասարդ կադրերով

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ստեղծումը Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացմանն ուղղված քայլերից մեկն էր, որը դեպի գիտություն ուղղորդեց բազմաթիվ երիտասարդ կադրերի: Կենտրոնը ղեկավարում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գուրգենի Սարգսյանը: Նա մեծապես կարևորում է երիտասարդների շարունակական ներգրավվածությունը գիտության մեջ և ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մագիստրոսական ծրագրի ներդրումը համարում այդ ուղղությամբ կատարված կարևորագույն քայլերից մեկը:

 

 

-Ո՞րն էր ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մագիստրոսական ծրագիր ներդնելու նպատակը, և ի՞նչ հաջողություններ եք ունեցել այս ընթացքում:

-Մագիստրոսական կրթությունն Ակադեմիայի համակարգում կազմակերպվեց բացառապես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջոցներով՝ օգտագործելով ԳԱԱ տարածքային, գիտական, նյութատեխնիկական հնարավորությունները: ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը նպատակ է հետապնդում` արագացնելու անցումը կրթությունից դեպի գիտական գործունեություն: Մագիստրոսների պատրաստումը ակադեմիական միջավայրում թույլ է տալիս մագիստրանտներին հնարավորինս արագ ինտեգրվել գիտական հասարակայնությանը և ձեռք բերել գիտական մտածողություն: Ուսումնական ծրագրերով նախատեսված հետազոտական աշխատանքները տարվում են համապատասխան գիտահետազոտական հաստատություններում, ինչը թույլ է տալիս բարձրագույն կրթությանը հաղորդել ճկունություն, այն կողմնորոշել դեպի գիտության արդի հիմնախնդիրներ, խորացնել մասնագիտական պատրաստվածությունը: Ակադեմիայի համակարգում մագիստրոսական կրթության իրականացումը խիստ անհրաժեշտ է որակյալ կադրերի պատրաստման, հետագայում այդ կադրերով համակարգի գիտական կազմակերպությունները համալրելու առումով: Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր շրջանավարտներից շատերն արդեն աշխատում են Ակադեմիայի համակարգում: Մեր դիմորդները հանրապետության տարբեր բուհերից են, դիմորդներ ենք ունենում նաև արտերկրից. այս հանագմանքը ապահովում է ուսանողների շարժունությունը, որն այդքան կարևորվում է այսօր: Ուսանողների շարժունությունն ապահովելու նպատակով՝ աշխարհի որոշ առաջատար բուհեր մագիստրատուրա ընդունում են միայն այլ բուհերի ուսանողների:

Մեր ձեռքբերումներից է նաև 2014թ. դեկտեմբերից հեռավար լրացուցիչ կրթության իրականացումը, որի շրջանակներում հասարակական որոշակի խմբեր (շրջանավարտներ, գործազուրկներ, տնային տնտեսուհիներ, հատուկ կարիքներ ունեցող անձինք, քաղաքացիական ծառայողներ և այլք) կարող են հեռավար ձևով կրթություն ստանալ: Հեռավար դասընթացների առանձնահատկությունն այն է, որ ժամային սահմանափակումներ չկան, դասընթացներն ասինքրոն են, այսինքն՝ դասախոսը և ուսանողը միմյանց կարող են և չհանդիպել, շփումն իրականացվում է առցանց տարբերակով՝ ֆորումների, հեռավար գիտաժողովների և այլ միջոցներով, իսկ հանձնարարություններն ուսանողները ներկայացնում են առցանց՝ հեռավար ուսուցման հարթակում: Փորձը ցույց տվեց, որ հասարակության շրջանում շատ մեծ է հետաքրքրությունն առցանց դասընթացների նկատմամբ, որը շարունակական կրթության լավագույն մոդելն է: Մեր կողմից կամակերպված հեռավար 20 դասընթացներին արդեն իսկ մասնակցել և հաջողությամբ ավարտել են մոտ 700 հոգի: Մենք ակնկալում ենք ապագայում որոշ մասնագիտությունների գծով իրականացնել նաև առցանց մագիստրոսական կրթական ծրագիր՝ մագիստրոսի կրթական աստիճանի շնորհմամբ:

-Ի՞նչ խնդիրների հետ եք հիմնականում առնչվում և լուծման ի՞նչ տարբերակներ եք տեսնում:

-Խնդիրների մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ակադեմիայի համակարգում մագիստրոսական կրթության կազմակերպումը Հայաստանում չուներ իր նախադեպը: Մենք չունեինք որևէ օրինակ, որին կարողանայինք հետևել և այդ փորձը զարգացնել: Մեր Կենտրոնը, հետազոտական համալսարանի նախատիպը լինելով, ունի էական տարբերություններ արտասահմանյան հետազոտական համալսարաններից: Եթե արտասահմանյան հետազոտական համալսարաններն իրենց կազմում ունեն գիտական կառույցներ, մեր դեպքում Կենտրոնը, լինելով ԳԱԱ ստորաբաժանումներից մեկը, համագործակցում է համակարգի գիտական կազմակերպությունների հետ` այդ կազմակերպություններում տեղադրելով համապատասխան ամբիոնները:

Մեկ այլ խնդիր է ուսման որակի ապահովումը: Վճարովի ուսուցման համակարգում, հայտնի պատճառներով, շատ դժվար է կրթության որակի լիարժեք ապահովումը: Ուսման անվճար համակարգը զերծ էր նման խնդիրներից. ղեկավարությունը չէր վարանում ազատվել ուսման մեջ թերացող ուսանողներից, և ուսանողն էլ աշխատում էր գիտելիք ստանալ: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ ուսանողը ձգտի ստանալ ավելին, գիտակցի, որ թերի գիտելիքներով չի կարող աշխատել հետագայում: Այդ առումով աշխատանքներ պիտի տարվեն՝ գործատուների հետ կապ հաստատելու, շուկայի պահանջարկը հաշվի առնելու համար: