Բժշկական գիտական միտքն իրացման կարիք ունի

ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականների ստեղծած սրտագիրների, էնցեֆալոգրաֆների, ռետինոգրաֆների անալոգներն իրենց պարամետրերով չեն զիջում արտասահմանյան ընկերություների առաջարկած տեխնոլոգիաներին, ընդ որում, շատ ավելի մատչելի են և ունեն մեծ սպառում: Ինստիտուտի պրոֆեսորների գիտական նվաճումները շրջադարձային են բժշկության բնագավառում: Շուտով նրանք կաճեցնեն մաշկ, այլ օրգաններ և հյուսվածքներ, որոնք փրկություն կլինեն բազմաթիվ հիվանդների համար: Ինստիտուտի գործունեության և նորարական ծրագրերի մասին զրուցել ենք տնօրեն Նաիրա Այվազյանի հետ:

 

 

-ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը գործում է արդեն 63 տարի: Ինստիտուտի ձևավորման համար հիմք են հանդիսանում Հայաստանի մի քանի բուհերում աշխատող գիտնականների ունեցած ձեռքբերումները ֆիզիոլոգիայի ոլորտում: Ո՞րն է ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը:

-ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը հիմնադրվել է 1943թ. ՀՍՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ: Ձևավորվում են մի քանի ինստիտուտներ, որոնք կազմում են ակադեմիական ինստիտուտների հիմնական մեխը: Դրանցից մեկն էլ ֆիզիոլոգիայի ինստիտուտն է, որը հիմնադրել է Լևոն Օրբելին: Սկզբնավորման առաջին իսկ օրվանից ինստիտուտը դարձավ Հայաստանում ֆիզիոլոգիայի կենտրոնը: Այն առաջատար էր նաև Սովետական Միության նյարդաֆիզիոլոգիական կենտրոնների շրջանում: Հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է:

-Համագործակցության ի՞նչ շրջանակներ ունեք:

-Ունենք համատեղ լաբորատորիա Սեչենովի անվան ինստիտուտի հետ: Համագործակցում ենք Խորվաթիայի, իսպանական որոշ ինստիտուտների, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հետ: Այս ամռանը մենք հյուրընկալել էինք Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի կոլաբորանտ Նարինե Սարվազյանին, որը մեր երիտասարդ գիտնականներին սովորեցրեց ավելի հմտորեն աշխատել հյուսվածքային կուլտուրաների և կոնֆոկալ մանրադիտակի հետ:

-ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանում, որ 2015-ին ձեռք է բերել կոնֆոկալ մանրադիտակ: Որքանո՞վ է կարևորվում դրա անհրաժեշտությունը գիտական ուսումնասիրություններում:

-Դա գերզգայուն սարք է, որը համապատասխան մարկերների միջոցով թույլ է տալիս ստանալ նկար` տեսանելի դարձնելով որոշակի գործընթացներ: Այն բժշկակենսաբանական ուսումնասիրություններում առաջնային և առավել կիրառելի գործիքներից է: Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական և հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Մենք շուտով կյանքի կկոչենք մի ծրագիր, որը թույլ է տալիս առանց կտրվելու հիմնական բուհից կամ աշխատանքից շարունակել կրթությունը: Երկու էլեկտրոնային դասընթացներում կլինեն աուդիովիզուալ դասախոսություններ՝ հյուսվածքային ինժեներիայի և թունաբանության վերաբերյալ: Մեր հիմնական նպատակն է բարձրացնել կրթական ցենզը, որը, ըստ իս, բժշկական բուհերում անկում է ապրել: ՏԵՄՊՈՒՍ ծրագրի շրջանակներում այս դասընթացները կլինեն անվճար՝ մեծ թվով շահառուների հնարավորություն ընձեռելով ինքնակրթվել, լրացնել այն բացը, որը համալսարաններում չի դասավանդվում:

