Գրագետ հիմքեր արվեստի համար

Տեսնել ու ընկալել, գնահատել ու վերլուծել գեղեցիկը և վերջապես արարել գեղեցիկը՝ սովորեցնում է արվեստը: Գեղեցիկը արվեստում միայն արտաքին կատարյալ ձևերը չէ. այն ներդաշնակության, հումանիզմի, կատարելության, ոգեղենության խորհրդանիշ է՝ անկախ ժամանակաշրջանից: Եվ որպեսզի մարդու մեջ ամեն ինչ՝ և՛ արտաքինը, և՛ հոգին, և՛ մտքերը գեղեցիկ լինեն, պետք է պատշաճ ուշադրություն դարձնել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, այն դնել ճիշտ հիմքի վրա, պահպանել և զարգացնել նրանց ստեղծագործական տաղանդները: Մեր երկրում այդ առաքելությամբ զբաղվում են արվեստի և երաժշտական դպրոցները: Իսկ թե այդ դպրոցներն ինչպես են գործում, ինչ խնդիրներ հաղթահարում և ինչ հաջողություններ ունենում, փորձեցինք պարզել մեկ դպրոցի օրինակով. Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոց, տնօրեն Սոնա Գալաջյան:

Ս. Բարխուդարյանի անվան երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1973-ին: Դպրոցի ներկայիս տնօրեն Սոնա Գալաջյանն այստեղ աշխատել է 1976-ից: Նա հիշում է դպրոցի առաջին տնօրեն թիֆլիսահայ ջութակահար Ռոբերտ Ենգիբարովին, ով մեծ ներդրում է ունեցել դպրոցի կայացման ու զարգացման գործում, երաժշտական գործիքներ ապահովել ոչ միայն Ս. Բարխուդարյանի անվան, այլև մայրաքաղաքի շատ այլ երաժշտական դպրոցների համար: «Դրանք մեր դպրոցի ամենածաղկուն տարիներն էին. սաների թիվը հասնում էր 450-ի, երաժշտական բոլոր բաժինները՝ լարային, փողային, ժողովրդական գործիքներ, աշխատում էին ծանրաբեռնված: Մենք այն բացառիկ դպրոցներից էինք, որ երգեհոնի դասարան է ունեցել: ԽՄ տարիներին երաժշտական դպրոցներում լավ դրվածք էր: Դպրոցները հագեցած էին մեթոդական ու մասնագիտական անհրաժեշտ գրականությամբ ու կադրերով: Ակտիվ էր երաժշտական դպրոցների և կոնսերվատորիայի միջև կապը, ամեն տարի դպրոցում կազմակերպվում էին հանդիպում-ցերեկույթներ կոմպոզիտորների հետ (Գայանե Չեբոտարյան, Վաղարշակ Կոտոյան, Էդուարդ Միրզոյան և ուրիշներ), երաժիշտ մանկավարժները հաճախ մեկնում էին վերապատրաստումների, մեր սաները ԽՄ տարբեր քաղաքներում` Մոսկվա, Ռիգա, Յալթա և այլուր, համերգների էին մասնակցում: Ունեցել ենք հրաշալի մանկավարժական կազմ` ինչպես, օրինակ, կոմպոզիտոր Էմմա Միհրանյանը»:

ԽՄ փլուզումից հետո այս երաժշտական դպրոցը ևս հայտնվեց ճգնաժամի մեջ, բայց կարողացավ գոյատևել: Այսօր արդեն Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցը արտադպրոցական կրթություն իրականացնող, բարձր վարկանիշ ձեռք բերած ուսումնական հաստատություն է, որի սաները հաճախ ու մեծ հաջողությամբ ելույթներ են ունենում հանրապետական տարբեր փառատոներում և մրցույթներում: «Այս մրցույթների, փառատոնների ու համերգների կազմակերպումն ու պատշաճ իրականացումը շատ կարևոր են ապագա երաժիշտների կայացման, նոր տաղանդների բացահայտման համար,- ասում է դպրոցի ղեկավարը, - չէ՞ որ արվեստը նախևառաջ բեմից ներկայացնելու համար է: Այն չի կարող մնալ դպրոցների դասարանների պատերի մեջ: Արվեստը բեմ է պահանջում»: Երեխաներին ոգևորելու, նրանց տաղանդները ցուցադրելու համար դպրոցը տարեվերջյան հաշվետու համերգներից բացի հաճախ կազմակերպում է տոնական համերգներ և հայ կոմպոզիտորներից որևէ մեկին նվիրված հուշ-երեկոներ, որոնք կայանում են Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում կամ Զեյթունի մշակութային կենտրոնում: Դպրոցի սաները հաջողությամբ հանդես են գալիս նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին, «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական միջազգային փառատոնում: Իսկ 2016 հուլիսին դպրոցից 2 սան՝ վոկալի բաժնից Լուսինե Ավետիսյանը և դաշնամուրի ու թավջութակի բաժնից Էլեն Պողոսյանը, մեկնեցին Սլովենիա և Իտալիա: Ծրագրային համերգից բացի հանպատրաստից ներկայացրել են Կոմիտաս, վարպետաց դասեր են ունեցել երգչուհի Կազանովսկայայի մոտ: Նրանք մեծ տպավորություններով են վերադարձել հայրենիք:

Սոնա Գալաջյանը առանձնացնում է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը, որն իրականացվում է արդեն 9 տարի, և իրենց սաներն այստեղ բավական հաջող մասնակցություն են ունենում: Ճիշտ է՝ այն ունի կազմակերպչական որոշակի թերություններ, որոնցից դպրոցի ղեկավարը առաջինը նշում է այն, որ թույլ չեն տալիս նույն սանը երկրորդ անգամ մասնակցի, երկրորդը՝ պահանջում են երաժշտական այնպիսի գործիքների մասնակցություն, որոնք ոչ բոլոր արվեստի դպրոցներն ունեն, հետևաբար իրենց արդյունքներով այդ դպրոցները սկսում են զիջել: «Ես այս տարի ունեմ ջութակահար, բայց երկրորդ լարային գործիքահար մասնակից չեմ կարող ուղարկել, որովհետև նախորդ տարվա մեր մասնակից թավջութակահարն այս տարի իրավունք չունի մասնակցելու: Մտահոգիչ է նաև հարվածային գործիքների մասնակցության հարցը: Օրինակ՝ պահանջում են, որ մարինբաֆոն մասնակցի, սա նախկին քսիլոֆոնի կատարելագործված տարբերակն է, բայց այն շատ թանկ արժե, և մեր դպրոցը ձեռք բերելու հնարավորություն չունի: Նման մոտեցումը սխալ է, չպետք է պարտադրել այս կամ այն գործիքի մասնակցությունը, դպրոցներին պետք է տալ ազատ ընտրելու, մասնակցելու հնարավորություն»: Չնայած որոշ թերություններին՝ Սոնա Գալաջյանը շեշտում է, որ քաղաքապետարանի այս մրցույթ-փառատոնը, ընդհանուր առմամբ, դարձել է երաժշտական խոշոր իրադարձություն, որը ստեղծում է մրցակցային առողջ միջավայր, ոգևորում ու խրախուսում է երեխաներին՝ իրենց երաժշտական գիտելիքներն ու տաղանդը կատարելագործելու համար:

Իսկ խնդիրներից Սոնա Գալաջյանը առանձնացնում է լավ երաժիշտ մանկավարժների պակասը. «Ճիշտ է` ունենք լավ երիտասարդություն, բայց առայժմ չունենք որակյալ կրթական մակարդակ: Ապագայում, եթե այսպես շարունակվի, մենք կադրերի զգալի պակաս կունենանք: Իսկական մանկավարժը պետք է այնքան պատրաստված լինի, որ կարողանա երեխային գրագետ, մատչելի ու հետաքրքիր մատուցի երաժշտության ու արվեստի դասերը, նա պետք է երեխայի հետ համապատասխան վարվելաձև ունենա, կարողանա նրան ոգևորել, խրախուսել, օգնել, որ չհիասթափվի»:

Ս. Բարխուդարյանի անվան երաժշտական դպրոցը 2000 թվականից սկսեց գործել որպես արվեստի դպրոց, և երաժշտական բաժիններին զուգահեռ այստեղ սկսեցին գործել նկարչության, պարի, վոկալի, թատերական բաժինները: «Մեր թատերական բաժնի ղեկավարը` տիկին Մարիամ Ահարոնյանը, Վարդան Աճեմյանի ուսանողուհին է եղել: Նա այնպիսի բեմադրություններ է կազմակերպում, որոնք հաջողությամբ ներկայացնում ենք տարբեր մրցույթներում»,-ասում է Ս. Գալաջյանը: Նա հպարտությամբ նշում է, որ բոլոր բաժիններում իրենց սաները լավ արդյունքներ են ցուցաբերում: «Այս տարի՝ երկար տարիների սպասումից հետո հիմնանորոգվեց դպրոցը: Բոլորս այսօր երջանիկ ենք ոտք դնում բարելավված, մաքուր և վերանորոգված դպրոց: Շնորհակալ ենք կառավարությանը, քաղաքապետարանին՝ հանձին Տարոն Մարգարյանի: Դպրոցին հատկացվել են նաև նոր երաժշտական գործիքներ, որոնց կարիքը խիստ էր դպրոցում: Եվ այս ամենը շարունակական է լինելու»:

Դպրոցի ղեկավարը նկատում է, որ արվեստի դրական ազդեցությունը զգալով՝ ավելի ու ավելի շատ ծնողներ են ձգտում ապահովել իրենց երեխաների գեղագիտական դաստիարակությունը և ընդունել արվեստի դպրոց: Անչափ մեծ է ծնողների դերը երեխային դեպի արվեստ ուղղորդելու, նրան խրախուսելու, օգնելու հարցում: Ս. Գալաջյանը հիշում է իր մանկությունը, իր պապիկին, ով եղել է ինքնուս ջութակահար. «Նա այնպիսի «Կռունկ» էր նվագում, որ հուզվում էր ու հուզում մեզ: Ու պարտադրում էր, որ մենք երաժշտական կրթություն ստանանք: Հենց նրա շնորհիվ էլ գծվեց դեպի երաժշտությունն իմ ուղին»: Երաժշտությամբ զբաղվելը դրական է ազդում նաև երեխայի մտավոր ու հոգևոր զարգացման վրա, համոզված է Ս. Գալաջյանը. «Երաժշտությամբ զբաղվող երեխան զգալիորեն տարբերվում է մյուսներից, թե ինտելեկտով, թե նիստուկացով, որը մշակվում է գործիքի կողքին նստելուց, այն բռնելուց, գործիքին վերաբերվելուց»:

Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի բազմաթիվ սաներ են իրենց բարձրագույն կրթությունը շարունակել արվեստի ուղղությամբ, այս դպրոցն ավարտած շատ երաժիշտներ են մեկնել արտասահման՝ մեծ հաջողությունների հասնելով օտար բեմերում: «Բայց երաժշտական դպրոցների առաքելությունը միայն երաժիշտ պատրաստելը չէ. մենք նախևառաջ աշխատում ենք գրագետ ու կիրթ ունկնդիր պատրաստելու ուղղությամբ: Նախկինում երաժշտական դպրոցներ ընդունվում էին մրցութային կարգով, ստուգվում էին երեխայի երաժշտական լսողությունն ու ունակությունները: Այսօր երաժշտական բաժիններ ընդունում ենք բոլոր այն երեխաներին, ովքեր դիմում են և ուզում են սովորել՝ առանց հաշվի առնելու նրանց երաժշտական ունակությունները: Մի կողմից սա դժվարացնում է մանկավարժների աշխատանքը, բայց մյուս կողմից դա մեզ հնարավորություն է տալիս այդ երեխաների մեջ ձևավորել բարձր ճաշակ և իսկական արվեստի հանդեպ սեր և գնահատանք: Իհարկե, ունենք հրաշալի սաներ, ովքեր հաղթել են տարբեր մրցույթներում, դպրոց ոսկե մեդալներ են բերել: Բայց Աստծո շնորհով օժտված են հատուկենտերը, քչերն են դառնում իսկական երաժիշտներ, մյուս կողմից էլ երաժշտական դպրոցում ուսանելով երեխաները ապագայում կարողանում են ճիշտ ընկալել երաժշտությունը, տարբերակել վատը լավից, դասականն ու ազգայինը` օտարածին ու ցածրորակ ռիթմերից, ձևավորում են երաժշտական բարձր ճաշակ` կառուցված դասական ու ազգային հիմքի վրա»: