Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում և Հայաստանում. Աշոտ Բլեյան

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում՝ աշխարհում, Հայաստանում:

-Մենք, ՀՀ օրենքով սահմանված, պետական աջակցությամբ կրթահամալիրի մանկավարժական հավաքանիով իրականացնում ենք հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր՝ նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, համերաշխ-ստեղծական-մոբիլ որակներով... Որ կարճ-կենդանի-կոնկրետ լինեմ, պիտի դուրս չգամ հանրակրթության շրջանակից, մեր նպատակադրումից... Համերաշխ-ստեղծական-մոբիլ երրորդության մեջ համերաշխի հոմանիշը ներառականն է, բացը, խտրություն բացառողը... Մոբիլը՝ հավաքն է, որ արդիական թվային և ուսուցողական (մանկավարժական) տեխնոլոգիաներն են հնարավոր դարձնում, առանց մահանայի-ամենուրը, անդադրումը, ինքնուրույնը: Ստեղծականը, բացի բառարանայինից, խնայողն է` նվազագույն նյութական ռեսուրսներով, ինքնաբավն է` ներքին պահանջմունքով, ինքն իր համար... շարունակականը... ակտիվ-պատասխանատուն... միևնույն է, Ջանի Ռոդարիից ավելի լավ չես ասի` «որպեսզի ոչ ոք ստրուկ չլինի…»։

-Խոսենք Հայաստանում մատուցվող կրթական որակի և դրա` աշխարհում ընդունված կրթական չափորոշիչների համապատասխանության մասին: Այստեղ խոսենք, ինչու չէ, նաև ազգային կրթության մասին:

Հայ որա˜կ, միջազգային չափորոշի˜չ, ազգային կրթությո˜ւն... ո˜վ է ստեղծել… ու այս բոլորը մեկ հարցի մեջ: Քանի որ կրթությունը մարդու կյանքն է, պիտի խոսենք ոչ այնքան թվանշանների-բալերի, թեստերով ստուգվող արդյունքների մասին, որքան ուսուցողական, այդ թվում` իհարկե, հիգիենիկ միջավայրի, ուսուցման չափելի պայմանների, ընթացքի, ուսումնական կյանքով բավարարվածության՝ կրթական կյանքի որակի մասին. այն մասին, թե որքանով է ուսուցումը հարգում մարդու արժանապատվությունը, որքանով է այն խթանիչ-ներառական, որքանով է խնայող-հարգանքով մարդու ժամանակի, նյութական միջոցների և մտավոր ջանքերի նկատմամբ... Հայաստանում այս առումով` ճամփան ո˜ւր, ճամփորդն ուր…

Ազգայինը ավանդույթով, գրով, ուսուցմամբ փոխանցվող, ժամանակի փորձությանը դիմացողն է, ասել է թե` արդիական, այսօր սովորող մարդուն առավելություն տվող մի բան… Այսպիսի ավանդը ենթադրում է հայագիտական-հայրենաճանաչողական... աստվածայինի ձգտում... Ազգայինը հայ մարդու համար չի կարող տուրք լինել, որը բերում է, բովանդակությունից կտրված, ժամանակից, ձեր ասած` մարտահրավերներից դուրս, մայրս կասեր` ձև քշելուն…

-Հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջները:

-Որպես խոշոր գործատու` ասեմ. մասնագիտական կրթության դիպլոմին չեմ հավատում, չեմ վստահում: Մենք միշտ, մեր հիմնադրման օրից՝ 1989-ից սկսած, կյանքով՝ փորձով-գործով ենք ընտրում, ձևակերպման փուլում, ի թիվս ՀՀ աշխատանքային օրենսգրքով պահանջվող փաստաթղթերի, հիշում դիպլոմի մասին... Ինչպե՞ս վստահես, երբ այն կարելի է գնել... Մանկավարժական մասնագիտական կրթությունը երկու ոտով է կաղում... Փինաչու շտամպումը, դիպլոմավորված գործազուրկի անպատասխանատու-անպատիժ կաղապարումը ցածր աշխատավարձի և մեծ գործազրկության պայմաններում հնարավորություն են տալիս հայտնի գործատուներին մասնագիտական որակավորմամբ զբաղվել` վերցնել ընդունակ-սովորելու մղումով դիպլոմավորին և արտադրական պայմաններում կատարելագործել-վերապատրաստել, որտեղ գլխավորը ցկյանս-անընդհատ-անհոգնել ինքնակրթությունն է...

 

Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն