Կրթություն ընդունված չափանիշներից դուրս

Մի քանի ժամ առանց մայրիկների, բայց մայրական սիրով ու ջերմությամբ շրջապատված է անցնում «Ձեր գիտակը» մանկական կենտրոնի փոքրիկների առօրյան: 1.5-13 տարեկան երեխաների «Ձեր գիտակը» սիրելի կենտրոնն արդեն երկու տարի ամեն աշխատանքային օր առավոտյան 8:30-ին իր գիրկն է առնում սաներին: Ու մինչև երեկոյան 19-ը խաղն ու պարը, զվարճանքն ու գիտելիքը երեխաների անբաժան ուղեկիցն են:

Բազմամյա մանկավարժական փորձ ունեցող դաստիարակների շնորհիվ «Ձեր գիտակը» մանկական կենտրոնում մեծանում և դաստիարակվում են խելացի, կիրթ ու միևնույն ժամանակ առողջ հոգեբանությամբ երեխաներ: Մանկական կենտրոնում աշխատող մանկավարժներն, ի տարբերություն այսօր ընդունված պահանջների, հարուստ կենսափորձի տեր, ոչ նորավարտ մասնագետներ են, ովքեր տարիների նվիրված մանկավարժական աշխատանքի շնորհիվ կարողանում են անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր երեխայի, վերաբերվում են նրանց ինչպես սեփական փոքրիկին՝ պահելով այն հեռավորությունը, որ պետք է լինի մանկավարժի և երեխայի միջև:

Գումարում, հանում, բազմապատկում… Գիտակները կենտրոնում ստանում են մաթեմատիկական և նույնիսկ բնագիտական առաջին գիտելիքները, սովորում գրել ու կարդալ՝ ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով՝ ռուսերեն և անգլերեն: Իսկ պարի, նկարչության, ավազե նկարչության, խեցեգործության, օրիգամիի պարապմունքներն այսօր արդեն փոքրիկներին մոտեցնում են արվեստին ու մշակույթին՝ հաղթահարելով համակարգիչ կոչված հիվանդությունը: Նույնիսկ մուլտֆիլմ դիտելը «Ձեր գիտակում» սահմանափակված է. դիտում են, եթե այն պետք է բեմադրեն: «Հեռուստացույցին գամելով երեխա չես դաստիարակի»,-կարծում են «Ձեր գիտակում»: Վաղվա արժանապատիվ քաղաքացիներն այսօրվա մանուկներն են, ահա թե ինչու փոքրիկ գիտակները սովորում են էթիկայի, վարվելակերպի կանոնները, դաստիարակվում հայրենասիրական ոգով:
Պետական ծրագրերը, որ նախատեսված են նախադպրոցականնների համար, իհարկե յուրացվում են «Ձեր գիտակում», բայց դա ամենը չէ. մանկավարժական «կլոր սեղանների» ժամանակ մանկավարժական խորհուրդը քննարկում է նաև, թե ինչ հավելյալ գիտելիքներ են այդ պահին անհրաժեշտ երեխաներին: «Հաշվի ենք առնում, թե մեր բալիկներն ինչքան կարող են վերցնել: Կարող ենք էկոլոգիա սովորեցնել, կարող ենք մշակութային արժեքների հետ ծանոթացնել, արվեստից խոսել: Մեր սաները ճանաչում են հայ հայտնի պարուսույցներին, երգահաններին: Նրանք գիտեն Սայաթ-Նովայի երգերը, Թումանյանի հեքիաթները, ճանաչում են հայ նկարիչներից շատերին»,-պատմում են մանկավարժները:

Բավական է ընդամենը մեկ-երկու ժամ առնչվել «Ձեր Գիտակի» սաների հետ՝ հասկանալու համար, որ նախադպրոցական տարիքում նրանք արդեն մեծ գիտակներ են, ինչին նպաստում է մասնագետների յուրատիպ մեթոդներով աշխատանքը երեխաների հետ: Օտար լեզուների մասնագետները խոսում են միայն իրենց դասավանդած լեզվով. հայերենի մասնագետները՝ միայն մաքրամաքուր հայերեն: «Իհարկե, սկզբնական շրջանում ոչ բոլոր երեխաներն են ամեն ինչ հասկանում,-ասում է տնօրեն Քրիստինե Կիրակոսյանը,- թարգմանում ենք, բացատրում հայերենով, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, որոշ ժամանակ անց բոլորը հասկանում են բոլորին»:

Փոքրիկների՝ 1-6 տարեկան երեխաների ուսուցումը «Ձեր գիտակը» մանկական կենտրոնում իրականացվում է խաղերի, դիդակտիկ նյութերի օգնությամբ: Մանկական կենտրոնում թե՛ գրենական պիտույքների, թե՛ խաղալիքների պակաս չի զգացվում: Խաղալիքները, որ նպաստում են երեխայի ժամանցին, նաև զարգացման համար են: Այստեղ տիկնիկը պարզապես խաղալիք չէ, այն աղջիկ է, որին պետք է համահունչ հագցնել, համադրել շորիկն ու կոշիկը, դրանց գույները:

Կենտրոնում գործում են հոգեբանական և լոգոպեդի խմբային ծառայություններ, իսկ որոշ փոքրիկներին անհրաժեշտության դեպքում ցուցաբերվում է նաև անհատական հոգեբանական մոտեցում: Խմբային պարապմունքներն անց են կացվում հոգեբանական վարժությունների և խաղերի միջոցով, որոնք ուղղված են տարբեր հմտությունների և միջանձնային փոխհարաբերությունների ձևավորմանը: Իսկ հեքիաթաթերապիան ու խամաճիկների թատրոնը հոգեբանի և լոգոպեդի լավագույն գործիքներից են:

Մանկական կենտրոնում հատուկ ուշադրություն է հատկացվում ծնող-մանկավարժ-երեխա փոխհարաբերությանը՝ կարևորելով ծնողի տեղեկացվածությունը ամեն մանրուքին: «Մեր աշխատանքում կարևորում ենք երեխա, ծնող, կենտրոն եռանկյունու առկայությունը, ասում է «Ձեր գիտակի» տնօրեն Քրիստինե Կիրակոսյանը, քանի որ հաճախ երեխաների խնդիրները ծնունդ են առնում տանը, որևէ ընտանեկան կոնֆլիկտի պատճառով, իսկ ծնողը, իմանալով թե ինչ է կատարվում իր փոքրիկի հետ, կարող է գիտակցաբար մեզ օգնել վերացնել երեխայի խնդիրը»:

Խոսելով «Ձեր գիտակը» մանկական կենտրոնի մասին՝ անհնար է անտեսել այլազգի մանկիկների ներգրավվածությունը, որոնք, կարճ ժամանակ լինելով կենտրոնի սաներ, արդեն վարժ հաղորդակցվում են հայերենով՝ ազատ արտահայտում ցանկություններն ու պատասխանում իրենց ուղղված հարցերին:

Բաց դասերին, հանդեսներին երեխաներն ու մանկավարժները մեծ ոգևորությամբ են պատրաստվում, չէ՞ որ սեփական գիտելիքներն ու հմտություններն ի ցույց դնել են ցանկանում: Ավարտական հանդեսների, տոնական միջոցառումների, հայրենասիրական ցերեկույթների ժամանակ «Ձեր գիտակի» սաները հասուն դերասանների պես ելույթ են ունենում՝ ամենքը աչքի ծայրով փնտրելով իր մայրիկի ու տատիկի հայացքը: -Տեսնես նրան դուր եկա՞վ իմ խոսքը: Օրն առանց բնության դժվար է «Ձեր գիտակում» պատկերացնել, այստեղ երեխաները թե այգեպաններ են, թե այգու բերքը վայելողներ, թե ծառերի զովին հանգստացողներ, իսկ ամռան տաք արևը փոքրիկները վայելում են իրենց համար նախատեսված լողավազանում:

«Ձեր գիտակում» ամեն երեխա անհատականություն է՝ շրջապատված սիրով ու բարությամբ, հոգատար վերաբերմունքով և ապագայի նկատմամբ լուսավոր պատկերացումներով: