Ավագ դպրոց. կայացումը դեռ ընթացքում է

ՀՀ կրթական համակարգը մարտահրավերների ժամանակաշրջան է ապրում՝ կրելով նշանակալի փոփոխություններ: Այդ փոփոխություններն ընդգրկել են կրթական գործունեության տարբեր ոլորտներ, և ամենակարևորն այն է, որ բարեփոխումները շարունակվում են: Գործընթացն օրինաչափ է, քանի որ կրթությունը համարվում է պետության հենքային ինստիտուտներից մեկը: Բարեփոխումներ չիրականացնել նշանակում է դուրս մնալ համաշխարհային կրթական տարածքից: Բարեփոխումների իրականացումն էլ կապված է ռեսուրսների ներդրման հետ՝ մարդկային, ֆինանսական և այլն:

 

Ժամանակի պահանջով՝ միջնակարգ դպրոցները տրոհվեցին հիմնական և ավագ դպրոցների: Անհրաժեշտ էր ապահովել կրթության որակը, կրթական համակարգը համապատասխանեցնել երկրի զարգացման արդի միտումներին: Ավագ դպրոցների ստեղծման ռազմավարական ծրագրում սահմանված են ծրագրի ընդունման անհրաժեշտության հիմնավորումները: Ավագ դպրոցի նպատակն է ձևավորել կայացած, ինքնուրույն քաղաքացիներ և գիտակից, հստակ կողմնորոշում ու նպատակ ունեցող աշակերտներ: Ճիշտ է՝ սկզբում ավագ դպրոցի ներդրումը տարակուսանքով ընդունվեց հանրության կողմից, բայց այսօր շատերն են զգում ավագ դպրոցի հոսքային դասարաններում սովորելու, խորը և կայուն գիտելիքներ ստանալու, ընդունելության քննություններին ավելի արդյունավետ նախապատրաստվելու առավելությունները: Իհարկե, համակարգը դեռ ունի կառուցվածքային և բովանդակային առումով թերի կողմեր, հեղինակության բարձրացման խնդիր, բայց այսօր հանրապետությունում գործում են ավագ դպրոցներ, որոնք կարողացել են ստեղծել ներքին կառավարման արդյունավետ համակարգ, որը տալիս է ցանկալի արդյունքներ: Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի օրինակով բացահայտենք ավագ դպրոցների առավելությունները և դրանց կայացման ճանապարհին առկա թերությունները: Մեր զրուցակիցը դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանն է:

-Ինչ ճանապարհ է անցել Երևանի թիվ 119 ավագ դպրոցը, որն ավելի շատ հայտնի է որպես ֆրանսիական դպրոց:

-Դպրոցը հիմնադրվել է որպես Երկաթուղայինների դպրոց հեռավոր 1938-ին: Եվ քանի որ այն գտնվել է երկաթգծի վարչության ու կայարանի տարածքին մոտ, այստեղ սովորել են հիմնականում երկաթուղայինների երեխաները: 1961թ. դպրոցը վերակազմավորվել է ֆրանսիական թեքումով դպրոցի, որտեղ որոշ առարկաներ հենց ֆրանսերենով են դասավանդվել: Այդ տարիներից էլ դպրոցը սկսել են ճանաչել որպես ֆրանսիական դպրոց: 1990թ. մեր դպրոցը վերանվանվեց Բենիամին Ժամկոչյանի անվան: Լիբանանահայ մանկավարժ, Սահակյան վարժարանի տնօրեն Բենիամին Ժամկոչյանը պատմության մեջ անմահացել է ոչ միայն իր մանկավարժական նվիրված գործունեությամբ, այլև պատերազմի տարիներին ծավալած մանկանպաստ գործունեությամբ: Նա հավաքել է որբացած հայ երեխաներին, տեղավորել իր հիմնած մանկատանը, հոգ տարել նրանց կրթության և բարեկեցիկ կյանքի ապահովման համար: Մեծ մանկավարժի բարի գործն ու անունը պահպանելու համար նրա սաները, որոնք այժմ ապրում են արտերկրում, ցանկացել են մայր հայրենիքում նրա անունով կոչել որևէ դպրոց. ընտրությունն ընկել է մեր դպրոցի վրա:

-Այսօր արդեն գործում եք որպես ավագ դպրոց. ի՞նչ առավելություններ եք տեսնում այս վերակազմավորման մեջ:

-Առանձին գործող ավագ դպրոցների ստեղծման ծրագիրը նպատակաուղղված է հանրակրթության վերջին աստիճանում նախամասնագիտական խորացված ուսուցմանը, կրթական նպատակային ծրագրերի իրականացմանը, ուսուցման արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը: Ավագ դպրոցը պետք է նպաստի սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, նախապատրաստի նրանց ինքնուրույն կյանքին, այդ թվում՝ աշխատանքային շուկա մտնելուն: Անցել է արդեն ավելի քան ութ տարի: Այսօր ժամանակը չէ՞ պատասխանելու այն հարցերին, թե արդյոք կայացե՞լ է ավագ դպրոցը, ճի՞շտ է զարգացման ընտրված ուղղությունը, այն արդարացնո՞ւմ է հասարակության և գաղափարի հեղինակների ակնկալիքները, թե՞ ավագ դպրոցը դեռևս կայացման փուլում է: Կարծում ենք այս ասպարեզում անվիճելի են որոշակի հաջողությունները: Նախ՝ ավագ դպրոցը սովորողներին տվեց հոսքային խորացված ուսուցման հնարավորություն: Այն աշակերտի համար հնարավոր դարձրեց խորացված ծրագրով ուսումնասիրել այն առարկաները, որոնք անհրաժեշտ են իրեն ոչ միայն միասնական քննություններ հանձնելու, այլև իր ընտրած ապագա մասնագիտության հիմունքներին տիրապետելու առումով: Բավականին թեթևացվեցին ոչ խորացված առարկաների ծրագրերը: Ըստ ընտրված հոսքերի՝ կրճատվեց ուսումնասիրման ենթակա առարկայացանկը: Օրինակ՝ հումանիտար հոսքն ընտրած սովորողն ավելի քիչ է ուսումնասիրում այն առարկաները, որոնք բնորոշ են բնագիտամաթեմատիկական հոսքին և հակառակը: Ավագ դպրոցները համալրվեցին դպրոցական գույքով, լաբորատորիաներով, համակարգչային ժամանակակից տեխնիկայով: Կազմակերպվեցին ավագ դպրոցների ուսուցիչների և տնօրենների համար վերապատրաստման դասընթացներ, ներմուծվեցին գնահատման նոր համակարգեր, վերանորոգվեցին բավականին թվով դպրոցական շենքեր…

-Ինչպե՞ս են ձևավորվում հոսքային դասարանները:

-Հոսքային դասարանները ձևավորվում են՝ ելնելով աշակերտների նախասիրություններից՝ հումանիտար, բնագիտամաթեմատիկական, ընդհանուր հոսքեր՝ օտար լեզուների, պատմաիրավագիտական, տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաքիմիական և այլ ենթահոսքերով: Առավել ուշագրավ է Հայաստանում միայն մեզ մոտ գործող ֆրանսերենի և գերմաներենի միջազգային ծրագրերի առկայությունը:

Ֆրանսերենի խորացված ուսուցման և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիրը գործում է 2013 թվականից՝ ՀՀ ԿԳՆ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կրթական համագործակցության հուշագրի հիման վրա ստեղծված լիցեյում: Այստեղ ընդունելությունը կատարվում է հինգերորդ դասարանից, որտեղ ընդունվելու համար ֆրանսերեն ուսումնասիրած լինելը պարտադիր չէ: Լիցեյում դասավանդում են հիմնականում Ֆրանսիայից հրավիրված մասնագետները: Լիցեյի շրջանավարտները ստանում են միջազգային դիպլոմ, որը հնարավորություն է տալիս ուսումը շարունակել Ֆրանսիայում: Ներկայումս Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ղեկավարության հետ քննարկվում է ընդունելության քննությունների ժամանակ մեր շրջանավարտներին ֆրանսերենի քննությունից ազատելու հարցը:

Գերմաներենի խորացված ուսուցմամբ «Շպրախ» դիպլոմ-ծրագիրը նախատեսված է այն աշակերտների համար, որոնք հիմնական դպրոցում ուսումնասիրել են գերմաներեն և ունեն որոշակի լեզվական պաշար: «Շպրախ» դիպլոմը նրանց հնարավորություն է տալիս ուսումը շարունակել Գերմանիայի տարբեր բուհերում: Բոլորովին վերջերս Հայաստանում Գերմանիայի դեսպան պարոն Քիսլերը 19 «Շպրախ» դիպլոմ հանձնեց մեր դպրոցի շրջանավարտներին:

-Նոր կրթական բարեփոխումներում ի՞նչն եք կարևորում, ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Ճիշտ է, ծրագրերը մասամբ բեռնաթափվեցին, բայց ուսումնական գործընթացը շարունակեց մնալ ծանրաբեռնված: Օրինակ՝ հումանիտար հոսքի սովորողը շարունակում էր ուսումնասիրել մաթեմատիկան և մյուս բնական գիտությունները և հանձնել վեց ավարտական քննություն: Ըստ որում՝ նույն հումանիտար հոսքի սովորողը, չնայած մաթեմատիկան ուսումնասիրում էր շաբաթական երեք ժամով, ավարտական քննություն հանձնում էր նույն թեստով, ինչով հանձնում էր հինգ և ավելի ժամ ծանրաբեռնվածություն ունեցող բնագիտամաթեմատիկական հոսքի սովորողը: 12-րդ դասարանում սովորողը ընդամենը չորս ամիս էր ծրագրային նոր նյութ ուսումնասիրում, մյուս ամիսները տրամադրված էին այն առարկաների կրկնություններին, որոնցից ավարտական քննություններ էին նախատեսված: Հուրախություն մեզ՝ 2016-2017 ուստարվա նախաշեմին ՀՀ ԿԳՆ-ն արմատական փոփոխություններ է նախատեսել վերոհիշյալ խնդիրների կարգավորման շուրջ: Այսօր շատ է խոսվում կրկնուսույցների ինստիտուտի մասին: Փորձ է արվում մեղքը գցել դպրոցի վրա, որ իբր վերջինս չի ապահովում բուհ ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքների շեմը: Իրականում, երևույթն առկա է, որովհետև ծնողների շրջանում չգիտակցված վախ կա, որ երեխան չի կարող հանձնել ընդունելության քննությունները: Ի վերջո, երևույթն առաջացել է ընդունելության քննությունների պատռճառով և եթե ուզում ենք այն վերացնել, ուրեմն՝ անհրաժեշտ է վերացնել պատճառը՝ ընդունելության քննությունները: Ի դեպ, նախարար պարոն Լ. Մկրտչյանը վերջերս հայտարարեց ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման հնարավորության մասին, որը հատկապես կլուծի վերոնշյալ խնդիրը և կնպաստի ավագ դպրոցի հեղինակության բարձրացմանը:

-Իսկ մանկավարժական ի՞նչ ներուժ ունի դպրոցը:

-Այսօր ներդպրոցական համակարգի կառավարման արդյունավետությունը պայմանավորված է մանկավարժական հանրույթում միջանձնային հարաբերությունների կարգավորման, ուսուցիչների համագործակցության, նորամուծությունների ներդրման, դպրոցի զարգացման մակարդակով:

Կրթության զարգացման ժամանակակից պայմաններում, որտեղ առաջին հարթություն է մղվում սովորողի անձնային որակների զարգացման խնդիրը, կարևորվում է ավագ դպրոցի պրոֆեսիոնալ ուսուցչի գործոնը, որն ընդունակ պիտի լինի կրթության համակարգում իրագործել սոցիալ-տնտեսական պայմանների և ընդհանուր իրադրության փոփոխությունը՝ ելնելով մանկավարժական գործընթացի կազմակերպման առավել արդյունավետ տարբերակների կիրառման անհրաժեշտությունից: Կարծում ենք՝ աշակերտների և ուսուցչի համագործակցության արդյունավետության գնահատման չափանիշային հիմքը պետք է կառուցվի ոչ միայն ձեռք բերված գիտելիքների, կարողություններին ու հմտություններին հետևելու և դրանք գնահատելու, այլ նաև սովորողների անձնային որակների ձևավորման վրա, որտեղ կարևորվում է գիտակ և հմուտ ուսուցչի առկայության գործոնը:

Իհարկե լավ է, երբ դպրոց են մտնում երիտասարդ ուժեր, և առավել լավ է, երբ այդ երիտասարդների մեջ նկատում ես կատարելագործվելու ձգտում և նվիրվածություն աշխատանքին: Բայց մյուս կողմից կարևոր է տարիների վաստակ ու ներդրում ունեցող ուսուցիչների ներկայությունը դպրոցում՝ ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, երիտասարդ ուսուցիչներին օգնելու և կայացնելու, աշակերտներին ճիշտ ուղղորդելու, կայուն և խորը գիտելիքներ տալու առումով, որպիսիք շարունակում են մնալ դպրոցում որպես կրթության ամուր հենասյուն: