ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՄՆ Է

Ի՞նչ հասարակություն կունենանք վաղը, ի՞նչ բարոյական արժեքներ կգերակշռեն ու բարեկեցության ինչ մակարդակ կգրանցենք ապագայում, մեծապես կախված է այն բանից, թե այսօրվա մանկապարտեզում ու դպրոցում ինչ կուսուցանենք և ինչպես կուսուցանենք: Արդյոք որոշակի փաստեր սերտել տալով կարելի՞ է կերտել կայուն, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության քաղաքացիներ:

Ի՞նչ կարծրատիպեր են այսօրվա մանկավարժներին խանգարում ուսուցման նոր մեթոդներ կիրառել, ձևավորել նոր կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա սովորում ու զարգանում է իր կարողություններին համապատասխան՝ դրսևորելով իր առավելագույն ներուժը: Հենց այդ հարցերը, կարծրատիպերն ու մանակավարժական մեթոդաբանության առկա խնդիրներն են 1998 թվականից ի վեր դարձել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի գործունեության, հետազոտությունների և գործնական աշխատանքնների թիրախը:

 

 

Հայաստանում «Քայլ առ քայլ» ծրագիրը սկսել է իրականացվել 1998թ-ից՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմում։ 2000թ-ին հիմնվեց «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը, իսկ վաղ մանկության զարգացման խնդիրներին հասցեագրված «Քայլ առ քայլը» ծրագիրը մինչ օրս էլ գործում է՝ որպես Հիմնադրամի առաջնահերթ ծրագրերից մեկը:

Ծրագիրն ի սկզբանե ուղղված է եղել 0-10 տարեկան երեխաների կրթությանն ու զարգացմանը: Այն հարցը, թե ինչու ընտրվեց հատկապես տարիքային այդ խումբը, մեկնաբանում է հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ծառուկյանը. «Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի ուղեղն առավել ինտենսիվորեն զարգանում է կյանքի առաջին տարում և ունի ինֆորմացիայի կուտակման ահռելի կարողություններ: Հետևաբար երեխայի կրթությունը պետք է սկսել ծնված օրվանից և շարունակել նրա զարգացմանը զուգընթաց»:

Դրա համար շատ կարևոր է բարձրացնել ընտանիքների, ծնողների տեղեկացվածությունը՝ երեխաների վաղ զարգացման և այդ ոլորտում գիտական բացահայտումների մասին։ Իսկ այդ առումով անելիքներ շատ կային։ Այսպես օրինակ՝ 2002թ-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, և ԿԳ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեցին հարցումներ՝ երեխաների վաղ զարգացման խնդիրների մասին, ինչի արդյունքում պարզվեց, որ դեռ շատ ծնողներ երեխայի կրթության սկիզբը համարում են մանկապարտեզ հաճախելը: Այսպիսի կարծրատիպերը կոտրելու, մանկավարժներին և ծնողներին ճիշտ կողմնորոշելու համար անհրաժեշտ էին հատկապես վաղ կրթությանն ուղղված ծրագրեր՝ նախադպրոցական ոլորտի մասնագետների և ծնողերի համար:

«90-ական թվականներին նախադպրոցական կրթության ոլորտում խառնաշփոթ էր տիրում. մանկապարտեզների մեծ մասը փակվել էր կամ լիարժեք չէր գործում՝ ֆինանսավորման խնդիրների, ջեռուցման և այլ պատճառներով: Մյուս կողմից էլ Հայաստանն ընտրել էր ժողովրդավարացման ուղին, հետևաբար՝ կանգնել էր կրթական բարեփոխումների անհրաժեշտության առջև: Բայց այդ դժվար տարիներին կառավարությունն այլ առաջնահերթություններ ուներ, և նախադպրոցական կրթությունը հետին պլան էր մղվել: Այդ իրավիճակում «Քայլ առ քայլ» ծրագիրը եկավ օժանդակելու կրթական բարեփոխումներին, այն կարծես թթվածին էր Հայաստանի կրթական համակարգի համար»,- նշում է Ռ.Ծառուկյանը:

Ծրագրի շրջանակներում նախ վերապատրաստումներ անցկացվեցին Երևանի և մարզերի մանկապարտեզներում, հետո` նաև դպրոցների տարրական օղակում: Վերապատրաստվող մանկավարժները ծանոթացան ուսուցման երեխայակենտրոն մոտեցումներին և մեթոդաբանությանը, դասապրոցեսի կազմակերպման նոր, արդյունավետ ձևերին:

Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով՝ վերապարաստումների հետ միասին բոլոր ուսումնական հաստատություններին տրվում էին նաև մանկավարժական գրականություն, կահույք և համապատասախան ուսումնական նյութեր, որոնք այդ տարիներին նորություն էին հանրապետությունում։

Իր գործունեության մեջ «Քայլ առ քայլ» ծրագիրը հիմնական շեշտը դնում է երեխայակենտրոն, անհատականացված ուսուցման մեթոդների վրա: «Երբ գնում ենք դասապրոցեսը դիտարկելու,-իրենց աշխատանքի նրբություններն է ներկայացնում Ռ.Ծառուկյանը,- հետևում ենք, թե դասի ընթացքում ինչ է անում ոչ թե ուսուցիչը, այլ երեխան, ինչպես է նա ներգրավվում տարբեր աշխատանքներում, ինքնաարտահայտման ինչ հնարավորություններ է ստանում, ինչ գիտելիքներ է յուրացնում և ինչ կարողություններ է ձեռք բերում կոնկրետ դասի ընթացքում: Մեր առաքելությունն է երեխայակենտրոն մոտեցումներով նպաստել որակյալ կրթությանը: Դասարանը չի կարող և չպետք է «մի դերասանի թատրոն» լինի, որտեղ գլխավոր գործող անձը ուսուցիչն է: Դասարանում պետք է լինի բնական ուսումնական գործընթաց, որտեղ ոչ միայն սովորեցնում են երեխային, այլ նաև ինքն է սովորում, որտեղ ամեն երեխա, անկախ իր կարողություններից, ազատ ու անկաշկանդ դրսևորում է իր առավելագույն ներուժը: Երեխայակենտրոն ուսուցումը հենց դա է նշանակում. ստեղծել միջավայր, որտեղ բոլոր երեխաները հավասար հնարավորություն ունենան՝ մասնակցելու դասին, առավելագույնս դրսևորելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև վայելելու սովորելու հաճույքը: Չէ՞ որ ամեն երեխա առանձնահատուկ է, տարբեր մյուսներից` իր զարգացման տեմպով ու անհատականությամբ»:

Այսօր ուսուցիչները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ոչ թե ուսուցանվող նյութի քանակին, այլ այդ նյութի ընկալման խորությանը: Նոր հազարամյակը նոր խնդիրներ է դնում կրթության առջև. այնպես անել, որ ինտելեկտն ու բարոյականությունն օգնեն ավելի ժողովրդավար, բաց ու հանդուրժող աշխարհ կառուցելու հարցում: Իսկ այդ արժեքները կրող քաղաքացիներ ձևավորելու համար պետք է հրաժարվել ուսուցման ժամանակավրեպ, անարդյունավետ մեթոդներից, պետք է հաշվի առնել երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները, մեծ ուշադրություն դարձնել նաև նրանց հուզական և սոցիալական զարգացմանը:

«Մենք կարևորում ենք երեխաների համակողմանի զարգացումը,- մանրամասնում է հիմնադրամի տնօրեն Ռ. Ծառուկյանը,- որը ներառում է երեխայի ֆիզիկական, իմացական, սոցիալական և հուզական ոլորտները: Այդ բոլոր ոլորտները հավասարաչափ կարևոր են երեխայի ամբողջական, ներդաշնակ զարգացման համար: Դրանք նաև փոխազդում են միմյանց վրա և առանձին-առանձին զարգանալ չեն կարող։ Օրինակ, եթե երեխան խնդիր ունի ֆիզիկական ոլորտում, այսինքն՝ առողջ չէ, հիվանդ է կամ թերսնված, հնարավոր չի լինի խոսել արդյունավետ ուսուցման մասին՝ առանց այս խնդրին պատշաճ ուշադրություն դարձնելու: Իմացական ոլորտի զարգացումը բոլոր ժամանակներում իրավացիորեն եղել է դպրոցի հիմնական առաքելությունը, սակայն դրա կողքին բավարար ուշադրության չեն արժանացել մյուս երկու՝ հուզական ու սոցիալական ոլորտները: Բայց չէ՞ որ երեխայի լիարժեք ու համակողմանի զարգացման համար կարևոր է նաև այն, թե ինչ է կատարվում նրա հուզական աշխարհում և ինչպիսի սոցիալական վարք է դրսևորում նա, ինչպես է շփվում հասակակիցների հետ, ինչպես է կառավարում իր վարքը և այլն:

