Կոնյակագործներն անհանգստացած են

«Արարատի Աբրիկոն»  ոգելից խմիչքների գործարանի տնօրեն

Կարեն Խաչիկյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Խաղողագործության, գինու և կոնյակի արտադրության ու արտահանման հարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Նախորդ հանդիպումների ժամանակ գինեգործության ոլորտի խնդիրները քննարկելիս հասկացանք, որ շատ արդիական է 2018 թ. հունիսի 13-ին ընդունված օրենքը, որը 2019 թ. հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է: Ըստ այդ օրենքի՝  արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի վաճառված կոնյակի սպիրտի մեկ լիտրի դիմաց սահմանվում է 100 դրամ պետական տուրք: Դա Հայաստանում արտադրված կոնյակի սպիրտը միջազգային շուկայում թանկացրել է առնվազն 21 ցենտով, ինչը բավականին մեծ գումար է: Իսկ այն ընկերությունների համար, որոնք գնում են արտադրողից և արտահանում են, փաստորեն, սպիրտի արժեքը կրկնակի է թանկանում: Այսօր մեր հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ կան ձևավորված գներ՝ որևէ կոնկրետ որակի սպիրտի  համար: Այդ շուկայում, որտեղ բավականին մեծ դժվարությամբ հաստատված և քիչ մարժայով արտահանողներ ունենք, այս օրենքը խանգարում է մեր արտադրողներին մցունակ լինել՝ Ադրբեջանի, Վրաստանի կամ այլ երկրների համեմատ: Եվ արդեն ունենք ընկերություններ, որոնք այդ պատճառով կորցրել են իրենց պայմանագրերի մի մասը՝ հօգուտ Ադրբեջանի: Առաջին խնդիրը սա էր:

Կա մի այլ խնդիր: Ժամանակին օրենքը թույլ էր տալիս տնտեսվարող սուբյեկտների  միջև համատեղ  գործունեության շրջանականերում պայմանագրեր կազմել: Այսինքն՝ կան ընկերություններ, որոնք կարողանում են արտահանել կոնյակ կամ կոնյակի սպիրտ, և կան ընկերություններ, որոնք արտադրում են, բայց արտահանման հնարավորություններ չունեն, կամ քիչ են այդ հնարավորությունները: Եվ կազմվում էր համատեղ գործունեության պայմանագիր. արտահանող կողմը գնում էր տեղական արտադրողից և արտահանում:  Նոր օրենքով, ըստ էության,  այդ գործընթացը շատ դժվարացել է, որովհետև արտահանող կողմը նույնպես պարտավոր է լիցենզիա ունենալ և գումար մուծել դրա համար, ունենալ ոչ պակաս շրջանառություն և այլն: Այսինքն՝ օրենքը, որը նախորդ Ազգային ժողովում ընդունվել է, հօգուտ  մեծ ձեռնարկությունների էր. այնպես էր արվել, որ միայն լիցենզիա ունեցող ընկերությունները կարողանան արտահանել: Այսպիսով՝  նաև սահմանափակվում է արտահանումը մեր երկրից: Ըստ էության, քննարկվում են այս երկու խնդիրները: Բնականաբար, ոլորտն ունի նաև այլ խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնել, իսկ այստեղ հիմնականում հավաքվել են գինեգործության ձեռնարկության ղեկավարներ: Եվ Ազգային ժողովն, արդեն ընտրված լինելով ժողովրդի կողմից, պատրաստ է ընդունել մեր առաջարկներն ուքննարկել, բերել մի դաշտ, որտեղ չի տուժի և պետությունը, և կշահի տնտեսվարող սուբյեկտը:

Խնդիրը ավելի հստակ ներկայացնեմ:  Արտահանման ժամանակ, փաստորեն, պետական տուրք է վճարվում, ինչը շատ տարօրինակ է: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հիմնական արտադրվող ապրանքի համար, որը վերամշակման արդյունքում է ստացվում, այլ ոչ թե հանածո է կամ նման մի բան, պետական տուրք է կիրառվում: Ասեմ ավելին. օրինակ՝ Ադրբեջանն օրենք ունի, որով աջակցում է արտահանվող ապրանքներին. դրանց տոկոսի չափով բոնուսային համակարգ  է գործում, այսինքն՝ արժեքը 3 տոկոս է, պետությունը արտահանման դեպքում, հարկերը վերադարձնելուց բացի, այդքան բոնուս է տալիս տնտեսվարողին: Ընդ որում՝ արտահանվող ալկոհալային խմիչքների վրա այն կրկնակի է ազդում, այսինքն՝ 6 տոկոս արտահանելուց հետո նա պետությունից գումար է ստանում արժեքի 6 տոկոսի չափով: Այսինքն՝ եթե մեր հարևաններն  ունեն  6 տոկոս հետ վերցնելու առավելություն, ապա մեր երկիրը նոր օրենքով, ընդհակառակը, ավելի է թանկացնում: Այդ դեպքում արդեն մեր տարբերությունը, եթե ինքնարժեքները նույնն են, համարյա 10 տոկոս է լինում: Ցանկացած շուկայում, ծավալի մեծ մասը՝ մինչև 90 տոկոսը, էժան ապրանքն է կազմում, իսկ մնացած 10 տոկոսն արդեն ավելի թանկ ապրանքներն են: Գրեթե բոլոր ոլորտներում այդ թիվն է: Իսկ էժան ապրանքի միջև երբ 10 տոկոս տարբերություն կա, արդեն լուրջ խնդիր է: Ռուսական գնորդ ընկերությունները ամեն մի ցենտի համար մեծ պայքար են մղում, որովհետև միլիոնավոր լիտրերի մեջ դա ահագին մեծ գումար է: Եվ արդեն սկսվել է հայաստանյան ընկերությունների հետ աշխատելուց հրաժարվելու գործընթացը: Թվում է, թե այդ տուրքերից երկիրը պետք է շահի, բայց եթե դրա պատճառով ծավալների կրճատում լինի, իսկ կրճատում միանշանակ կլինի, մուտքերը, ըստ էության չեն ավելանա:

Քանի որ ես կոնյակ արտադրող չեմ, համատեղ գործունեության պայմանագիր ունեի, որով զբաղվում էի կոնյակի արտահանմամբ: Հիմա մենք չենք աշխատում այդ պայմանագրով, այսինքն՝ կոնյակ չեմ արտահանում, որովհետև օրենքը թույլ չի տալիս: Այսօր լիցենզիայի գումարը մուծելու իմաստը ես չեմ տեսնում, նույնիսկ եթե մուծվի, ապա օրենքում էլի կետեր կան, որոնց համաձայն, ես, միևնույնն է, իրավունք չունեմ արտահանելու: Բնականաբար, այդ գործունեությունը մեր ընկերությունում ես դադարեցրի: Ինչ վերաբերում է 100 դրամ պետական տուրքին. թեև կոնկրետ իմ ընկերությանը դա չի առնչվում, սակայն ոլորտում ունենալով լայն շփումներ՝ հասկացա, որ այս հարցը շատ արդիական է:  Հարկերի հավաքված և ակնկալիք չափը գուշակելը բավականին բարդ կլինի այս պահին, բայց այն, որ տնտեսվարողը կկորցնի պայմանագրերի մի մասը, մանշանակ է. մեծ թե փոքր մասը՝ դժվար է դեռ ասել: Դրանից մուտք եղող գումարները կպակասեն,  և արդեն ամբողջ շղթան կշարունակվի՝ հասնելով մինչև գործարաններում աշխատողների քանակին, դիպչելով ընդհուպ խաղողագործներին և այլն: Այս ռիսկը բոլոր դեպքերում կա:

Հիմա մեր խնդիրն է ճիշտ առաջարկ կազմել, և  եթե կարիք կա, ապա պատրաստ ենք արդեն քննարկումների գնալ կամ կառավարություն, կամ Ազգային ժողով ու փորձել հարցին լուծում տալ: Իսկ հարցը միանշանակ հնարավոր է լուծել, որովհետև խոսքն այն մասին չէ, որ պետությունը սրանից ավելի շահելու է, շատ ավելի քիչ է շահելու:  Հնարավոր է, որ այս օրենքը պատվերով է եղել նախկին իշխանության ժամանակ, կամ հաշվել են, որ եթե 100 դրամ այսքանից հավաքենք, այսքան ավելի գումար կունենանք դեպի բյուջե: Բայց չեն հաշվել, որ դրա պատճառով կարող է կրկնակի նվազել վաճառքը, հետևաբար՝ աշխատողների թիվը, այսինքն՝ այսքան եկամտահարկ կպակասի, այսքան գործազուրկ կավելանա, այդքան տարբեր տեսակի հարկատեսակներ կնվազեն,և հանրապետությունում այդքան դրամական հոսքերի նվազում կլինի: Առաջարկում ենք ուղղակի հանել այդ պետական տուրքը:

Այսօր գինու համար, եթե չեմ սխալվում,  25 թե 50 հազար դրամ է, իսկ ո՞վ է ասում, որ կոնյակի համար պետք է լինի 15 միլիոն դրամ: Օրինակ՝ Ֆրանսիայում շատ արտադրողներ կան, որոնք տարեկան 500 կամ 1000 շիշ, բայց շատ թանկ կոնյակ են արտադրում: Եվ այդ 1000 շիշ կոնյակով կարողանում են մի քանի աշխատող ու մինի գործարան պահել: Մենք, լինելով կոնյակագործ երկիր, չունենք որևէ օրենսդրական գործիք, որը կնպաստի նմանատիպ բարձրակարգ կոնյակ արտադրողների ծնունդին: Ըստ էության՝ 15 միլիոն գումարի չափը ժամանակին ընդունվել է, որպեսզի ընդամենը սահմանափակվի ոլորտում խաղացողների թիվը, որովհետև այդ 100 կամ 150 միլիոն դրամը մեր բյուջեում մի երևելի գումար չէ, և այդքանով ավելի կամ պակաս լինելուց բյուջեն որևէ աղետի առաջ չէր կանգնելու: Գուցե ես սխալվում եմ, բայց տրամաբանությունը դա է ասում: Իսկ 15 միլիոնըշատ մեծ գումար է կոնյակագործության համար: Այդ գումարը նույնիսկ մեկ միլիոն չպետք է կազմի: Մարդիկ մի քանի մեքենա սպիրտ են վաճառում, այդ 100 հազար լիտրը լրանում է: Իսկ դա մեծ շրջանառություն չէ:

 Հաջորդ հարցը վերաբերում է այն ընկերություններին, որոնք համատեղ գործունեության պայմանագրով աշխատում էին լիցենզիա ունեցող ընկերությունների հետ: Մեզնից բացի ոլորտում էլի ընկերություններ կան, որոնց համար այդ գործունեությունը դարձել է անհնար: Շատ ժամանակ ընկերությունները, որպեսզի ավելացված արժեքի հարկ կամ ակցիզային հարկ չմուծեն, եթե այլ սպիրտների մասին է խոսքը, համատեղ գործունեության պայմանագիր էին կնքում: Հիմա օրենքը թույլ չի տալիս: Ավելի ճիշտ՝ ստիպում է մյուս տնտեսվարողին ևս լիցենզիայի համար մուծել, ընդ որում՝ նրա շրջանառությունն էլ պետք է շատ մեծ լինի, որպեսզի կարողանա կողմ մեկ լինել: Ի՞նչ է տեղի ունենում. մի ընկերությունը վաճառում է մյուսին, ու վերջինս ընդամենը 2 շաբաթվա ընթացքում արտահանում է և միանգամից դիմում է գրում՝ ավելացված արժեքի հարկը կամ երկրի ներսում շրջանառվող ուղղակի հարկերը հետ ստանալու համար: Եթե մի 10 տարի առաջ այդ գումարը գնում-կորչում էր, ապա պետությունն այսօր վերադարձնում է: Սովորաբար 1-2 ամիս է գործընթացը տևում, հիմա արդեն՝ բավականին արագ: Այստեղ պետությունն ընդամենը 1-2 ամիս, կոպիտ ասած, անտոկոս վարկ է շահում տնտեսվարողից, սակայն տնտեսվարողը խնդիր է ունենում՝ երկրի ներսում ավելորդ փող ծախսելով, այդքան փող քնացնելով, որպեսզի հետո հետ ստանա:  Առաջարկը հետևյալն է. եթե կողմերից մեկն ունի արտահանելու պայմանագիր, ապա պայմանագիր է կնքվում՝ առանց երկրի ներսում հարկերի: Դա գրանցվում է հարկային տեսչությունում, որպեսզի պետությունը իր վրա ռիսկեր չվերցնի, և որևէ անլուրջ ընկերություն առանց հարկեր մուծելու, ինչ-որ ուղիներով իր ապրանքը չվաճառի: Արտահանելուց հետո 1-ին կողմն արդեն իր ավելացված արժեքը հետ կստանա՝ դարձյալ 1-2 ամիս հետո, ինչպես որ հիմա: Այսինքն՝ թույլ տանք այն ընկերություններին, որոնք ի վիճակի են արտահանել երկրից, չմուծեն այն հարկերը, որոնք հետո ետ պիտի ստանան: Այդպես կթեթևացնենք արտահանողի համար գործընթացն ու ծախսերը՝ խթանելով արտահանումը: Օրենքը փոխելով՝ մենք ոչ թե պետբյուջեն զրկում ենք շահույթից, այլ ընդհակառակը, պետությունը սկսում է այդ ոլորտում ավելի ակտիվ գործել: Հակառակ դեպքում, օրինակ, 2 դոլարանոց ապրանքի համար եթե ես 10 դոլար ակցիզային հարկ եմ մուծելու, ապա այդ գործը ես պարզապես չեմ անի: Իսկ եթե օրենքը փոխում ենք, ապա կարողանում եմ արտահանել: Ըստ էության, սա է երկրորդ առաջարկը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