Վաղվա մեդալներն այստեղ են

ՍՊՈՐՏ՝ առողջություն, կայունություն, հավասարակշռություն… ոմանց համար՝ առավոտյան վազք ու լիցքային մարմնամարզություն, մյուսների համար՝ ապրելակերպ, կյանք, կռիվ, պայքար, հավատ, հաղթանակ, ձեռքբերում, մասնագիտություն…

Այսօր խոսում եմ մի կառույցի ղեկավարի մասին, ով կարողացել է մեկ քայլով ավելի առաջ տանել նորանկախ պետության մանկապատանեկան սպորտի բնագավառը։ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր մարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արա Մեհրաբյանն իր կյանքը նվիրել է հայաստանյան սպորտի զարգացման ու միջազգայնացման գործին։ Նա հաղթանակել և կերտել է իր պատմությունը՝ համեստ, օրինակելի և երբեք չխամրող: Սովորաբար, նրա անունն ասոցացվում է սպորտի աշխարհում երկու կարևոր կառույցների հետ՝ «Աշխատանքային ռեզերվներ» և «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա», որոնք բովանդակությամբ համալրում են իրար և ըստ էության տրամաբանական շարունակում միմյանց գործունեությունը։

«Աշխատանքային ռեզերվներ»-ը 1943-ին ստեղծված հայկական ամենահին մարզական կազմակերպություններից մեկն է։ Ի սկզբանե՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կազմակերպության նպատակը եղել է հայ պատանիներին ու երիտասարդներին լավագույն մարմնական կրթություն տալը։ Տարիների ընթացքում բազմաբովանդակ մարզական գործունեություն իրականացնելու արդյունքում «Աշխատանքային ռեզերվներ»-ը դարձան հայաստանյան սպորտի կարևոր մարզական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը հիմք ու դիմագիծ հաղորդեց հայկական սպորտին, դարձավ բազում մարզական հաջողությունների առաջնորդներից մեկը։ Նա տվեց այնպիսի անուններ, ինչպիսիք են բռնցքամարտիկներ՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, Եվրոպայի չեմպիոն Միխակ Ղազարյանը, օլիմպիական խաղերի մրցանակակիր Դավիթ Թորոսյանը, նոր սերնդի մարզիկներից՝ Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ Արթուր Հակոբյանը, Օլեգ Կլևցովը, Մխիթար Մանուկյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Դավիթ Սաֆարյանը, Գառնիկ Պապիկյանը, Սարգիս Հովսեփյանը… Անուններ, որոնք հնչել են ազգային հիմնի և պետական դրոշի ներքո՝ հայտնի լինելու համար համայն աշխարհին։

Օլիմպիական մի շարք մարզաձևեր՝ մարմնամարզություն, հեծանվային սպորտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, ավելի քան հիսուն տարի Հայաստանում փնտրում և գտնում են սպորտային բացառիկ ունակությունների տեր մարզիկների, որոնց նպատակն է նվաճել աշխարհն ու համաշխարհային հարթակում ճանաչված դարձնելու ՀԱՅ անունը։

«Աշխատանքային ռեզերվներ»-ը տարիներ շարունակ այն հիմնական կառույցն էր, որը համաշխարհային դատին էր ներկայացնում մեր սպորտային ուժն ու կարողությունները, իսկ բռնցքամարտ մարզաձևը ԽՍՀՄ-ի տարածքում դարձրեց հայկական «բրենդ»՝ հաղթելով նույնիսկ Ռուսաստանին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն բախվեց որոշակի բարդությունների։ Պահպանելով իր գոյությունն ու շարունակելով հաջող գործունեություն ծավալել հայաստանյան սպորտհարթակում՝ այն դադարեց իրավասու լինել միջազգայնացման գործում։ Իրավաբանորեն կազմակերպությունը իրավունք չուներ հատկապես անչափահաս՝ դպրոցահասակ մարզիկներին տալու ավելի մեծ հնարավորություն, քան համահայաստանյան մրցաշարերում զբաղեցրած դիրքերն էին: «Մենք կանգնեցինք փաստի առաջ. անհրաժեշտություն առաջացավ ընդգրկվելու մի այնպիսի կառույցի մեջ, որը թույլ կտար համաշխարհային մրցույթներին մեր մարզիկներին ազատ ելումուտ ունենալու միջազգային սպորտային հարթակներում և այն դրսևորվեր հավուր պատշաճի։ Հիմնեցինք «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա»-ն, որը հնարավորություն տվեց անարգել գործելու ու ոգեշնչելու մեր պատանի մարզիկներին»,-ասում է ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը։ Վերջին փոփոխությունները լայն դռներ բացեցին մեր հանրապետությունում հաղթող դիրքեր զբաղեցրած մարզիկների առաջ: Նախկինում դպրոցահասակների համար կազմակերպվող մրցաշարերը սահմանափակվում էին հանրապետության առաջնություններով՝ սրանով իսկ ավարտելով իրենց մարզումների փուլը։ Այժմ դրական արդյունքի դեպքում յուրաքանչյուր սպորտային թիմ կամ անհատ մարզիկ հնարավորություն է ունենում շարունակելու իր մրցարշավը միջազգային հարթակներում։ Մարզիկների առջև «ստիպված» մրցակցության խնդիր է դրված:

Անհատ, մարդ, մարդիկ, ովքեր իրենց նպատակն են դարձրել ֆեդերացիայի կազմում հավաքված պատանիներին տալ այն լավագույն փորձը, որը իրոք հնարավոր է նման կառույցի շրջանակներում… «Այլընտրանք, միանշանակ մենք չունենք: Սա է մանկապատանեկան սպորտի զարգացման ուղին»,-ասում է Ա. Մեհրաբյանը: Ըստ պրն. Մեհրաբյանի՝ նոր կառույցում կարևորագույն սկզբունքն է երեխային տալ այնպիսի կրթություն և դաստիարակություն, որը կլինի հանրակրթական դպրոցում ստացած գիտելիքների տրամաբանական շարունակությունը։ Այստեղ գլխավոր դեր են զբաղեցնում ծնող-մարզիչ, աշակերտ և աշակերտ, դպրոց-մարզիչ սերտ փոխհարաբերությունները, փոխադարձ տեղեկացվածությունն, աջակցությունն ու հարգանքը միմյանց նկատմամբ։

«Մեր մարզիչները մասնագիտությամբ մանկավարժ են։ Սա օրենքով է ամրագրված։ Մարզիչները մարզադպրոցների խմբակները դարձնում են հանրակրթական դպրոցի նման մի դասարան, իսկ երեխաների կողմից ընտրված մարզաձևը դառնում է պարտադիր առարկա։ Մարզիչն իր վրա է վերցնում այն բոլոր պարտականությունները, որն ունեն ուսուցիչները դպրոցում։ Մենք շատ լուրջ համագործակցում ենք դպրոցների հետ. մարզիչները հաճախում են հանրակրթական դպրոցներ, ամենայն մանրամասնությամբ ներկայացնում իրենց ծրագրերը, հետևում մարզվող աշակերտների առաջադիմությանը, պայմանավորվում ու ջերմ հարաբերություններ պահպանում առաջնային կրթական օջախի հետ։ Այստեղ երեխան ստանում է նույն դաստիարակությունը, որը ստանում է դպրոցում։ Սա դառնում է հանրակրթական դպրոցի ուսումնակարգի լրացում։ Ջանում ենք մեր կենտրոնից աշակերտին ճանապարհել որպես կիրթ, հավասարակշռված մարդ ու հասարակությանը պիտանի անդամ»։

Համակարգված մոտեցումների արդյունքում՝ տարեկան ավելի քան 1500 աշակերտ ոտք է դնում այս կառույց։ Սկզբում երեխան, հետո արդեն պատանին մարմնական որակյալ կրթություն է ստանում Երևանի և մարզերի՝ իրեն մոտ գտնվող մարզական կրթական հաստատություններում, մասնակցում տեղական մրցաշարերին և ստուգատեսներին, այնուհետ՝ ցուցաբերած լավագույն արդյունքի դեպքում, հրավեր ստանում՝ մասնակցելու միջդպրոցական, միջմարզային, քաղաքային մրցաշարերին։ Լավագույնս իրենց դրսևորած մարզիկները իրավունք են ձեռք բերում մասնակցելու միջազգային կարևորագույն մրցաշարերի և այդպիսով նոր ճանապարհներ հարթում իրենց համար։

Տարեկան ավելի քան 1500 աշակերտ մարմնական կրթությունից բացի ստանում է հնարավորություն՝ ճանաչելու իր հայրենիքի գողտրիկ անկյունները, շփվելու մարզերի, քաղաքների իր հասակակիցների հետ, ծանոթանալու ու ճանաչելու իր պատմությունը։
«Արդեն հիսուն տարի է, ինչ սպորտով եմ ապրում։ Առաջին հերթին սպորտն առողջություն է, իսկ առողջությունն ու երջանկությունը մարդու գոյության կենսական անհրաժեշտ հանգամանքներն են։ «Դժվար է մարդուն երջանիկ պատկերացնել, եթե նա հիվանդ է»,- մի փոքր թեմայից մեզ կտրելով՝ ասում է պրն Մեհրաբյանը։ Մենք երեխաներին նվիրում ենք առողջություն, իսկ նրանք մեզ արձագանքում են առողջ ժպիտով: Կառույցն իհարկե ունի նպատակ՝ ունենալու հարուստ ռեզերվներ, սակայն այն գործում է յուրաքանչյուրի համար՝ ըստ իր նախասիրության, տրամադրվածության ու նպատակների։ Մեկն ուզում է աշխարհը գրավել, մյուսը՝ ուղղակի լավ ֆուտբոլ խաղալ կարողանալ, ուժեղ լինել կամ արագ վազել։

«Երեխան վատը չի լինում, ուղղակի պիտի կարողանաս ի սկզբանե տալ նրան այն, ինչը դրական ազդեցություն կունենա նրա զարգացման, մարդկային արժեքների ու սկզբունքների ձևավորման վրա։ Մենք աշխատում ենք երեխաների հետ, իսկ այդ գործընթացը սպորտային մանկավարժից պահանջում է լինել էլ ավելի ուշադիր ու լրացնել բոլոր առաջացած բացերը։ Սպորտը ֆիզիկական վարժություններով համակարգված գիտություն է, որը հնարավորություն է տալիս մարդուն լինել զուսպ, հավասարակշռված, համարձակ, վճռական, ունենալ գեղեցիկ և կոփված մարմին։ Դրան զուգահեռ՝ մեր հոգատարությունը անպայման ունենում է իր դրական ազդեցությունը ոչ միայն ուժեղ մարմնի, այլև ամուր հոգու կայացման գործում»:
Արա Մեհրաբյան՝ ԿԵՍ ԴԱՐ ՍՊՈՐՏՈՒՄ։