Մեր ծրագրերում այդ չորս ոլորտներն էլ նույն հարթության վրա են գտնվում: Մեկը մյուսի հանդեպ գերակա չէ: Չէ՞ որ հանրակրթության նպատակը միայն գիտնականներ ու պրոֆեսորներ պատրաստելը չէ, այլ խոհուն, դաստիարակված մարդիկ, որոնք ինչ մասնագետ էլ դառնան, պետք է կարողանան գիտակցել ու կառավարել իրենց հույզերն ու վարքը, բարեկիրթ շփվել և հաղորդակցվել մարդկանց հետ։ Գիտելիքը, որքան էլ որ կարևոր է և բոլոր մյուս ձեռքբերումների հիմքն է, չի կարող լիարժեք և համակողմանի զարգացած մարդ ձևավորել, եթե անտեսվեն երեխայի զարգացման մյուս ոլորտները։ Երեխաներին վաղ տարիքից պետք է սովորեցնել ապրել հասարակության մեջ, մտածել տարբեր երևույթների մասին, վերլուծել ու հասկանալ դրանք, մերժել բիրտն ու անարդարը, գնահատել և ընդունել դրականը, դառնալ բարոյական բարձր արժեքների կրող, քննադատական ու վերլուծական մտածողություն ունեցող մարդ»:

 «Քայլ առ քայլ» ծրագիրը մշակել է նաև համապատասխան մեթոդաբանություն ու գործիքներ, որոնք նպաստում են աշակերտների վերլուծական և ինքնուրույն մտածողության զարգացմանը: Նախադպրոցական հաստատություններում և տարրական դպրոցում երեխաների ունեցած ձեռքբերումները ցույց տվեցին, որ հետևողական ու մեթոդապես ճիշտ աշխատանքը լավ արդյունքներ է տալիս։

Որպես հաջորդ քայլ՝ կազմակերպության ջանքերով հանրապետությունում ներդրվեց մի նոր ծրագիր՝ «Քննադատական մտածողության զարգացումը՝ կարդալու և գրելու միջոցով» (ՔՄԶԿԳՄ), որը սկզբում ուղղվեց հանրակրթական դպրոցների միջին օղակին, իսկ հետո նաև ավագ դպրոցին և բուհերին:

«Տարրական դասարաններում «Քայլ առ քայլ» ծրագրի իրագործման արդյունքում նկատեցինք, որ երեխաներն աստիճանաբար դառնում են ակտիվ սովորողներ. նկատելի ինքնուրույնություն են դրսևորում, դարձել են ավելի հարցասեր ու հետաքրքրասեր: Սակայն ժամանակի ընթացքում որոշակի անհամապատասխանություն նկատվեց այս մեթոդաբանությամբ տարրական դասարաններում սովորած երեխաների ակնկալիքների և միջին դպրոցի ուսուցիչների դասավանդման մեթոդների միջև: Թերևս դրդապատճառներից մեկն էլ սա էր, որ նախաձեռնեցինք ՔՄԶԿԳՄ ծրագիրը»,- ասում է Ռուզաննա Ծառուկյանը:

Ծրագրի նպատակն է կրթել նախաձեռնող, կշռադատված և պատասխանատու որոշումներ կայացնող մարդ, հասարակության ակտիվ անդամ: Ծրագրում կիրառվող ուսուցման մեթոդները խթանում են երեխաների հետաքրքրասիրությունն ու սովորելու մոտիվացիան, օգնում են աշակերտներին ոչ միայն լսել-կարդալ ու կրկնել-վերարտադրել, այլ նաև մտածել, դատողություններ անել, սեփական կարծիք ու մոտեցումներ ձևավորել: Դասերի ընթացում նրանք քննարկում են տարբեր փաստեր և երևույթներ, ընդգրկվում են զույգերով և խմբային աշխատանքի մեջ, համագործակցում են, ուսումնասիրում և հետազոտում ու այս ամենի հիման վրա սեփական եզրահանգումներ անում: Այսպիսով, ուսուցման գործընթացն աշակերտների համար դառնում է հետաքրքիր, գրավիչ և իմաստալից:

Այս նպատակին հասնելու համար՝ ծրագիրն օգնում է ուսուցիչներին նման մեթոդաբանությամբ աշխատելու հմտություններ ձեռք բերել, աշխատել աշակերտների հետ փոխհամագործակցությամբ, ինչը նպաստում է վստահության և հարգանքի վրա հիմնված գործընկերային հարաբերությունների ստեղծմանը։ Այս ամենի շնորհիվ դասավանդումը դառնում է ավելի հետաքրքիր, արդյունավետ, նպատակային` առաջացնելով մասնագիտական հպարտության և հոգեկան բավարարվածության զգացում:

Այս նոր սկզբունքներն ու մեթոդներն ավելի հասկանալի, կիրառելի ու հասանելի դարձնելու համար «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է նաև տարբեր ծրագրեր ու դասընթացներ, տպագրում է մասնագիտական ու մանկական գրականություն:

Կրթության և գիտության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ «Քայլ առ քայլը» մշակել է 0-6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչները, որոնք վալիդացիայից հետո այսօր դարձել են նախադպրոցական կրթության պետական չափորոշիչ հիմքը։

Կազմակերպության աշխատանքի մյուս կարևոր ուղղությունը ծնողական կրթությունն է։ «Քայլ առ քայլն» աշխատում է նաև երեխաների ծնողների հետ՝ նրանց հաղորդելով երեխայի կրթության ու դաստիարակության համար կարևոր հիմնական գիտելիքներ:

Հիմնադրամը վերապատրաստումներ է անցկացրել Հայաստանի 11 մարզերի շուրջ 870 մանկապարտեզների և 450 դպրոցների մասնագետների, ինչպես նաև մանկավարժական բուհերի և քոլեջների դասախոսների և ուսանողների համար: Երբ վերապատրաստվող մանկապարտեզների և դպրոցների քանակի աճին զուգահեռ հիմնադրամը կանգնեց որակի վերահսկման մեխանիզմներ մշակելու անհրաժեշտության առաջ, նախաձեռնեց մենթորական ծրագիրը: Պատրաստվեցին մի խումբ մասնագետներ (մենթորներ), որոնք ուսուցիչների վերապատրաստումից հետո սկսեցին աշխատել նրանց հետ՝ օգնելով, որ գործնականում կարողանան արդյունավետորեն կիրառել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները, ճիշտ և նպատակային օգտագործեն մեթոդները:

Հենց որակի ապահովման աշխատանքների շնորհիվ է, որ «Քայլ առ քայլ» հիմնադրամը վաստակել է կրթական ոլորտի պատասխանատու պետական գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների վստահությունը: Նրանց հետ «Քայլ առ քայլը» համագործակցում է տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում:

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի փորձն ու գիտելիքները ներդրվել են նաև Աբխազիայի Գալի շրջանում, որտեղ կազմակերպությունն իր ներդրումն է ունեցել Աբխազիայի կրթական համակարգի բարեփոխումների ծրագրում։ Շուրջ երեք տարի ընթացող ծրագրի շրջանակներում հիմնադրամի մասնագետները մեթոդական վերապատրաստումներ են իրականացրել Գալի շրջանի մանկապարտեզների և տարրական դպրոցի ուսուցիչների, ինչպես նաև մանկավարժական բուհի մասնագետների համար:

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի ծրագրերը շատ են ու բազմաբնույթ: Դրանք տրամաբանորեն լրացնում են միմյանց և, ըստ էության, ուղղված են կայուն գիտելիքներով զինված, սկզբունքային և լավ քաղաքացիներ ձևավորելու գործին:

Կրթական հաստատությունները բոլոր օղակներում պետք է հասարակության համար պատրաստեն ոչ միայն որակյալ մասնագետներ, որը, ինչ խոսք, շատ կարևոր է, այլ նաև համակողմանի զարգացած և բարեկիրթ մարդիկ, որն ամենակարևորն է։ Դրա համար առաջին հերթին պետք է ապահովել այնպիսի կրթություն, որը կդաստիարակի բարձր բարոյական արժեքներ կրող մարդ, կսովորեցնի մտածել, վերլուծել, համադրել, հաշվի նստել ուրիշի կարծիքի հետ և ամենակարևորը՝ երեխաներին սովորել կսովորեցնի:

Իր «Բազմաբնույթ մտածողությունը և կրթությունը» գրքում Հովարդ Գարդները գրում է. «Ես ուզում եմ, որ երեխաները հասկանան աշխարհը, բայց ոչ միայն այն պատճառով, որ աշխարհը զարմանահրաշ է, իսկ մարդկային միտքը՝ հետաքրքրասեր: Ես ուզում եմ, որ նրանք հասկանան աշխարհը, որպեսզի ի զորու լինեն այն դարձնել ավելի լավը: Գիտելիքը և բարոյականությունն, իհարկե, տարբեր բաներ են, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ անենք, որ խուսափենք անցյալի սխալներից և շարժվենք արդյունավետ ուղղությամբ: Աշխարհն ընկալելու համար կարևոր է հասկանալ, թե ով ենք մենք և ինչ կարող ենք անել... Ի վերջո, մենք պետք է համադրենք մեր ընկալումները և… որպես մարդկային էակներ՝ հասկանանք և գործենք այս անկատար աշխարհում կա՛մ հօգուտ բարու, կա՛մ հօգուտ չարի»:

Ուստի կրթությունն ու դաստարակությունը պետք է նպաստեն, որպեսզի ինտելեկտը և բարոյական արժեքները սովորողի համար ծառայեն որպես միջոց՝ իրեն բավարարված զգալու և օգտակար լինելու այն հասարակությանը, որում նա ապրում է: