Մեր սաները տարբերվում են

Գիտելիքներ մարդիկ կարող են ձեռք բերել անգամ 20 տարեկանում,
եթե կա ցանկություն, սակայն վաղ տարիքում ամենակարևորը փոքրիկների մեջ բարություն, աշխատասիրություն, ընկերություն, հայրենասիրություն սերմանելն է, մարդ տեսակը զարգացնելը: Այսպես է մտածել Արփինե Մխիթարյանը՝ «Օկի Դոկի» մանկապարտեզը հիմնելիս: Փոքրիկի ներդաշնակ զարգացման կենտրոնի ստեղծման, երեխայակենտրոն մեթոդների մասին՝ Արփինե Մխիթարյանի հետ զրույցում:

 

 

-Ե ՞րբ եք հիմնել «Օկի Դոկի» մանկապարտեզը, ո ՞րն է առաքելությունը:

-«Օկի Դոկին» գործում է 2007թ.-ից՝ սկզբում որպես երկարօրյա դպրոց. նպատակն էր աջակցել աշխատող մայրերին, որպեսզի նրանք կարողանային ավելի հանգիստ ու վստահ կազմակերպել իրենց առօրյան: Այդ ժամանակ ես նույնպես աշխատող մայր էի, ունեի դպրոցական երեխաներ: Պարզապես չէի հասցնում պատշաճ կերպով հոգ տանել երեխաներիս մասին: Նրանք երբեմն ստիպված էին լինում դասն ավարտելուց հետո մնալ դպրոցում փայտե նստարաններին և սպասել իրենց դայակին:

Ստացվեց այնպես, որ իմ հոլանդացի ընկերը՝ Գերդա Բոսդրայզիսը, ինձ առաջարկեց Հայաստանում որևէ բիզնես սկսել: Ես միանգամից որոշեցի այդ հնարավորությունն ու ներդրումներն օգտագործել ոչ թե շահութաբեր բիզնես հիմնելու, այլ ծնողներին և երեխաներին աջակցելու համար: Անհրաժեշտ էր ստեղծել երկարօրյա դպրոց, որը կապահովեր երեխաների դասապատրաստումը, խնամքը, սնունդը, հանգիստը, ժամանցը, իսկ մայրիկները ժամը 19:00-ին ուրախ, զվարթ կգային իրենց փոքրիկների ետևից: Ժամանակի ընթացքում ծնողները, որոնք դպրոցական տարիքի երեխաներից բացի ունեին մանկահասակ բալիկներ, առաջարկեցին հիմնել մանկապարտեզ, որը կապահովեր մյուս փոքրիկների ներդաշնակ զարգացումը:

Մինչև հիմա աչքերիս առաջ է մեր մանկապարտեզի առաջին սանը՝ Ինեսսան. եկավ իմ սենյակ, հանեց գլխարկն ու բացականչեց. «Ես եկել եմ մանկապարտեզ»: Ասացի. «Բալես, բայց մենք մանկապարտեզ չունենք»: Երեխայի մայրիկը պնդեց, որ իր երեխան անպայման գալու է այստեղ, որովհետև իրեն դուր են գալիս այստեղի մթնոլորտը, մասնագետները, պայմանները: Նա նույնիսկ իր օգնությունն առաջարկեց: Եվ այդպես՝ մի քանի ծնողների պահանջով, նրանց աջակցությամբ կարգավորեցինք մի շարք հարցեր ու փոխակերպվեցինք ժամանակակից մանկապարտեզի:

-Իսկ ինչո՞ւ «Օկի Դոկի», ո՞րն է անվան խորհուրդը:

-Այս մանկապարտեզը նվեր է Աստծո կողմից: Մանկապարտեզի գաղափարը կյանքի կոչելու համար լուրջ ֆինանսներ էին հարկավոր, իսկ մենք նույնիսկ մահճակալ չունեինք: Սկզբում ձեռք բերեցինք առաջին եռյակ մահճակալը, մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ երեխաների հոսք գրանցեցինք: Ինչպես արդեն ասացի, ինձ օգնեցին իմ հոլանդացի ընկերները: Նրանց միջնորդությամբ Հոլանդիայի մի խումբ մարդիկ, կազմակերպություններ, Հոլանդիայում գործող «Օկի Դոկի» մանկապարտեզների ցանցը ֆինանսապես աջակցեցին մեզ: Որպես երախտագիտություն՝ նրանց պատվին մեր մանկապարտեզը ստացավ հոլանդերեն հայտնի արտահայտությունը` «օկի դոկի». այդպես են ասում երեխաները, երբ ամեն ինչ լավ է:

-Ի՞նչ է անում «Օկի Դոկին» իր անվանը հավատարիմ լինելու համար:

-Մենք երեխայի 2-րդ ընտանիքն ենք, այստեղ նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրենց տանը (առավոտյան 8.30-ից մինչև երեկոյան 19.00-ը): Ուստի մեր առաքելությունն ավելի մեծ է, քան սովորական մանկապարտեզինը. երեխաներին տալ առավելագույն ջերմություն, հոգատարություն, խնամք, անհատական մոտեցում, որակյալ սնունդ, և, իհարկե, հագեցած օր՝ կրթական ու խաղային ծրագրերով, որպեսզի նրանք ունենան համակողմանի զարգացվածություն:

«Օկի Դոկի» մանկապարտեզում երեխաներին ընդունում են երեք տարիքային խմբերում` վաղ, միջին և ավագ` նախադպրոցական: Այստեղ փոքրիկները սովորում են գրել, կարդալ, հաշվել, անգամ խնդիր լուծել կամ բանահյուսական զրույցներն ու ավանդապատումները անգիր իմանալ, պարել աշխարհի տարբեր ժողովուրդների պարերն իրենց տարազներով և այլն: Մենք կարևորում ենք նաև նախադպրոցական կրթությունը, որպեսզի երեխան որոշակի բազայով հաճախի դպրոց՝ այն գիտակցումով, որ ինքը խաղից բացի ունի նաև պարապմունքի ժամ, և սովորում է, ասենք, 40 րոպե հանգիստ նստել և լսել ուսուցչուհուն: Ի դեպ, մեր մանկապարտեզն ավարտած երեխաները 2-րդ դասարանի բազայով են հաճախում դպրոց:

-Երեխայի հոգեկան և մտավոր աշխարհի օրինաչափ զարգացմանը նպաստող ի՞նչ մեթոդներ ու միջոցներ եք կիրառում:

-Ամբողջ մանակավարժական գործունեությունն ուղղված է երեխայի հոգևոր և մտավոր զարգացմանը: Հիմնականում կիրառում ենք ժամանակակից տեխնոլոգիաները՝ ցուցաբերելով եսակենտրոն մոտեցում, որպեսզի երեխայի ինքնագնահատականը, ինքնավստահությունը լինեն բարձր: Գոյություն ունի 3 տարեկանի ճգնաժամ, որը շատ հոգեբաններ համեմատում են դեռահասության շրջանի հետ: Ամեն ինչ անում ենք երեխայի ես-ի կայացման համար: Մանկապարտեզի մանկավարժ-հոգեբաններն օգնում են երեխաներին հաղթահարել իրենց վախերը, սթրեսները, ագրեսիան, եսասիրական նկրտումները, հոգեբանական բարդույթները: Կրթական ծրագրերում օգտագործում ենք ժամանակակից մեթոդներ՝ ԽԻԿ, ԳՈՒՍ: Խթանում, իմաստավորում և կիրառում, այսինքն՝ առաջին փուլում խթանում ենք հետաքրքրությունը երեխայի մեջ, որպեսզի հակված լինի լսել դաստիարակին, իմաստավորում ենք ասելիքը, գիտելիք ենք հաղորդում և միասին կշռադատում, քննարկում՝ ինչն էր լավ կամ վատ, ինչ սովորեցինք: Իսկ ԳՈՒՍ մեթոդի (գիտեմ, ուզում եմ սովորել) գաղտնիքը հետևյալն է. բոլոր երեխաներին ասում ենք, որ նրանք ամեն ինչ գիտեն, միևնույն ժամանակ շահագրգռում, որպեսզի հակված լինեն ավելի շատ գիտելիքներ յուրացնելուն:

Բոլոր պարապմունքներն անցկացնում ենք խաղ-պարապմունքների տեսքով, որոնք կոչվում են ինտեգրված պարապմունքներ, օրինակ՝ մայրենի լեզուն կապակցում ենք կերպարվեստի հետ. երեխաները նկարում են այն, ինչ սովորում են: Սաների մեջ զարգացնում ենք ինքնուրույն մտածողությունը, վերլուծությունը: Մեր մանկավարժներն ու երեխաները գտնվում են հավասար հարթությունում. երեխայի հետ զրուցում ենք իրենց լեզվով՝ նրանց մեջ արթնացնելով իրենց սեփական կարծիքը հայտնելու ցանկությունը:

Մեզ դիմում են նաև սաներ, որոնք ունեն խոսքի և մտավոր զարգացման հապաղում: Մենք օգնում ենք երեխաներին ձևավորել ազատ խոսքի միջոցով իրենց զգացումներն արտահայտելու կարողություն: Նրանց ընդգրկում ենք հանդեսներում, բոլոր միջոցառումներում՝ մյուս երեխաների մեջ արթնացնելով պատասխանատվության զգացում՝ նրանց հանդեպ հոգատար և ուշադիր գտնվելով:

Մեր աշխատանքում ամենակարևորը սեր ներդնելն է: Գիտելիքներ մարդիկ կարող են ձեռք բերել անգամ 20 տարեկանում, եթե կա ցանկություն, սակայն վաղ տարիքում ամենակարևորը փոքրիկների մեջ սերմանել բարություն, աշխատասիրություն, ընկերություն, կոլեկտիվ մտածողություն, հայրենասիրություն, այսինքն՝ զարգացնել նրա մեջ մարդ տեսակը:

-Ասում են երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետություն կառավարելու համար:

-Համամիտ եմ, որովհետև երեխաներն են մեր երկրի, մեր պետության ապագան: Մեր կառավարությունը մանկապարտեզներին, դպրոցներին պետք է մեծ ուշադրություն դարձնի, որը, ցավոք, չկա:

Նույնիսկ մտածում էի մասնավոր մանկապարտեզների ասոցիացիա հիմնել, որտեղ կհավաքվեն երեխաների ծնողներն ու կներկայացնեն իրենց հարցերը, խնդիրները, որպեսզի պետությունն ինչ-որ չափով աջակցի՝ լուծելու, օրինակ տարածքային խնդիրը: Պետությունը կարծես ձեռք է քաշել՝ ասելով՝ բիզնես եք անում: Մինչդեռ «Օկի Դոկին» չի ստեղծվել որպես շահույթ հետապնդող բիզնես, այն հիմնվել է մայրերի պահանջով, որոնք ունեն ավելի հագեցած աշխատանքային գրաֆիկ: Պետական մանկապարտեզներում դասերն ավարտվում են ժամը 17:00: Հաճախ աշխատող ծնողները մտածում են դայակ վարձելու մասին, որը կգնա երեխայի ետևից, կզբաղեցնի նրան մինչև իր վերադարձը: Շատ ծնողներ չեն վստահում վարձու դայակներին, իսկ այստեղ մեծ թիմ է աշխատում, հսկողությունն ու պատասխանատվությունը շատ մեծ է…

«Օկի Դոկի» մանկապարտեզում օրը սկսվում է ավելի վաղ և ավարտվում ավելի ուշ, քան մայրաքաղաքի մյուս մանկապարտեզներում: