Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում և Հայաստանում. Ժան Մարկ Լավեստ

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում՝ ա) աշխարհում, բ) Հայաստանում:

-Իմ կարծիքով կրթության նպատակը համաշխարհային կարևոր հարց է, որի փոփոխություններին պետք է մեծ ուշադրություն դարձնել: Կրթության կարևորագույն նպատակը մարդկանց մակարդակի բարձրացումն է, որ նրանք կարողանան մրցունակ լինել տնտեսական հարաճուն փոփոխությունների պայմաններում: Հաճախ կրթության մասին խոսելիս՝ մոռանում ենք նշել, որ այն պետք է ծառայի լավ քաղաքացիներ դաստիարակելու գործին: Սա, թերևս, բանալին է՝ կրթական գործը կազմակերպելիս:

-Որպես Ֆրասիական համալսարանի ռեկտոր՝ համեմատություններ անցկացնելու հնարավորություն ունեք, ուստի, խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և աշխարհում ընդունված կրթական չափորոշիչների համապատասխանության մասին:

-Հայաստանը մի երկիր է, որն անկախություն է ձեռք բերել ընդամենը 25 տարի առաջ և դեռ անցումային փուլում է՝ Խորհրդային համակարգից դեպի անկախություն: Այս ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանում շեշտը պետք է դրվի հմտությունների վրա: Սակայն ոչ այն և ոչ այնքան հմտությունների, որոնք փոխացվում են մեկից մյուսին, այլ այնպիսի հմտությունների, որոնք ձեռք են բերվում կրթական պրոցեսում: Նշեմ նաև, որ կրթությունը պետք է ուժեղ կապեր ունենա սոցիալ-տնտեսական ոլորտի հետ. Հայաստանում կրթությունը տալիս է որոշակի արժեքներ և ուսուցում, սակայն դրանք ոչինչ չարժեն, եթե ամուր կապի մեջ չեն նշյալ ոլորտների հետ: Օրինակ՝ մենք ամեն տարի Կրթության և գիտության նախարարության կողմից ստանում ենք չափանիշներ, ըստ որոնց՝ մեր համալսարանը պետք է դասակարգվի: Այդ չափորոշիչները պարունակում են 98 հարց, որոնցից ոչ մեկը չի վերաբերում աշխատունակությանը, և չկա մի հարց, որը ցույց տա կապը համալսարանի և սոցիալ-տնտեսական ոլորտի հետ, չկա մի հարց, որով պարզ կլինի՝ այն ուսանողները, որոնք աշխատում են, արդյոք իրենց մասնագիտությամբ են աշխատում: Չկան նաև այնպիսի պարզաբանող հարցեր, որոնք ցույց կտան այն աշխատանքը, որը այս ընթացքում կատարել է համալսարանը: Պետք է ասեմ, որ իմ նկատողությունը քննադատություն չի, քանի որ սկզբում նշեցի, որ Հայաստանը դեռ անցումային փուլում է, պարզապես, ես՝ որպես Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պետք է ցույց տամ մեզ համապատասխանող ճանապարհը: Եվ մենք աշխատում ենք այս ուղղությամբ՝ ճիշտ հարցեր տալ և ճիշտ պատասխաններ ստանալ:

-Խոսենք նաև ազգային կրթության մասին. ըստ Ձեզ՝ ո՞րն է ազգային կրթության սահմանումն ու էությունը:

-Երբ ասում ենք ազգային և կրթություն, արդեն շատ բան է ասում: Ըստ իս՝ ազգային կրթության վրա ենք մենք հիմնվում ինչ-որ բան զարգացնելուց առաջ: Մենք հիմա չենք խոսում կրթության մասնավոր օղակների մասին՝ համալսարան, դպրոց և այլն: Ազգային կրթությունը լայն հասկացություն է և, ըստ էության, ներառում է իր մեջ որևէ երկրի կրթական ամբողջ պրոցեսը: Ազգային կրթություն ասելով, մենք նաև պետք է հաշվի առնենք, որ ամեն երկիր ունի քաղաքակրթության իր պատմությունը, իր արժեհամակարգը, որոնցով էլ պայմանավորված է տվյալ ազգի ու պետության ազգային կրթությունը: Հաստատ Հայաստանի ու Չինաստանի ազգային կրթությունները համեմատելի չեն կամ նույնը չեն:

-Ըստ Ձեզ՝ հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջարկը:

-Կրթությունն այնպիսի որակ պետք է ունենա, որպեսզի սովորողները հետագայում կարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում: Որքանով ես եմ նկատում, հայաստանյան կրթական համակարգն արդեն լուրջ ուշադրություն է դարձնում աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագետներ պատրաստելու խնդրի վրա: Բայց սա ոչ թե պետք է միայն համալսարանական մակարդակով լինի, այլ՝ կառավարության: Օրինակ՝ վիճակագրական ուսումնասիրությունների հիման վրա 2016 թվականի հունիսին մենք հրատարակել ենք շրջանավարտների տեղեկատու, որը պարունակում է տվյալներ բոլոր այն ուսանողների մասին, որոնք ավարտել են մեր համալսարանը՝ մոտ 1400 շրջանավարտ: Այստեղ Դուք կգտնեք բոլորի անուն ազգանունները, ստացած դիպլոմները և այն վայրերն ու պաշտոնները, որտեղ աշխատում են նրանք: Խոստովանեմ, որ այս ուսումնասիրությունը շատ բարդ և ժամանակատար աշխատանք էր, որովհետև հետևողական կերպով, հնարավոր բոլոր միջոցներով փորձել ենք գտնել նույնիսկ այն ուսանողին, որից բացարձակ ոչ մի տվյալ ու տեղեկություն չունեինք: Հիմա մենք կարող ենք ասել, թէ յուրաքանչյուրի միջին աշխատավարձը որքան է, որ ոլորտներում են զբաղված, քանի տոկոսն է գնացել արտերկիր՝ աշխատելու կամ սովորելու: Ամբողջական պատկեր ունենալու համար յուրաքանչյուր համալսարան պետք է ունենա այսպիսի տեղեկատու: Իմ խնդիրն այն չէ, որ ես ցույց տամ, թե Ֆրանսիական համալսարանը որքան լավն է կամ ամենալավն է: Գիտեմ հայկական մի շարք համալսարաններ, որ բարձրորակ կրթություն են տալիս և մրցունակ կադրեր պատրաստում, բայց իմ կարծիքով, աշխատաշուկայի հետ կապված հարցերում, բոլորն էլ անելիք ունեն դեռ: Վերջին հաշվով, ոչ թե համալսարանը պետք է գնահատական տա իր կրթական ծրագրին և շրջանավարտին, այլ հենց աշխատաշուկան: Հիմա մեր տեղեկատուն ոչ միայն ցույց է տալիս կատարված աշխատանը համալսարանի կողմից, այլև աշխատաշուկայի պատասխանը մեր կատարած աշխատանքին: Եթե, օրինակ՝ Կենտրոնական բանկում աշխատում է 30 իրավաբան մեր շրջանավարտներից, ուրեմն նրանք որակյալ մասնագետներ են:

-Ներկայացրեք, խնդրում եմ, Ֆրանսիական համալսարանի կողմից մատուցվող կրթության այն առանձնահատկությունները, որոնք հայկական կրթական համակարգում ավելի մրցունակ են դարձնում Ֆրանսիական համալսարանը:

-Մեր համալսարանի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ պատրաստում է այնպիսի ուսանող, որը կարողանա ճիշտ հարցադրում կատարել: Ես միշտ ասում եմ, որ համալսարանն ուղեկցողի դեր է կատարում. 18 տարեկան երեխաներին մենք ուղեկցում ենք մինչև 21-23 տարեկան և կրթում ենք այնպիսի մարդիկ, քաղաքացիներ, որոնք լրացնեն վերնախավը՝ էլիտան, և նպաստեն իրենց երկրի զարգացմանը: Ես կարող եմ տալ այն ուղղությունները, որոնց վրա աշխատում ենք մենք: Առաջինը, որ ես բացատրում և փորձում եմ հասկացնել ուսանողներին, այն է, որ լուրջ վերաբերվեն կրթական ողջ ընթացքին, այլապես երբեք նշանակալի հաջողությունների չեն հասնի: Այս փիլիսոփայությունը օգնում է նրանց ոչ միայն լավ սովորել և մրցունակ լինել մեզ մոտ, այլև հետագա կյանքի ընթացքում, որովհետև նրանց մեջ ձևավորվում է անընդհատ նորը սովորելու, կատարելագործվելու այնքան ցանկալի բնավորությունը:

Երկրորդ կարևոր կետը խստությունն է՝ խստությունն առհասարակ՝ թե՛ կառավարման համակարգում, թե՛ ուսանողների և թե՛ դասախոսների նկատմամբ: Օրինակ՝ մեզ մոտ արտագրություններ չեն լինում, այս արատավոր պրակտիկան մեզանում իսպառ բացակայում է: Հետագայում, իհարկե, մեր ուսանողները հասկանում են, որ այն, ինչ անում ենք միայն իրենց համար է, որովհետև տեսնում են, որ իրենց դիպլոմը համապատասխանում է իրենց գիտելիքներին:

Երրորդը, որ գուցե մեզ մի փոքր տարբերակում է, վերլուծություն անելու կարողությունն է: Մենք մեր ուսանողներին միշտ ստիպում ենք իրենք իրենց հարցեր տալ՝ ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, որն էլ իր հերթին հանգեցնում է վերլուծության, հետևապես՝ ճիշտ եզրահանգումներ և լուծումներ գտնելուն:

Նշեմ նաև, որ համալսարանի ղեկավարությունն էլ անընդհատ մտածում է՝ ի՞նչ փոփոխություններ անի, որ համալսարանն ավելի լավ համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին և զարգացնի կապը աշխատաշուկայի հետ: Եվ վերջում պետք է նկատեմ, որ ունենք փայլուն, ձգտող ուսանողներ: Իսկ երբ մի համալսարանի ռեկտոր ես, որի ուսանողները մոտիվացված են, շատ ավելի հեշտ է աշխատել: Իմ կարծիքով, համալսարանի հաջողությունների մեծ մասը պայմանավորված է հենց մոտիվացված ուսանողներով:

 

Ժան Մարկ Լավեստ

 

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր