Գյուղացուն գյուղում պահելու ճանապարհը. Քուչակ

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղի համայնքը  մեծ է (մոտ 2300 բնակիչ), խնդիրները` շատ: Բայց խնդիրների հաղթահարման այդ ճանապարհին Քուչակը մենակ չէ. պետական ծրագրի շրջանակներում 2013  թ. կառուցվել է 16 կմ գազատար, վերակառուցվում է դպրոցը, 2014 թ. երկրորդ կեսերից կսկսեն մշակույթի տան վերակառուցման աշխատանքները: Վերականգնման կարիք ունի նաև մոտ 25 կմ խմելու ջրացանցը, որից նորացվել է ընդամենը 9 կիլոմետրը: Այս ընթացիկ աշխատանքներին զուգահեռ շարունակում են հրատապ մնալ կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցման և գյուղին նոր գյուղատնտեսական տեխնիկա տրամադրելու խնդիրները: Տեխնիկան անհրաժեշտ է բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Գյուղապետ Հովիկ Ամիրյանը նշում է, որ ցավոք շատացել են անմշակ տարածքները, քանի որ գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքը ցածր է, ժողովուրդը կտրվում է հողագործությունից, շատանում է արտագնա աշխատանքի գնացողների թիվը: Արտագաղթը կասեցնելու ուղիներց մեկն իհարկե  գյուղում ապրելու ավելի բարեկեցիկ ու նպաստավոր պայմաններ ստեղծելն է, և այս ուղղությամբ դրական տեղաշարժերը տարեցտարի ավելի ու ավելի զգալի են: