Օլիմպիական հերթափոխը պատասխանատու ձեռքերում

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը միավորում է սպորտը և կրթությունը: Օլիմպիական սկզբունքների սերմանումն ու սպորտային դաստիարակությունը ծառայում են ոչ միայն չեմպիոնների պատրաստմանը, այլև պարզապես լավ մարդ, լավ քաղաքացի դաստիարակելու գործին: Քոլեջի ուսումնադաստիարակչական խնդիրների ու նպատակների մասին է տնօրեն Արմեն Գաբրիելյանի խոսքը:

 

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը գործում է արդեն 45 տարի, 45 տարի շարունակ պատրաստել է հրաշալի մարզիկներ, որոնք Հայաստանին բերել են բազում հաղթանակներ: Հետխորհրդային տարիները` 1990-ականները, ճգնաժամային էին նաև քոլեջի համար, մարզադահլիճները ցուրտ ամիսներին չէին ջեռուցվում, մարզումները հնարավոր չէր լինում արդյունավետ կազմակերպել, հետևաբար մարզական արդյունքներն էլ սկսեցին զգալիորեն տեղի տալ: Բայց 2000 թվականից քոլեջը սկսեց աստիճանաբար ոտքի կանգնել: 2005թ. «Հայաստան» հիմնադրամի կողմից վերանորոգվեցին մարզադահլիճները: Նյութատեխնիկական բազայի զարգացմանն ուղղված աշխատանքները չդադարեցին նաև հաջորդ տարիներին: Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ՝ քոլեջի տարածքում գտնվող մի ընդարձակ չօգտագործվող տարածք վերականգնվեց՝ որպես թենիսի դաշտ, որի հանդիսավոր բացումը մեծ շուքով իրականացվեց անցյալ տարի: Վերանորոգվեց քոլեջի հին կաթսայատունը՝ որպես թաեքվոնդոյի մարզադահլիճ: Կառուցվեց 10 մետրանոց հրաձգարան, որտեղ մարզիկները կարող են դիպուկ կրակել սովորել: Առայժմ շարունակում է հրատապ մնալ քոլեջի հյուրանոցային մասնաշենքի վերանորոգման հարցը:

Յուրաքանչյուր տարեվերջ ամփոփվում են տարվա աշխատանքներն ու ձեռքբերումները: 2016 թվականը բավական հաջող տարի էր. 20-ից ավելի մեդալներ ենք ունեցել, երեք մասնակից՝ օլիմպիական խաղերում: Մեր սաները նաև փայլուն մասնակցություն ունեցան 2016թ. ձյուդոյի Հայաստանի առաջնությունում. նրանցից 6-ը տարբեր քաշային կարգերում հաղթող ճանաչվեցին և 6-ն էլ մասնակցելու են Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Ընդհանուր առմամբ՝ տարեկան 20-25 մարզիկներ հաղթող ու մրցանակակիր են դառնում աշխարհի, Եվրոպայի տարիքային տարբեր խմբերում»:

Անցյալ տարվա լավագույն արդյունքներ ցույց տված 10 սաներին ներկայացնենք. Սիմոնյան Սերգեյ` Աշխարհի երիտասարդների առաջնություն` 3-րդ տեղ, Պողոսյան Սոնա` ծանրամարտ` Եվրոպա` 2-րդ տեղ, Աբգարյան Արսեն` բռնցքամարտ` Եվրոպա` 3-րդ տեղ, Մնացականյան Տիգրանը` ըմբշամարտիկ, արդեն 3-րդ մեդալն է բերում, Խումարյան Գևորգ` հունահռոմեական ըմբշամարտ` Եվրոպայի երիտասարդների առաջնություն 3-րդ տեղ, Դարալյան Արփինե` ծանրամարտ, Աշխարհի պատանիների առաջնություն, Եվրոպայի պատանիների առաջնություն 3-րդ և 1 տեղեր, Բաղդասարյան Հակոբ` հունահռոմեական ըմբշամարտ` աշխարհի պատանիների առաջնություն` 3-րդ տեղ, Պողոսյան Հրաչյա` հունահռոմեական ըմբշամարտ` աշխարհի պատանիների առաջնություն` 3-րդ տեղ, Խաչատրյան Շանթ` հունահռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի պատանիների առաջնություն 1-րդ տեղ, Հարությունյան Արսեն` հունահռոմեական ըմբշամարտ` Եվրոպայի պատանիների առաջնություն` 2-րդ տեղ: Այս ցուցանիշները պահպանելու և զարգացնելու ենք, որովհետև մեր քոլեջում կենտրոնացած է մարզչական ու մարզական լավագույն ուժը: Քոլեջի մարզիչներից և ուսուցիչներից շատերը մեր նախկին սաներն են: Մեր 48 մարզիչներից 25-ը վաստակավոր մարզիչներ են: Մեր սաներից շատերը աշխատում են ուժային կառույցներում: Պատահական չէ, որ պաշտպանության նախարարության տարբեր զորամասերից, որտեղ ծառայել են մեր սաները, բազմաթիվ շնորհակալագրեր են ուղարկվել մեզ` այդպիսի քաջարի ու պատրաստված զինվորներ պատրաստելու համար:

Օլիմպիական հերթափոխի քոլեջ ընդունվում են արդեն սպորտում կողմնորոշված, Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Ջավախքի մանկապատանեկան մարզադպրոցներում մարզական որոշակի ուղի անցած պատանիներ, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց մարզական հմտությունները և դուրս գալ մեծ սպորտ: Այստեղ նրանք ստանում են հանրակրթական ուսումնառություն, զուգահեռ մասնագիտանում են ընտրած մարզաձևում: Ընդունելությունը կատարվում է 7-րդ և բարձր դասարաններից: Աշակերտները հանձնում են մասնագիտական քննություն: Երկրորդ փուլում ստուգվում է նրանց ֆիզիկական պատրաստվածությունը 4 ուղղությամբ` կարճ տարածության սպիրիտ վազք, երկար տարածության վազք՝ տղաների համար 1000մ, աղջիկների համար 500մ, թռիչք տեղից և պտտաձողի վրա ձգումներ դեպի վերև: Հաշվի են առնվում նաև հանրակրթական դպրոցում աշակերտի ունեցած միջին գնահատականները:

Բոլոր սաները սնվում են քոլեջի ճաշարանում, որովհետև դասերն այստեղ սկսվում են առավոտյան, դրանց հաջորդում են մարզումները մինչև ժամը 17:00-ն: Այստեղ բավական խիստ կանոնակարգ է գործում, սաները անգամ հեռախոսով դասի նստելու իրավունք չունեն: Չեն լինում կռիվներ ու վիճաբանություններ, որովհետև սա սպորտի աշխարհ է, այստեղ հիմնականում իշխում են առողջ մրցացությունն ու ընկերությունը: Խիստ ենք նաև հաճախումների հանդեպ. չենք հանդուրժում իմիջիայլոց վերաբերմունքը սպորտին:

Քոլեջի հանրակացարանում ապրում են մարզերից, Արցախից ու Ջավախքից եկած 150-ից ավելի սաներ: Հանրակացարանի սենյակները բարվոք վիճակում են, կա սանհանգույց, մարզադահլիճներին կից գործում են լողասենյակներ, որտեղ սաները լողանում են յուրաքանչյուր մարզումից հետո, իսկ շաբաթական մեկ անգամ նաև օգտվում են շոգեբաղնիքից:

 Այստեղ ստեղծվել են բոլոր պայմանները՝ լիարժեք ուսումնական ու մարզական առօրյա կազմակերպելու համար: Քոլեջի սաները որոշ արտոնություններ ունեն նաև Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունելության ժամանակ. նրանք պետպատվերի շրջանակում կարող են սովորել երկրորդ կուրսի հեռակա բաժնում: Այնինչ նախկինում այդ արտոնությունը գործում էր առկա բաժնի համար, և քոլեջի սաների 20%-ը պետպատվերի շրջանակներում ընդունվում էր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրս՝ հարցազրույցով:

Ուսումնական պրոցեսը ավելի արդյունավետ դարձնելու և իր սաների համար ավելի լայն հեռանկարներ ստեղծելու համար՝ օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը նպատակ ունի սերտ համագործակցություն սկսել պաշտպանության նախարարության և պետական համալսարանի հետ: Իհարկե, քոլեջի առաջին գործառույթը օլիմպիական արժանի հերթափոխ պատրաստելն է, որը հայրենիք պիտի բերի նոր հաղթանակներ: Բայց այն ակամայից ստանձնել է նաև հայրենիքի համար լավ քաղաքացի ու մասնագետ պատրաստելու երկրորդ ոչ պակաս կարևոր գործառույթը: Մեր սաները քոլեջն ավարտելուց հետո կարող են նաև աշխատել տարբեր կառույցներում, շատերը վերադառնում են իրենց մարզերում ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատելու: Փաստորեն, պատրաստում ենք մարզիչ-մանկավարժներ, որոնք իրենք հանդիսանալով օլիմպիական սկզբունքների` առողջ մրցակցության, առողջ կենսակերպի կրողներ, դրական որակներ՝ աշխատասիրություն, հանդուրժողականություն, ազնվություն, ուժ, մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն են արմատավորում իրենց աշակերտների ու սաների մեջ` դաստիարակելով ճիշտ հոգեվիճակ ու մտածելակեպ ունեցող սերունդ: