Որակյալ մասնագետներ բուժհաստատություններին

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում կրթադաստիարակչական գործունեությունը զուգակցվում է ազգային հայրենասիրական գաղափարներով, մարզական առողջ ոգով և արվեստի բարձր արժեքներով: Ավելի քան 90 տարի շարունակ այս ուսումնական հաստատությունը ոչ միայն պարզապես կադրեր է պատրաստել առողջապահության համակարգի միջին մասնագիտական սեկտորի համար, այլ նաև կյանք ուղարկել հայրենիքի համար իր աշխատանքի կարևորությունը գիտակցող, ազգային արժեքները գնահատող, առողջ ապրող ու դատող երիտասարդներ:

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը` Հայաստանում միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն է: Այն հիմնվել է 1921թ.՝ մանկաբարձ-գինեկոլոգ Գրիգոր Արեշյանի կողմից: Տարիների ընթացքում ուսումնական հաստատությունը կազմավորվեց ու կայացավ որպես Երևանի բազային բժշկական ուսումնարան: Հետագայում ուսումնարանի բազայի հիման վրա ստեղծվեցին բժշկական ուսումնարաններ և մասնաճյուղեր տարբեր շրջաններում` Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Արմավիրում, Արարատում, Դիլիջանում, Գավառում, Հրազդանում, Մարտունիում, նաև Երևանում, որոնք հետագայում վերակազմավորվել են առանձին ուսումնական հաստատությունների, բայց մեթոդական և ծրագրային ուղեցույցները ստանում են Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջից:

1992թ-ից մինչ օրս քոլեջի տնօրեն է բ.գ.թ. Մկրտիչ (Սերժ) Էմիլի Մկրտչյանը, որը ղեկավարում է ՀՀ պետական բժշկական քոլեջների տնօրենների խորհուրդը:

Քոլեջի համար ծանր մարտահրավեր եղան 1990-ականները՝ կապված երկրի համակարգային փոփոխությունների հետ: Փլուզվեց ԽՄ-ը,
խզվեց ուսումնամեթոդական գրականության մատակարար կենտրոնի՝ Մոսկվայի հետ կապը: Բացի այդ, չկար հայերեն լեզվով մասնագիտական գրականութուն:

Հիմք ընդունելով միջազգային փորձը, Առողջապահության միջազգային կազմակերպության, Վիեննայի, Ալմա-Աթայի, Գալիցինոյի կոնֆերանսների դեկլարացիաները, ինչպես նաև 1993թ. Մոսկվայում կազմակերպված «Նոր քույրեր նոր Ռուսաստանի համար» միջազգային գիտապրակտիկ երկամսյա կոնֆերանսը, որին մասնակցել էր տնօրեն Մ. Մկրտչյանը և բերել էր այնտեղից նյութեր, ժամանակի հրամայական պահանջը դարձավ միջնակարգ մասնագիտական կրթական բարեփոխումների իրականացումը մեր հանրապետությունում: Սակայն այս բարեփոխումներն ունեին դժվարություններ: Անհրաժեշտ էր հարստացնել նյութատեխնիկական բազան, կրթել կրթողներին, ստեղծել մասնագիտական գրականություն հայերեն լեզվով:

Ժամանակակից համաշխարհային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն ապահովելու համար քոլեջը 1996թ. իրականացրեց ծրագրային փոփոխություններ.բուժքույրերի և մանկաբարձների բազային կրթությունն սկսվեց իրականացվել եռամյա կրթական պլաններով, ուսումնական ծրագրերը փոխվեցին՝ ելնելով առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացվող պահանջներից: Արդյունքում. Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում. դա նշանակում է, որ քոլեջի շրջանավարտներն առանց խոչընդոտի կարող են միջին բուժաշխատողի կարիերա սկսել նաև արտերկրում:

Տարիների ընթացքում բարելավվեցին քոլեջի շենքային պայմանները, քանի որ այն անբարեկարգ էր, տարիներ շարունակ չէր վերանորոգվել:

Քոլեջի տնօրեն Մ. Մկրտչյանի ջանքերով այն հիմնովին վերանորոգվեց, համապատասխանեցվեց ժամանակի պահանջներին: Քոլեջում ուսանողների համար ստեղծվեցին լավագույն պայմաններ: Բոլոր առարկաների համար գործում են դիտողական պարագաներով, տեսա-լսողական սարքերով կահավորված կաբինետներ և լաբորատորիաներ, դասերը անց են կացվում տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած լսարաններում, որոնք համապատասխանում են կրթական չափորոշիչների պահանջներին՝ ըստ մասնագիտությունների: Լսարանների և լաբորատորիաների հագեցվածությունը շատ կարևոր է, քանի որ ուսումնական գործընթացի գործնական մասը քոլեջում կազմում է ծրագրերի մոտ 65 տոկոսը: Ինչ վերաբերում է բժշկական հաստատություններում անցկացվող ուսումնա-արտադրական պրակտիկաներին, քոլեջը համագործակցում է Երևանի և մարզերի գրեթե բոլոր խոշոր կլինիկաների, պոլիկլինիկաների, ծննդատների և գիտահետազոտական կենտրոնների, դեղատնային ցանցերի հետ: Բոլոր այս կենտրոններն ունեն համապատասխան պայմանագրեր՝ ուսումնական և արտադրական պրակտիկաները կազմակերպելու համար, իսկ որոշ հաստատություններում քոլեջն ունի նաև վարձակալած տարածքներ:

Ամբիոնների դասախոսների կողմից, մեթոդական կաբինետի երաշխավորությամբ և հանրապետության անվանի մասնագետների գրախոսականներով՝ մշակվել և տպագրվել են շուրջ 58 անուն ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր հայերեն լեզվով՝ նախատեսված միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողների համար, և այդ բոլորը տրամադրվել է նաև հանրապետության մյուս մասնագիտական պետական բժշկական ուսումնական հաստատություններին: Գրադարանը այս քոլեջի հպարտությունն է. ունի մոտ 70.000 գիրք:

2013թ-ից ՀՀ ԿԳ նախարարության կողմից փորձնական նպատակով քոլեջում իրականացվում է մոդուլային ուսուցում հետևյալ մասնագիտություններով` «Դեղագործություն», «Մանկաբարձական գործ», «Բուժ. կոսմետոլոգիա»: Կատարվել են ծրագրային փոփոխություններ, ամբիոնների կողմից մշակվել են օրինակելի ուսումնական պլաններ և մոդուլյային ծրագրեր, ստեղծվել են մեթոդական մշակումներ, ուսումնական ձեռնարկներ, բաժանողական նյութեր:

2014թ. «Համազգային վստահության խորհուրդ» մրցանակաբաշխության ժամանակ «Միջին մասնագիտական կրթությամբ առողջապահական ոլորտի տարվա որակյալ մասնագետներ պատրաստող» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԵՊՀԲՔ:

 Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը իրականացնում է նաև հանրակրթական 9-ամյա կրթություն ունեցող դիմորդների ընդունելություն: Այս ուսանողները մեկ տարի անցնում են ավագ դպրոցի խտացված ծրագիրը, իսկ հետո սկսում մասնագիտական ուսուցումը: «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» բաժիններում ուսման տևողությունը կազմում է միջնակարգ կրթությամբ դիմորդների համար 3 տարի, իսկ հիմնական կրթություն ունեցողների համար 4 տարի: «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» բաժիններում միջնակարգ կրթությամբ ուսման տևողությունը 2 տարի է, իսկ հիմնական կրթությամբ` 3 տարի: Գերազանց և բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կարող են շարունակել ուսումը ՀՀ պետական բուհերի 2-րդ կուրսերում հեռակա ուսուցմամբ` քոլեջի և մի շարք բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն:

Կրթական գործընթացը թերի կլինի, եթե չունենա գաղափարական խթաններ և հոգևոր արժեքային հիմք: Կարելի է ասել՝ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը դարձել է Նժդեհյան գաղափարախոսության ինքնատիպ կրողներից մեկը: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում ազգային հայրենասիրական դաստիարակությանը: Քոլեջում ստեղծվել է Փառքի սրահ, որտեղ ներկայացված են հայ ազգային հին ու նոր հերոսների՝ Նժդեհի, Անդրանիկի, Սպարապետի և հայ մյուս հերոսների նկարներն ու կենսագրականները: Նրանց շարքում է ընդգրկվել նաև Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակի անկյունը. Ռ. Աբաջյանը եղել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շրջանավարտ, նրա անունով է կոչվել նաև քոլեջի լաբորատորիաներից մեկը: Այդ քառօրյա պատերազմի օրերին շուրջ 120 ուսանողներ ցանկություն հայտնեցին մեկնել Արցախ: Քոլեջի կողմից կազմվեցին ջոկատներ, կազմակերպվեց կարճատև վերապատրաստման ծրագիր՝ տեղային պատերազմի ժամանակ վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու և տեղահանելու մասին: Իրենց ձեռքբերած հմտություններն ուսանողները նաև ցուցադրեցին քոլեջի մարզահրապարակում՝ ստանալով համապատասխան վկայականներ: Հայրենասիրական այս ոգին ուսանողների մեջ սերմանվում է ուսանելու առաջին տարվանից: Քոլեջի բարձրագույն պարգևատրումը «Գարեգին Նժդեհ» անվանական ներքոլեջային կրթաթոշակն է, որը բաղկացած է վկայականից, կրծքանշանից և ամենամսյա կրթաթոշակից, որը տրվում է լավագույնս դրսևորած ուսանողներին:

Ի դեպ նժդեհյան գաղափարների կրողն ու ջատագովներից է քոլեջի տնօրեն, երկար տարիներ ԵԿՄ վարչության անդամ Մկրտիչ (Սերժ) Մկրտչյանը, որը ակտիվ մասնակցություն է ունեցել Կապանի ինքնապաշտպանության, կամավորականների ջոկատների կազմավորման հարցերում, հետագայում նրա հովանավորությամբ տպագրվել են նժդեհյան գաղափարախոսությանը, Նժդեհի կենսագրությանը վերաբերող բազմաթիվ գրքեր: 2002թ. նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Կապանում կառուցվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր:

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում բարձր մակարդակով իրականացվում է ոչ միայն մասնագիտական ուսուցումը: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում ուսանողական կյանքն ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնելուն ուղղված միջոցառումներին: Բարձր մակարդակի վրա է դրված ֆիզկուլտուրայի և սպորտի հարցը: Այստեղ սովորում են անհատական մարզաձևերով զբաղվող մարզիկներ, որոնք պարբերաբար գրանցում են նորանոր հաջողություններ: Բայց քոլեջի հպարտությունը վոլեյբոլի աղջիկների «Նժդեհ» թիմն է: Այն երեք անգամ դարձել է համահայկական խաղերի չեմպիոն, ՀՀ բազմակի չեմպիոն է, 15-ակի գավաթակիր: Երևան քաղաքի 16-ակի չեմպիոն, միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող: Այս հաղթանակներում, իհարկե, իր անգնահատելի ներդրումն ունի քոլեջի ֆիզղեկ, պրոֆեսիոնալ վոլեյբոլիստ Խաչիկ Ասմարյանը: Սակայն քոլեջի ուսանողական կյանքը միայն մարզական հաջողություններով չի առանձնանում: Քոլեջի երգչախումբը «Սայաթ Նովա» երգչախմբային երաժշտության մրցանակաբաշխությունում գրավել է երկրորդ տեղը, Օդեսայում կայացած միջազգային երգչախմբային «Յուժնայա Պալմիրա» փառատոնում նվաճել է պատվավոր 1-ին տեղը:

Երբ ուսանողական կյանքը հագեցած է տարատեսակ միջոցառումներով ու մրցույթներով, ավելանում են սովորելու, մասնագիտանալու, զարգանալու խթանները, մեծանում է սերը ուսումնական հաստատության հանդեպ, և արդյունքներն էլ ավելի դրական են լինում: Ի դեպ քոլեջում բավական ակտիվ է գործում նաև ուսանողական խորհուրդը, որն ինքն է հաճախ ներկայանում տարբեր առաջարկներով: Դա ապահովում է դասախոս-ուսանող-ղեկավարություն անմիջական կապը, օգնում հասնել ցանկալի արդյունքների:

Փոխադարձ այցելությունների միջոցով՝ քոլեջը համագործակցություններ է հաստատել Ռուսաստանի Ֆեդերացիայի առողջապահության նախարարության ուսումնագիտամեթոդական կենտրոնի, Բելգիայի Տուրնաուտ քաղաքի Հիվսենտ բժշկական քոլեջի, Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանի, Վիլնյուսի բժշկական քոլեջի հետ: Մեթոդական օգնություն է ստացվ ել Նորվեգիայից, Շոտլանդիայից ժամանած ժամանած մասնագետների կողմից:

Քոլեջը ներգրավվել է Հայաստանում գործող մի շարք միջազգային ծրագրերի, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան բուժքույերի» հետդիպլոմային վերապատրաստման ծրագրին, այսինքն՝ իրականացվել է նաև լրացուցիչ կրթական ծրագիր: Դոնոր կազմակերպությունների աջակցությամբ՝ 2006-2010թ., համագորձակցելով առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի հետ, իրականացվել է թվով 465 գյուղական բուժական մանկաբարձական կետերի և 35 բուժամբուլատորիաների բուժքույրերի 6-ամսյա վերապատրաստում՝ բուժքույրության ծրագրով: Քոլեջը մշտապես սերտ կապի մեջ է պրակտիկ առողջապահության ոլորտի` «Քույրերի միավորման» հետ: Համագործակցելու նպատակն է` համախմբել բուժքույրերի ջանքերն ու հնարավորությունները, զարգացնելու քույրական գործը Հայաստանում, նպաստել բուժքույրերի մասնագիտական գիտելիքների և փորձի խորացմանն ու ընդլայնմանը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, համագործակցել օտարերկրյա քույրական կազմակերպությունների հետ: