Սիներգիա. հեռահար կրթություն բարձր չափանիշներով

Համաշխարհային չափանիշներով որակյալ կրթություն ռուսական առաջատար համալսարաններից մեկում. սա այսօր հնարավոր է ձեռք բերել ոչ միայն հայրենիքում, այլև մայրենի լեզվով: Մոսկովյան Սիներգիա ֆինանսաարդյունաբերական համալսարանն արդեն իր մասնաճյուղն ունի Հայաստանում՝ տնտեսագիտական և կառավարման ոլորտի մասնագիտությունների բազայով և կրթական ինքնատիպ մեթոդներով:

Համալսարանի հայկական մասնաճյուղն իր ձևավորման առաջին շրջանում առաջարկում է մենեջմենթ, բանկային գործ, էկոնոմիկա և հաշվառում, հյուրանոցային և ռեստորանային բիզնես, առևտուր, ֆինանսներ և այլ մասնագիտություններ՝ բակալավրի և մագիստրոսի աստճաններով: Ուսուցումը կազմակերպվում է հեռահար ուսուցման հատուկ մեթոդներով, որոնց արդյունավետությունն ապացուցված է համալսարանի գոյության 27 տարիների փորձով: Այդ մեթոդներն արդեն 3 տասնամյակ հաջողությամբ կիրառվում են Սիներգիա համալսարանում և բիզնես դպրոցում:

Սիներգիա համալսարանում գոյություն չունի ուսումնական տարի հասկացությունը: Սա հեռահար ուսուցման ծրագրի կարևոր առանձնահատկությունն է: Ընդունելության թեստերը հաջող անցած և կուրս ընդունված դիմորդը կարող է սկսել իր ուսումը յուրաքանչյուր ամսվա առաջին օրվանից: Իսկ կրթական ծրագիրը հայերեն անցնելու համար՝ համալսարանում աշխատում է թարգմանիչների և խմբագիրների մասնագիտացված խումբ: Ինչպես վստահեցնում է Սիներգիա համալսարանի գործադիր տնօրեն Վադիմ Լոբովը՝ մեկ տարուց արդեն թարգմանված կլինի ամբողջ մասնագիտական գրականությունը: Սիներգիայի ուսումնական ձեռնարկներն անընդհատ թարմացվում և բարելավվում են ժամանակին համահունչ, նշանակում է՝ հայկական տարբերակներում ևս պարբերաբար լրացումներ կարվեն:

Հայերենով սովորելու փաստն, ի դեպ, ամենևին էլ չի նվազեցնում ռուսերենի իմացության պահանջները: Հակառակը՝ ռուսերենը պատշաճ մակարդակով սովորելու լավագույն հնարավորություններից մեկն է սա:

Մեծ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների և իրենց վարիչների հաղորդակցման պրոցեսին, որի ընթացքում ուսանողները կարող են անհրաժեշտ խորհուրդները ստանալ մայրենի լեզվով՝ հայերենով: Նման շփումը համալսարանն ապահովում է հեռահաղորդակցման այսօրվա տեխնոլոգիաներով: Իսկ ինչո՞ւ է դա կարևոր: Հեռահար ուսուցում ենթադրում է ուսանողի զուգահեռ զբաղվածությունը, ընդ որում՝ տարբեր ժամերի, ուստի՝ յուրաքանչյուրն ունի իր անհատական գրաֆիկը: Սա արդեն իր հերթին ինքնուրույն աշխատանք և կազմակերպվածություն է պահանջում: Ուսանողի հոգեբանության բոլոր նրբությունները հաշվի առնելով՝ ներդրված է այնպիսի մեխանիզմ, որ ուսանողն իրեն մենակ չզգա իր առաջադրանքների հետ. հակառակը՝ նա պետք է ակտիվ ներգրավված լինի հաղորդակցման պրոցեսում ուսման ամբողջ ընթացքում: Անձնական հաղորդակցումը վարիչների և դասախոսների հետ օգնում է պահել ուսման հանդեպ մոտիվացիան, թույլ չի տալիս նաև կուտակել ակադեմիական պարտքեր, ուսանողի հետ պարբերապար կարգավորվում է նրա գրաֆիկը:

Որպես հետևանք այս ամենի՝ ինչ արդյունքների մասին կարող ենք ընդհանրապես խոսել: Այսպես՝ օպտիմալ գիտելիքների պաշարը առաջնային տեղում է, դրան է հենց ձգտում ցանկացած ուսանող, այն է՝ ժամանակի և ջանքերի արդյունավետ օգտագործում՝ առավելագույն արդյունքի դիմաց: Ժամանակի ճիշտ օգտագործումը թույլ է տալիս լինել առավել մոբիլ, ինչն անփոխարինելի ձեռքբերում է ժամանակակից մարդու համար: Իրենց վարիչների հետ շուրջօրյա խորհրդատվությունը ոչ միայն գիտելիքը հարստացնելու, այլև մասնագիտական կոնկրետ իրավիճակներում լուծումներ գտնելու լավագույն եղանակներից մեկն է: Ժամանակակից տեխնոլոգիաներն այսօր մարդուն շատ մեծ հնարավորություններ են տալիս: Եթե կարողանում ես ավելի կրեատիվ լինել ու ճիշտ օգտագործել դրանք, ապա հաջողության ճանապարհը բաց է: Եվ շատ կարևոր մի փաստ. Online կրթությունը շատ ավելի էժան է, քան ստացիոնար կրթությունը: Սիներգիա համալսարանում ուսումը հաջող ավարտելուց հետո ուսանողները ստանում են ռուսական պետական նմուշի դիպլոմ, դրա հետ մեկտեղ՝ համաեվրոպական հավելված Diploma Supplement, որը թույլ կտա շրջանավարտներին աշխատել Եվրոպայում:

Այս բուհն ունի բարձր հեղինակություն ոչ միայն Ռուսաստանում, որտեղ բոլոր մարզերում /երկրամասերում/ գործում են իր մասնաճյուղերը, այլև միջազգային ճանաչում՝ ներկայանալով 25 երկրներում: Համալսարանն ընդգրկված է Համալսարանների միջազգային ասոցիացիայի (International Association of Universities) կազմի մեջ, հանդիսանում է Համալսարանների Մեծ Խարտիայի անդամ (Magna Charta Universitatum), Էլեկտրոնային ուսուցման որակի երաշխիք Եվրոպական հիմնադրամի անդամ (The European Foundation in E-learning, EFQUEL): Դրանցից բացի՝ Սիներգիա համալսարանի բիզնես դպրոցի ուսուցման ծրագրերը 2001 թվականին առաջինը ՌԴ-ում արժանացան հեղինակավոր ակրեդիացիայի Association of MBAs (AMBA), որը հնարավորություն է տալիս գործնական կառավարման աստիճանի դիպլոմները ճանաչել ամբողջ աշխարհում:

Սիներգիայի հայաստանյան մասնաճյուղը միայն մայրաքաղաքով չի սահմանափակի իր գործունեությունը: Այն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, ուստի` Սիներգիայի միջոցով ռուսական բարձրագույն ուսուցումը հասանելի կդառնա ՀՀ մարզերի բոլոր բնակիչների, համար, նույնիսկ` ամենահեռավոր մարզերում:

Հեռանկարային ևս մեկ ծրագիր այսօրվա օրակարգում է: Հայաստանյան մասնաճյուղի և հայկական առաջատար բուհերից մեկի հետ համագործակցությամբ նախատեսվում է նաև ներդնել յուրատեսակ մի ծրագիր, որը կպատրաստի ձեռնարկատերեր` դպրոցից սկսած, կձևավորի համագործակցություններ հայկական կազմակերպությունների և բանկերի հետ՝ պայմանով, որ կպատրաստեն այնպիսի մասնագետներ, որոնց կարիքը նրանք ունեն: Այդպիսով` կկարգավորվի նաև շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորման խնդիրը:

Ըստ Վադիմ Լոբովի՝ Սիներգիա համալսարանի և դպրոցի մասնաճյուղի առկայությունը Հայաստանում միջազգային կրթական մեծ ծրագիր է և սոցիալական կարևոր իրադարձություն: Նա համոզված է, որ հայաստանյան ներկայացուցչությունը ոչ միայն կօգնի բավարարել Հայաստանի քաղաքացիների պահանջարկը որակյալ բուհական կրթություն ստանալու և որակավորման մակարդակի բարձրացման նկատմամբ, այլ նաև կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու կայունացմանը: