Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար

«Ինձ ծնողներս թողեցին, երբ հորս մոտից փող գողացա: Բռնվեցի՛։ Տնից հանեցին… խմելու փողն էի տարել. սխալ էի, բայց փոքր էի ու ուտել էի ուզում։  Երևի եթե մի քիչ մեծ լինեի՝ էդպես չէր լինի. երևի…»

Ամիսներ առաջ ծանոթացա մի երիտասարդի հետ, ով մանկատանն էր հայտնվել տակավին երեխա հասակում ու այնտեղից, բարեբախտաբար, ընկել մի ընտանիք, որտեղ էլ մեծացրել են հմայիչ, բարեսիրտ ու գրագետ այս նկարչին։ Օգնություն էր փնտրում։ Ուզում էր կենսաբանական ծնողներին գտնել, որոնց չէր տեսել արդեն տասնյակ տարիներ։ Հարցին, թե ինչի՞ համար՝ նա պատասխանեց, որ ինքն էլ չգիտի։ Ուղղակի սրտի կանչին է հետևում…

Ոչ մի երեխա չպետք է հասակ առնի միայնակ …

Վիճակագրությամբ՝ Հայաստանում շատ են նմանօրինակ դեպքերը. ծնողներ ունեցող «որբ»-ը մեծանում է, կայանում ու անլիարժեքության մեծ բացը լրացնելու ցանկությամբ՝ փնտրտուքի մեջ հայտնվում, օգտագործում բոլոր հնարավոր և անհնար ռեսուրսները՝ գտնելու ու գոնե մեկ անգամ խոսելու իր անցյալի ու անցյալից վազող, ապագան իր խարխուլ ուսերի վրա պահող ներկայի մասին։

Սոցիալական ծանր վիճակ, հարբեցողություն, բռնություն, աղքատություն… Հայաստանում՝ ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալների, երեխաների 64%-ն աղքատ է։ Երեխայի կրթության որակը, ֆիզիկական միջավայրը, արդյոք նա ունի խաղալու համար անվտանգ պայմաններ, երեխայի ընտանեկան իրավիճակը, պայմանները, կացարանը… այս ամենը ենթարկվել են երկարաժամկետ հետազոտությունների ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից։ Սրանց գումարվում է տեղական սոցիալական ծայրահեղ և միջին ընչազրկությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ոչ քիչ թվով երեխաների՝ մանկատներում և խնամակալական այլ հաստատություններում հայտնվելուն։ Խնդրին, պետության կողմից նախատեսված, սակայն ճիշտ ժամանակին չցուցաբերած համապատասխան ուշադրությունը, մոտեցումն ու լուծումները ժամանակի ընթացքում նպաստում են մանկալքության, «վթարային» կարգավիճակ ունեցող ընտանիքների փլուզման և կենդանի ծնողների գոյության փաստին հակառակ որբացածների մեծ դժբախտությանը։

Ծայրահեղ մտահոգիչ խնդիրներ, որոնց մասին խոսվում է անդադար, իսկ կատարվող գործերը՝ ծառացած խնդրի արմատների կողքին, ուղղակի փոքր ծաղիկներ են։ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն ունի իր մոտեցումները: Այստեղ հայտնված երեխաներից գրեթե յուրաքանչյուրն ունի ծնող։ Եվ հիմնադրամի գերնպատակն է, որ երեխան մեծանա իր ծնողի կողքին, և որ ընտանիքը կարողանա ճիշտ կատարել իր գործառույթը։ Մեր երկրում մանկալքությունն ունի սոցիալ-տնտեսական և մի շարք այլ բարոյա-հոգեբանական և առողջապահական ծանրակշիռ պատճառներ։ Ըստ վիճակագրութան՝ քիչ չեն դեպքերը, երբ հայ ընտանիքում երեխան զուրկ է մնում ծնողական ուշադրությունից և այնուհետ նաև խնամակալությունից, երբ հայրը ֆինանսապես ընտանիքին աջակցել ի զորու չլինելու պատճառով, իր բացը լրացնում է խմիչքին կամ թմրանյութին տրվելով և հայտնվելով հոգեբարոյական ճգնաժամի մեջ, իսկ մայրն ուղղակի հեռանում է ընտանիքից՝ անզորությունից ու անելանելի վիճակի դեմ պայքարելու միջոցներ չունենալու հնարավորությունից: Այդ ամենի արդյունքում երեխան սոցիալական աշխատողների կամ հենց ծնողի միջնորդությամբ հայտնվում է խնամակալական հաստատություններում։ Երեխաները «ՍՕՍ Մանկական Գյուղեր» են գալիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ուղեգրով։

Ծանոթանանք «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գործունեությանը։ 1990թվականին Հայաստանը դարձավ աշխարհի 132 երկրներում գործող «ՍՕՍ մանկական գյուղեր» կազմակերպության անդամ և իր դռները բացեց 1988թ. աղետալի երկրաշարժից տուժած երեխաների առջև՝ նպատակ ունենալով նրանց տալու լիարժեք ընտանեկան խնամք և դաստիարակություն։ Գյուղը երբեք չի ընկալվել որպես մանկատուն, ինչպես իրենց՝ երեխաների, այնպես էլ ողջ աշխատակազմի կողմից։ Սա տուն է՝ ընտանիք, որտեղ տիրում է սեր, հարգանք, հոգատարություն…

Հիմնադրամի ռազմավարական ուղղությունը ընտանեկան տիպի խնամքն է և ընտանիքի ամրապնդումը։ «ՍՕՍ մանկական գյուղեր» Միջազգային կազմակերպության գերնպատակն է երեխային չզրկել սեփական ընտանիքի խնամակալությունից՝ միևնույն ժամանակ ամրապնդելով, օգնելով ու աջակցելով երեխա-ծնող փոխհարաբերությունների և հոգեբանական տրամադրվածության կայունացմանը։ Ընտանիքի ամրապնդում, անհրաժեշտության և հնարավորության դեպքում՝ երեխայի ժամանակավոր, իսկ անդառնալի դեպքերում՝ երկարաժամկետ խնամակալություն… սրանք են ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության անփոփոխ գործառույթները՝ արդեն ավելի քան վաթսուն տարի։ Փոփոխվում են միայն դաստիարակչական շեշտադրումները, մոտեցումներն ու դրսևորումները։

Ի տարբերություն պետական մանկատների և խնամակալական այլ հաստատությունների՝ «ՍՕՍ մանկական գյուղերի» համար կարևոր երկու հանգամանք կա երեխայի կրթության ու դաստիարակության առումով՝ լիարժեք մասնագիտական կրթություն և դրանից բխող՝ սոցիալական կրթություն, ինչը թույլ կտա արդեն երիտասարդ տարիքում լինելու հասարակության լիարժեք անդամ, ունենալու կայուն եկամուտ և վստահ լինելու ապագայի հուսալի հեռանկարի հանդեպ։

Անհամեմատելի են գործազուրկ և, գոնե, նվազագույն, բայց կայուն եկամուտ ունեցող ընտանիքների կեցությունը։ Ինչքան էլ թերահավատ լինենք, միևնույն է, չենք կարող չհամաձայնել, որ լավ մասնագետը կգտնի աշխատանք, թեկուզև ցածր եկամուտով:

«ՍՕՍ մանկական գյուղերը» որպես կազմակերպություն՝ խիստ կարևորում է կրթության դերը երեխաների զարգացման գործընթացում և իր գործունեությամբ՝ ձգտում է աջակցել այն կրթօջախների զարգացմանը, որնցում ուսում են առնում իր խնամքի ներքո գտնվող երեխաները, մասնավորապես՝ Կոտայքի մարզի Կոտայք և Նոր գյուղ համայնքերի դպրոցները և մանկապարտեզը, Իջևանի թիվ 3 դպրոցը և թիվ 5 մանկապարտեզը, Երևանի թիվ 84 և 103 դպրոցները:

Նշված կրթական հաստատություններում իրականացվել են շահառուների կարիքների գնահատում և վերլուծություն, որի հիման վրա մշակվել և կազմակերպվել են կրթության որակի բարելավմանն ուղղված կլոր սեղաններ, վերապատրաստումներ, քննարկումներ, բանավեճեր` մանկավարժների, ծնողների, աշակերտների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Դասընթացներ, վերապատրաստումներ և փորձի փոխանակում է իրականացվել «ՍՕՍ մանկական գյուղերի» կրթական ծրագրում ընդգրկված տարբեր կրթական հաստատությունների անձնակազմերի միջև, ինչպես նաև սերտ համագործակցություն է հաստատվել Իջևանի թիվ 5 և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ մանկապարտեզի միջև: Կատարվել են այցեր դպրոցներ և կապ հաստատվել ինչպես վարչական, այնպես էլ մանկավարժական անձնակազմի հետ, կրթական ծրագրերի շրջանակում կազմակերպվել դասալսումներ: Աջակցություն է ցուցաբերվել նաև դպրոցի կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացմանը: Որոշակի մասնակցություն է իրականացվել դպրոցների և մանկապարտեզների մշակութային կյանքի ակտիվացման գործում: Պարբերաբար իրականացվել է մշտադիտարկում՝ կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացված ներդրումների արդյունավետությունը գնահատելու ուղղությամբ:

Կրթությունն է երկրի շարժիչ ուժը։ Մեր ապագան կախված է նոր սերնդից՝ նրա ճիշտ դաստիարակությունից, ապագայի նկատմամբ նրա հստակ ու իրատեսական պատկերացումներից։ Այսպիսին է «ՍՕՍ մանկական գյուղերի» մոտեցումը և համապատասխան ռազմավարությունը։

Հիմնադրամը դիվերսիֆիկացնում է իր ծառայությունները՝ բազմազան է դարձնում ու համապատասխանեցնում յուրաքանչյուր հնարավոր կարիքի։ Ծառայություններ, նոր մոտեցումներ, աջակցությունայն ամենն, ինչը կաշխատի ի նպաստ ընտանիքի լիարժեք դառնալուն և արհեստական որբության վերացմանը։ Երկրի ամրության հիմքը առողջ ընտանիքն է