Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում և Հայաստանում. Արեգ Թադևոսյան

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում՝ ա)աշխարհում, բ) Հայաստանում:

-Հայաստանյան կրթական համակարգը, սրտի ցավով եմ ասում, չնայած ունի չափորոշիչներ, ունի ուղղորդիչ, ունի օրենք և այլն, սակայն բոլորիս համար պարզ, հասանելի լեզվով ձևակերպում չկա, ասենք՝ ո՞րն է Ա տիպի մարդկանց այն խումբը, որ պիտի մտնի կրթական համակարգ, և ո՞րն է Բ տիպի մարդկանց այն խումբը, որ պետք է դուրս գա այդ համակարգից: Օրինակ՝ մենք գործ ունե՞նք արդյոք մարդկանց ինտելեկտուալ զարգացման հետ, մենք գործ ունե՞նք մարկանց համահունչ, ներդաշնակ զարգացման հետ, մենք գործ ունե՞նք մարդկանց էմոցիանալ զարգացման հետ: Օրինակ՝ ամերիկյան, եվրոպական մի շարք կրթական համակարգերում շատ լուրջ ուշադրություն են դարձնում էմոցիոնալ պատրաստվածությանը: Մյուս կողմից մեզանում շեշտադրվում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը. հոյակապ է, մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ու դա մեզ շատ պետք է: Բայց թե ի՞նչ է դա, ինչպե՞ս է սահմանվում, ինչպե՞ս պիտի մատուցվի կրթական պրոցեսի ընթացքում և վերջնական ի՞նչ արդյունք պիտի ունենա, պարզ չէ: Օրինակ՝ մենք ռազմահեյրենասիրական դաստիարակությամբ ուզում ենք պատրաստել մոջահեդների նման մի զանգվա՞ծ, որ գնան թշնամական երկրներ ավիրեն, թալանեն, թե՞ ուզում ենք ռազմական գործին գիտակ, պրոֆեսիոնալ բանակին հատուկ զինվորներ ու սպաներ պատրաստել: Գուցե երրորդ մի տարբերակով ուզում ենք խաղաղասերների մի սերունդ դաստիարակել, որը, սակայն, պատրաստ է անհրաժեշտ պահին անձնվիրաբար պաշտպանել իր հայրենիքը: Հիմա ո՞րն է այն հիմնական թիրախ-տիպաժը, անհայտ է: Ունենք միայն խոսակցություններ այս թեմայով և անարդյունավետ ծախսված հսկայական գումարներ: Այնինչ, հիմա աշխարհն ապրում է գիտական դարաշրջան և գիտությամբ ամեն բան կարելի է չափելի դարձնել: Վերջին հաշվով, դու պարտավոր ես հաշվետու լինել այն հարկատուներին, որոնց գումարների հաշվին ինչ որ բան ես անում: Այո՛, կրթական համակարգում կան գորընթացներ, որոնք երկարաժամկետ են, բայց դրանց համար էլ պետք է կիրառել երկարաժամկետ չափման գործակիցներ: Այսինքն, այս իմաստով, մենք բախվում ենք ոչ թե հնարավորության, այլ կամքի բացակայության և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետ:

Այս ամենով հանդերձ, իմ սահմանումը կրթության նպատակի հարցում հետևյալն է՝ պետք է մարդ պատրաստել, մարդկային հատկանիշների վրա պետք է շեշտը դրվի: պետք է բարձրացնի մարդու կյանքի որակը, որի մեջ միայն մի փոքր մասն է ինտելեկտուալ բաղադրիչը և որի կողքին պետք է դրվեն էմոցիոնալ, հոգևոր և ֆիզիկական դաստիարակության բաղադրիչները: Այնինչ, այժմյան մեր կրթական համակարգը գերինտելեկտուալիզացված է:

-Խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և դրա աշխարհում ընդունված կրթական չափորոշիչների համապատասխանության մասին: Այստեղ խոսենք, ինչու չէ, նաև ազգային կրթության մասին:

-Պետք է ունենալ ազգային մենտալիտետին համապատասխանող և միջազգային չափորոշիչներին համահունչ կրթություն: Որովհետև հնարավոր չէ միայն ազգային հենքի վրա կառուցել կրթական համակարգ և հաշվի չառնել միջազգային փորձը: Վերջին հաշվով, բիզնեսը, տեղեկատվկան հոսքերը, քաղաքական պրոցեսներն այսօր միջազգայնացված են՝ գլոբալիզացիայի պայմաններում: Հետևապես, հնարավոր չէ խուսափել միջազգային չափանիշների հետ հաշվի նստելուց: Բայց մյուս կողմից աբսուրդ կլինի, եթե ազգային նպատակների հաշվին ամեն կերպ փորձենք ներդնել միջազգային այս կամ այն կրթական համակարգը կամ ծրագիրը: Սակայն ընդհանուր առմամբ, ունենք ոչ ադեկվատ կրթական համակարգ, քանի որ կյանքն այնքան արագ է զարգանում, որ կրթությունը չի հասցնում հետևից: Հիմա պարզապես հնարավոր չէ մի ստատիկ համակարգ ստեղծել, որը կաշխատի մի հարյուր տարի: Օրինակ՝ արտասահմանյան բուհերում տալիս են կրթության բազային փաթեթ, որը յուրացնելուց հետո, անընդհատ կանչում են վերապատրաստվելու:

-Հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջարկը:

-Եթե խոսենք ընդհանուր պատկերի մասին, վատ է վիճակը: Եթե մասնավորեցնենք, ապա հաջողված ու հետաքրքիր օրինակներ կգտնենք: Ամենացայտուն օրինակը ՏՏ ոլորտն է, որտեղ Պոլիտեխնիկի բազային հենքի վրա պահանջված մասնագետներ են պարտաստվում: Կան նաև երեխաների զարգացման հաջողված ու հետաքրքիր կենտրոններ: Սակայն միջին վիճակագրական պատկերը բավականին վատ է: Այստեղ էլ, թերևս, պետք է ուսումնասիրել և իրացնել միջազգային փորձը: Այստեղ էլ պետք է խոսել առկա մի այլ խնդրի մասին. աշխարհում բազմաթիվ ինստիտուտներ են աշխատում, ուսումնասիրություններ են անում, հսկայական նյութեր և գրականություն են հրատարակում, իսկ մենք մնում ենք անհաղորդ այս ամենին, որովհետև թիվ մեկ խնդիրը մնում է թարգմանության հարցը: Պատահակա չէ բնավ, որ մենք ունենք Թարգմանչած տոն, քանի որ ժամանակին մարդիկ հասկացել են, որ հարկ է աշխարհում ստեղծվող բազմամշակութային տեղեկատվությանը հաղորդակցվել և յուրացնել:

-Խնդրում եմ՝ նշեք հայաստանյան կրթական համակարգի կաևոր ձեռքբերումներն ու թերացումները հետանկախության շրջանում:

-Բացասական երևույթներից առաջինը նախորդ կրթական համակարգի տոտալ ժխտումն էր, որն ակնհայտ ապուշություն էր: Ճիշտ է, գաղափարական տեսակետից շատ բան պետք է փոխվեր խորհրդային կրթական համակարգում, բայց ոչ ամբողջապես ժխտման եղանակով: Հաջորդը լեզուների հետևողական ուսուցման բացակայությունն է: Կամ մի քանի լեզվախմբեր պետք է հիմնարար կերպով ուսուցանվեն, որպեսզի մենք էլ հաղորդակցվենք աշխարհի տեղեկատվական հոսքերին, կամ պետք է վերականգնվի ու զարգացվի թարգմանական մշակույթը: Երրորդ մեծ խնդիրը կարծրացած ու կոռումպացված կրթական համակարգի իներցիոն ընթացքն է: Չորրոդն էլ՝ միջազգային կրթական համակարգերի ոչ ճիշտ ներդրումն է, զորօրինակ՝ բոլոնյան համակարգը, որն, ըստ էության, չի արտացոլում կրթական այս համակարգի արդյունավետությունը:

Հաջողությունների մասին առաջինը պետք է նշեմ վերևում արձանագրված այն փաստը, որ, թեև ոչ համընդհանուր, բայց շարունակաբար հաջողված փորձարարական ծրագրեր են իրականացվում՝ կրթական համակարգի տարբեր մակարդակներում՝ մասնավոր դպրոցներ, կրթական տարբեր կենտրոններ, դասախոսներ և այլն, որտեղ, սակայն, համախմբվելու, միասնականության խնդիր կա: Հետանկախության շրջանում հաջորդ ձեռքբերումը կամ ավելի ճիշտ՝ անկախության հետևանքն այն է, որ տրված է աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու հնարավորություն, որով շատ լուրջ համալսարանների ծրագրեր կարող ենք ինտեգրել կամ պրոյեկտել մեր կրթական համակարգի վրա: Իսկ թե այս լայն հնարավորությունից ինչպես ենք օգտվում՝ ցավոտ խնդիր է: Եվ վերջում անպայման պետք է նշել, որ մեր հիմնական ձեռքբերումը հետանկախության սերունդն է: Ես շփվում եմ մի շարք եվրոպական և ասիական երկների երիտասարդների հետ, համեմատության պարագայում մեծ մասամբ մերոնք շատ լավն են, հզոր պոետենցիալ ունեն, և մեծ ցավ է, երբ տեսնում ես, թե այդ պոտենցիալը ինչպես է փոշիացվում:

 

Արեգ Թադևոսյան

«Թրեյներների ազգային թիմ» հկ-ի նախագահ, կրթության փորձագետ