-Ինստիտուտը, որպես գիտական կենտրոն, արդյոք կարողանո՞ւմ է լիարժեք ծառայել պրակտիկ բժշկությանը:

-Արտասահմանում ակադեմիական ինստիտուտներն ունեն իրենց կից կլինիկաները: Մեզ մոտ, եթե նույնիսկ մենք անում ենք ամբողջ նախակլինիկան և հետո առաջարկում ենք կլինիկաներին, ոչ միշտ է կիրառություն ստանում: Դա արդեն պայմանավորված է նրանց հետաքրքրությունների շրջանակով՝ կցանկանա՞ն փորձարկել, թե՞ ոչ: Այստեղ առաջանում են իրավական, լիցենզավորման հետ կապված հարցեր: Այսինքն՝ միշտ չէ, որ առաջարկն ունենում է արձագանք:

-Իսկ ո՞րն է պետության անելիքը ինստիտուտի զարգացման հարցում:

-Կա ռազմավարություն, բայց դա պահանջում է տարեցտարի ֆինանսների ավելացոււմ: Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք, ապրում ենք, այսպես ասած, բյուջետային ֆինանսավորմամբ: Իրականում այսպիսի ինստիտուների հիմնական գործառույթն է ծնել իդեաներ, որոնք կդառնան կիրառելի: Մենք ակտիվ ներգրավված ենք գրանտային համակարգում, այսինքն՝ մեր մասնագետների գաղափարները շատ արագ կիրառություն են գտնում արտերկրում: Բայց այդ ծրագրերը կարճաժամկետ են: Այսինքն՝ հեռահար, խոշոր ծրագրերի դեպքում, որոնք ունեն ազգային մեծ նշանակություն, բայց հրապուրիչ չեն բիզնես տեսանկյունից, անհրաժեշտ է պետական մոտեցում:

Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մի շարք ժամանակակից սարքավորումների հեղինակ է, բայց Հայաստանում նախընտրում են ներմուծել արտասահմանյան անալոգներ, որոնք ավելի թանկ են: Մեկ այլ օրինակ. մի քանի տարի է՝ ինչ զբաղվում ենք Հայաստանում օձի թույնի դեմ հակաթույն մշակելու խնդրով: Դեղեր ներմուծող տեղական ընկերությունները նախընտրում են հակաթույներ ձեռք բերել Միջին Ասիայից, սակայն արտասահմանցի գործընկերների հետ մեր վերջին հետազոտություններն արձանագրել են, որ անդրկովկասյան և միջինասիական գյուրզայի ենթատեսակները խիստ տարբերվում են իրարից: Այն հակաթույնը, որը հիմնված է իրենց թույնի իմունիզացիայի հիման վրա, նույնիսկ կարող է վնասել մեր պացիենտին: Անցյալ տարի մահացության դեպք էր գրանցվել շիճուկի կիրառման ժամանակ: Մեր ինստիտուտը ունի գյուրզայի հակաթույնի ստեղծման անհրաժեշտ որակավորումը և հնարավորությունը, սակայն մասայական արտադրությամբ պետք է զվաղվի պետությունը: Դա բիզնես առաջարկ չէ, այլ պետության անելիքը:

-Այդուամենայնիվ, թեկուզ միայն Ձեր միջոցներով պարբերաբար կյանքի եք կոչում նոր ծրագրեր: Վերջինը, որը բացառիկ է իր տեսակով, վերաբերում է մաշկի և հյուսվածքների աճեցմանը: Կմանրամասնե՞ք:

-Դա վերականգնողական բժշկագիտության ուղղություն է, որը հիմնված է ցողունային բջիջների օգտագործման վրա: Դրանք օրգանիզմի այն բջիջներն են, որոնք մասնագիտացված չեն և ունակ են տարբերակվելու (վերածվելու) օրգանիզմի ցանկացած հյուսվածքի բջջի: Ցողունային բջիջներ ստանալու տեխնիկան հարաբերականորեն հեշտ է. ցանկացած լիպոսակցիայի կամ վիրահատության ժամանակ վերցնում են անջատված ճարպը, այնուհետև համապատասխան մշակմամբ ստանում են ցողունային բջիջներ: Վերջիններս ակտիվ կենսաքիմիական մոլեկուլների ազդեցությամբ հնարավոր է վերածել ցանկացած հյուսվածքի բջիջների՝ նյարդային, սրտամկանի, մաշկային, էպիթելային հյուսվածքի և այլն:

Արտասահմանում այդ նույն մեթոդներով ոչ միայն մաշկ, նաև այլ օրգաններ և հյուսվածքներ են աճեցնում: Օրինակ՝ ինֆարկտի ժամանակ սպիները, որոնք մնում են սրտի վրա և հետագայում բարդություններ են առաջացնում, ծածկում են հյուսվածքներով, ինչի շնորհիվ վնասված սիրտն ավելի երկար է ծառայում տիրոջը: Այս տեխնոլոգիան փրկություն է նաև շաքարային դիաբետով հիվանդների համար, ում վերքերը ուշ են փակվում, քանի որ նրանց մոտ նյութափոխանակությունը լավ չի կատարվում: Շնորհիվ այս մեթոդի, կարող են ստեղծվել «կարկատաններ», որոնք կդրվեն վերքերի տակ և հնարավորություն կտան վերականգնել անոթները: Ցողունային բջիջների միջոցով հնարավոր է նաև միզապարկ աճեցնել: Իսկ մաշկն ամենահեշտ ստացվող տարբերակն է, որը, իհարկե, փրկություն է հատկապես այրվածքների ժամանակ:

-Ի՞նչ է պետք, որպեսզի տեխնոլոգիան կիրառություն ունենա նաև Հայաստանում:

-Ֆիզիոլոգիայի ինստիտուտում 2 տարի է, ինչ գործում է Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիան: Առաջին ուղղությունը ցողունային բջիջների բնութագրումն ու անջատումն է, իսկ երկրորդը՝ հայտնաբերումն և փորձարկումը, թե որ մատրիքսները կլինեն ամենահարմարը, որպեսզի չմերժվեն օրգանիզմի կողմից:

Այժմ աշխատում ենք տարբեր գենետիկական ֆոներով ցողունային բջիջների շտեմարան ստեղծելու ուղղությամբ: Դրա շնորհիվ հետագայում հնարավոր կլինի շրջանցել աճեցված հյուսվածքների իմունային խնդիրները, որովհետև ոչ միայն անհատը, այլև էթնոսն ունի իմունային սպեցիֆիկություն:

Ուսումնասիրություններ կատարելու նպատակով որոշակի նյութերի տրամադրմամբ՝ մեզ օգնում է ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից Նարինե Սարվազյանը, ով հիմնել է լաբորատորիա և զբաղվում է այդ տեխնոլոգիաների կիրառությամբ: Սակայն մենք ունենք ժամանակակից սարքավորման՝ հոսքային ցիտոմետրի կարիք: Սարքը հնարավորություն է տալիս ավելի արագ և հստակ տարանջատել ցողունային բջիջները՝ արդյունավետ դարձնելով անջատելու գործընթացը: Այժմ փորձում ենք համագործակցության եզրեր գտնել տարբեր բժշկական հաստատությունների հետ: Վերջինները նույնպես շահարգրռված են ծրագրի իրականացմամբ. այդպիսով հնարավորություն կունենան ձեռք բերել մատչելի հյուսվածքներ և ապահովել իրենց հիվանդների կատարյալ բուժումը: Գաղափարը կյանքի կոչելու համար, սակայն, անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և ֆինանսավորում: Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պատրաստ է համագործակցել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Մտադիր ենք նաև հետագայում ստեղծել կառույց, որը կծառայի որպես կենտրոն-կլինիկա: Այն կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ տարածաշրջանը: