Արևներ. Լուսավոր աշխարհ

Վաղուց ապացուցվել է, որ երաժշտական կրթությունը անփոխարինելի ազդեցություն ունի երեխայի ընդհանուր զարգացման վրա և դաստիարակության ամենաարդյունավետ միջոցներից է: Երաժշտությունն օգնում է զարգացնել լսողությունն ու ռիթմի զգացողությունը, ընկալել ու ճանաչել գեղեցիկը, պատուհան բացել դեպի արվեստի գրավիչ աշխարհ, որը հարստացնում է երեխայի անհատականությունը: Դաստիարակության մեջ երաժշտության դերի ու նշանակության մասին է «Արևներ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանի խոսքը:

 

Երաժշտական կրթությունը մեծ նշանակություն ունի երեխայի աշխարհայացքի ձևավորման հարցում: Բայց ճիշտ երաժշտական ճաշակի ձևավորման և զարգացման համար պետք է երգերը զգուշորեն ընտրել, դրանք ոչ միայն պարտադիր պիտի լինեն բարձրարժեք, մեղեդային և հաճույք պատճառեն երեխային, այլև պետք է արտահայտեն երեխաներին մատչելի մտքեր, զգացմունքներ և տրամադրություն՝ համապատասխանեն երեխաների տարիքային առանձնահատկություններին: Արփինե Հովհաննիսյանը մանրամասնում է. «Երեխան չպետք է երգի` ինչ պատահի: Երգի տեքստը պետք է համահունչ լինի մանկական խառնվածքին, պարունակի նրան հարազատ ու հասկանալի իմաստ: Երեխան պետք է անպայման հասկանա, թե ինչ է երգում, այն պետք է անցկացնի իր գիտակցության պրիզմայի միջով: Չի կարելի վարժեցնելով երգել տալ: Երգելիս երգողը ոչ միայն ձայնով, այլև աչքերով պիտի արտահայտի իր երգի իմաստը: Միայն այդպես է հնարավոր որոշակի կուլտուրա ձևավորել, սովորեցնել հասկանալ երգերի տեքստերը, տարբերել գեղեցիկն ու ճաշակովը: Դա նաև օգնում է զարգացնել բանավոր վարժ խոսք, մտքերը գեղեցիկ շարադրելու ունակություն, մի խոսքով` ձևավորել խոսքի ավելի բարձր կուլտուրա: Մենք խստապահանջ ենք այդ հարցում. փողոցից եկող «ջեբ», «հայաթ», «էթամ» և նման շատ այլ ոչ հայերեն բառեր արգելվում են հնչեցնել մեր պարապմունքների ընթացքում: Ես երբեք չեմ զլանում, միշտ ուղղում եմ, կարող եմ մի դասի ընթացքում նույնիսկ տասը անգամ նույն բառը համբերատար ուղղել, որովհետև հասկանում եմ` երեխա է: Այնքան պիտի ասես, որ տեղավորվի ուղեղում, և նա անկախ իրենից սկսի վերարտադրել այն: Ընդհանրապես ճիշտ երգելն ու երգի ճիշտ ընտրությունը մեծ նշանակություն ունեն ազգային, հայրենասիրական դաստիարակության հարցում ևս: «Արևիկ» անսամբլում մեծ տեղ ենք տալիս զինվորական, հայրենասիրական երգերին. մեր տղաները վաղ տարիքից պետք է գիտակցեն հայրենիքի գինն ու արժեքը, ու այն պաշտպանելու պատրաստակամություն ունենան»:

Ցավոք, ոլորտն ունի մանկավարժների պակասի խնդիր, որովհետև այլ է լավ մասնագետ, լավ երգիչ կամ երաժիշտ լինելը, այլ է գիտելիքները երեխաներին փոխանցելու հմտություններ ունենալը, դա ևս ինչ-որ առումով արվեստ է, որին չեն տիրապետում անգամ շատ տաղանդավոր արվեստագետներ: Մասնագետները պետք է աշխատեն այդ ուղղությամբ, զարգացնեն մանկավարժական, հոգեբանական գիտելիքները, որպեսզի երեխաների հետ աշխատանքը հաճելի զբաղմունք դառնա, ոչ թե հոգնեցնող: Երեխայի դաստիարակությունը ճիշտ հունով զարգացնելու համար պետք է թե՛ ծնողները, թե՛ մանկավարժները ճիշտ վերաբերմունք ձևավորեն երեխայի հանդեպ. «Ես մեր ժողովների ժամանակ շատ եմ խոսում ծնողների հետ: Նրանք հաճախ մոռանում են, որ գործ ունեն երեխաների հետ` պահանջում են ավելին: Նրանք կենցաղային հոգսերով տարված «հավեսդ չունեմ», «դրա ժամանակը չի» արտահայտություններով վանում են երեխաներին, հետո զարմանում, որ երեխաները մեզ հետ չեն կիսվում, մեզ չեն վստահում, մեզ հետ ընկերություն չեն ուզում անել, գաղտնիքներ ունեն: Ծնողներին հորդորում եմ ընկերություն անել իրենց երեխաների հետ, հրամայական տոնով չխոսել: Մենք միշտ համագործակցում ենք ծնողի հետ: Ծնողը ինքն է երբեմն մոտենում, թե խնդիր ունեմ երեխայիս հետ, խնդրում եմ օգնեք, զրուցեք նրա հետ: Դաստիարակության մեջ դրական արդյունքներ ունենալու համար ծնողը շատ պիտի խոսի երեխայի հետ, բացատրի իր «չիկարելիների» հիմնապատճառները: Երեխային պետք է բարություն ներարկել, նրան եսակենտրոն ու եսապաշտ չմեծացնել: Այդ էգոիզմը չարիք է, որ հենց իր դեմ է աշխատելու դպրոցում, ուսումնական հաստատությունում, աշխատավայրում, ցանկացած կոլեկտիվում: Եվ պատճառը միայն այն է, որ նրա մեջ ժամանակին չի սերմանվել թիմային զգացողությունը, որ պետք է հասկանա կողքինի կարևորությունը, զգա միասնական ուժի հզորությունը: «Արևների ներսում այդ հարցը ենթագիտակցաբար կարգավորվում է,-ասում է Արփինե Հովհաննիսյանը,- չէ՞ որ երգչախմբում միասին են երգում: Ես իրենց ասում եմ` այսստեղ ոչ մեկդ չի կարող առանձնանալ, իրավունք չունեք, որովհետև դուք բոլորդ նույն երգն եք երգում, դուք պետք է ձուլվեք, դառնաք մի ձայն: Ես վստահ կարող եմ ասել, որ այստեղ հասարակության առողջ մասնիկ է կրթվում: Ցանկաված ոլորտում, ցանկացած կոլեկտիվում մեր սաները հետագայում հեշտ են ինտեգրվում, առավել վստահ են, հանդուրժող և իհարկե տարբերվում են իրենց արտիստիզմով»:
Շատ կարևոր է, որ երեխաները վաղ տարիքից լսեն ու սովորեն ճիշտ երգեր: Այնինչ մանկապարտեզների երաժշտական ծրագրերը ոչ միայն թերի են ու թույլ, այլև վնասակար: «Երեխաները դեռ մսուրից այնպիսի անհեթեթ երգեր են լսում, որ զարմանում ես: Ինչո՞ւ այդ ամենը չի վերահսկվում: Խորհրդային տարիներին կար այդ երգերի հատուկ ստուգում ու քննություն էին անցնում, այսօր մեր մանկապարտեզների դաստիարակներն իրենց հորինած երգերն են պրոպագանդում: Ի՞նչ իրավունքով են երեխաների հոգին ու ճաշակը աղավաղում»: Վերջին տարիներին Կենտրոն թաղապետարանը մանկապարտեզների շրջանավարտ երեխաների ավարտական հանդեսը մեծ ծավալով կազմակերպում է Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում: «Արևներ» անսամբլն արդեն երրորդ տարին է` մասնակցում է այդ հանդեսների կազմակերպչական աշխատանքներին. «Ես հիացած էի: Այն մեծ համերգի էր վերածվել, ամեն ինչ բծախնդրորեն մշակված էր` ճիշտ հագուստից մինչև բեմական կեցվածք, մանկապարտեզների սաների հետ աշխատում են համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետներ»:

«Արևներ» անսամբլն ամեն տարի Մշակույթի նախարարության աջակցությամբ մանկական երգերի մրցույթ-փառատոն է կազմակերպում: Այս տարի երկրի քաղաքական վիճակի ու ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով փառատոնը հետաձգվեց: Այս տարի այն չի կայանա: Որոշվեց փառատոնն անցկացնել երկու տարին մեկ: «Ինչո՞ւ: Երկու տարին շատ է. երեխաներն արագ են մեծանում, մի ամբողջ սերունդ բաց ենք թողնում: Մենք ունենք վաղվա հասարակական ակտիվ քաղաքացու, ապագա հայրենասերի դաստիարակության գերխնդիրներ: Իսկ այդ մրցույթ-փառատոնի շնորհիվ ամեն տարի մի քանի նոր գեղեցիկ մանկական երգ է մտնում կյանք»,-ասում է Արփինե Հովհաննիսյանը: Իհարկե բոլորը երգիչներ չեն դառնա, անգամ անսամբլի երեխաների մի փոքր տոկոսն է իր կարիերան երգի ասպարեզում շարունակում, բայց կարևոր է, որ երեխաները լսեն լավ երգեր, երգեն լավ երգեր, տարբերեն անճաշակ երգը լավից, որպեսզի հետագայում, երբ արդեն իրենք կստեղծագործեն, չստեղծեն ցածրորակ մի բան` արդարանալով, թե մասսան է պահանջում: «Երբ մենք ԱՄՆ հյուրախաղերի պիտի մեկնեինք, ծրագիրը կազմելիս մեզ հաճախ էին ասում, թե այնտեղ ռաբիսն են նախընտրում: Բայց մենք ծրագրում ընդգրկեցինք Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, Եկմալյան և այլն, ու մեծ հաջողություն ունեցանք: Իսկ Ստոկհոլմի եկեղեցում մեր ելույթի ունկնդիրների մեջ հայ չկար, բայց պիտի տեսնեիք, թե ինչպես էին լսում ու ծափ տալիս: Չէ՞ որ երաժշտությունը զգայարաններով է ազդում, ու եթե բարձր մակարդակով ու կատարողականությամբ է մատուցվում, չի կարող դրական չազդել, չհուզել: 2016թ. «Արևները» հանրության դատին ներկայացրին «Մեր բակը» մյուզիքլը, որը ջերմ ընդունելության արժանացավ, անգամ առաջարկվեց այն շարունակական դարձնել, որովհետև ոգևորել էր թե մասնակից երեխաներին, թե հանդիսատեսին»,- պատմում է Ա. Հովհաննիսյանը, նաև շեշտում, որ երաժշտական կրթության մակարդակը բավական բարձրացել է Հայաստանում, կազմակեպվում են փառատոններ, որտեղ ելույթեր են ունենում երաժշտական դպրոցների սաները: Դա օգնում է երեխաներին դուրս գալ դպրոցի ու դասարանի սահմաններից, մրցակցել, ցուցադրել իրենց հնարավորությունները, զարգացման ու ինքնակատարելագործման ազդակներ ստանալ: Սա իհարկե ուրախալի է, որովհետև նոր՝ ավելի բարձր մակարդակի է հասցնում գեղագիտական դաստիարակությունը: Արվեստի հետ հանդիպումը երեխաներին սովորեցնում է կյանքում և արվեստում տեսնել ու գնահատել հրաշալին ու գեղեցիկը, սովորեցնում է կարեկցել, տարբերել բարին չարից, պատկերավոր արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները: Իսկ երգի միջոցով բարության, գեղեցիկի դասերը ավելի հեշտ է տարածել, որովհետև այն արվեստի տեսակներից ամենահուզական ու ազդեցիկն է: Ստեղծել մանկական ճիշտ ու գեղեցիկ երգեր` նշանակում է ստեղծել ապագա ավելի պայծառ, բարի ու հուսալի երիտասարդության ամուր հիմք: