Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում և Հայաստանում. Սամվել Կարաբեկյան

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում՝ ա)աշխարհում, բ) Հայաստանում:

-Շատ տարողունակ հարց եք տալիս: Նախ պետք է հանել աշխարհում և Հայաստանում բաժանումը, որովհետև ցանկացած կրթական համակարգ մեկուսացման պայմաններում չի կարող զարգանալ: Եթե կարճ ասենք, կրթության հիմնական նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է: Այլ բան է, որ 21-րդ դարում փոխվել են կրթության խնդիրները, և սա առաջին հերթին կապված է տեղեկատվական-տեխնոլոգիական հեղափոխության հետ: Գիտակրթական տեղեկատվության կուտակման և փոխանցման արագությունը մոտ տասը հազար անգամ աճել է և քանի գնում արագանում է: Սա հանգեցնում է այն բանին, որ այլևս որևէ դասախոս կամ մասնագետ չի կարող հավակնել ամբողջական տեղեկատվությանը տիրապետելուն կամ այն փոխանցող եզակի փորձագետ լինելուն, քանի որ ուսանողներն էլ մուտք ունեն բազմազան տեղեկատվական աղբյուրներ: Հետևապես, դասախոսի կամ ուսուցչի դերակատարումը պետք է լինի ուսանողի կամ աշակերտի ստացած մասնագիտական տեղեկատվության համակարգումը, մշակումը և ուղղորդումը՝ որպես փորձառու մասնագետ: Բնականաբար, սա նաև փոփոխություն է մտցնում ուսանողների՝ որպես տեղեկատվության սպառողների և որպես կրթության սուբյեկտների դերակատարության մեջ, որով սեփական կրթության համար պատասխանատվությունն այլևս ընկնում է նրա ուսերին: Այսինքն՝ յուրաքանչյուր ուսանող, ըստ էության, ինքն է ստանձնում պարտավորություն և պատասխանատվություն իր կրթական ուղիների համար: Ստացվում է, որ ուսումնառությունը, մասնագիտական տեղեկատվությունը կրավորական կեցվածքով կլանելու փոխարեն, դառնում է կոնկրետ աշխատանք, քանի որ հարափոփոխ աշխարհում, երբ փոխվում են հասարակություններն ու հասարակություններին ուղղված մարտահրավերները, ուսանողն ինքը պետք է հարթի իր մասնագիտական ճանապարհն ու դարձնի իրեն մրցունակ և պահանջված աշխատաշուկայում:

-Խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և դրա՝ աշխարհում ընդունված կրթական չափորոշիչների համապատասխանության մասին: Այստեղ խոսենք նաև ազգային կրթության մասին:

-Նախ սահմանենք կրթության որակ ասվածը, որը բացարձակ հասկացություն չէ: Որակը՝ հատկապես կրթության բնագավառում, ընդունված է սահմանել երկու տեսանկյունից. նախ համապատասխանությունը դրված նպատակին, ապա՝ դրված նպատակի համապատասխանությունը հանրության և աշխատաշուկայի պահանջներին: Եթե նպատակը և այն ուղիները ճիշտ են սահմանված, որոնց միջոցով պետք է հասնել այդ նպատակին, ուրեմն՝ ունենք որակյալ կրթություն: Սա շատ պարզ սխեմա է: Այստեղ ընդհանրացումներ անել և մեկ սահմանում տալ հնարավոր չէ և ճիշտ էլ չէ, որովհետև, օրինակ՝ մենք չենք կարող ասել Մանկավարժական համալսարանի՞, թե՞ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն է ավելի որակյալ կրթություն մատուցում, որովհետև նրանք տարբեր խնդիրներ են լուծում և տարբեր նպատակներ ունեն: Մի դեպքում նպատակը, ասենք, հանրակրթական դպրոցների համար ֆիզիկայի որակյալ ուսուցիչներ պատրաստելն է, մյուս դեպքում, օրինակ՝ միջուկային ֆիզիկայի բնագավառում հետազոտող-գիտնական պատրաստելը: Հետևապես, կրթության որակը չափելի է կոնկրետ բուհի, կոնկրետ ֆակուլտետի նպատակների տեսանկյունից: Իսկ թե ինչպես են մեզանում հասնում վերջնական նպատակին և արդյունքին, այստեղ ունենք շատ խնդիրներ, որոնք կապված են կրթական ամբողջ պրոցեսի կազմակերպման և կառավարման հետ: Այս իմաստով, արևմտյան լավագույն համալսարանների փորձից մենք բավականին ետ ենք մնում: Սա շատ տարողունակ հարց է և մասնագիտական լուրջ խնդիր, որը երկարատև քննարկում է պահանջում:

Ինչ վերաբերում է ազգային կրթություն ասվածին, չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, որովհետև ինձ համար էլ պարզ չէ, թե ինչ ասել է ազգային կրթություն: Կարող է լինել կրթության ազգային համակարգ, որն արդյունավետ է գործում: Որպես կանոն, երբ խոսում են ազգային կրթությունից, բովանդակությունը նկատի ունեն, իսկ բովանդակությունը չի կարող լինել ազգային կամ ապազգային, քանի որ չենք կարող ունենալ ազգային ֆիզիկա կամ ազգային լեզվաբանություն, այլ կարող ենք ունենալ լեզվաբանություն, պատմություն, որոնք օգտագործում են հայերենի նյութը: Վերջին հաշվով, երբ մենք ունենք պետություն և պետական կրթական համակարգ, ուրեմն՝ այն ազգային է:

-Հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջարկը:

-Սա էլ բավականին տարողունակ հարց է, բայց փորձեմ սխեմատիկ պատասխանել: Նախ ի՞նչ բան է հայաստանյան աշխատաշուկա կոչվածը: Իմ խորին համոզմամբ՝ դասական առումով, աշխատաշուկա չունենք, որը որոշակի պահանջարկ է ձևավորում: Դե, եթե այստեղից հստակ ձևակերպված պատվերներ չեն գալիս, ապա շատ դժվար է կողմնորոշվել կրթական ծրագիրը վերափոխելու ընթացքում որոշակի պատվերներին համապատասխանեցնելը: Մյուս կողմից, պետք է նշեմ, որ, մտնելով եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածք, այսինքն՝ ներդնելով բոլոնյան համակարգը, մենք հնարավորություն ենք ստանում վերցնել նաև համաեվրոպական աշխատաշուկայի պահանջները: Ընդհանուր առմամբ, մենք դեռ հեռու ենք դասական իմաստով աշխատաշուկայի պահանջներին բավարարելուց, իհարկե, բացառությունները չհաշված:

-Խնդրում եմ՝ նշեք հայաստանյան կրթական համակարգի կարևոր ձեռքբերումներն ու թերացումները հետանկախության շրջանում:

-Ինձ համար առաջին ձեռքբերումը, այնուամենայնիվ, մնում է, թեպետ դժվարությամբ ընթացող և ոչ միշտ ճիշտ քայլերով ուղեկցվող, ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական և հետազոտական տարածք: Երկրորդը՝ հանրակրթական դպրոցի վերափոխումը՝ դարձյալ երբեմն ոչ ճիշտ բովանդակությամբ ընթացող, որտեղ խոչնդոտները, ցավոք սրտի, հաճախ մասնագիտական ու կրթական չեն, այլ արտակրթական են: Մասնավորապես՝ վերջին 15-20 տարում նկատվող և հետզհետե ուժգնացող քաղաքական ճնշումը կրթական համակարգի վրա: Այսուհանդերձ, կրթական համակարգի տեսակետից՝ նշյալ բարեփոխումներն ինձ համար մոտավորապես նույն կշիռն ունեն, ինչպես Եվրոպայի Խորհրդի մեջ մտնելը: Ճիշտ է, սա չի նշանակում, մտանք և վերջ, պարզապես, պետք է ճիշտ կառավարել այդ համակարգերը և լինել անկեղծ՝ չհայտարարել մի նպատակ, բայց իրականում անել բոլորովին այլ բաներ, որն էլ համարում եմ հետընթաց՝ հետանկախության շրջանում եղած ձեռքբերումների նկատմամբ:      

 

Սամվել Կարաբեկյան

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԵՊԼՀ համալսարանական շարունակական կրթության կենտրոնի ղեկավար