Զաքար Խոջաբաղյան. ՀՀ գլխավոր խնդիրը պետք է լինի հայի տեսակի պահպանումն ու զարգացումը

Բժիշկ, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ազգային գաղափարախոսություն» թեմայով քննարկման ժամանակ
Ինչ վերաբերում է ազգային գաղափարախոսությանը, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ է, մենք ավելի բարդացնում ենք: Ես որպես բժիշկ մոտենամ հարցին: Ցանկացած կենդանի նյութ անկենդան նյութից տարբերվում է մի կարևոր առանձնահատկությամբ՝ իր տեսակը ստեղծելու և հավերժական կատարելագործելու, էվոլյուցիայի պրոցեսում չկորչելու հատկությամբ: Այսինքն՝ անկենդան նյութը ինքն իրեն չի ստեղծում, կենդանի նյութն է ինքն իրեն ստեղծում: Եվ ընդհանրապես ամբողջ բնությունը, արեգակնային համակարգը՝ գալակտիկաներից մինչև ատոմները, փոքր մարմինները, նույն կոնցեպտով են կառուցված: Եթե ազգին նայում ենք որպես հավաքական օրգանիզմ, ապա անհատն էլ է իր դիմակայության խնդիրը լուծում: Նա անընդհատ փորձում է իր կողակցի, ավելի ուժեղ մեկի հետ միավորվելով՝ սերունդներ տալ, որ ավելի հզոր լինի, քան ինքն է: Եվ ազգը՝ որպես մեկ հավաքական օրգանիզմ, նույն խնդիրն է լուծում, այսինքն՝ շատ ավելի պարզ է, տեսակի պահպանման, կատարելագործման և շատացման խնդիրն է լուծվում: Կախված նրանից, թե ինքը որ ժամանակում է ապրում, ածանցվում է տնտեսական գաղափարախոսությունը, փիլիսոփայական գաղափարը: Ցանկացած ժամանակահատվածում մեր պետական լինելիության ծրագիրը պետք է ածանցվի հայի տեսակի պահպանումից, և հենց սա է, որ մեր պետականության ստեղծման իսկ օրից մենք մոռացել ու հաշվի չենք առել: ՀՀ գլխավոր խնդիրը դա պետք է լինի՝ հայի տեսակի պահպանման և զարգացման խնդիրը լուծելը: Որովհետև չկա աշխարհի երեսին որևէ այլ երկիր, որևէ այլ պետություն, որևէ այլ տարածք, որը հայի տեսակի պահպանման խնդիր պիտի լուծի, ընդ որում ոչ միայն պահպանման, այլ նաև զարգացման: Ամեն ինչ պետք է այստեղից ածանցվի: Բայց 90-ականներից սկսած՝ մեր պետականությունը չի դրել այս խնդիրը: Ասում է՝ մենք ու՞մ կապկենք, եվրոպական փորձը, չինական փորձը, իսրայելական փորձը, թե՞ թայլանդական փորձը… Թայլանդական փորձի գործիքները դու կարող ես օգտագործել, իսրայելականն էլ կարող ես օգտագործել, բայց դու չես կարող դառնալ Իսրայել կամ Թայլանդ, որովհետև Իսրայելը իսրայելական պետություն է, Ֆրանսիան ֆրանսիական պետություն է, Չինաստանը չինական պետություն է, և իրենք լուծում են իրենց ժողովրդի անվտանգության ու զարգացման խնդիրը: Եվ պատահական չէ, որ վերջերս Իսրայելական պետությունը օրենք սահմանեց. առաջին օրենքը երկրի հրեական բնույթն ընդգծող օրենքն է: Եվ վերջիվերջո, մենք անընդհատ օրինակ ենք բերում այդ երկրին՝ չգիտես ինչու մեզ ստորադասելով նրանցից, չնայած ոչ մի առումով չենք զիջում՝ թե մեր գիտական պոտենցիալով, թե աշխարհում մեր ունեցած ներդրումով, և հաճախ նույնիսկ գերազանցում ենք, չնայած որ PR-ի տեսանկյունից հետ ենք մնում, դա էլ իր պատճառներն ունի: Գոնե այս հարցում օրինակ բերենք, ասենք, ինչու՞ չի ընդգծվում մեր հայկական բնույթը: Ի վերջո, մեր նորանկախ պետության մեջ մի անգամ ազգ բառը չհնչեց. ի՞նչ է, ֆոբիա կա՞ այդ բառի հանդեպ, չեմ հասկանում: Այս հարցը ինչ-որ մեկը տվե՞լ է՝ ազգ բառից ինչու՞ եք խուսափում, ժողովուրդ ջան: Ազգը վերջիվերջո որտեղի՞ց է ձևավորվել. դա բնական, կենսաբանական միջավայրում ձևավորված հավաքականություն է: Ես փորձեմ մի կոպիտ օրինակով բացատրել, թե որտեղ է հասել աբսուրդը: Ասենք՝ կենդանական աշխարհում կատվազգիներ կան, օրինակ՝ առյուծը, վագրը, հովազը, բոլորն էլ կատվազգի են, բայց իրարից տարբերվում են որոշակի հատկանիշներով, չէ՞: Պացիֆիստական հովերի մեջ ընկած որոշ շրջանակներ, օրինակ, կասեն, որ հովազը կարևոր է, Կարմիր գրքում գրանցված է և ամեն ինչ պետք է անել պահելու այն, և հակառակը դու փորձի, ասա հովազը չպիտի նապաստակ ուտի: Այդ ի՞նչ կեղծ կատեգորիաներ են քաշում առաջ, այդ ի՞նչ են խոսում՝ ընդհանրապես պիտի ազգերը խառնվեն: Գայլերը նույնիսկ սահման ունեն, չեն խախտում ադ սահմանը, դա բնական բան է: Այսինքն, բնության օրենքներին դեմ գնալով՝ մենք խոսում ենք բնությունից, ինչ-որ վեհ գաղափարներից: Կեղծ օրակարգեր՝ առաջ քաշելով՝ դուրս են մղում իրական գաղափարները, չկան, չեն շոշափվում այդ խնդիրները: Որովհետև լրագրողները կեղծ հարցերով են զբաղված, սոցիոլոգները կեղծ հարցումներով են զբաղված… առողջ ապրելակերպը կարևոր է, բայց գլխավոր պայման չի, միջոց է, տնտեսությունը կարևոր է, բայց միջոց է, պայման չէ:
Ամեն ինչ շատ պարզ է, և պետք առաջնորդվել այս կոնցեպտով. եթե մենք համարվում ենք տեսակ, մենք իրավունք ունենք լինելու, այսինքն՝ մենք չենք մտածում, թե այնքան հիմար, ախմախ, զզվելի տեսակ ենք, որ պետք է վերանանք, այլ մտածում ենք, որ լավն ենք, ինչ-որ հատկանիշներ ունենք, որ պետք է շարունակվենք: Ինքս մտածում եմ, որ ես լավ մարդ եմ, վատը չեմ, և ուզում եմ, որ իմ տեսակը շարունակվի: Առնվազն տխմարը պիտի գիտակցված սերունդ չտա, որ իր տեսակը վերանա: Նույնն էլ մեր ազգին է վերաբերում, եթե մենք՝ որպես ազգ, մտածում ենք, որ վատը չենք ու ինչ-որ առումով նաև լավն ենք: Ուրեմն՝ պետք է ամեն ինչ անենք, որ շատանանք, հզորանանք: Գաղափարախոսությունն ինքը ֆորմուլա է. պետք է ասել՝ ինչ է ազգը, հետո՝ ինչ է հայ ազգը, ինչով է տարբերվում, և այդտեղից արդեն ծնվում է հարցի պատասխանը: Եթե ազգը ինչ-որ հավաքական միավոր է, որը ընդհանուր հայրենիքի, լեզվի, մշակույթի, բարու, չարի մասին իր պատկերացումներն ունի, պլյուս գենոֆոնդը, ապա այդ գաղափարախոսությունը պիտի միտված լինի այդ ամեն ինչի պահպանմանը ու զարգացմանը: